«Զարե» ֆիլմը ստեղծելիս մենք աշխատում էինք հսկայական լարվածությամբ, և ես մտածում էի, որ այլևս հանձն չեմ առնի այդքան կարճ ժամկետում լիամետրաժ ֆիլմ նկարահանել»։ Համո Բեկնազարյան, հատված «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» գրքից
Հայաստանի բնակչության կազմը շատ բազմատարր է։ Այստեղ ամեն ինչ, կարծես, նախատեսված է կինոարտադրության, Արևելքի ժողովուրդների մասին ֆիլմեր ստեղծելու համար։ Արևելյան կյանքից վերցրած այն կինոբեմադրությունները, որոնք իրականացրել էին գերմանական կինոարտադրողները, օգնեցին ինձ հասկանալ, թե ինչպես չպետք է նկարել ֆիլմեր Արևելքի մասին։ Դրանք ձգտում էին արտաքին գեղեցկության․ թավիշ, փարչա, շերբեթ, ռահաթ֊լոխում և ղեյլան, շղարշե շորեր հագած հարճեր և շատրվանների կարկաչ։ Այդ բոլորից հարկավոր էր հրաժարվել։ Մռայլ ու անհրապույր էր նախահեղափոխական շրջանի Արևելքի կյանքն իր դաժան իրականությամբ։ Ոչ թե փարչան, այլ ցնցոտիները, ոչ թե պալատներն ու հարեմները, այլ խղճուկ հյուղակները, ոչ թե հարճերը, այլ աշխատավոր կանայք՝ ավելի ստրկացված, քան Արևմուտքում, ոչ թե սիրո վայելքներն ու արկածների կարոտը, այլ շահագործման ճնշումը, ուժեղների կամայականությունն ու աղքատների իրավազրկությունը, բազմակնությունը՝ որպես էժան բանվորական ուժ ձեռք բերելու միջոց։ Ահա Արևելքի կյանքի ճշմարտությունը։
Այդ պրոբլեմները մի առանձնահատուկ ուժով ծառացան իմ առաջ, երբ ես որոշեցի քրդերի կյանքի մասին ֆիլմ բեմադրել, մի ժողովուրդ, որն այն ժամանակ չուներ իր գիրը, և որի մասին մենք շատ քիչ բան գիտեինք։ Ես պետք է ուսումնասիրեի քրդական տարբեր ցեղերի բարքերն ու սովորությունները։ Նրանց հավատալիքների, սոցիալական հարաբերությունների, զբաղմունքների հետ բազմակողմանիորեն ծանոթանալու համար ես կազմեցի յուրատեսակ մի հարցաթերթիկ։
Հարցաթերթիկները լրացնելուց առաջ մենք որոշեցինք դիմել գրական աղբյուրներին։ Դրա համար անհրաժեշտ եղավ Երևանի Մյասնիկյանի անվան գրադարանում տակնուվրա անել ազգագրական բազմաթիվ նյութեր։ Բայց, որովհետև քրդերի կենցաղի մասին հատուկ աշխատություններ գրեթե չկային, մեզ այնտեղից քիչ բան հաջողվեց վերցնել։ Դրանից հետո կազմակերպեցինք երեք արշավախումբ դեպի քոչվորների իջևանավայր։ Քրդերը չափազանց հյուրընկալ մարդիկ են։ Երբ մենք առաջին անգամ եկանք Արագած, դա մեզ շատ օգնեց։ «Հյուրը,֊ ասում էին նրանք,֊ աստծո ուղարկածն է, նրան հարկավոր է այնպես դիմավորել, որ աստծուն հաճելի լինի»։ Սակայն այդ հյուրընկալությունը երբեմն տանջալի էր դառնում։ Մեզ մեծ դժվարությամբ էր հաջողվում խուսափել այդ չափազանց մեծ հյուրասիրությունից։ Բողոքներն ու հավաստիացումները, թե մենք կուշտ ենք, ոչ մի արդյունք չէին տալիս։ Եվ եթե երեք ժամ հետո կանգ էինք առնում մի ուրիշ իջևանատեղում, ապա հյուրընկալության ծեսը վերսկսվում էր։
Ծանոթանալով քրդերի կյանքին և գնելով մեծ քանակությամբ քրդական զգեստներ ու տնային գործածության իրեր, ես կարող էի արդեն ձեռնամուխ լինել ֆիլմի նկարահանմանը։ Նկարահանող խումբն ուղևորվեց դեպի սարերը։ Երբ բացատրեցինք մեր գալու նպատակը, քրդերը շատ ուրախացան։
֊ Մեր մասին այնպես են մտածում, թե ավազակներ ենք,֊ ասում էին նրանք,֊ ցույց տվեք կինոյում, որ մենք աղքատ քոչվոր ժողովուրդ ենք և օրն ի բուն աշխատում ենք։
Ճիշտ է՝ այն ժամանակներում քրդերի մոտ միայն կանայք էին աշխատում։ Վաղ առավոտից մինչև ուշ երեկո քրդուհին ոտքի վրա էր։ Իսկ տղամարդիկ, եթե զբաղված չէին լինում ոչխարներին շուկա քշելով, ամբողջ օրը նստած ծխամորճ էին ծխում և նայում տավարին, որն արածում էր իրենց առաջ՝ կանաչ ալպիական մարգագետնում։
Համո Բեկնազարյան և Հովսեփ Օրբելի |
֊ Էլ ինչո՞ւ եք սպասում, թքեցե՛ք անառակի երեսին։֊ Եվ ինքն առաջինը թքեց արտիստուհու դեմքին։ Մեծ դժվարությամբ հաջողվեց հանգստացնել մոլեգնած ստատիստուհուն։
Տեսնելով դերասաններին (նրանց թվում էր նաև աղքատ Սայդոյի դերակատար Հրաչյա Ներսիսյանը), ովքեր մարմնավորում էին պատերազմից խեղված մարդկանց, քուրդ մայրերը լալիս էին իսկական արցունքներով։ Որոշ նկարահանումներ դժվար էր կատարել։ Օրինակ՝ հարսանիքի խնջույքը ցույց տալու համար մենք ստիպված եղանք կանանց նկարել տղամարդկանցից առանձին, քանի որ, ըստ սովորույթի, կինը տղամարդու ներկայությամբ ուտելու իրավունք չուներ։ Երբեմն, ֆիլմի այս կամ այն դրվագը նկարահանելու համար, մեզ հարկավոր էր լինում ոտքով հիսուն կիլոմետր ճանապարհ կտրել և նույնիսկ բարձրանալ Արագածի գագաթը՝ քրդերի հետ միասին։
Համո Բեկնազարյան և Մարտիրոս Սարյան |
Քրդերին նկարահանելն ինձ համար սկզբունքային նշանակություն ուներ։ Ինչպես արդեն նշել եմ, նրանցից շատերը լավ դերասաններ դուրս եկան։
«Զարեի» շուրջ աշխատանքն ինձ համոզեց, որ, որոշ համբերություն և հաստատակամություն ցուցաբերելու դեպքում, կինոյում իրենք իրենց խաղացող մարդկանցից կարելի է հիանալի արդյունքներ ստանալ, եթե, իհարկե, նրանց շատ պատասխանատու դերեր չհանձնարարենք։
Բայց գլխավոր դերերը «Զարեում», իհարկե, դերասաններն էին կատարում։ Դերասանական հիմնական կազմը ձևավորվեց «Նամուսի» նկարահանումների ժամանակ։ Հրաչյա Ներսիսյանի կողմից Սայդոյի՝ գլխավոր դերի կատարումը մեզ վերջնականապես համոզեց, որ այդ տաղանդավոր դերասանն օժտված է և՛ մեծ հմայքով, և՛ վերամարմնավորման զարմանալի ունակությամբ։
«Զարեում» շատ արտահայտիչ էին Ավետ Ավետիսյանը՝ Սլոյի դերում, Նինա Մանուչարյանը՝ Նանոյի դերում, և, վերջապես, հմայիչ կատակերգակ Համբարձում Խաչանյանը՝ Խդոյի դերում։ Միքայել Գարագաշը, ով «Նամուսում» հանդես էր գալիս դրվագային դերում, «Զարեում» խաղաց կենտրոնական դերերից մեկը՝ Թեմուր բեկի դերը։ Մյուս դերակատարներին մենք գտանք դարձյալ Երևանի դրամատիկական թատրոնի խմբում․ հիանալի դերասանուհի Օլգա Գուլազյանը հրավիրվեց Թեմուր բեկի առաջին կնոջ՝ Լյաթիֆի դերի համար, իսկ Միքայել Մանվելյանը գերազանց մարմնավորեց Մստոյի կերպարը։ Ես ուզում եմ անդրադառնալ հատկապես գլխավոր դերակատարուհի Մարիա Տենազիին։
Հմայիչ, պարզասիրտ և ուղղամիտ Զարեի համար ավելի լավ թեկնածու չէր էլ կարելի գտնել, և ես, առանց տատանվելու, առանց նախնական փորձերի, Մարիա Տենազիին հրավեր ուղարկեցի։ Ոչ միայն ինձ, այլև նրանց, ովքեր նկարահանման ժամանակ նրան դիտում էին, զարմացնում էր երիտասարդ դերասանուհու՝ իր հերոսուհու կենսազգացողությամբ համակվելու ունակությունը։ Երբ նա հագնում էր քրդուհու զգեստը և պղնձյա մեծ կուժն ուսին գնում էր աղբյուր, թվում էր, թե ամբողջ կյանքն անց է կացրել քրդերի արոտավայրերում և նրա բարակ, ճկուն ոտքերը երբեք բարձր կրունկով կոշիկ չեն տեսել։ Գրավիչ արտաքին ունեցող դերասանուհիները սովորաբար հակված են կեցվածք ընդունելու և իրենք իրենցով հիանալու։ Տենազին ձգտում էր նախևառաջ ճշմարտացիորեն պատկերել իր հերոսուհու բնավորությունը։ Այդ զույգը՝ Սայդոն երիտասարդ Ներսիսյանի կատարմամբ և Զարեն գեղեցկուհի Տենազիի կատարմամբ, իհարկե, շատ նպաստեցին ֆիլմի հաջողությանը։ Բայց Տենազիին այլևս վիճակված չէր նկարահանվելու։ Սարերում, Բերիշվիլիի «Ամպերի ապաստանը» ֆիլմի բնական նկարահանումների ժամանակ, նա մրսեց և շուտով մահացավ արագընթաց թոքախտից։ Այդ վաղաժամ կորստի հետ ես մինչև հիմա էլ չեմ կարողանում հաշտվել։ Բնությունը Մարիա Տենազիին այնքա՜ն առատաձեռնորեն էր օժտել տաղանդով, գեղեցկությամբ, հիանալի բնավորությամբ։
«Զարեի» հիմքում երկու սիրող սրտերի ռոմանտիկ պատմությունն էր, սրտեր, որոնք չէին կարող միանալ․ մենք այդ սյուժեն վերցրեցինք բուն իրականությունից։ Դրամատիկ ուժերի բախումը ծավալվում էր առաջին համաշխարհային պատերազմի շրջանում քրդերի կյանքի լայն ֆոնի վրա։ Բայց «Զարե» ֆիլմը, ինչպես ինձ թվում է, ունի ոչ միայն ազգագրական արժեք։ Եթե արտերկրի քրդերին այժմ ցույց տային «Զարե» ֆիլմը, ապա նրանք, հավանաբար, այն կընկալեին ոչ թե որպես պատմական փաստաթուղթ, այլ որպես իրենց ժամանակակից կյանքի ճշմարտացի պատկերում։
COMMENTS