Հերոսը, սյուժեից անկախ, սիրվում է կամ չի սիրվում։ Սիրվում է, եթե անկեղծ է և սրտամոտ է մարդկանց։ Տոտոյի, Ֆերնանդելի, Լուի դը Ֆյունեսի հերոսները հենց այդպիսին են․․․
Կինոկատակերգությունը չի կարող լինել իսկապես ծիծաղաշարժ, եթե կատակերգակ դերասանը վառ կերպար չէ։ Կինոյի պատմությունը լի է այդօրինակ կերպարներով, որոնցից յուրաքանչյուրը մի ուրույն անհատականություն է՝ Չապլինից մինչև Կիտոն, Բուրվիլից մինչև Ուիզդոմ, Լինդերից մինչև Դիդ... Նրանք ստեղծել են իրենց հերոսին և ճանաչելի են դարձել այդ հերոսի միջոցով։
Տոտո.
«Հասարակական կարծիքի ուսումնասիրություններն ապացուցում են, որ հասարակությունը կարծիք չունի»։Տոտոյի իսկական անունը շատ ավելի երկար է, քան նրա բեմական հակիրճ կեղծանունը։ Պաշտոնական տեղեկատուներում նա հորջորջվում է Նորին արքայական մեծություն Անտոնիո Ֆլավիո Ֆոկաս Նեպոմուչենո դը Կուրտիս Գալյարդի դուքս Կոմնին Բյուզանդացի։ Տոտոն հին տոհմի շառավիղ է, նա իսկապես սերում է Կոմնինների դինաստիայից և նույնիսկ շահել է անեկդոտային մի դատ գերմանացի ազնվականի դեմ, ով վիճարկում էր բյուզանդական կայսրության գահաժառանգի նրա իրավունքը, կայսրություն, որը, ինչպես հայտնի է, դադարել է գոյություն ունենալ դեռևս 15֊րդ դարում։ Այդուհանդերձ, Անտոնիո դը Կուրտիսը դերասանական կյանքում ընտրեց Տոտո անունը և իր բոլոր բարձր տիտղոսներին գերադասեց «ծիծաղի արքա» տիտղոսը։
«Ես իմ կարիերան սկսել եմ շատ վաղուց, բայց իմ աշխատանքն այժմ էլ սիրում եմ ճիշտ այնպես, ինչպես առաջին ելույթիս օրը։ Ես չեմ կարող ապրել կինոյի աշխարհից հեռու, ինչը կարող է անիմաստ թվալ նրանց, ովքեր բավականաչափ լավ չեն ճանաչում այդ աշխարհը, բայց սա ինձ գոհունակություն պատճառող միակ աշխարհն է»,֊ ասել է Տոտոն։ Նա օժտված էր բոլոր տվյալներով՝ իր ժամանակի մեծագույն կատակերգուն դառնալու համար։ Սակայն իր երկարատև կարիերայի ընթացքում նրան հաջողվել է ընդամենը մի քանի անգամ նկարահանվել մեծ ռեժիսորների ֆիլմերում։ Նա մասնակցել է ավելի քան 100 կինոկատակերգությունների նկարահանումներին, նրա ժողովրդականությունը վիթխարի է, նրա յուրօրինակ դեմքը՝ նիհար, սապատավոր խոշոր քթով, բարակ շրթունքներով, ծանր ու ծուռ կզակով, սև տխուր աչքերով, ծանոթ է ողջ աշխարհին։ Եվ, միևնույն է, նրա դերասանական հազվագյուտ ունակություններն այդպես էլ ամբողջությամբ չեն դրսևորվել։
Տոտոն ծնվել է 1898թ֊ին և արվեստում առաջին քայլերն արել է 17 տարեկան հասակում։ Նա խաղում էր Նեապոլի թատրոններում։ Հետագայում Տոտոն երկարատև մարզումների արդյունքում հասավ մարմնի առանձին մասերի այնպիսի «ինքնավարության», որ նրա ձեռքերը, ոտքերը, աչքերը, գլուխը սկսեցին ապրել, ասես, ողջ մարմնից անկախ՝ ցուցաբերելով ապշեցուցիչ ճկունություն։ Իր էքսցենտրիկ ոճի շնորհիվ Տոտոն լայն ճանաչում ձեռք բերեց Հռոմի և Նեապոլի 1920֊ական թթ֊ների հասարակության շրջանում։ Հասարակությունը ցնծագին ծափահարում էր, երբ նա, ֆաշիստական Իտալիայում հանդգնելով առաջինը թատերաբեմ հանել քաղաքական սատիրան, պատերազմի ամենաթեժ օրերին երգում էր․ «․․․ Նրանք հոգեհան արեցին մեզ իրենց բարբաջանքով․․․»։ Ֆաշիստները 1940թ֊ին փորձեցին ձախողել Տոտոյի ելույթը Հռոմում, սակայն այդպես էլ չկարողացան խլացնել հանդիսականների ծափողջույնները։ Հռոմի ազատագրումից հետո Տոտոն ամբողջությամբ կլանվեց կինոյով։ 1950֊ականներին նա նկարահանվում էր տարեկան 5֊6 ֆիլմում։
Տոտոյի մարմնավորած հերոսները պատահական վաստակով ապրող ձախողակներ են, ովքեր ցանկացած պարագայում չեն կորցնում իրենց մարդկային նկարագիրը։ Այդ հերոսները հոգեհարազատ էին հասարակ ժողովրդին։ Հետպատերազմյան Իտալիայում տիրող տրամադրությունները հենց այսպիսի հերոսների կարիք ունեին։ Իտալիայի առաջադեմ արվեստագետները պայքարում էին հանուն ժողովրդավարության և մարդասիրության սկզբունքների, և պատահական չէ, որ Տոտոն միացավ նրանց՝ հարելով նաև նեոռեալիզմին։ Այդ տարիներին նա նկարահանվեց «Նեապոլը միլիոնատերերի քաղաք է» և «Ոստիկաններ ու գողեր» ֆիլմերում, որոնք համարվում են նրա լավագույն կինոաշխատանքները։ 1957թ֊ին Քրիստիան֊Ժակը Տոտոյին հրավիրեց նկարահանվելու իր «Օրենքն օրենք է» ֆիլմում, որը «Ոստիկաններ և գողերի» ֆրանսիական տարբերակն էր։
Երբ մեծ էկրան էր բարձրանում որևէ թանկարժեք ֆիլմ, Տոտոն, ի պատասխան, անմիջապես ներկայացնում էր այդ ֆիլմի երգիծական տարբերակը․ «Լոուրենս Արաբացի» ֆիլմին, օրինակ, հաջորդեց նրա «Տոտո Արաբացին», «Կլեոպատրային»՝ «Տոտոն և Կլեոպատրան», «Քաղցր կյանքին»՝ «Տոտոն, Պեպինոն և քաղցր կյանքը»։ 1960֊ականներին մամուլը հաճախ էր գրում, թե Տոտոյի տաղանդը մնում է չբացահայտված։ Հենց այդ տարիներին էլ նա հնարավորություն ստացավ նկարահանվելու Պիեռ Պաոլո Պազոլինիի «Թռչուններ մեծ ու փոքր» ֆիլմում՝ մարմնավորելով թռչուններ վարժեցնողի կերպարը։ Պազոլինին Տոտոյի մասին ասել է․ «Նա մեծ դերասան է։ Նրա հետ կարելի է աշխատել այնպես, ինչպես մի ճկուն գործիքի հետ»։
Ֆերնանդել.
«Երբ ես եկա ապագա աներոջս հետ ծանոթանալու, շատ էի ուզում ի սկզբանե դուր գալ նրան և անընդհատ ժպտում էի։ Ի վերջո, նա չդիմացավ և գոռաց՝ «Փակի՛ր բերանդ, ես ուզում եմ տեսնել քո դեմքը»։Ֆերնանդելը՝ Ֆերնան Ժոզեֆ Դեզիրե Կոնտանդենը, դեռևս մինչև կինո մուտք գործելը արդեն կատակերգու էր՝ իր խառնվածքով, արտաքինով ու նախասիրություններով։ Նա աշխատում էր Մարսելի բանկերից մեկում, սակայն օրերից մի օր ամեն ինչ թողեց և միացավ շրջիկ արտիստների խմբին։ Թատերախմբում Ֆերնանդելն արագորեն դարձավ թիվ 1 կատակերգուն, իսկ հետո անդառնալիորեն սիրահարվեց կինեմատոգրաֆին։ Նա նկարահանվում էր գրեթե առանց ընդմիջումների՝ Իտալիայում, Իսպանիայում, Անգլիայում և Մ․ Նահանգներում, իսկ Ֆրանսիայում ավելի հեշտ է հիշել այն ռեժիսորներին, ում ֆիլմերում Ֆերնանդելը չի նկարահանվել, քան նրանց, ում ֆիլմերում նկարահանվել է։ Նրա ֆիլմացանկը հարուստ է՝ ավելի քան 150 կինոնկար։ Ֆերնանդելի կերպարը չափազանց ներդաշնակ է իր հերոսների կերպարներին․ նա բարեսիրտ է, սակայն դժվարությամբ է հարմարվում մարդկանց, միջավայրին ու հասարակության օրենքներին։ Ինչպես Տոտոյին, Ֆերնանդելին էլ մեծ ճանաչում պարգևեց «Օրենքն օրենք է» ֆիլմը, որտեղ նա խաղում էր միամիտ ու ազնիվ ոստիկանի, իսկ Տոտոն՝ համակրելի օրինազանցի դերը։
«Սատանան և տասը պատվիրանները» ֆիլմի «Քեզ համար կուռք մի՛ ստեղծիր» նովելում Ֆերնանդելը մարմնավորել է մարդկության նորահայտ մի փրկչի կերպարը, ով աղքատների հետ խոսում է իր ամենակարողության մասին, հավատացնում է, թե կարող է ապաքինել ու երջանկացնել նրանց։ Ի վերջո, պարզվում է, որ նա մոտակա հոգեբուժարանի հիվանդներից է։ Մի՞թե մեր ժամանակներում բարիք կարող են գործել միայն խելագարները․ այս հարցը Ֆերնանդելը հիանալի է փոխանցել իր կերպարի միջոցով։ Նրա հերոսները բոլոր ֆիլմերում ըմբոստանում են, երբ իրենց արգելում են օգնել մարդկանց։ Նա անշահախնդիր է թե՛ կյանքում, թե՛ կինոյում։
Տարբեր կատակերգուներ ծիծաղ պարգևելու իրենց միջոցներն ունեն․ Տատին բարձրահասակ է ու անճարպիկ, Կիտոնի դեմքը գրեթե զուրկ է դիմախաղից և միշտ թախծոտ ու անշարժ է, իսկ Ֆերնանդելն, ընդհակառակը, շատ աշխույժ է։ Նրա համար դիմախաղը մեծ կարևորություն ունի։ Պատահական չէ, որ Ֆերնանդելի հետ համագործակցող ռեժիսորները գերադասում էին իրենց ֆիլմերը կառուցել խոշոր պլաններով՝ կադրում հետևելով նրա դեմքի նույնիսկ ամենաաննշան փոփոխությանը։ Ֆերնանդելն արդարացիորեն կրում էր «Ֆրանսիայի ամենածիծաղելի կերպարանքը» տիտղոսը։
Հայտնի է, որ նա խանդով էր վերաբերվում Լուի դը Ֆյունեսին և չէր թաքցնում հակակրանքը՝ վերջինիս համարելով իր մրցակիցը։ Ֆյունեսի ուշացած փառքն ինչ֊որ առումով իսկապես խանգարեց Ֆերնանդելին, ով հարկադրված եղավ նրա հետ կիսել լավագույն կատակերգուի համբավը։
Լուի դը Ֆյունես.
«Ես սիրում եմ զբոսնել գերեզմանատներում։ Այնտեղ գոնե հանդիպում ես լռակյաց մարդկանց, ովքեր չեն հակաճառում»։Լուի դը Ֆյունեսին ճանաչում են բոլորը, և դժվար է հավատալ, որ նա իր կինոկարիերայի զգալի մասն անցկացրել է ստվերում՝ երկրորդական դերերով բավարարվելով։ Ֆյունեսը հանրահայտ դարձավ 1950֊ականներին՝ «Հայրիկը, մայրիկը, աղախինը և ես» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Մինչև 1941թ֊ը՝ կինոյի աշխարհ մուտք գործելը, նա փոխել էր ամենատարբեր զբաղմունքներ, իսկ դերասանի մասնագիտությունն ընտրելուց հետո նկարահանվել էր 75 ֆիլմում՝ առանց ըստ արժանվույն գնահատվելու։ Վերջապես, արդեն հասուն տարիքում, հաջողությունն այցելեց նրան։ «Բռնված չէ՝ գող չէ» ֆիլմում Ֆյունեսը հանդիսատեսին մատուցեց մի հերոսի, ում նկարագիրը, այցեքարտի պես, նրան ուղեկցելու էր իր մյուս բոլոր ֆիլմերում։
Ֆյունեսը, ինչպես և Տոտոն, ուներ ազնվական ծագում, սակայն նրանց բեմական կերպարները չափազանց տարբեր էին։ Տոտոյի խաղը բարձր կատակերգություն է, և նրա ծիծաղն անբաժան է տխրությունից, իսկ Ֆյունեսի խաղը պարզապես ծիծաղ է պարգևում՝ հանդիսատեսին չդրդելով ավելի լուրջ խորհրդածությունների։ Նա ինքն էլ գիտակցում էր դա՝ ասելով․ «Ես զվարճություն եմ վաճառում առավոտյան իննից մինչև երեկոյան յոթը»։ Նրա հերոսները հիմնականում կա՛մ օրինազանցներ են, կա՛մ ոստիկաններ։
Թեպետ Ֆյունեսը երբեք չի աշխատել կրկեսում, սակայն նրա խաղին բնորոշ են ծաղրածուական արվեստի տարրերը։ Փութկոտ շարժումները, աշխույժ դիմախաղը, անսպառ էներգիան նրա գլխավոր առանձնահատկություններն են։ Իր կարիերայի սկզբում Ֆյունեսը սիրում էր գրիմավորվել, կրել կեղծամ ու արհեստական բեղեր, սակայն հետագայում նա հասկացավ, որ այդ ամենը խանգարում է իրեն․ նրա լավագույն դիմակը սեփական դեմքն էր։
Մտերիմների և հենց իր՝ Ֆյունեսի վկայությամբ՝ իրական կյանքում ինքն այնքան էլ ուրախ մարդ չէ։ «Ես չեմ սիրում լինել հասարակության մեջ և ունեմ փոքրաթիվ բարեկամներ, իսկ ազատ ժամանակս տրամադրում եմ միայն ընտանիքին»,֊ խոստովանել է նա։ Ֆրանսիացի լրագրողներից մեկը Ֆյունեսի հետ հանդիպելուց և հարցազրույց վարելուց հետո տարակուսանքով գրել է․ «Դժվար է պատկերացնել, որ այդ փոքրամարմին, չափազանց լուրջ մարդը կարողանում է ծիծաղեցնել ողջ Ֆրանսիան»։
Ֆյունեսի որդին, ով նրա հետ նկարահանվել էր մի քանի ֆիլմերում, չնայած հոր խնդրանքներին՝ ընտրեց այլ մասնագիտություն․ լեգենդար կատակերգուի զավակ լինելը նրա համար չափից դուրս պարտավորեցնող էր։ Ինքը՝ Ֆյունեսը հեշտ ճանապարհ չէր անցել, ինչի մասին ասել է․ «Ես չեմ զղջում իմ կարիերայի դանդաղ աճի համար, քանի որ այդ դանդաղկոտությունն ինձ օգնեց հիմնավորապես ուսումնասիրելու և հասկանալու իմ մասնագիտությունը։ Երբ ես դեռևս անհայտ էի, փորձում էի իմ խաղով զարդարել այն դերերը, որոնք ինձ վստահում էին։ Հենց այդ կերպ էլ ձեռք բերեցի իմ վարպետությունը։ Եթե ստիպված լինեի ճանապարհս սկսել սկզբից, կանցնեի նույն երթուղով»։
COMMENTS