Քոեն եղբայրների հանրահայտ ֆիլմի՝ «Բարթոն Ֆինկի» սիրահարներին նրանց նոր կինոնկարը ևս դուր կգա, քանի որ ներկայացված է նույն «ոսկե ժամանակաշրջանը»՝ 1940-50-ականների Հոլիվուդն՝ իր խելահեղ կյանքով ու անհավանական անցուդարձով։
Քոենների ստեղծագործական եռանդն ու երևակայությունը չեն սպառվում, և «Կեցցե Կեսարը» դրա ևս մեկ վկայությունն է։ Նրանց ֆիլմերը, ինտելեկտուալ լինելով հանդերձ, չեն ձանձրացնում նաև ոչ ինտելեկտուալ կինոդիտողին, որովհետև ցանկացած պարագայում պահպանվում են դինամիզմն ու դիտարժանությունը՝ գումարած, իհարկե, նրանց անկրկնելի սրամտությունը։ Լավագույն երկխոսությունները, լավագույն օպերատորական աշխատանքը և լավագույն դերասանական կազմը կարող են ծածկել յուրաքանչյուր անկատարություն՝ խառնաշփոթ ու քաոսային սյուժեից մինչև տարօրինակ հանգուցալուծում։ Սակայն նույնիսկ այդ սյուժետային քաոսը Քոենների պարագայում գրավիչ է, այնպես որ՝ խորհուրդ ենք տալիս անպայման դիտել այս ֆիլմը։
Զավեշտն այստեղ ամենուր է։ Պրոդյուսեր Էդի Մենիքսն ամեն օր այցելում է խոստովանահորը՝ մեղքերի թողություն խնդրելով կնոջից թաքուն ծխած երկու սիգարետի համար, սակայն երբևէ չի խոստովանում, թե ինչ մութ գործերով է զբաղված կինոստուդիայում, որտեղ աշխատում է։ Կինոաստղ միսս Մորանը շարունակաբար ամուսնանում և ամուսնալուծվում է կինոստուդիայի ղեկավարության պատվերով, նույնիսկ հրաժարվում է սեփական երեխայից, որովհետև այդ է պահանջում Հոլիվուդը։ Կեսարի դերակատար Բարդ Ուիթլոքը առիթը չի կորցնում հարբեցողությամբ ու սիրախաղերով զբաղվելու համար։ «Դեղին» մամուլի դասական ներկայացուցիչներ Թորա և Թեսելի Թաքերները՝ երկվորյակ քույրերը, ում մարմնավորել է Թիլդա Սուինթոնը, գիշատիչ հետաքրքրասիրությամբ որսում են ցանկացած փակ տեղեկատվություն աստղերի անձնական կյանքի վերաբերյալ։ Կինոդերասան Բերթ Գարնին ապրում է երկակի կյանքով․ ցերեկները նկարահանվում է ուրախ մյուզիքլներում, իսկ գիշերները գաղտնի ժողովներ է գումարում իր ղեկավարած կոմունիստական խմբակի հետ։ Վեսթեռնների փոքր-ինչ մանկամիտ դերասան Հոբի Դոյլը առանց երկար մտորելու «տեղափոխվում է» դրամատիկ ժանր՝ իսկական տառապանք դառնալով լուրջ ռեժիսոր Լորենս Լորենցի համար։ «Ապագա» խորհրդանշական անվանմամբ կոմունիստական խմբակի անդամները խոսում են բարձր գաղափարների մասին, սակայն կազմակերպում են Կեսարի դերակատարի առևանգումը՝ փրկագին պահանջելով կինոստուդիայից։ Նրանք բոլորն էլ մեղավոր են, տարօրինակ, չափազանց զավեշտալի և, ամենակարևորը, իրական։
Իհարկե, այս բոլոր անձանց ստեղծած ինտրիգային իրավիճակների հանգուցալուծումը անաղմուկ կազմակերպելու բեռը դրված է Էդի Մենիքսի ուսերին, ինչն էլ նա հաջողությամբ անում է՝ չմոռանալով նաև սեփական ընտանիքի խնդիրները լուծելու մասին։ Սա Հոլիվուդն է։ Մեծ էկրանի լուսավոր կերպարներից ու իրականությունից անդին մեզ ներկայանում է մի բոլորովին ուրիշ կյանք։ Քոենները «Կեցցե Կեսարը» ֆիլմում, ինչպես և «Բարթոն Ֆինկում», անխնա ծաղրում են հոլիվուդյան իրականությունը, սակայն այդ ծաղրի մեջ չկա չարություն, ավելին՝ կա նույնիսկ սեր, քանի որ իրենք էլ հանդիսանում են այդ իրականության մի մասնիկը։ Ի դեպ, Քոենների նոր ֆիլմում հիշատակվում է նույն մտացածին կինոստուդիայի՝ Capitol Pictures-ի անվանումը, որը նշվում է նաև «Բարթոն Ֆինկում»։ Այս երկու ֆիլմերի միջև, իրոք, շատ ընդհանրություններ կան։ Թերևս, սա Քոեն եղբայրների՝ «Բարթոն Ֆինկի» հաջողությունը տարիներ անց կրկնելու փորձն է։ Այդ «հաշվարկը», նկատենք, սխալ չէր․ հանդիսատեսը, հետաքրքիր մի օրինաչափությամբ, սիրում է նոր նկարահանված, սակայն ավելի վաղ ժամանակաշրջաններին վերաբերող ֆիլմերը, մասնավորապես՝ Հոլիվուդի 1950-ականները։
«Կեցցե Կեսարի» կառուցվածքը ևս հետաքրքրական է․ մենք հաճախ ենք դիտում ֆիլմեր, որտեղ ցույց են տրվում մեկ այլ ֆիլմի նկարահանումներ, սակայն այս դեպքում տեսնում ենք միանգամից մի քանի ֆիլմերի նկարահանումներ՝ մեկ ֆիլմի շրջանակներում։ Այսօրինակ կառուցվածքն ըստ արժանվույն ներկայացնելու համար անհրաժեշտ են մեծ թվով հայտնի անուններ, և Քոենները, հետևելով ևս մեկ ճիշտ «հաշվարկի», հրավիրել են դերասանների մի ողջ աստղաբույլ։ Ջոշ Բրոլին, Ջորջ Քլունի, Ռեյֆ Ֆայնս, Սքարլեթ Յոհանսոն, Թիլդա Սուինթոն, Չենինգ Տատում․․․ Նրանք բոլորն էլ ֆիլմում չափազանց ներդաշնակ են իրենց մարմնավորած կերպարների հետ։ Քոենները կարողացել են նրանց հիանալիորեն «հարմարեցնել» իրենց ոճին՝ հումորից մինչև ինքնահեգնանք։ Ի վերջո, յուրաքանչյուր ֆիլմի «զարդը» հաջողված երկխոսություններն են, և հանդիսատեսը հաճախ ֆիլմը հիշում է հենց դրանց միջոցով։ «Կեցցե Կեսարը» առատ է այդօրինակ հիշարժան երկխոսություններով, որոնք, ինչպես մի շարք այլ ֆիլմերի պարագայում, անպայման կդառնան մեջբերումներ՝ դիպուկ ու սրամիտ։
Թեպետ արտասահմանյան մամուլն այս նոր ֆիլմը չի համարում Քոենների լավագույն աշխատանքներից մեկը, սակայն չի ժխտում նաև, որ ֆիլմն իսկապես հաջողված է և ունեցել է բարձր վարկանիշ հանդիսատեսի շրջանում։