«Ուր-ֆաշիզմը» հավասարապես թե՛ քաղաքական, թե՛ փիլիսոփայական և թե՛ մշակութային երևույթ է և արտացոլում է անհանդուրժողականության բոլոր դրսևորումները։
Հավերժական ֆաշիզմ կամ «ուր-ֆաշիզմ» հասկացությունը ներմուծել է Ումբերտո Էկոն՝ բնորոշելով ուլտրաաջ գաղափարախոսության տրանսմշակութային ֆենոմենը։ Էկոն շարադրել է արվեստում ֆաշիզմի այս տեսակը ճանաչելու 14 նշան․ եթե դրանք առկա են, ուրեմն՝ ահազանգ հնչեցնելու ժամանակն է․․․
1.«Ուր-ֆաշիզմի» առաջին բնորոշիչը ավանդույթի պաշտամունքն է։ Տրադիցիոնալիզմն ավելի հին երևույթ է, քան ֆաշիզմը։ Այն ֆրանսիական հեղափոխությունից հետո հանդես է գալիս որպես հակահեղափոխական կաթոլիկ մտքի գերակա տարր, բայց ծնունդ է առել դեռևս ուշ հելլենիզմի դարաշրջանում՝ որպես արձագանք դասական Հունաստանի ռացիոնալիզմին։
Այս երևույթը նշանակում է, որ գիտելիքի զարգացման համար այլևս հնարավորություն չկա։ Ճշմարտությունը հռչակված է մեկընդմիշտ, մնում է միայն մեկնաբանել դրա մութ խոսքերը։ Բավարար է դիտարկել տարատեսակ ֆաշիստական մշակույթների «պահունակները»․ դրանցում ներառված են միայն տրադիցիոնալիստ մտածողները։ Գերմանաֆաշիստական գնոսիսը սնվում էր տրադիցիոնալիստական, սինկրետիկ, օկուլտական աղբյուրներից։ Նոր իտալական աջերի կարևորագույն տեսական աղբյուր Յուլիուս Էվոլան Գրաալը խառնում է «Սիոնական իմաստունների արձանագրությունների» հետ, ալքիմիան՝ սրբազան Հռոմեական կայսրության հետ։ Հենց այն փաստը, որ իտալական աջերը տեսադաշտը հարստացնելու նպատակով այժմ ընդլայնել են «պահունակը»՝ ներառելով նաև դը Մեստրին, Գենոնին և Գրամշիին, սինկրետիզմի ցուցադրման փայլուն ապացույցն է։
2.Տրադիցիոնալիզմն անխուսափելիորեն հանգեցնում է մոդեռնիզմի չընդունմանը։ Ինչպես իտալական ֆաշիստները, այնպես էլ գերմանական նացիստները, թերևս, պաշտում էին տեխնիկան, մինչդեռ տրադիցիոնալիստ մտածողները սովորաբար տեխնիկան նշավակում են՝ այն համարելով ավանդական հոգևոր արժեքների ինքնին ժխտում։ Սակայն, ըստ էության, նացիզմը բավականություն է ստանում իր ինդուստրացման լոկ արտաքին տեսանկյունից։ Այս գաղափարախոսության խորքում իշխում է Blut und Boden-ի՝ «Արյան և հողի» տեսությունը։ Ժամանակակից աշխարհի ժխտումը կատարվում էր կապիտալիստական արդիականության ժխտման ներքո։ Սա, փաստորեն, 1789թ֊ի (ինչպես նաև, իհարկե, 1776թ-ի) Լուսավորության ոգու մերժումն էր։ Ռացիոնալիզմի դարաշրջանը դիտարկվում է որպես ժամանակակից անբարոյականության սկիզբ։ Այդ իսկ պատճառով «ուր-ֆաշիզմը» կարող է բնորոշվել որպես իռացիոնալիզմ։
3.Իռացիոնալիզմն ամուր կապված է «գործողություն հանուն գործողության» պաշտամունքի հետ։ Գործողությունն ինքնին հիասքանչ է, ինչի պատճառով էլ իրականանալի է առանց ռեֆլեքսի և ռեֆլեքսից դուրս։ Մտորումը ոչ տղամարդկային գործ է։ Մշակույթը կասկածանքով է ընկալվում՝ լինելով քննադատական վերաբերմունքի պոտենցիալ կրողը։ Այստեղ ամեն ինչ կա․ և՛ Գեբելսի «երբ ես լսում եմ «մշակույթ» բառը, անմիջապես ձեռքս եմ վերցնում ատրճանակը» արտահայտությունը, և՛ հաճելի ընդհանուր կետերը ինտելեկտուալ շիլափլավի, ձվանման գլուխներով մտավորականների, արմատական սնոբիզմի և կոմունիստական վարակի տարածման բույն դարձած համալսարանների վերաբերյալ։ Ինտելեկտուալ աշխարհի հանդեպ կասկածամտությունը միշտ ազդարարում է «ուր-ֆաշիզմի» առկայության մասին։ Ֆաշիզմի պաշտոնական մտածողները հիմնականում զբաղված էին ժամանակակից մշակույթը քննադատելով և լիբերալ մտավորականությանը հավերժական արժեքներից հեռանալու համար մեղադրելով։
4.Սինկրետիզմի ձևերից ոչ մեկը չի կարող դիմանալ քննադատության։ Քննադատական մոտեցումն օգտվում է տարբերություններից, իսկ տարբերությունները հանդիսանում են արդի իրականության բնորոշիչ հատկանիշը։ Ժամանակակից մշակույթում գիտական հանրությունը հարգում է հենց անհամաձայնությունը՝ որպես գիտության զարգացման հիմք։ Իսկ «ուր-ֆաշիզմի» տեսանկյունից անհամաձայնությունը դավաճանություն է։
5.Անհամաձայնությունը նաև ոչ միանմանության նշան է։ «Ուր-ֆաշիզմն» աճում է և փոխհամաձայնություն փնտրում՝ շահարկելով օտարոտիության հանդեպ եղած բնածին վախը։ Ֆաշիստոիդական կամ նախաֆաշիստոիդական շարժման առաջնային լոզունգներն ուղղված են այլազգիների դեմ։ Այսպիսով, «ուր-ֆաշիզմը» փաստացի խառնված է նաև ռասիզմի մեջ։
6.«Ուր-ֆաշիզմը» ծնվում է անհատական կամ սոցիալական ֆրուստրացիայից։ Հենց այդ պատճառով էլ բոլոր պատմական ֆաշիզմները հենվել են ֆրուստրացված միջին դասի վրա, որը տուժել է որևէ տնտեսական կամ քաղաքական ճգնաժամից, և վախեցել են զայրացած «ներքևների» սպառնալիքից։ Մեր օրերում, երբ նախկին պրոլետարները վերածվել են մանր բուրժուականության, իսկ լյումպենը կամովին հեռացել է քաղաքական կյանքից, ֆաշիզմը այդ նոր մեծամասնության մեջ գտնում է գերազանց լսարան։
7.Նրանց, ովքեր առհասարակ սոցիալապես թշվառ են, «ուր-ֆաշիզմն» ասում է, թե արտոնությունների միակ գրավականը որոշակի երկրում ծնված լինելու փաստն է։ Այսպես է ձևավորվում ազգայնականությունը։ Եվ միակը, որ կարող է համախմբել ազգը, թշնամիներն են։ Հենց այդ պատճառով էլ «ուր-ֆաշիզմի» հոգեբանության հիմքում մոլեգին տարվածությունն է դավադրության, ցանկալի է՝ միջազգային դավադրության, գաղափարով։ Մարդիկ պիտի իրենց զգան պաշարված։ Լսարանը դավադրության գաղափարի վրա կենտրոնացնելու լավագույն միջոցը քսենոֆոբիայի զսպանակներն օգտագործելն է։ Թեպետ հարմար կլինի նաև ներքին դավադրությունը․ այս դեպքում համապատասխան տարբերակ են հրեաները, քանի որ նրանք միաժամանակ և՛ ներսում են, և՛ դրսում։
8.Անդամակիցները պիտի իրենց վիրավորված զգան այն պատճառով, որ թշնամիներն ի ցույց են դնում հարստությունը, պարծենում են իրենց ուժով։ Երբ ես մանուկ էի, ինձ ներշնչում էին, թե անգլիացիները «հինգանգամյա սննդի ազգ են»։ Անգլիացիները սնվում են ավելի ինտենսիվ, քան աղքատ, բայց ազնիվ իտալացիները։ Իսկ հրեաները հարուստ են, բացի այդ՝ նրանք օգնում են յուրայիններին, ունեն փոխօգնության գաղտնի ցանց։ Սա՝ մի կողմից։ Միևնույն ժամանակ՝ անդամակիցները համոզված են, որ կկարողանան հաղթել ցանկացած թշնամու։ Այդպիսով, հռետորական լարերի տատանումների շնորհիվ, թշնամիներն ուրվագծվում են միաժամանակ և՛ չափազանց ուժեղ, և՛ չափազանց թույլ։ Այդ պատճառով ֆաշիզմները դատապարտված են միշտ տանուլ տալու պատերազմները․ նրանք ի վիճակի չեն անաչառորեն գնահատելու հակառակորդի մարտունակությունը։
9.«Ուր-ֆաշիզմի» համար չկա կյանքի համար պայքար, այլ կա կյանք հանուն պայքարի։ Եթե այդպես է, ապա պացիֆիզմը համարժեք է թշնամու հետ եղբայրացմանը։ Պացիֆիզմը դատապարտելի է, քանզի կյանքը հավերժական պայքար է։ Միաժամանակ կա նաև Ահեղ դատաստանի բարդույթը։ Քանի որ թշնամին պիտի ոչնչացվի և կոչնչացվի, հետևաբար՝ տեղի կունենա վերջին մարտը, որի արդյունքում տվյալ շարժումը ձեռք կբերի աշխարհի հանդեպ լիակատար իշխանություն։ Այսօրինակ «համապարփակ որոշման» լույսի ներքո էլ ենթադրվում է համընդհանուր խաղաղության դարաշրջանի՝ Ոսկե դարի գալուստը։
Սակայն սա հակասում է հարատև պատերազմի մասին թեզին, և դեռևս ոչ մի ֆաշիստական առաջնորդի չի հաջողվել լուծում տալ այս ձևավորված հակասությանը։
«Ուր-ֆաշիզմը» քարոզում է պոպուլիստական էլիտարիզմ։ Շարքային քաղաքացիները հանդիսանում էին աշխարհի լավագույն ժողովուրդը։ Կուսակցությունը կազմված էր լավագույն շարքային քաղաքացիներից։ Շարքային քաղաքացին կարող էր (կամ պարտավոր էր) դառնալ կուսակցության անդամ։
Սակայն չեն կարող լինել պատրիկներ առանց պլեբեյների։ Այն առաջնորդը, ով գիտե, որ իշխանությունը ձեռք է բերել ոչ թե ընտրվելու, այլ ուժով նվաճելու միջոցով, հասկանում է նաև, որ իր ուժը հիմնված է զանգվածի թուլության վրա, և այդ զանգվածն այնքան թույլ է, որ կարիք ունի և արժանի է Գրաստապանի։
Այդ իսկ պատճառով հիերարխիականորեն (միլիտարիստական մոդելով) կազմավորված հասարակություններում յուրաքանչյուր առանձին առաջնորդ մի կողմից արհամարհում է վերադասներին, մյուս կողմից՝ ստորադասներին։
Հենց սրանով էլ ամրապնդվում է զանգվածային էլիտարիզմը։
11.Ամեն մեկին և յուրաքանչյուրին դաստիարակում են այնպես, որ դառնա հերոս։ Առասպելներում հերոսը հանդես է գալիս որպես բացառիկ, արտասովոր մի արարած, մինչդեռ «ուր-ֆաշիզմի» գաղափարախոսության մեջ հերոսականությունը բնականոն երևույթ է։ Հերոսականության պաշտամունքն անմիջականորեն կապված է մահվան պաշտամունքի հետ։ Պատահական չէ, որ ֆալանգայի անդամների նշանաբանն էր՝ Viva la muerte։ Սովորական մարդկանց ասում են, թե մահը ցավալի է, բայց այն պետք է դիմավորել արժանապատվորեն։ Հավատացյալ մարդկանց ասում են, թե մահը գերբնական երանության հասնելու տանջալից միջոց է։ «Ուր-ֆաշիզմի» հերոսը տենչում է մահ, որը նրա համար կանխորոշված է որպես հերոսական կյանքի լավագույն փոխհատուցում։ «Ուր-ֆաշիզմի» հերոսը շտապում է մեռնել։ Փակագծերում նշենք, որ այդ հերոսական անհամբերության ընթացքում նա առավել հաճախ սպանում է մյուսներին։
12.Քանզի ինչպես հարատև պատերազմը, այնպես էլ հերոսականությունը բավականին բարդ խաղեր են, «ուր-ֆաշիզմն» իր ձգտումը վերահասցեավորում է սեռական հարթությունում իշխանության։ Սրա վրա է հիմնված առնականության պաշտամունքը (այսինքն՝ կնոջ հանդեպ քամահրանքը և ցանկացած ոչ կոնֆորմիստական սեռական սովորության անողոք հետապնդումը՝ կուսությունից մինչև համասեռամոլություն)։ Քանզի սեռը նույնպես բավականին բարդ խաղ է, «ուր֊ֆաշիզմի» հերոսը խաղում է ատրճանակով, այսինքն՝ առնանդամի փոխնակով։ Անընդմեջ ռազմական խաղերի ենթատեքստում անփառունակ invidia penis-ն է։
13.«Ուր-ֆաշիզմը» կառուցվում է որակական (քվալիտատիվ) պոպուլիզմի վրա։ Ժողովրդավարության պայմաններում քաղաքացիներն օգտվում են անձի իրավունքներից․ քաղաքացիների ամբողջությունն իր քաղաքական իրավունքները կյանքի է կոչում միայն քանակական (քվանտիտատիվ) հիմքի առկայության դեպքում, երբ կատարվում են մեծամասնության որոշումները։ «Ուր-ֆաշիզմի» տեսանկյունից անհատը անձի իրավունքներ չունի, իսկ Ժողովուրդը հանդես է գալիս որպես որակ և միասնական կամքն արտահայտող միաձույլ ամբողջություն։ Քանի որ մարդկային արարածների ոչ մի քանակություն իրականում չի կարող ունենալ միասնական կամք, Առաջնորդը հավակնում է ներկայանալ բոլորի անունից։ Կորցնելով պատվիրակ լինելու իրավունքը՝ շարքային քաղաքացիները չեն գործում, այլ միայն կանչվում են՝ խաղալու Ժողովրդի դերը (մասը՝ ամբողջի համար)։ Ժողովուրդը, այդպիսով, հանդես է գալիս որպես բացառապես թատերական երևույթ։
Որակական պոպուլիզմի օրինակ ցույց տալու համար պարտադիր չէ դիտարկել Նյուրնբերգյան մարզադաշտը կամ հռոմեական լեփլեցուն հրապարակը Մուսոլինիի պատշգամբի առաջ։ Մոտ ապագայում որակական պոպուլիզմի հեռանկարը հեռուստատեսությունն է կամ համացանցը․ այս երկուսն ընդունակ են որպես ժողովրդի կարծիք ներկայացնելու քաղաքացիների ընտրյալ խմբի հուզական վերաբերմունքը։
Ամուր հենվելով քվալիտատիվ պոպուլիզմի վրա՝ «ուր-ֆաշիզմը» ոտքի է կանգնում «խորհրդարանական փտած ժողովրդավարությունների» դեմ։ Առաջինը, ինչի մասին Մուսոլինին նշեց իտալական խորհրդարանում ելույթ ունենալիս, հետևյալն էր․ «Ես կցանկանայի այս խուլ ու գորշ դահլիճը վերածել մարզասրահի իմ զավակների համար»։ Նա, իհարկե, «իր զավակների» համար արագորեն գտավ ավելի լավ ապաստան, բայց խորհրդարանը, այնուամենայնիվ, լուծարեց։
Ամեն անգամ, երբ քաղաքական գործիչը հարց է բարձրացնում խորհրդարանի լեգիտիմության վերաբերյալ՝ պատճառաբանելով, թե այն արդեն չի արտահայտում ժողովրդի կարծիքը, ակնհայտ զգացվում է Հավերժական Ֆաշիզմի շունչը։
14.«Ուր-ֆաշիզմը» խոսում է Նորալեզվով։ Նորալեզուն հայտնագործել է Օրուելն իր «1984» վեպում՝ որպես Անգսոցի՝ Անգլիական սոցիալիզմի պաշտոնական լեզու, բայց «ուր-ֆաշիզմի» տարրերը բնորոշ են ամենատարբեր դիկտատուրաներին։ Ե՛վ նացիստական, և՛ ֆաշիստական դասագրքերը առանձնանում էին աղքատ բառապաշարով և պարզունակ շարահյուսությամբ՝ նպատակ ունենալով դպրոցականի համար առավելագույնս սահմանափակել բարդ քննադատական մտածողության գործիքների հավաքածուն։ Սակայն մենք պիտի կարողանանք ճանաչել Նորալեզվի նաև ուրիշ դրսևորումները, եթե նույնիսկ դրանք ներկայանում են հեռուստատեսային հանրաճանաչ և անմեղ թոք-շոուի տեսքով։
գլխավոր նկարը՝ Esquire-ի
COMMENTS