Կաննի կինոփառատոնից և «Ոսկե գլոբուսից» հետո Ինյարիտուն այս տարի վերջապես նվաճեց իր երկար սպասված «Օսկարը»՝ որպես լավագույն ռեժիսոր։
Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի անունն այսօր նշում են կինոյի արդի դասականների շարքում: Թեպետ շատերը պահանջկոտ ու թերահավատ են ժամանակակից ռեժիսորների և նրանց արվեստի մեծության հանդեպ, այդուհանդերձ, անժխտելի է, որ Ինյարիտուն արդեն իսկ իր ուրույն տեղն ունի 21֊րդ դարի կինեմատոգրաֆում։
Նա ծնվել է 1963֊ին Մեխիկոյում՝ աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկում: Մեխիկոյում կյանքի ռիթմն այնքան հագեցված ու բուռն էր, որ, հայտնվելով Լոս Անջելեսում, Ինյարիտուն դատարկություն ու ձանձրույթ էր զգում: Հայրը նրան հաճախ էր պատմում հետաքրքիր ու խճճված պատմություններ, որոնք չունեին սկիզբ, ընթացք ու ավարտ։ Հետագայում Ալեխանդրո Գոնսալեսն արդեն կինոյի միջոցով էր հետևում այդ նույն սկզբունքին՝ միահյուսելով տարբեր պատմություններ ու ճակատագրեր:
«Ես որդուս սովորեցրել եմ հաճախել կինոթատրոն, քանզի իր բոլոր հարցերի պատասխանները նա կարող է ստանալ կինոյում»:
Երիտասարդության տարիներին Ինյարիտուն որպես դիջեյ աշխատում էր ռոք երաժշտություն հեռարձակող մեքսիկական ամենահայտնի ռադիոալիքներից մեկում, որտեղ, իր իսկ խոսքերով, փլեյլիսթերը վերածում էր ազատ պատմությունների: Նա խոստովանում է, որ երաժշտությունն իր վրա ավելի մեծ ազդեցություն է գործել, քան կինոն։
![]() |
կադրեր «Քած սերը», «21 գրամ», «Բաբելոն» ֆիլմերից |
«Կարծում եմ՝ մենք ֆիլմեր ենք նկարահանում սոցիումի հետ շփվելու համար: Կինոյի միջոցով մենք աշխարհին ենք հասցնում մեր մտքերն ու տեսիլքները»:
«21 գրամ» դրաման նա նկարահանեց երկու տարի անց՝ արդեն հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ: Նաոմի Ուոթսի, Շոն Փենի և Բենիսիո դել Տորոյի հերոսներից յուրաքանչյուրը ներկայացնում է մի առանձին պատմություն: Դրանք, առաջին հայացքից, միմյանց հետ առնչություն չունեցող պատմություններ են, բայց ավտոճանապարհային պատահարը, ինչպես նախորդ ֆիլմում, այստեղ ևս դառնում է յուրատեսակ միավորող խաչմերուկ: Ֆիլմի նկարահանումների ընթացքում Ալեխանդրո Գոնսալեսը մտահղանում է արդեն հաջորդ ֆիլմի գաղափարը: Եթե նախորդ երկուսում փազլի մասնիկները կազմում էին միևնույն քաղաքում ապրող մարդիկ, ապա «Բաբելոնում» միահյուսվում են երկրներ ու մշակույթներ:
![]() |
կադրեր «Բյորդմեն», «Բյութիֆուլ», «Վերապրածը» ֆիլմերից |
«Ես փիլիսոփա չեմ: Ես ռեժիսոր եմ: Եվ ենթագիտակցության ամբողջական ճանաչումն ինձ համար դեռ առջևում է: Կինեմատոգրաֆի խնդիրն այն է, որ կինոն դիտարկում են որպես իրականության ճշգրիտ արտացոլում: Ինձ համար առավել հետաքրքիր է կյանքն ընկալելու մեր սեփական ձևի ճանաչման փորձը։ Իսկ դա ինքնին շատ հեռու է իրականությունից: Իրականությունը բաղկացած է ընդամենը հիշողություններից, զգացողությունների փոքրիկ կտորներից, որոնք մենք ժամանակի մեջ ներկայացնում ենք որպես իրադարձությունների ու պահերի ճշգրիտ տարբերակներ: Ուսումնասիրելու նյութը շատ մեծ է․ ես շոշափում եմ ենթագիտակցականի ու հոգևորի միայն մակերեսային շերտը: Ցավոք, մենք այսօր շարժվում ենք հակառակ ուղղությամբ»։
Լիլիթ Աղաջանյան