«Կինոյում իմ իդեալը Արտավազդ Փելեշյանն է՝ հայ հանճարեղ կինովավերագրողը։ Եթե ես արարում եմ կայծեր, ապա նա՝ գնդաձև կայծակներ»։ Գոդֆրի Ռեջիո
«13 տարեկան հասակում ես որոշեցի հեռանալ տնից։ Ես ծնվել եմ Նոր Օռլեանում՝ «քաղցր կյանքի» քաղաքում, և երբ անչափահաս էի, անընդհատ տարօրինակ արարքներ էի գործում, մեծ պահանջներ էի ներկայացնում, թափառում էի այստեղ֊այնտեղ։ Դժվարանում եմ ասել, թե ինչու այսպես վարվեցի, բայց, կարծում եմ, ճիշտ որոշում եմ ընդունել՝ չնայած սխալ պատճառին։ Մեր համայնքում կար 100 մարդ, և մենք ամեն ինչ անում էինք միասին՝ բերք էինք աճեցնում, աշխատում էինք․ դա մի ֆանտաստիկ մակարդակ է, երբ կարիք չկա որևէ բան ասելու, որպեսզի մարդիկ քեզ հասկանան։ Դա ինձ չափազանց ոգեշնչեց, օգնեց հավատարիմ մնալ ինքս ինձ, ուշադիր լինել մանրուքների հանդեպ, որոնք շատերին գուցեև թվան անկարևոր, տվեց մի հարստություն, որն ուրիշ ոչ մի տեղում չէի կարող գտնել՝ կարգապահություն և ինքնակառավարում»։Ամերիկացի հանրահայտ կինովավերագրող Գոդֆրի Ռեջիոյի կենսագրությունը, ի՛նչ խոսք, սովորական չես համարի։ Նա, իրոք, 13 տարեկան հասակում հեռացել է տնից, իսկ որոշ ժամանակ անց հրաժարվել է աշխարհիկ կյանքից՝ 14 տարի փակված մնալով կաթոլիկ միաբանություններից մեկի համայնքում։ Պատանեկությունն ու երիտասարդությունը Ռեջիոն անցկացրել է լռությամբ, աղոթքներով ու պահքերով։ Այնուհետև, արդեն հասուն տարիքում, լքել է մենաստանը և իրեն նվիրել արվեստին ու հասարակական գործունեությանը։ 1960֊ականներին նա Նյու Մեքսիկո նահանգում հիմնել է առողջապահական ու կրթական ոչ առևտրային կազմակերպություններ, կազմակերպել է ակցիաներ՝ ի պաշտպանություն մարդկանց սոցիալական շահերի։
Գոդֆրի Ռեջիոն համաշխարհային համբավ ձեռք բերեց իր «Կացի» անվանումը կրող «կյանքի եռապատմամբ», որը ներառում է երեք ֆանտաստիկ ֆիլմ՝ «Կոյաանիսկացին», «Պովակացին» և «Նակոյկացին»։ Առաջին հայացքից տարօրինակ այս անվանումները նա «վերցրել է» հնդկացիական հոպի ցեղի բառապաշարից․ ոչ պակաս տարօրինակ մի լեզու, որը չունի ժամանակաձև ու հոգնակի թիվ։ Ռեջիոյի ֆիլմերից յուրաքանչյուրը պահանջել է տարիների աշխատանք․ նա կադր առ կադր հավաքել է այն ամենը, ինչն առնչվում է ժամանակակից մարդուն, կյանքի ռիթմին, միջավայրին, ապրելակերպին։ Եռապատումը, ռեժիսորական ինքնատիպ մտահղացումներից բացի, հիացնում է նաև օպերատորական փայլուն աշխատանքով և երաժշտական բարձրակարգ ձևավորմամբ։
«Մենք, այսպես թե այնպես, ապրում ենք որոշակի միջավայրում, և մենք այն չենք օգտագործում, այլ շնչում ենք, և հենց այդ միջավայրն է մեզ դարձնում այնպիսին, ինչպիսին կանք։ Այսինքն՝ մենք ունենք երկու աչք, երկու ձեռք, երկու ոտք, ձկներն ունեն լողակներ, թռչունները՝ թևեր, և այդ ամենը պատահական չէ, այլ պայմանավորված է միջավայրով։ Տեխնոլոգիաներն ազդում են կրոնի, պատերազմի, քաղաքականության, մշակույթի վրա, որոնք մեր մտավոր միջավայրի ձևավորողն են և մեծ ջանքեր են պահանջել մեզնից։ Մենք ծնվում ենք, և այդ ամենը մեր շուրջն է՝ թվալով բնական ու սովորական, ինչպես օդն ու ջուրը, և ես, անկեղծ ասած, փոքր֊ինչ վախենում եմ դրանից»։Գոդֆրի Ռեջիոն քննադատում է տեխնիկական առաջընթացի դարաշրջանը՝ համարելով, որ այդ դարաշրջանը սկիզբ է դրել հոգևորի վախճանին, շրջակա միջավայրի ոչնչացմանը և մարդկության համատարած ու աներևակայելի խելացնորությանը։ Իսկ ամենասարսափելին նա համարում է այն, որ քաղաքաբնակների համար տեխնոլոգիաները փոխարինել են բնությանը և դարձել են օդի պես անհրաժեշտ։ Բացարձակ անհրաժեշտություն և ոչ թե լրացուցիչ գործիք մեր կենսակերպի համար։ «Մենք չենք օգտագործում տեխնոլոգիաները, մենք ապրում ենք տեխնոլոգիաներով»,֊ ասում է նա։ Տեխնոլոգիաները ոչնչացնում են կենսաբանական ցանկացած բազմազանություն՝ մեզ համար վերածվելով մի նոր՝ արհեստական բնության։
Հոպի ցեղի հնդկացիների լեզվով՝ «կոյաանիսկացի» բառը նշանակում է «կյանք առանց ներդաշնակության» կամ «կյանք առանց հավասարակշռության»։ Այլ աղբյուրներում նշվում են նաև «խելահեղ կյանք» կամ «կյանք, որը պիտի փոխվի հանուն փրկության» տարբերակները։ Այս ֆիլմը Ռեջիոյի մտորումն է ուրբանիզացիայի մասին, որը նա համարում է «նոր միջնադար», քանզի մեր օրերում, առավել, քան երբևէ, կտրվել է կապը մարդու և բնության միջև։ Եռապատման երկրորդ ֆիլմը՝ «Պովակացին» նկարահանվել է 1988թ֊ին։ Այս բառը թարգմանաբար նշանակում է «կյանքի կախարդանք»։ Երկրորդ ֆիլմում Ռեջիոն հրաժարվել է կադրերի առաջ «հերթափոխից»՝ ասես դանդաղեցնելով ժամանակի ռիթմը։ Նա երկար ճանապարհորդել է՝ ոտք դնելով մոլորակի այն բնակավայրերը, որտեղ մարդիկ ապրում են ժամանակակից քաղաքակրթությունից հեռու կամ համեմատաբար հեռու։ 6֊ամսյա անընդմեջ նկարահանումներ և 12 երկիր, այդ թվում՝ Հնդկաստանը, Եգիպտոսը, Բրազիլիան, Պերուն, Քենիան, Նեպալը, Նիգերիան․․․ Մեծ քաղաքներից հեռու՝ մարդիկ այստեղ առավել մոտ են բնությանը։ Ասես «ժամանակից դուրս մնացած» այս մարդկանց կյանքի արտացոլումը անսպասելի աշխուժություն առաջացրեց ոչ միայն հասարակական, այլև քաղաքական շրջանակներում․ Ռեջիոյի ֆիլմն ամենուր քննարկում էին և «երրորդ աշխարհի» մարդկանց կյանքը բարելավելու տարբերակներ առաջարկում։ Ռեժիսորը համարում էր, որ հասել է իր նպատակին։
«Եթե ես կարողանայի պարզապես ստեղծել կերպար և այն փոխանցել մեկ այլ մարդու, ես կլինեի իսկապես երջանիկ և կարիք չէի ունենա տեսախցիկի ու այլևայլ էֆեկտների օգնությանը դիմելու։ Իսկ հիմա «ստիպված» օգտագործում եմ այն բոլոր միջոցները, որոնք ինձ կարող են մոտեցնել իմ նպատակին։ Կինոյում տեխնոլոգիաներ օգտագործելն այսօր անխուսափելի է։ Այլ հարց է, թե ինչ նպատակով ես դրանք օգտագործում։ Երբեմն հրշեջներն էլ, հրդեհը հանգցնելու համար, արհեստականորեն առաջացնում են հանդիպակաց կրակ։ Իմ պարագայում նույնն է»։