«Ֆիլմերը պետք է նկարահանել այնպես, ինչպես Շեքսպիրն էր գրում իր պիեսները, այսինքն՝ հանդիսատեսի համար»։ Ֆրանսուա Տրյուֆո
Կինոպատմաբան Լեսլի Հոլիուելը մեջբերել է ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի խոսքերը․ «Ես նկարահանում եմ ֆիլմեր, որոնք կցանկանայի դիտած լինել երիտասարդ տարիքում»։ Դժվար է պատկերացնել, թե կա մի ֆիլմ, որը Տրյուֆոն երիտասարդ տարիքում չի դիտել։
Ծնված լինելով դժբախտ ու անսեր ընտանիքում՝ Տրյուֆոն յոթ տարեկան հասակում սկսեց ֆիլմերի օգնությամբ խուսափել իրականության ծայրահեղություններից և, ըստ էության, ապրել փարիզյան տարբեր կինոթատրոններում: 14 տարեկան հասակում նա թողեց դպրոցը՝ աշխատելու նպատակով, և մեկ տարի անց կինոակումբ հիմնելով՝ գրավեց ազդեցիկ կինոքննադատ Անդրե Բազենի ուշադրությունը: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Բազենը և՛ ֆինանսավորում, և՛ պաշտպանում էր Տրյուֆոյին՝ օգնելով հաղթահարել այնպիսի ճգնաժամեր, ինչպիսիք էին նրա ձերբակալությունը պարտքերի չվճարման պատճառով և 1951թ֊ին նրա հրապարակային նսեմացումը, որը հաջորդեց նրա դասալքությանը բանակից։ 1953թ֊ին Բազենը Տրյուֆոյին վարձեց որպես քննադատ֊ակնարկագիր Cahiers du Cinema-ի համար: 1954թ֊ի հունվարյան թողարկման էջերում Տրյուֆոն տպագրեց իր շրջադարձային ակնարկը՝ «Որոշակի միտում ֆրանսիական կինոյում» անվանմամբ, որտեղ քննադատում էր այն ռեժիսորներին, ովքեր պարզապես նկարահանում էին ֆիլմեր առանց կինոյի մասին սեփական պատկերացման: Նա նաև առաջադրեց մի տեսություն, ըստ որի՝ լուրջ վերաբերմունքի են արժանի այն ռեժիսորները, ովքեր իրենց անհատական «ստորագրությունն» են թողնում են յուրաքանչյուր ֆիլմի վրա:
Մշտապես հետևելով իր սեփական «թմբուկի» ձայնին՝ Տրյուֆոն իր ուսուցիչ Բազենից բաժանվեց որոշ ռեժիսորների պատճառով, այդ թվում՝ Ուիլյամ Ուայլերի, ում, ըստ իր ճաշակի, համարում էր «թատերականությանը» չափազանց կառչած ռեժիսոր։ Հետագա տարիների ընթացքում Տրյուֆոն խոստովանում է, որ քննախոսություններ գրելն իրեն հնարավորություն տվեց հասկանալու, թե ինչու է ինքը սիրում ֆիլմեր, և բացատրելու այդ սիրո պատճառները։ Ակնկալելով գործնականում կիրառել իր տեսությունը՝ Տրյուֆոն որոշում է նկարահանել կարճամետրաժ ֆիլմ՝ «Այց» անվանմամբ (1955): 1957թ֊ին նա ամուսնանում է խոշոր կինոդիստրիբյուտորներից մեկի դստեր՝ Մադլեն Մորգենսթերնի հետ։ Այդ նույն տարի նա հիմնադրում է իր սեփական կինոընկերությունը՝ Les Films du Carrosse֊ը (ի պատիվ Ժան Ռենուարի Le Carrosse d'or կինոնկարի): Տրյուֆոն կինոքննադատների շրջանում ճանաչում ձեռք բերեց իր՝ 1957թ֊ին նկարահանված «Թոկից փախածները» կարճամետրաժ ֆիլմով, իսկ երկու տարի անց նկարահանեց իր առաջին խաղարկային ֆիլմը՝ չափազանց ինքնակենսագրական «400 հարվածը»։ Դեռահաս Տրյուֆոյի «կինոտարբերակի»՝ Անտուան Դուանելի դերը խաղում էր Ժան֊Պիեռ Լեոն, ով հետագայում Դուանելին մարմնավորեց վերջինիս կյանքի տարբեր փուլերում՝ «400 հարվածի» թեման շարունակող մյուս հինգ ֆիլմերում։
1962թ֊ին Տրյուֆոն նկարահանեց մի ֆիլմ, որը, շատերի կարծիքով, հանդիսանում է նրա գլուխգործոցը և այդ տարվա լավագույն ֆիլմը։ «Ժյուլը և Ջիմը» մի դիտարժան ու գեղեցիկ պատմություն է անվերջանալի սիրային եռանկյունու մասին։ Թեպետ Տրյուֆոն ֆրանսիական Նոր ալիքի առաջին շարքերում էր (նա այնպիսի նշանակալից ֆիլմի սցենարիստն է, ինչպիսին Ժան֊Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» կինոնկարն է), այդուհանդերձ, նա բնավ էլ դժվարըմբռնելի գեղագետ չէր, այլ Ֆրանսիայի ամենահաջողակ կինոբեմադրիչներից մեկը, ով հավասարապես ճանաչված էր թե՛ շարքային երկրպագուների, թե՛ կինոյի բնագավառի մասնագետների կողմից։ Նա Նոր ալիքի իր համախոհներից տարբերվում էր նաև այն առումով, որ խուսափում էր քաղաքական մերկապարանոց հայտարարություններից։ Նույնիսկ նրա ամենաքաղաքականացված ֆիլմը՝ 1980թ֊ին նկարահանված «Վերջին մետրոն» ավելի համահունչ էր Ռենուարի ռոմանտիկ ավանդույթներին, քան Գոդարի՝ տրակտատ հիշեցնող հայտարարություններին։
Սեփական ոճը մշակելու ընթացքում Տրյուֆոն մեծապես ազդվել է իր կուռքերից՝ Ժան Վիգոյից, Ժակ Տատիից և, մասնավորապես, Ռենուարից, ում՝ կյանքի պատկերման ճշմարտացիությամբ և, միաժամանակ, դրա միջոցով «ավելի լավը դառնալու» բացառիկ ունակությամբ Տրյուֆոն հիանում էր։
«Նկարահանել ֆիլմ՝ նշանակում է կյանքից ավելի լավը դառնալ, օգնել, որ այն հարմարվի մարդուն, երկարաձգել մանկության խաղերը, ստեղծել մի երևույթ, որը միաժամանակ և՛ նոր խաղալիք է, և՛ ծաղկաման, որի մեջ մարդը կարող է մշտապես դասավորել իր մտքերը, որոնք նրան այցելում են առավոտյան»։Ինչպես Ռենուարը, Տրյուֆոն ևս փորձում էր ստեղծել ֆիլմեր, որոնք մոտ էին իրական կյանքին, բայց նաև բավականին ռոմանտիզացված էին՝ հետաքրքրաշարժ ու զվարճալի լինելու համար։ Տրյուֆոն հիացած էր նաև հոլիվուդյան այնպիսի ռեժիսորներով, ինչպիսիք են Ալֆրեդ Հիչքոկը, Հովարդ Հոքսը և Օրսոն Ուելսը: Հոքսի և Ուելսի արվեստի արձագանքները պահպանվեցին Տրյուֆոյի ողջ կինոկարիերայի ընթացքում, իսկ Հիչքոկին նա ակնհայտ ընդօրինակեց իր՝ 1967թ֊ին նկարահանված «Հարսնացուն սևազգեստ էր» ֆիլմում։ Հոլիվուդյան կինոյի հանդեպ իր սերը նա դրսևորում էր Թինսելթաունի ակնառու գործիչների՝ արձակագիր֊սցենարիստներ Դեյվիդ Գուդիսի և Քորնել Վուլրիչի, ինչպես նաև Բեռնարդ Հերմանի հետ հաճախակի համագործակցության միջոցով։ Հետաքրքրական է, սակայն, որ, չնայած ամերիկյան ֆիլմերի հանդեպ ունեցած իր համակրանքին, Տրյուֆոն ողջ կյանքի ընթացքում մնաց միալեզու։ Կարծիք կա, որ անգլերեն լեզվով հաղորդակցվելու անկարողությունը նրա միակ անգլիալեզու ֆիլմի՝ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (1966) հարաբերական ձախողման հիմնական պատճառն է:
Երբ Տրյուֆոն պրոֆեսիոնալ առումով հասունացավ, նախկինում ուշադրություն գրավող տեխնիկան նրա ֆիլմերում սկսեց ավելի թույլ արտահայտվել, և նա տարվեց «անտեսանելի տեսախցիկով», ինչպես Ջոն Ֆորդը։ Ավարտելով իր «Ամերիկյան գիշեր» օսկարակիր ֆիլմը (1973թ)՝ Տրյուֆոն հայտարարեց ռեժիսուրան թողնելու մասին, սակայն մեկ տարի անց կրկին վերսկսեց իր գործունեությունը։ Ի հավելումն ռեժիսուրայի՝ նա հանդես էր գալիս նաև որպես պրոդյուսեր և դերասան, ընդ որում՝ որպես դերասան նա նկարահանվում էր սկզբում սեփական ֆիլմերում («Վայրի երեխան», «Ամերիկյան գիշեր»), իսկ հետագայում նկարահանվեց նաև Սթիվեն Սփիլբերգի «Երրորդ աստիճանի սերտ շփումներ» ֆիլմում (1977)՝ ֆրանսիացի գիտնական Կլոդ Լակոմբի դերում։ 1984թ֊ին, երբ նա գրում էր «400 հարված» ֆիլմի «կանացի» տարբերակի սցենարը՝ «Փոքրիկ գողը» անվանմամբ, նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ, և նա մահացավ քաղցկեղից՝ 52 տարեկան հասակում։ Ֆիլմն ավարտին հասցրեց նրա ընկեր և գործընկեր Կլոդ Միլերը՝ 1988թ֊ին։
Նրա գրական աշխատանքները ներառում են «Տրյուֆոն Տրյուֆոյի մասին․ Իմ կյանքի ֆիլմերը» և «Հիչքոկ/Տրյուֆո» գրքերը, նամակների և ամսագրային հոդվածների տարբեր ժողովածուներ։ Նա իր գործունեության ընթացքում արժանացել է «Օսկարի» և Բրիտանական ակադեմիայի մրցանակին՝ «Ամերիկյան գիշեր» ֆիլմի համար, «Սեզարի»՝ «Վերջին մետրոն» ֆիլմի համար, Բեռլինյան կինոփառատոնի մրցանակին՝ «Գրպանի փողեր» ֆիլմի համար, Կաննի կինոփառատոնի մրցանակին՝ «400 հարված» ֆիլմի համար, և այլ մրցանակների ու պարգևների։
սկզբնաղբյուրը՝ NGA/AFG 2005 program
COMMENTS