50 տարի առաջ, մայիսին, Կաննում անցկացվում էր դեռևս 19-րդ կինոփառատոնը, որին մասնակցում էր նաև Հայաստանը` Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմով: Կաննի այս տարվա` 69-րդ կինոփառատոնի մասին գրում են բոլորը: Kinoversus-ը որոշեց կատարել հետահայաց անդրադարձ` ներկայացնելով մանրամասներ 1966-ի կինոփառատոնից, որտեղ մրցակցում էին այսօր արդեն դասական դարձած ֆիլմերը…
2016-ը հոբելյանական տարի է Կաննի կինոփառատոնի համար. կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է 70 տարի առաջ` 1946-ին: 1966-ի կինոփառատոնը ևս հոբելյանական էր և ընթացավ առանձնակի շուքով: Այդ տարի Կաննում «Ոսկե արմավենին» շնորհվեց միանգամից երկու ֆիլմի` Պիետրո Ջերմիի «Տիկնայք և պարոնայք» կատակերգությանը և Կլոդ Լելուշի «Տղամարդն ու կինը» մելոդրամին: Մրցութային հանձնաժողովն այդ տարի գլխավորում էր Սոֆի Լորենը, ով Օլիվիա դը Հևիլենդից հետո երկրորդ կինն էր, ում վստահել էին այդ կարևոր ու պատասխանատու դերը:
![]() |
Սոֆի Լորեն |
Սկզբում կազմակերպիչները ծրագրել էին հանձնաժողովի նախագահի գործառույթները հանձնել Անդրե Մորուային, սակայն տարիք առած ու վատառողջ Մորուան, ով, ի դեպ, վախճանվեց կինոփառատոնից մեկ տարի անց, համաձայնեց հանդես գալ միայն հանձնաժողովի անդամի կարգավիճակում: Նույն կերպ վարվեց նաև հանձնաժողովի նախագահի դերի մեկ այլ հավակնորդ` Փիթեր Ուստինովը: Նա Լորենի մտերիմ ընկերներից էր և ցանկանում էր հենց Լորենին տեսնել նախագահի դերում: Մրցութային հանձնաժողովի հիմնական կազմը համալրեցին նաև դրամատուրգ և ռեժիսոր Մարսել Պանյոլը, սցենարիստ և դրամատուրգ Մարսել Աշարը, գրողներ Մորիս Ժենևուան, Ժան Ժիոնոն, Տեցուրո Ֆուրուկակին, դրամատուրգ Արման Սալակրուն, պրոդյուսեր, ռեժիսոր և դերասան Մորիս Լեմանը, ռեժիսոր Ռիչարդ Լեսթերը, սցենարիստ և կինոքննադատ Դենիս Մարիոնը, երգահան, բանաստեղծ և երգիչ Վինիսիուս դի Մորայսը, ռեժիսոր Յուլի Ռայզմանը:
Մրցույթից հետո Լորենը խոստովանել է, որ ոչ մի նկարահանում իրենից երբևէ այդքան ուժ չի խլել, որքան մրցութային օրերի անցուդարձն ու կինոդիտումները: Պարտադիր դիտման համար նախատեսված ֆիլմերի թիվը գերազանցում էր հարյուրը, իսկ օրվա մնացած մասը զբաղեցնում էին երեկույթներն ու տարբեր միջոցառումները: Այն հյուրանոցը, որտեղ հանգրվանել էր Լորենը, մշտապես շրջապատված էր երկրպագուներով: Նրանց համար կինոփառատոնը անմոռանալի ժամանց էր, իսկ հանձնաժողովի համար` ծանր աշխատանք: Դժվար էր ընտրություն կատարել այդ քանակությամբ բարձրորակ ֆիլմերի, ռեժիսորների ու դերակատարների շարքում: Ի վերջո, սակայն, «դերաբաշխումը» կատարվեց:
Լավագույն ռեժիսոր ճանաչվեց Սերգեյ Յուտկևիչը` «Լենինը Լեհաստանում» ֆիլմի համար, «Տղամարդու լավագույն դերակատարման համար» անվանակարգում հաղթող ճանաչվեց Պեր Օսկարսոնը (նա գերազանց խաղ էր ցուցադրել Կնուտ Համսունի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Քաղցը» ֆիլմում), իսկ կանացի լավագույն դերակատարման համար մրցանակը հանձնվեց Վանեսա Ռեդգրեյվին («Մորգան. Հարմար դեպք թերապիայի համար»): Կինոփառատոնում ներկայացված էին այնպիսի ռեժիսորների ֆիլմեր, ինչպիսիք են Օրսոն Ուելսը, Դևիդ Լինը, Ֆոլկեր Շլյոնդորֆը, Եժի Կավալերովիչը, Ջոզեֆ Լոուզին, Մարիո Մոնիչելին, Անջեյ Վայդան, Պիեռ Պաոլո Պազոլինին, Ժակ Ռիվետը և այլք:
![]() |
Մրցութային հանձնաժողովի անդամները |
![]() |
Հանձնաժողովը` հերթական կինոդիտումից հետո |
Կինոփառատոնի մասնակիցները` կադրերում
![]() |
Ֆրանսուա Տրյուֆո և Օրսոն Ուելս |
![]() |
Սոֆի Լորեն և Միշել Մորգան |
![]() |
Բուրվիլ, Թերի-Թոմաս և Լուի դը Ֆյունես |
![]() |
Պիետրո Ջերմի, Կլոդ Լելուշ, Պեր Օսկարսոն |
![]() |
Մարսել Աշար և Քըրք Դուգլաս |
![]() |
Աննա Կարինա |
![]() |
Մայքլ Քեյն |
![]() |
Ժան-Լուի Տրենտինյան, Անուկ Էմե, Պիեռ Բարու, Կլոդ Լելուշ |