Դերասանուհի Մարիա Կազարեսին անվանում էին «Էքզիստենցիալիզմի մուսա»: Ալբեր Քամյուն իր օրագրերում խոստովանում էր, որ Մարիան իր կյանքի մեծագույն սերն է: «Մենք երջանիկ էինք, սակայն այդ երջանկությունը թունավորվում էր մեր հպարտությամբ: Հպարտ սերն օժտված է վեհությամբ, սակայն զուրկ է հուսալիությունից, որը կարող է պարգևել միայն անձնվեր սերը»:
Մեծ գրողն ու տաղանդավոր դերասանուհին առաջին անգամ հանդիպեցին փարիզյան «Մատյուրեն» թատրոնի տնօրեն և ռեժիսոր Մարսել Էրանի տանը: Քամյուն ամուսնացած էր, սակայն հավատարիմ չէր, հատկապես` պատերազմի տարիներին, երբ նրա կին Ֆրանսինը գտնվում էր օկուպացված Ալժիրում: Կազարեսը շրջապատված էր երկրպագուներով և երբեք չէր լրջացնում իր կարճատև հրապուրանքները:
Այդ երեկո Քամյուն Մարսել Էրանի տանն ընթերցում էր իր նոր պիեսը, որը պիտի շուտով բեմադրվեր: Նա նյարդայնանում էր և փորձում հնարավորինս անկաշկանդ ձևանալ, իսկ Կազարեսը անբռնազբոս ցուցադրում էր իր հետաքրքրությունը նրա հանդեպ` հայացքը չկտրելով նրա դեմքից: Հենց այդ պահին էլ Քամյուի համար պարզ դարձավ, որ այդ կինը հիմնովին քանդելու է մինչ այդ եղած իր բոլոր պատկերացումները տղամարդ-կին հարաբերությունների և հուզական խաղերի մասին, խաղեր, որոնք հետևում էին մեկ անխախտ կանոնի. տղամարդը նվաճող է, կինը` նվաճվող: Ընթերցանության ավարտից հետո Կազարեսն արեց առաջին քայլը` խնդրելով ուղեկցել իրեն: Նրանց հաջորդ հանդիպումներն արդեն լի էին խելահեղ զգացմունքով, կրքով ու երազանքն իրականություն տեղափոխելու խենթ փորձերով:

Թեպետ Մարիան նրանից ինը տարով երիտասարդ էր, սակայն ավելի մեծ ճանաչում ուներ: Եթե Քամյուին ճանաչում էին հիմնականում փիլիսոփաներն ու փիլիսոփայության սիրահարները, ապա Մարիային ճանաչում էին բոլորը և ծափահարություններով էին դիմավորում յուրաքանչյուր սրճարանում: Քամյուն խանդից մոլեգնում էր, մտաբերում էր իր կնոջ անպաշտպանությունը և նրան ակամա համեմատում իսպանական ազատատենչությամբ լի իր սիրեցյալի հետ: Ի վերջո, նա հոգնեց սեփական անկառավարելի բնավորությունից, տառապանքից ու խանդից, և կնոջը խնդրեց վերադառնալ Փարիզ: Ֆրանսինը վերադարձավ և շուտով երկվորյակ երեխաներ պարգևեց ամուսնուն, իսկ Կազարեսը խզեց Քամյուի հետ հարաբերությունները:
Հաջորդ երեք տարվա ընթացքում նրանք հանդիպում էին միայն պատահաբար, սակայն, երկուսի համար էլ անսպասելի, 1948-ին նրանց հարաբերությունները վերականգնվեցին մի նոր` նախկինից ավելի մեծ ուժով: Սակայն երջանկությունը վերստին կարճատև էր, որովհետև Քամյուն իր խանդը ցուցադրում էր ցանկացած առիթով` ընդհուպ մինչև ծեծկռտուքը: Որոշ ժամանակ անց նա ստիպված եղավ հեռանալ Փարիզից` տուբերկուլյոզի սրացումը կանխելու համար: Փարիզից հեռու` Քամյուն վարում էր խաղաղ կյանք` փորձելով հետևել առողջ ապրելակերպի բոլոր ընդունված կանոններին: Սակայն նա ինքն էլ գիտակցում էր, որ այդ կյանքն իր համար չէ և չի կարող երկար տևել: Մարիայի մոտալուտ ամուսնության լուրը լսելուն պես Քամյուն առանց երկար մտածելու թողեց ամեն ինչ և վերադարձավ նրա մոտ:
Քամյուի և Կազարեսի հարաբերությունները նման էին հրաբխի` մերթ հանգչող, մերթ վառվող: Այդ հարաբերություններում երջանկությունը կարճատև էր, որովհետև կարճատև էր խաղաղությունը: Նրանք բացատրվում էին, բաժանվում, միանում, ներում, ներվում, նորից վիճում, նորից բացատրվում… Երբեմն նրանք ունենում էին նաև ոչ տևական սիրավեպեր այլ զուգընկերների հետ, սակայն հետո իրենց մտերիմներին խոստովանում էին, որ չեն կարող ապրել միմյանցից հեռու: Քամյուն ասում էր, որ առանց այդ հրաբխի չի կարող գրել, շնչել, մտածել:
