Շանտալ Աքերման․ «Ես ուզում եմ ցույց տալ, թե որքան փոքր է դարձել աշխարհը»։
Բրյուսել, Նյու Յորք, Փարիզ, Քյոլն, Շանհայ, Տեխաս, Իսրայել, Լեհաստան, Ռուսաստան, Մեքսիկա, Կամբոջա։ Միջնադարում Եվրոպայի ճանապարհներով շրջում էին թափառական բանաստեղծները՝ տրուբադուրները, մեր ժամանակներում էլ՝ թափառական կինեմատոգրաֆիստները։
Մայր (Skype֊ով, մյուս մայրցամաքից)․ «Ինչո՞ւ ես դու հիմա ինձ նկարահանում»։
Շանտալ Աքերման․ «Ես ուզում եմ ցույց տալ, թե որքան փոքր է դարձել աշխարհը»։ (No Home Movie, 2015)
Շանտալ Աքերմանն իր տեսախցիկով չափչփել է ողջ աշխարհը՝ մինչև վերջին շունչը զուգահեռաբար ապրելով երկու մայրաքաղաքներում․ Նյու Յորքում դասավանդում էր, Փարիզում աշխատում էր։ Երկու քաղաքներում էլ նա՝ փոքրիկ Բելգիայում ծնվածը, օտարական էր։
Հոկտեմբերի սկզբին նա պիտի իր ֆիլմը ներկայացներ Նյու Յորքի կինոփառատոնում, բայց մնաց Փարիզում։ Այն մասին, որ Աքերմանն ինքնասպանություն է գործել, հայտնի դարձավ նրա մահվանից մեկ օր անց։
«Բանաստեղծները ծնվում են գավառում, բայց մեռնում են Փարիզում»։ (Կոկտո)
Չնայած նրա ֆիլմերի լայն աշխարհագրությանը, չնայած շարժվող գնացքի կամ ավտոմեքենայի պատուհանից երևացող երկարաձիգ տեսարաններին, որոնք առկա են նրա բազմաթիվ աշխատանքներում, Շանտալ Աքերմանի կինեմատոգրաֆը ստատիկայի, ոչ թե շարժման կինեմատոգրաֆ է։ Հերցոգի ֆիլմերը վկայում են այն մասին, որ դրանք ստեղծել է մի մարդ, ով սովոր է ճանապարհորդել հետիոտն։ Վենդերսի ֆիլմերը road movies են, եթե դրանց մեջ նույնիսկ չի երևում ճանապարհը՝ որպես այդպիսին։ Իսկ Աքերմանի պարագայում նույնիսկ «Աննայի հանդիպումները» (1978) ֆիլմը, որը պատմում է ճանապարհորդության մասին, road movie չէ։ Նրա ֆիլմերում գործողությունները կատարվում են ոչ թե ճանապարհին, այլ փակ տարածություններում՝ բնակարաններում ու սենյակներում։ Նրա առաջին կարճամետրաժ ֆիլմերից մեկը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Սենյակ»։
«Յուրաքանչյուր կին, եթե պատրաստվում է գրել, պիտի ունենա միջոցներ և իր սենյակը»։ (Վիրջինիա Վուլֆ)
Աքերմանի հերոսուհիներն ունեն իրենց սենյակը, բայց այդ սենյակում ինչ֊որ բան պակասում է։ Դա մի տարածություն է, որի հետ անհնար է համաժամեցվել, ինչպես, օրինակ, «Ես, դու, նրանք» ֆիլմում, որտեղ ինքը՝ Աքերմանը ողջ ժամանակն անցկացնում է գրեթե դատարկ բնակարանում՝ անվերջ տեղաշարժելով աղքատիկ կահույքը։ Այդ նույն ընթացքում նրա հետկադրային ձայնը բացատրում է կատարվածը, սակայն՝ անհամապատասխանաբար, քանի որ տեքստն ու պատկերը տարբերվում են։
Հենց այդ ճեղքվածքի մասին են նրա բոլոր ֆիլմերը։ Ջոնաթան Ռոզենբաումն Աքերմանի ֆիլմերը համեմատում է Մագրիթի «Թերթով տղամարդը» կտավի հետ։ Նրա սենյակները՝ վարձակալված բնակարաններն ու հյուրանոցային համարները, անփոփոխ են մնում նաև հերոսի անհետանալուց հետո և չեն դառնում սեփական։
Աքերմանի ֆիլմերը ոչ թե շարժման, այլ ժամանակի մասին են։ Ի տարբերություն շարժման՝ ժամանակը բաղկացած է ստատիկ վիճակներից։ Այդ իսկ պատճառով ժամանակը, ի տարբերություն շարժման, ունի ռիթմ, ինչով էլ բացատրվում է «Ժաննա Դիլման, Կոմերս 23 առափնյա փողոց, Բրյուսել 1080» (1975) ֆիլմի էֆեկտը, մի ֆիլմ, որը ոչ մի րոպե դժվարությամբ չես դիտում՝ չնայած 200 րոպե տևողությանը։ Աքերմանն ասում էր, որ տեսաինստալացիաների պես կրկնվող գործողություններով լի այդ ֆիլմը նա նկարահանել է վայրկենաչափը ձեռքին։ Կինոն հենց կյանքն է՝ ժամանակի որոգայթն ընկած և դրա մեջ փակված, ինչպես Ժաննա Դիլմանն է բանտված իր բնակարանի պատերում և կադրի սահմաններում։
«Ամենուր, որտեղ ինչ֊որ բան ապրում է, միշտ էլ կա բացված ռեեստր, որտեղ ժամանակը կատարում է իր գրանցումները»։ (Բերգսոն)
Ժամանակը գոյության նույնպիսի կոորդինատ է, ինչպես և տարածությունը։ Ժաննա Դիլմանի կյանքը բնորոշված է նրա ամենօրյա արարողակարգով, ինչի արդյունքում նույնիսկ հատակին ընկած գդալը դառնում է ողջ սյուժեի համար շրջադարձային մի դրվագ։ Նրա կյանքն այնքան շատ է պայմանավորված բնակության վայրով, որ այդ վայրը ֆիլմի վերնագրում կցված է Ժաննայի անվանը։ Շանտալ Աքերմանի ֆիլմերը նրա հերոսների և վերջիններիս կոորդինատների փոխհարաբերությունների մասին են։
Աննա․ «Ինչո՞ւ չգնանք քեզ մոտ»։
Դանիել․ «Ես չեմ սիրում իմ բնակարանը»։ («Աննայի հանդիպումները», 1978)
Կրկնվող տող․ այդ նույն ռեպլիկը կա նաև «Գիշեր ու ցերեկ» (1991) ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսուհու սիրեցյալ Ժոզեֆն արտասանում է նույն բառերը։ Այս ֆիլմը, թվում է, ամենալուսավորն է Աքերմանի ստեղծագործական ֆիլմադարանում․ փարիզյան տանիքի տակ վարձակալված բնակարանն այստեղ դառնում է տարածություն անձնական ուտոպիայի համար։ Գիշերը Ջեքն աշխատում է որպես տաքսու վարորդ, իսկ Ժյուլին զբոսնում է քաղաքում, ցերեկն էլ նրանք զբաղվում են սիրով։ Նրանք երջանիկ են։ Ֆիլմի սկզբում Ժյուլին հանկարծ սկսում է երգել՝ այդպես էլ չկարողանալով ներդաշնակվել հետկադրային սաունդթրեքի նոտաների հետ։ Հետո միայն ուշացումով հասկանում ես, որ այդ էյֆորիան իրականում մոլագարություն է, նյարդային գրգռվածություն, որը պատահում է անքնությամբ տառապողների մոտ։ Ժյուլին հանդիպում է Ժոզեֆին, և, բնակարանի փոխարեն, նրանք երկուսով ճանապարհվում են հյուրանոց։
Առաջին հայացքից տարօրինակ մի զուգահեռ կա Ռոման Պոլանսկու հետ։ Նա բոլորովին այլ ոճի ռեժիսոր է, բայց նրա հերոսներն Աքերմանի հերոսների հետ կիսում են անհարմարավետության այդ նույն զգացումն իրենց և օտարների տարածություններում։ Պոլանսկու պարագայում այդ նույն երևույթն իր արտացոլումն է գտնում հոգեբանական կամ միստիկական սարսափ֊ֆիլմերի ժանրում («բնակարանային եռապատումը»՝ «Զզվանք», «Ռոզմարիի երեխան», «Բնակիչը»)։ Նմանությունը տարօրինակ է միայն առաջին հայացքից․ և՛ Աքերմանը, և՛ Պոլանսկին հրեաներ են, ծագման բերումով՝ հավերժ գաղթականներ, երկուսն էլ՝ կամավոր արտաքսվածներ։ Երկուսի մեջ էլ պահպանված է Հոլոքոսթից փախուստի հիշողությունը․ Աքերմանի մոտ, ով ծնվել է Երկրորդ աշխարհամարտից հետո, այդ փորձառությունն անմիջական չէ, բայց նրա ծնողները Բելգիա են փախել նացիստների պատճառով, իսկ հետո հայտնվել են Օսվենցիմում։
Աքերմանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է գաղթականներին։ «Մյուս կողմից» (2002) ֆիլմը պատմում է իրենց հայրենիքում և Մ․ Նահանգներում բնակվող մեքսիկացիների մասին։ «Ամերիկյան պատմություններ» (1989) ֆիլմը նյույորքյան հրեաների վկայությունների վրա հիմնված մի ժողովածու է՝ քաղաքային բնապատկերների ֆոնի վրա նկարահանված։ «Նորություններ տնից» (1977) ֆիլմը մանհեթենյան բնատեսարանների մի շարք է, իսկ կադրի ետևում հնչում է Շանտալի՝ մորն ուղղված նամակների տեքստը։ Սկզբում մայրը պարզապես հետաքրքրվում է, թե ինչպես են ընթանում Նյու Յորք մեկնած դստեր գործերը, հետո անհանգստանում է, երբ դուստրը ձգձգում է պատասխանը, վերջում էլ վիրավորվում է։ Նամակներում արտացոլված է կյանքի սովորական շրջապտույտը․ ինչ֊որ մեկը գրիպ է հիվանդացել, ինչ֊որ մեկն ամուսնացել է, ինչ֊որ մեկն էլ երեխաներ է ունեցել։
«Տուն» բառը վերնագրում երևում է Ատլանտիկայի մյուս ափին առկայծող փարոսի պես, ափ, որտեղ ամեն ինչ ընթանում է իր հունով։ Աքերմանի գրեթե բոլոր հերոսներն ուզում են վերադառնալ տուն։ Նույնիսկ «Ալմեյերի խելագարությունը» (2011) ֆիլմում՝ Ջոզեֆ Կոնրադի ստեղծագործության հիման վրա նկարահանված, գլխավոր հերոսի համար սևեռուն գաղափար է դառնում հայրենի Ֆրանսիան, որը նա երբեք չի տեսել։
Վերադարձն ամեն անգամ դառնում է անհնարին։ «Աննայի հանդիպումներում» Աքերմանի «ալտեր էգոն» հատուկ ժամանում է Բրյուսել և տեսնվում է մոր հետ, բայց տան փոխարեն նրանք վերստին գնում են գիշերելու հյուրանոցային համարում։ Աքերմանի հերոսներն ասես վախենում են վերադառնալ, բայց, առանց հեռվում գտնվող տան հավանական գոյության մասին մտքերի, նրանց կյանքն օտար սենյակներում կլիներ անտանելի։
Մայր․ «Որքա՞ն ժամանակ է, ինչ չենք հանդիպել»։
Աննա․ «Երեք տարի։ Բայց դու միշտ ինձ հետ ես եղել»։
Մայր․ «Բայց երբևէ ես չեմ լինի»։
Աննա․ «Ո՛չ, կլինես»։ («Աննայի հանդիպումները»)
Շանտալ Աքերմանի վերջին ֆիլմը կոչվում է No Home Movie։
Անվանումն ասես հուշում է արտադրության ձևը․ սա համարյա տնային վիդեո է։ Աքերմանը տնային տեսախցիկով նկարահանում է իր և մոր՝ Skype֊ով ընթացող զրույցները (նրա արդարացումները, երբ հարկավոր է կախել խոսափողը և զբաղվել այլ գործերով, հնչում են «Նամակներ տնից» ֆիլմի արձագանքի պես), այնուհետև մորն այցելում է Բրյուսելում, որտեղ նրանք երկար զրուցում են խոհանոցում։
Սակայն վերնագիրը թարգմանվում է «Ֆիլմ առանց տան» տարբերակով։ Թողնելով կադրի ետևում կամ առհասարակ չթողնելով որևէ տեղում՝ բացի վերնագրից, չհուշելով ֆիլմի հանգուցալուծումը՝ Աքերմանը դատարկ սենյակի ընդհանուր տեսարանով կես բառից ընդհատում է այն։ Դստեր այցելությունից կարճ ժամանակ անց մայրը մահանում է, և տունը դադարում է գոյություն ունենալ։
սկզբնաղբյուրը՝ seance.ru
COMMENTS