«Ես հանճար եմ, իսկ հանճարները միշտ էլ ունեն իրենց տարօրինակությունները»: Դևիդ Լինչ
Լոս Անջելեսում՝ Հոլիվուդի բարձր տանիքներից մեկի վրա է գտնվում Դևիդ Լինչի բացօթյա արվեստանոցը. պատերին հենված կտավներ՝ տարօրինակ, սպառնալի գործողություններ կատարող մանկանման կոպիտ կերպարներով, անավարտ գործեր՝ ցրված հսկայական մի տախտակի վրա, և ծխախոտի մնացորդներով ծածկված հատակ: Մինչ Լինչի ֆիլմերի ու սերիալների («Ռետինե գլուխը» (1977), «Փիղ-մարդը» (1980), «Կապույտ թավիշ» (1986), «Վայրի սրտերը» (1990), «Մալհոլանդ Դրայվ» (2001), «Թուին Փիքս» (1990-91) և այլն) մութ ու զգայուն «կերպարվեստը» ներթափանցում է հանրային գիտակցություն և իր մեծ ազդեցությունը թողնում այլ ռեժիսորների, գրողների ու գեղանկարիչների վրա (այդ թվում՝ Սինդի Շերմանի և Գրեգորի Քրյուդսոնի)` նրա սեփական կերպարվեստը անհայտ է մնում շատերի համար: Այնինչ հենց գեղանկարչությունն է այն ոլորտը, որտեղ սկսել է ձևավորվել Դևիդ Լինչը. 1966-67թթ-ներին նա Փենսիլվանիայի Գեղարվեստի ակադեմիայի լավագույն ուսանողներից է եղել:
«Սիրում եմ ակադեմիայում անցկացրած տարիներս»,- խոստովանում է Լինչը՝ սուրճն ու ծխախոտը ձեռքին. այս զվարթ կեցվածքը ակամա հակասություն է առաջացնում նրա ֆիլմերի գերբնական, խորհրդավոր մթնոլորտի հետ: «Շինությունը գրեթե ամբողջությամբ սև էր: Առհասարակ, Ֆիլադելֆիան չափազանց տպավորիչ է. բռնություն, վախ, խելագարություն, հուսահատություն, տխրություն: Սիրում էի նաև քաղաքի մարդկանց: Այս ամենը մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա»:
«Կարծում եմ՝ արվեստի աշխարհը կասկածանքով է վերաբերվում Դևիդին՝ չնայած նրա մասնագիտական կրթությանը»,- նշում է Նյու Յորքի «Նկարչության կենտրոնի» գործադիր տնօրեն Բրեթ Լիթմանը՝ անդրադառնալով որևէ ոլորտում հայտնի ու հաջողակ դարձած մարդկանց՝ մեկ այլ ոլորտում ուժերը փորձելու միտումին: «Իր ֆիլմերի միջոցով Դևիդը փոխեց ԱՄՆ-ի վիզուալ մշակույթի մասին պատկերացումները: Դուք կարող եք սիրել կամ չսիրել նրա վիզուալ արվեստը, բայց այն միանշանակ արժանի է ուշադրության»,- հավելում է Լիթմանը:
Իր «ստեղծագործական համազգեստը»՝ սպիտակ շապիկն ու բաց կանաչ տաբատը հագին, դեպի վեր ձգվող ճերմակ մազափնջով` Լինչը նշում է, որ ինքը միշտ զգուշացել է «հայտնի նկարիչ» դառնալուց: Այնուամենայնիվ, երբեք չձգտելով հասարակությանն իր գործերը ներկայացնել, նա չի էլ մերժել ցուցադրվելու հրավերները:
Իզաբելլա Ռոսելինին՝ «Կապույտ թավիշ» ֆիլմի գլխավոր հերոսուհին (ով 80-ականների վերջում ռեժիսորի հետ նաև սիրային հարաբերությունների մեջ էր), արվեստի գործերի վաճառքով զբաղվող Լեո Կաստելիի ուշադրությունը հրավիրում է Լինչի գործերի վրա, ինչի արդյունքում 1989թ-ին Նյու Յորքի պատկերասրահում վերջինիս անհատական ցուցահանդեսն է կազմակերպվում:
Լինչը ծնվել է ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Միսուլա քաղաքում, սակայն հոր աշխատանքի պատճառով դեռևս մանուկ տարիքից պարբերաբար փոխել է բնակատեղին: 14 տարեկան հասակում Դևիդը հայտնվում է Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ ծանոթանում է հոր ընկերներից մեկի՝ պրոֆեսիոնալ գեղանկարիչ Բաշնել Քիլերի հետ, ով դառնում է նրա ուսուցիչը: «Երբ բացահայտեցի, թե ինչպես կարող են նկարել մարդիկ, հասկացա, որ դա հենց այն է, ինչով ուզում էի զբաղվել` ծխել, սուրճ խմել ու նկարել»: Դևիդը սկսում է հաճախել տեղի արվեստի դպրոցի շաբաթօրյա դասերին: Տարբեր մանր աշխատանքներից կուտակած գումարով նա իր դպրոցական ընկերոջ՝ Ջեք Ֆիսքի հետ համատեղ արվեստանոց է վարձակալում:
1964թ-ին Դևիդն ընդունվում է Բոսթոնի Գեղարվեստի ակադեմիայի դպրոց, սակայն ընդամենը մեկ տարի անց դուրս է մնում այնտեղից: Վերհիշելով այս դեպքը՝ Լինչը նշում է. «Ուսանողները միայն իրենց առաջադրանքներն էին կատարում»: 1966թ-ի հունվարին, հետևելով Ֆիսքի օրինակին, Դևիդն ընդունվում է Փենսիլվանիայի ակադեմիա: «Այստեղ ինձ հանդիպած բոլոր մարդիկ լուրջ նկարիչներ էին: Այդ օրերին ես դեռ նոր էի սկսում իմ սեփական ոճի փնտրտուքները: Այս ակադեմիան շատ է ոգեշնչել ինձ»,- նշում է Լինչը:
Ակադեմիայում սովորելու տարիներին Լինչը Ջեք Ֆիսքի հետ միասին ապրում էր մի ամայի արդյունաբերական թաղամասում: Ապագա ռեժիսորը հաճախ իր պատուհանից հետևում էր, թե ինչպես են մահացած մարդկանց տեղափոխում մոտակա դիահերձարանը: «Մի անգամ դիահերձարանի գիշերային պահակը նկատեց ինձ ու ձայն տվեց՝ խոստանալով, որ եթե կեսգիշերին գնամ ու դուռը թակեմ, նա ինձ ներս կթողնի»,- վերհիշում է ռեժիսորը: Առհասարակ, Լինչը միշտ հետաքրքրված է եղել «օրգանական երևույթներով» (ինչպես ինքն է դրանք անվանում): Այս տարվածությունը, ենթադրաբար, բխում է նրա հոր՝ ծառերի ու միջատների հիվանդություններն ուսումնասիրելու աշխատանքից: Լինչին մշտապես տպավորել է բնության կողմից նյութերի քայքայման երևույթը:
1967թ-ին, ակադեմիայի իր ստուդիայում մի ուշ գիշեր աշխատելու ժամանակ, Դևիդը զարմանքով նկատում է, որ իր կտավի վրա պատկերված բույսերը սկսում են թեթևակի շարժվել՝ առաջացնելով պարզ լսելի քամու ձայն: «Օ՜, շարժվող կտավ»,- բացականչում է նկարիչը: Այդ կապակցությամբ Լինչը սկսում է անիմացիոն գաղափարներ փոխանակել ուսանող ընկերներից մեկի՝ Բրյուս Սեմյուելսոնի հետ: Շատ չանցած՝ ապագա ռեժիսորին հաջողվում է բավականին էժան մի տեսախցիկ գնել: Վերհիշելով այդ օրերը՝ Սեմյուելսոնը (հետագայում՝ ակադեմիայի դասախոս) նշում է. «Դևիդը ոչինչ չգիտեր ո'չ ֆիլմարտադրության, ո'չ տեսախցիկների, ո'չ պրոյեկտորների մասին: Նա ամբողջովին ինքնուս է»:
Այդ նույն գարնանը Լինչն իր «շարժվող կտավներից» մեկի համար ակադեմիայի էքսպերիմենտալ նկարչության մրցույթում առաջին մրցանակին է արժանանում: Կտավը պատկերում էր վեց գլուխ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր ցավի, կսկիծի որևէ փուլ: «Դա և' կտավ էր, և' անիմացիա, և' կինետիկ քանդակ»,- վերհիշում է Սեմյուելսոնը:
Անիմացիոն այս փորձարկումները Լինչը շարունակում է կինոյում՝ նկարահանելով «Այբուբեն» (1968թ) և «Տատիկը» (1970թ) կարճամետրաժ ֆիլմերը: Վերջինի շնորհիվ Լինչը ստացավ Ամերիկյան կինոինստիտուտի անդամագրություն՝ ընտանիքի հետ տեղափոխվելով Լոս Անջելես: Հետագա տարիներին Լինչը անդադար աշխատում է իր առաջին լիամետրաժ ֆիլմի` «Ռետինե գլխի» վրա:
1980թ-ին նրա հաջորդ լիամետրաժ աշխատանքը՝ «Փիղ-մարդը» ֆիլմն 8 անվանակարգերում ներկայացվում է «Օսկարի»՝ մեծ ճանաչում բերելով ռեժիսորին մեյնսթրիմ կինոաշխարհում: Եվս մեկ անգամ անդրադառնալով տձևության թեմային՝ Լինչն այս ֆիլմը ստեղծելիս շարունակում է ոգեշնչվել «շարժվող կտավի» գաղափարով: «Լինչի «նկարչի աչքն» ու այն համոզմունքը, որ պատկերն ավելի խոսուն է, քան ցանկացած երկխոսություն, իրապես մեծ դեր են խաղացել նրա ռեժիսորական ոճի ձևավորման գործում»,- նշում է Փենսիլվանիայի ակադեմիայի դասախոս Ռոբերտ Կոզոլինոն:
Ֆրեդ Էլմսը՝ «Կապույտ թավիշի», «Ռետինե գլխի» և «Վայրի սրտերի» օպերատորը, նկատել է Լինչի՝ ֆիլմերի «գունապնակի», լուսավորության ու ձևավորման հանդեպ ծայրահեղ ուշադրությունը: «Կադրի տրամադրությունը, մթնոլորտը ամենակարևորն են նրա համար: Կարծում եմ՝ սա ուղղակիորեն կապված է մի շրջանակի սահմաններում կտավ ստեղծելու հետ. Դևիդը միշտ փորձում է հանդիսատեսին կտավի (կադրի) մի մասնիկը դարձնող փոքրիկ առեղծված ստեղծել»:
«Լինելով նկարիչ՝ դու ամեն ինչ ինքդ ես անում: Միշտ մտածել եմ, որ կինոյում ևս այդպես է. կինոն ճիշտ կտավի պես է, պարզապես` օգնականներ ունես»: Եվ, իրոք, Լինչն իր առաջին լիամետրաժ ֆիլմը մշակեց 5 տարվա ընթացքում՝ «Ռետինե գլխի» վրա աշխատելով այնպես, ինչպես իր կտավների վրա է աշխատում: «Թվում է՝ եթե նախագծին ավելի մեծ գումարներ են հատկացվում, կարող ես ավելի երկար աշխատել, բայց այդպես չէ: Իրականում պետք է տեղավորվել ժամանակի մեջ»:
Վերջին շրջանում Դևիդ Լինչը ժամանակի մեծ մասն անցկացնում է իր արվեստանոցում՝ նվիրվելով արվեստին ու երաժշտությանը. բացօթյա արվեստանոցի ներքևի հարկում Լինչն ունի նաև ձայնագրման ստուդիա: Ստեղծագործական վաղ փուլի կտավների հղկման արդյունքում Լինչը հասել է իր այժմյան ոճին. արտահայտվել մանկան միամիտ աչքերով, ներկայացնել երեխայի աշխարհայացքը:
Փենսիլվանիայի ակադեմիայի սրահներից մեկը հատկացվելու է Լինչի մի քանի աշխատանքների ցուցադրությանը. դրանք միավորում է միևնույն թեման` ընտանեկան կյանք, զույգեր, որոնք, որպես կանոն, պատկերված են սիրային կամ «հեղձուցիչ» գրկախառնություններով: Այս տեսարանները հաճախ ուղեկցվում են այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են «Ես պինդ բռնել եմ քեզ», կամ «Ո՞վ կա իմ տանը»:
«Սիրում եմ լինել տնից ոչ հեռու»,- խոստովանում է Լինչը` նկատի ունենալով իր 2 տարեկան դստերը և իր կնոջը՝ դերասանուհի Էմիլի Սթոուֆլին, ով փոքրիկ դեր է խաղացել «Ներքին կայսրություն» ֆիլմում (Լինչը ևս 3 զավակ ունի նախորդ ամուսնություններից): Այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, տեղի է ունենում նաև մեր փոքր աշխարհում, պարզապես` փոքր-ինչ այլ ձևով»:
Ինչ վերաբերում է ընթացիկ աշխատանքներից որևէ մեկը ցույց տալուն, Լինչը թեթևակի երկմտում է. «Այս պահին ես «մոլորվել եմ թարգմանության մեջ»: Հինը մահացել է, նորի մասին դեռ տեղեկություններ չունեմ: Նորը բացահայտելու միակ ճանապարհը տարբերակներ փորձելն է՝ պարզելու համար, թե կարո՞ղ են, արդյոք, մի շարք փորձարկումները մի նորություն ծնել: Սա անհնարին է թվում, բայց, այնուամենայնիվ, դեռ հույս կա: Այս իրավիճակում արդեն եղել եմ, շատ անգամներ»:
սկզբնաղբյուրը՝ The New York Times
թարգմանեց Արմինե Նազարյանը
COMMENTS