«Մարդիկ կարծում են, թե ճակատագիրն այն է, ինչը պիտի կատարվի, մինչդեռ իրականում ճակատագիրն այն է, ինչը չպիտի կատարվի»: Քվենտին Տարանտինո
«Ես տարբեր վերաբերմունք ունեմ իրական կյանքում առկա բռնության և կինոյում առկա բռնության հանդեպ: Կինոյում ցուցադրվող բռնությունն առաջացնում է ուժեղ զգացումներ, իսկ իրական կյանքում եղած բռնությունը` միայն սարսափ ու զզվանք»:
***
«Ես ֆիլմեր եմ նկարահանում թափառաշրջիկների մասին` մարդկանց, ովքեր թքում են օրենքների վրա, և ինձ բոլորովին դուր չեն գալիս այն ֆիլմերը, որտեղ ոչնչացնում են թափառաշրջիկներին»:
***
«Ես չեմ հաճախել կինոդպրոց, ես հաճախել եմ կինոթատրոն»:
***
«Ավտոտնակն ամենահարմար վայրն է ֆիլմեր նկարահանելու համար: Բոլոր կորսված բացառիկ իրերը սովորաբար հայտնաբերվում են ինչ-որ մեկի ավտոտնակում»:
«Երբ ինչ-որ մեկի գլուխը կիսում են «Վինչեսթեր» հրացանով, դա ինձ առհասարակ չի հուզում: Ես դա ընկալում եմ որպես հաջողված հատուկ էֆեկտ: Ինձ իրականում հուզում են սովորական մարդկային պատմությունները: Երբ ինչ-որ մեկը թղթի ծայրով կտրում է մատը, ես ազդվում եմ, որովհետև կարող եմ այդ նույնը զգալ սեփական մաշկիս վրա»:
***
«Այդ գրողի տարած փառքը անդիմադրելիորեն գրավում է մարդկանց»:
***
«Երբ իմ մասին սկսեցին գրել, ես զարմանալի նորություններ իմացա: Պարզեցի, որ ծիծաղելիորեն անհեթեթ եմ, չափից դուրս արագ եմ խոսում, չափից դուրս շատ եմ թափահարում ձեռքերս: Եվ հիմա ես մտածում եմ` գուցե չարժե՞ այդքան արագ խոսել կամ խառնշտել մազերը: Որովհետև ես լրիվ խելագար եմ»:
***
«Ես հավասարապես սիրում եմ բոլոր ժանրերը` վեսթեռնից մինչև սամուրայների մասին ֆիլմերը»:
«Բռնությունը կինեմատոգրաֆիական հնարքներից մեկն է»:
***
«Երբ աշխատում էի տեսաֆիլմերի խանութում, ամեն անգամ նկատում էի, թե ծնողներն ինչպես են երեխաներին նախատում արդեն դիտած և սիրելի ֆիլմերը նորից ընտրելու համար: Երեխան մտածում է` ինչո՞ւ ընտրել անծանոթ ֆիլմ, ավելի լավ է վերցնել նորից նույնը: Ես նույնպես ունեմ երեխայի հոգեբանություն, ինձ դուր է գալիս նրանց մոտեցումը»:
***
«Մեծ գաղափարները փչացնում են կինոն: Կինեմատոգրաֆում ամենակարևորը լավ կինո ստեղծելն է: Եթե այդ ընթացքում գլխումդ որևէ գաղափար է ծնվում` ավելի լավ, բայց դա պիտի լինի ոչ թե Մեծ Գաղափար, այլ փոքր, որից յուրաքանչյուրը կքաղի իրեն հոգեհարազատ որևէ մանրուք: Նկատի ունեմ, որ եթե ֆիլմ ես նկարահանում այն մասին, թե որքան վատ երևույթ է պատերազմը, ապա այդքանն ասելու համար ամենևին էլ պարտադիր չէ ֆիլմ նկարահանել. կարող ես երկու բառով արտաբերել և սպառել ասելիքդ: Կինոն իրականում շատ ավելին է»:
***
«Եթե տարվա ավարտին կարողանում եմ փաստել, որ 12 ամսվա ընթացքում դիտել եմ իսկապես արժեքավոր տասը ֆիլմ, ուրեմն այդ տարին համարում եմ հաջողված»:
«Մեր ճանապարհի սկզբում մեր ուժերին քչերն էին հավատում»:
***
«Ես միշտ ցանկացել եմ, որ իմ ֆիլմերը դիտող միլիոնավոր մարդիկ դիտեն նաև միլիոնավոր այլ ֆիլմեր»:
***
«Խոստովանեք, որ հաղթողներին հազվադեպ են սիրում»:
***
«Եթե ես չլինեի ստեղծագործող, ես հաստատ կլինեի արկածախնդիր հանցագործ և ողջ կյանքում կփախչեի տնտեսական հանցագործություններով զբաղվող իրավապահներից: Ամեն դեպքում` հաստատ չէի լինի գրասենյակային աշխատող կամ փոստատար»:
«Ես դեռևս չափից դուրս երիտասարդ եմ` իմ ապագան կանխատեսելու համար»:
***
«Իմ ֆիլմերում բարոյախոսությունը տեղ չունի: Ես պատմում եմ և ոչ թե քարոզում»:
***
«Եթե պատմությունը չի վերածվում իմ պատկերացրած սցենարին, ես նույնիսկ չեմ էլ փորձում այն «տեղափոխել» նկարահանման հրապարակ: Դա նման կլիներ առանց կարթի ձուկ որսալուն»:
***
«Ես չունեմ զենք և կողմ եմ, որ զենք կրելը պաշտոնապես արգելվի: Դա հրաշք կլիներ, քանի որ Ամերիկայում փողոցային բռնությունը սարսափելի մասշտաբների է հասնում: Երբ այցելում եմ Եվրոպա, այնպիսի զգացողություն եմ ունենում, ասես մեծ վտանգից եմ փրկվել: Եվրոպայում նույնպես սպանում և բռնանում են, սակայն Ամերիկայի համեմատ դա մանկապարտեզ է հիշեցնում: Իհարկե, ես գիտակցում եմ, որ Ամերիկայում զենք կրելն արգելելը փոքր-ինչ կեղծավոր գաղափար է, քանի որ այս պետությունը հիմնել են հենց զինված մարդիկ, ովքեր պարզապես յուրացրել են այն, ինչն իրենց դուր է եկել: Կարճ ասած՝ մենք ռազմիկների ազգ ենք: Դրա համար էլ ամեն ինչից այդքան արագ բորբոքվում ենք»:
«Ես արդեն վաղուց կինոյում չեմ տեսնում ոչինչ, որ ինձ իսկապես կվախեցներ: Բացի առնետներից, որոնցից սարսափում եմ կինոյում և կինոյից դուրս»:
***
«Երկխոսություններն իմ հաղթաթուղթն են կինոյում: Ես հարգում եմ մարդկանց կարծիքը, սակայն եթե իմ ֆիլմերը դիտելուց հետո ասեն, թե երկխոսությունները չափից դուրս շատ էին, ես դա կհամարեմ ապուշություն: Անհնար է իմ ֆիլմերի երկրպագուն լինելով՝ միաժամանակ չսիրել իմ երկխոսությունները»:
***
«Իմ լիրիկական կինոհերոսին նկարագրելը շատ հեշտ է. նա հայտնվում է, քացով հարվածում է բոլորի հետույքին և հեռանում է»:
***
«Իմ գլխում կան բազմաթիվ տեսություններ, և դրանցից մեկն էլ այն է, որ ոչ ոք իրականում չի սիրում սպորտ: Տղամարդիկ պարզապես համարում են, որ իրենք պետք է սիրեն սպորտը, և ձևացնում են, թե սիրում են: Դա նման է մերկ թագավորի մասին հեքիաթին»:
«Երբ պատրաստվում եմ նոր սցենար գրել, ինձ համար ամենադժվարը գրենական պիտույքների խանութ այցելելն ու նոթատետր գնելն է»:
***
«Ամերիկայում բացակայում է արդարությունը»:
***
«Տղամարդկանց և կանանց միջև մշտապես առկա է լարվածություն: Ես դա զգում եմ: Կինը քայլում է իր ճանապարհով, ես՝ իմ, սակայն ես զգում եմ, որ նա լարված է, որովհետև մտածում է, թե մոլագար եմ: Այդ լարվածությունը փոխանցվում է նաև ինձ, և սկսում եմ ինձ մեղավոր զգալ, թեպետ ոչ մի վատ արարք չեմ գործել»:
***
«Ես չեմ խաղում բիլիարդ և փոքեր, հեռուստացույցով կամ մարզադաշտում չեմ հետևում մրցաշարերին ու առաջնություններին: Այդ ամենը դիտելն ինձ համար իսկական տանջանք է: Եվ ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն, որ շարքային ամերիկացին ի վիճակի չէ երեք ժամ անցկացնել կինոթատրոնում, բայց ի վիճակի է չորս ժամ շարունակ անթարթ դիտել տխմար ֆուտբոլային խաղերը»: