«Նայեք, թե նրանք ինչ խամրած են. մեր օրերում պատկերներն ավելի կենդանի են, քան մարդիկ...»: Ռոլան Բարտ
Հանրությունն աշխատում է հանդարտեցնել Լուսանկարը, չափավորել խելագարությունը, որն անդադար սպառնում է պայթել նայողի դեմքին: Դրա համար իր տնօրինության տակ նա ունի երկու միջոց:
Առաջինը Լուսանկարչությունն արվեստ դարձնելն է, քանզի արվեստներից ոչ մեկը խելագար չէ: Այստեղից էլ լուսանկարչի համառությունը՝ մրցակցել արվեստագետի հետ՝ ենթարկվելով նկարի հռետորությանը և դրա ցուցադրման վեհացած ձևին: Լուսանկարչությունն իրականում կարող է լինել արվեստ. երբ դրանում այլևս չկա ոչ մի խելագարություն, երբ դրա նոեմը մոռացված է և, հետևաբար, դրա էությունն այլևս չի ազդում ինձ վրա. դուք կարծում եք, թե հրամանատար Պյուիոյի Զբոսնողների առջև ես խռովք կապրեմ ե կբացականչե՞մ` «դա եղել է»: Կինոն մասնակից է Լուսանկարչության այս ընտելացմանը, գոնե` խաղարկային կինոն, հենց այն կինոն, որի մասին ասվում է, թե յոթերորդ արվեստն է. կարող է արհեստականորեն խելագար ֆիլմ լինել, ներկայացնել խելագարության մշակութային նշանները, բայց երբեք այդպիսին չէ բնույթով (խորհրդանշանային կարգով), այլ միշտ զգայախաբության ճիշտ հակառակն է, պարզապես պատրանք է, դրա տեսողությունը ցնորական է, ոչ թե էկմնեզիական:
Լուսանկարը հանդարտեցնելու այլ միջոց է ընդհանրացնելը, հոտայնացնելը, հասարակացնելը. մինչև որ դրա դիմաց այլևս չլինի որևէ այլ պատկեր, որի համեմատ կարող է ընդգծել իրեն, հաստատել իր առանձնահատկությունը, իր սկանդալը, իր խելագարությունը: Ահա թե ինչ է տեղի ունենում մեր հասարակությունում, որտեղ Լուսանկարն իր բռնակալությամբ տապալում է մյուս պատկերները. ոչ այլևս փորագրանկարներ, ոչ այլևս ֆիգուրատիվ նկարչություն, հակառակ դեպքում՝ արդեն կախարդված (և կախարդող) ենթարկությամբ` դեպի լուսանկարային մոդել: Սրճարանի հաճախորդների մոտ մեկն ինձ արդարացիորեն ասաց. «Նայեք, թե նրանք ինչ խամրած են. մեր օրերում պատկերներն ավելի կենդանի են, քան մարդիկ»: Մեր աշխարհի ցուցանիշներից մեկն էլ, թերևս, այս հակառակ ընթացքն է. մենք ապրում ենք ըստ ընդհանրացված երևակայականի: Նայեք Միացյալ Նահանգներին. ամբողջը փոխակերպված է պատկերների` գոյություն ունեն, արտադրվում են և սպառվում են միայն պատկերներ: Ծայրահեղ օրինակ. մտեք Նյու Յորքի պոռնովայրերից մեկը, դուք չեք գտնի այնտեղ անառակություն, այլ միայն դրա կենդանի նկարները (tableau vivant, որից Մեյփլթորփը պայծառորեն դուրս է բերել իր որոշ լուսանկարներ), ասես թե անհայտ անձը (բնավ ոչ դերասան), ով իրեն շղթայել ու ձաղկել է տալիս, չի հասնում իր հաճույքին, մինչև որ այդ հաճույքը չի միանում սադոմազոխիստի կարծրատիպային (ծեծված) պատկերին: Վայելքն անցնում է պատկերով. ահա գլխավոր մուտացիան:
Այդ հակառակ ընթացքը ստիպում է էթիկական հարց բարձրացնել. ոչ որովհետև պատկերն անբարո է, անկրոն կամ սատանայական (ինչպես ոմանք հայտարարում էին Լուսանկարչության գալստյան մասին), այլ որովհետև ընդհանրական պատկերազարդման հովանու ներքո այն բացարձակ ապիրական է դարձնում բախումների և ցանկությունների մարդկային աշխարհը: Այսպես կոչված զարգացած հասարակություններին բնորոշ է այն, որ նրանք այսօր սպառում են պատկերներ և ոչ այլևս, ինչպես անցյալում, հավատքներ. նրանք, այսպիսով, ավելի ազատական են, պակաս մոլեռանդ, բայց նաև ավելի «կեղծ» (պակաս հարազատ), մի երևույթ, որը մենք թարգմանում ենք հոսող գիտակցության մեջ սիրտ խառնող ձանձրույթի տպավորության խոստովանությամբ, կարծես թե պատկերը` համընդհանրացված, արտադրել է առանց տարբերությունների (անտարբեր) աշխարհ, որում հետո կարող են այստեղ և այնտեղ ի հայտ գալ միայն անարխիզմների, մարգինալիզմների և ինդիվիդուալիզմների կոչերը՝ չեղյալ համարենք պատկերները, պահպանենք անմիջական (առանց միջնորդության) Ցանկությունը:
Խելագա՞ր, թե՞ խելացի: Լուսանկարը կարող է լինել թե' մեկը, թե' մյուսը. խելացի, եթե իր ռեալիզմը մնում է հարաբերական, հանդարտեցված էսթետիկական կամ փորձապաշտական սովորույթներով (ամսագիր թերթել վարսավիրանոցում կամ ատամնաբուժարանում), խելագար, եթե այս ռեալիզմը բացարձակ է և, եթե կարելի է ասել, սկզբնական, կրկին սիրող և վախեցած գիտակցությունը դարձնող դեպի Ժամանակի բուն գիրը՝ զուտ շեղիչ շարժում, որը ետադարձում է ընթացքը, և որը, որպեսզի ամփոփեմ, ես կանվանեմ լուսանկարային էքստազ:
Այդ երկու ճանապարհն ունի Լուսանկարը: Ընտրությունն իմն է` հնազանդեցնել դրա ներկայացումը անթերի պատրանքների քաղաքակրթական կոդին կամ դիմագրավել դրանում առկա անզիջում իրականության զարթնումին:
1979թ
թարգմանիչ՝ Կարին Գրիգորյան
աղբյուրը՝ Ֆոտոբիո
կադրերը՝ Միքելանջելո Անտոնիոնիի «Ֆոտոխոշորացում» ֆիլմից