«Բիբլիական աշխարհ է Հայաստանը... Ընդերքում կյանք կա, ոտքերիս տակ զգում եմ նրա շունչը... Երևի դրանից է, որ այսքան տաք են ձեր հողն էլ, ջուրն էլ...»: Անդրեյ Տարկովսկի
Հետո Թբիլիսիում մի ուրիշ հանճար` լուսահոգի Սարգիս Փարաջանովը (բազմազգ մի խմբով փառավոր գիշեր անցկացրինք նրա տանը), ինձ ասաց, որ Գիբարյանի դերը ինքն է խաղալու, որ նույնիսկ արդեն պայմանավորված են եղել Անդրեյի հետ: Մի խոսքով` հասկացրեց, որ ինքը զիջել է դերը ինձ, որ և՛ ափսոսում է, և՛ չի ափսոսում, որ եթե մեկ ուրիշը լիներ...
Այնուհետև մեր բոլոր հանդիպումներին էլ Սերգեյը կեսկատակ հիշում էր այս «նվերը»: Ես էլ իմն էի ասում, ու այսպես, երկու հայ, ամեն անգամ կարծես առիթ էինք ստեղծում Անդրեյի անունը հոլովելու, գնահատելու, սիրելու: Փարաջանովն ու Տարկովսկին լավ բարեկամներ էին...
Ֆիլմի՝ էկրան բարձրանալուց հետո մի տեղ աչքովս ընկավ, կենտրոնական մամուլում երկու հեղինակ դժգոհ էին ֆիլմից: Հատկապես դուրները չէր եկել իմ ներկայությունը: «Ս. Լեմի վեպում հայ չէ այդ կերպարը, նրա ազգանունը Գիբ-Արիան է, ի՞նչ կարիք կար հայ դարձնելու նրան, հասցնելու տիեզերք...»: Արժանապատվությունս վիրավորվեց, Անդրեյին գանգատվեցի: «Մեծապետական հիմարություն,- պատասխանեց,- բանի տեղ մի դիր, ես եմ ուզել, որ հայ լինի: Վերջ»:
Սրանից հետո էլ, կարծեմ, հրավիրվեցի Լենինգրադ՝ փորձնական նկարահանումների: Սցենարը Էրմիտաժի գանձերի փրկության մասին էր, պատերազմի ժամանակ: Բնականաբար, գլխավոր գործող անձը Հովսեփ Օրբելին էր: Գրիմը շատ հաջող էր, շատ նման, ես էլ հաճույքով աշխատեցի: Շուստերը` բեմադրիչը, ոգևորվեց, մեկ-երկու տեսարանի փոխարեն՝ ամբողջական դրվագներ էր նկարահանում: Վերջին օրը հրավիրեց տուն, զրույցի նյութը Օրբելին էր` նրա բարդ խառնվածքը, մեր հետագա անելիքները: Երևան վերադարձա վստահ, որ գործը եղած է, բայց... Անցավ ժամանակ, ու մի երկար նամակ ստացա Շուստերից: Խեղճ մարդը ներողություն խնդրելով հայտնում էր, որ ղեկավարությունը դեմ է այդ կերպարին և կարծում է, որ ազգային արժեքներ փրկողը պետք է լինի ռուս մարդ:
Այդպես էլ եղավ: Խորապես վիրավորվեցի ոչ այնքան ինձ համար, որքան Հովսեփ Օրբելու` համաշխարհային գիտության այդ տիտանի...
Այսպես ես զրկվեցի հրաշալի մի դերից, այսպես պատմության մի էջ էլ սրբագրվեց, էս ձևով մեր կյանքում մի անգամ էլ «հաստատվեց» ժողովուրդների մեծ բարեկամությունը...
Շուստերը հրեա էր, չէր կարող վտանգելով իրեն՝ պայքարի մեջ մտնել ինչ-որ հայի կերպարի համար, թեկուզև այդ հայը լիներ պատմական անձ, թեկուզև Հովսեփ Օրբելին:
Ալեքսանդր Պրոշկինն էլ արժանացավ նախատինքների, երբ ինձ հրավիրեց նկարահանվելու «Միխայլո Լոմոնոսով» ֆիլմում` նույնպես պատմական անձի` Ֆեոֆան Պրոկոպովիչի դերում: «Հայ մարդը ինչո՞ւ պետք է ներկայացնի ռուս հոգևորականության առաջնորդին»:
«Հայ մարդն այն դերասանն է, որ պետք է ներկայացնի»,- այսպես կտրուկ պատասխանել էր Պրոշկինը:
Ո՞վ թռչի տիեզերք, ո՞վ դառնա ֆուտբոլի չեմպիոն, ի՞նչ նկարվի, ո՞վ նկարի, ո՞վ խաղա, ո՞վ շահի մրցանակը... Քաղաքականացված, չորացրած, այլանդակած կյանք:
Սովորական, ուրեմն, սովորական ընդունեցի Տարկովսկու հրավերը, բայց, ինչ խոսք, ինքնասիրությունս շոյված էր, իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ լավ էլ հուզված էի: Վերջապես օրը եկավ, մեկնեցի Մոսկվա: Օդանավակայանից ուղիղ գնացինք ստուդիա: Հսկա, բարդ դեկորացիաներ էին սարքած, տիեզերանավի խցերից մեկում Բանիոնիսն էր նկարահանվում: Կիսախավարի մեջ կանգնած նայում եմ, ԻՐԵՆ եմ փնտրում... Չէ, առանձնացող մարդ չկա: Ընդմիջում արեցին, ու մեկ էլ բարևեց:
Միջահասակից մի քիչ բարձր, նիհար, ոչնչով աչքի չընկնող, սովորական ռուս մարդ: Ծանոթացանք:
- Ինչպե՞ս տեղ հասաք:
- Շնորհակալ եմ, նորմալ:
- Ուղիղ ստուդիա՞ են բերել:
- Այո,- իմ փոխարեն պատասխանում է նրա մշտական օգնական Մաշան:
- Իսկ հյուրանո՞ցը:
- Պատվիրված է,- դարձյալ Մաշան է պատասխանում:
- Մի բան հասցրե՞լ եք ուտել...
«Այ մարդ, ինչ ուտել, ինչ բան,- մտածում եմ,- էս հասարակ բաներով ինչո՞ւ ես հետաքրքրվում, գործից խոսենք»:
- Ուրեմն, Սոս Արտաշեսովիչ...- հայրանունս դժվար արտասանեց:
Ասացի` հայերիս մեջ ընդունված չէ հայրանունով դիմելը, այնպես որ՝ բավարարվեք անունովս:
- Լավ,- իսկույն համաձայնեց,- պայմանով, որ դուք էլ ինձ դիմեք հայավարի` իմ անունով: Ձեր դերը մեծ չէ, բայց կարևոր է: Գիբարյանն ինքնասպանություն է գործում, հասկանում է, որ չի կարելի տիեզերք դուրս գալ մեր երկրային մեղքերով... Դրանք մեզ հետ են` ուր էլ գնանք, մինչև անգամ` տիեզերքում... Եվ, իհարկե, խիղճ... Խիղճ...
Մի պահ լռեց Անդրեյը` հնարավորություն տալով, որ ես միջամտեմ, ես էլ ուզում էի, որ ինքը երկար խոսի, հետաքրքիր էր, ինչպե՞ս է աշխատում Տարկովսկին դերասանների հետ: Շարունակեց:
- Տիեզերք պետք է դուրս գալ մաքուր ձեռքերով... Մաքուր խղճով... Գիբարյանը կարոտ ունի նաև` Հայրենիքն է. մենք աշխատել ենք այնպիսի իրերով շրջապատել նրան, որ հիշեցնի Հայաստանը, վանքերը, բնությունը, նույնիսկ հայկական ծխախոտ է վերցրել հետը, ձեր «Արին Բերդը» խցում դրված է...
- Հայաստանում եղե՞լ եք...- Հարցս երևի անտեղի էր:
Ժպտաց.
- Չեմ եղել, բայց լավ ընկերներ ունեմ այնտեղ: Սկսե՞նք...
Վերջ: Այսպես ոտքի վրա «աշխատեց» ինձ հետ: Չնայած ավելի էլ ի՞նչ ասեր: Մնացածը օպերատորի` Վադիմ Յուսովի հետ էր. լույսի չափումներ և կինոյին հատուկ նման բաներ...
ժամանակը շատ բան է ջնջել իմ հիշողությունից, ու դժվարանում եմ ասել, թե ինչպես սկսվեց մեր ընկերությունը: Զրուցելը, շփվելը Անդրեյի հետ ինձ համար մեծ բավականություն էր: Կիրթ էր ամեն պահի, մեծ արվեստագետ, մեծ մտածող, կիրթ էր և՛ պահվածքով, և՛ մտքով:
Բրեժնևյան ժամանակներ... Ինչ-որ բան կառուցում էինք, ինչ-որ բան ճարում էինք ուտելու, բայց աննկատ (ասենք` ինչո՞ւ աննկատ) քանդվում էր մարդը, կորցնում էինք մեզ մարդ պահող վերջին հետքերը, մարում էին ուղեցույց վերջին ջահերը, և Անդրեյ Տարկովսկին էր, որ խավարը կանխազգալով՝ փնտրում ու գտնում էր անանցանելի արժեքներ, ձեռքը պարզում, բռնում էր մեր փեշերից, որ վերադառնանք, խավարի մեջ չկորչենք, նայենք մեր հոգու ներսը...
Նրա ֆիլմերը դիտողները տեսնում են, որ սրանք «լայն խավերի» համար չեն: Որպես մտավորական` Անդրեյն ուներ պարտքի խոր գիտակցություն և իր խոսքը, իր փիլիսոփայական խոհերը հասցեագրում էր մտավորականությանը (Էս յոթանասուն տարիներին ինչքան են վիրավորել, ծաղրուծանակի ենթարկել, թուքումուր թափել մտավորականների գլխին):
Մի անգամ վիճաբանելիս, չգիտեմ՝ խոսքն ինչպես ծնվեց, ասացի. «Իսկ դու գիտե՞ս, որ երբ Ռենուարի մատները չորացան, նա վրձինը կապել էր տալիս դաստակին և այդպես նկարում...»:
- Դա ուրիշ,- ասաց Անդրեյը,- դու խոսում ես մտավորականի մասին... Սոկրատեսից մինչև Ջորդանո Բրունո և, ընդհանրապես, ճշմարտության համար զոհվել են միայն մտավորականները:
Եթե նրա հայրենակից Բունինը տեսնում էր ամբոխապետության (օխլոկրատիայի) զարթոնքի սկիզբը, տեսնում էր, թե ինչպես է իշխանությունը զավթում Մայակովսկու «Ընկեր մաուզերը» ձեռքին անլվա խուժանը և ճայթում էր անզորությունից ու ատելությունից, ապա Տարկովսկին տեսավ, «վայելեց» արդեն փողկապներ կապած, բայց էությամբ նույն մարդկանց լիիրավ տիրապետությունը և չդիմացավ նոմենկլատուրային դասակարգի ճնշումներին, նրա անգետ ու անկուլտուրական ամենակարողությանը: «Նայիր Բրեժնևին ու կտեսնես մեր անդունդի խորությունը...»: Այսպես էր ասում Անդրեյն ու տխրում:
...Տարկովսկին հեռացավ երկրից, բայց ցավը, հարազատ ժողովրդի ցավերը կարողացա՞վ հեռացնել իրենից: Եթե միայն կարողանար...
Տարկովսկու ֆիլմերը, իհարկե, կինո չեն կամ ուրիշ կինո են: Ինձ համար դրանք լայնակտավ վեպեր են, կինոյի լեզվով արտահայտած` անձնական ապրումներ, խոհեր, փնտրտուքներ, հակասությունների ողբերգություն: Նա իրականությունը, կյանքը զգում էր և՛ հոգով ու մտքով, և՛ աչքերով, և՛ մաշկով: Մաշկը բարակ էր: Միայն կարելի է երևակայել, թե որքան բարդ էր այդպիսի մարդու համար ապրելը, բայց ես նրան երբեք չեմ տեսել անհավասարակշիռ, չնայած չէր կարող պատահել, որ այդպիսի պահեր, պոռթկումներ չունենար, չէր կարող պատահել, որ չհիասթափվեր, չհուսահատվեր: Այդպիսի մարդիկ խոցելի են, փխրուն, կարծում եմ` Անդրեյը գիտեր և պաշտպանվում էր բնածին իր կուլտուրայով, անձնապես դաստիարակած կամքով:
Մեր ընկերությունը բուռն էր, անկեղծ, բայց շուտ ընդհատվեց: Մոսկվայում վերջին մեր հանդիպման ժամանակ զուսպ էր, մի տեսակ ոնց որ ուրիշ աշխարհում լիներ: Հիմա կարծում եմ, որ արդեն վճռել էր գնալ երկրից և միտումնավոր, հաշվի առնելով մեր բարքերը, հեռացնում էր ինձ իրենից:
Կինոաշխատողների համագումար էր, հանդիպեցինք դահլիճում: Ելույթ ունենալո՞ւ ես` հարցրի:
- Տեսնենք...,- կարծես վերացած էր,- ի՞նչ միտք ունի,- ավելացրեց ու երեսը թեքեց: Նրա սառնությունն ինձ դուր չեկավ, նեղացա ու դիտմամբ նստեցի իրենից հեռու: Չեմ էլ նայում նրա կողմը: Մեկ էլ վեր կացավ տեղից, եկավ նստեց իմ հետևի ազատ աթոռին: Կռացավ դեպի ինձ:
- Ի՞նչ ես ուռել-փքվել:
- Չէ, ինչու...,- ձևացնում եմ, թե կլանված լսում եմ ելույթ ունեցողներին:
Ժամանակ անցավ: Նորից թեքվեց դեպի ինձ:
- Սոս... Հրազդանի ձորը հիշո՞ւմ ես:
- Հրազդանի ձո՞րը... Իհարկե հիշում եմ:
- Մենք, ախր, իրար մերկ տեսել ենք... Հետո չենք ամաչել, մորեմերկ, անշոր, անզրահ... Այլևս ի՞նչ ունենք իրարից թաքցնելու, բայց բաներ կան, որ...
Դահլիճից դուրս եկավ: Զարմացած նայեցի նրա հեռացող կռնակին, ու սիրտս ցավեց: Մեր վերջին հանդիպումն էր դա:
Օգոստոս ամիսն էր: Երևանի տապն ու տոթը, տտիպ շոգը, որ ես սիրում եմ շատ, փողոցները գրեթե դատարկել են: Անդրեյն ապրում էր «Անի» հյուրանոցում: Օրը կիրակի էր, նկարահանում չկար, գնացի մոտը: Մի քիչ նստեցինք ռեստորանում, երկուսս էլ շոգից փափկել էինք, ոչ զրուցել էր լինում, ոչ խմել: «Անդրեյ,- ասացի,- արի գնանք Հրազդանի ձորը, նոր բացված լավ տեղ կա, համ էլ հով կլինի»: Մեքենա ճարեցինք, իջանք իմ ասած տեղը, ու չնայած գետը հոսում էր կողքներիս, բայց բան դուրս չեկավ, նույն տոթն էր: Ծուլորեն մի քանի բառ փոխանակեցինք, ամեն մեկս մեր մտքերի հետ` մեկ ծառին նայելով, մեկ վազող ջրերին՝ մի կերպ մի շիշ «Նաիրի» կոնյակ խմեցինք:
Վերադարձին մեքենա չկար, ստիպված ոտքով քայլեցինք դեպի վեր: Հանկարծ նկատեցի դուրս ցցված հսկա տրամաչափի մի խողովակ, փրփրած, սպիտակած ջուրը հորդում էր ուղղակի: Նայեցի Անդրեյին, նայեց ինձ, սուսուփուս իջանք, հանվեցինք ու մտանք ջրի տակ: Երանություն էր... Երկար, շատ երկար մնացինք ջրի տակ կանգնած... Հա, մորեմերկ, անպաշտպան, անզրահ, կողք կողքի... Եղբոր պես...
- Բիբլիական աշխարհ է Հայաստանը...,- ասաց:- Ընդերքում կյանք կա, ոտքերիս տակ զգում եմ նրա շունչը... Երևի դրանից է, որ այսքան տաք են ձեր հողն էլ, ջուրն էլ...
Մի շատ սառն ու ցուրտ ձմեռ հասա Մոսկվա, անմիջապես զանգեցի Անդրեյին: Պայմանավորվեցինք ժամը ութին հանդիպել: Հինգ-վեց շիշ կոնյակ էի տարել հետս, տարբեր տեսակների: Եթե չեմ սխալվում, զոքանչի մոտ էր ապրում, փայտաշեն միհարկանի, հին ու մեծ տուն էր, միայն չեմ հիշում` Մոսկվայի որ մասում էր: Դրանից մի երկու տարի հետո միայն բնակարան տվեցին նրան: Մի անգամ եղա այնտեղ, համարյա դատարկ էր: Ինչ-որ տեղից հնաոճ ու հնացած կահույք էին առել, մեծ սեղան, բարձր մեջքով աթոռներ, շնորհալի մի վարպետ վերանորոգել էր դրանք: Անդրեյը հիացած էր.
«Առևտուր չարեց,- ասում է,- եկավ նայեց, գինը դրեց՝ այսքան արժե իմ աշխատանքը, բայց բանը դրանում չէ, տաղանդավոր մարդ է, պիտի տեսնես՝ ինչ սիրով ու խնամքով է անում իր գործը, զարմանալի է, որ այսպիսիները դեռ կան...»:
Հայկական կոնյակը սիրում էր և համից ջոկում տեսակը:- Սա, իհարկե, «Ախթամար» է, «Դվին» է... Ու ինքնագոհ ժպտում էր: Խմում էր ըմբոշխնելով, կում էր անում, բերանում պահում, համը մինչև վերջ առնում և ամեն անգամ բարկանում էր, որ ես միանգամից դատարկում եմ գավաթս: «Է, էհ... Մի զրկի քեզ այս բուրմունքներից, ո՞ւր ես շտապում, վայրենի կովկասցի... Զգա, զգա, տես, թե քանի երանգ ունի այս հրաշքը...»:
- Մենք կովկասցի ենք,- պատասխանում էի,- և հպարտ ենք դրա համար, իսկ դո՞ւք որտեղացի եք...
Պատմել էր, որ Հյուսիսային Կովկասում Տարկի անունով գյուղ կա, որ իբր իր նախնիները երկու հարյուր տարուց ավելի է` դուրս են եկել այնտեղից և բնավորվել Ռուսիայում... Ու կեսկատակ շարունակում էր. «Այո, նախնիներս ձեր կողմերից են, բայց չմոռանանք, որ իշխաններ են եղել, այստեղ էլ ազնվականների հետ են ամուսնացել, այնպես որ ծագումս ազնվական է...»:
Լարիսան պատրաստություն էր տեսել: Սկսեցինք խմել: Դանդաղ սկսեցինք ու աստիճանաբար թափ առանք... Մեր բոլոր հանդիպումներից, թերևս, ամենաջերմն ու անջնջելին այդ օրն էր: Ծնված օր...
Ես ու ինքն էինք ու Լարիսան, որ սիրով ծառայում էր մեզ, երբեմն էլ խմում մեզ հետ` ամեն անգամ թույլտվություն խնդրելով Անդրեյից: «Դուք»-ով էին խոսում իրար հետ ամուսինները, և դա ինձ չափազանց գեղեցիկ էր թվում, մանավանդ՝ Լարիսայի ակնածալից վերաբերմունքը Անդրեյի նկատմամբ:
Ինչի՞ց կարող էին խոսել երկու խմող տղամարդիկ... Շատ տարիներ են անցել, ափսոս, մանրամասն չեմ կարող հիշել, բայց, իհարկե, կենացներ ու հետն էլ նոր ակոսներ քաշեցինք մեր խոսքի երանգներով, թմրած շերտեր շուռ տվինք՝ կինո, թատրոն, կյանք ու հասարակարգ... Կարծեմ՝ բան չթողեցինք, ամեն ասպարեզ էլ մտանք, խոսքը խոսք էր ծնում, միտքը` միտք և վեճ, և համաձայնություն... Մի բան չէինք արել` իրար չէինք գովել:
Հիշում եմ` մի պահ հանկարծ ծիծաղեց: Ասաց` երբեմն այնպիսի բաներ ես ասում, որ գիտեմ, բայց այնպես ես ասում, որ ինձ թվում է, առաջին անգամ եմ լսում... Ինչի՞ց է...
- Մեր հողուջրից է...,- ես էլ ծիծաղեցի,- մեր պատմությունից է... Մենք` հայերս, ստիպված ենք աշխարհին պարզ ճշմարտությունները հիշեցնել... Քրիստոսի պատվիրաններն էլ են պարզ ու հասարակ, բայց ո՞վ է հիշում...
Չհասկացանք էլ՝ ինչպես կոնյակը աննկատ վերջացավ: Կնոջն ասաց` մեր եղած-չեղած խմիչքները բեր, այսօր խմելու օր է...
Կոնյակի շշերից ինչ-որ բուրգ սարքեց սեղանի վրա, վառած մոմը դրեց արանքները: Խմած մարդիկ էինք, թվաց գեղեցիկ, հետաքրքիր, հիացանք... Այդպիսի բաներ Փարաջանովն էլ էր անում: Ամեն ինչի մեջ իմաստ էին փնտրում, արվեստ...
Խմեցինք ու խոսեցինք, խոսեցինք ու խմեցինք, Անդրեյը ոտքի վրա է արդեն, ինչ-որ միտք է զարգացնում, ինչ-որ բան ապացուցում ինձ, բեղի մազը քաշելով՝ քայլում է սեղանի շուրջ... Կրքերի, ուժի, մտքի կծիկ, եռք, ամբողջովին եռք է... Այլևս բան չենք դնում բերաններս, միայն խմում ենք... Պահ է գալիս` ականջներիս մեջ դժժոց եմ լսում... Գլուխս թափ եմ տալիս, չէ, չէ, ասում եմ ինքս ինձ, նայիր դիմացինիդ, քեզանից նիհար, կարելի է ասել՝ վտիտ... Հայ մարդ ես, սազական չէ, մեռնես էլ՝ դիմանալու ես մինչև վերջ... Անդրեյի հուզումը գագաթնակետին է հասել:
- Կինո նկարելը իմ գործն է, իմ արհեստն է, բայց բոլորը սովորեցնում են, բոլորը գիտեն` ինչ և ինչպես պետք է... Պարզվում է, որ, բացի ինձնից, բոլորը գիտեն, կարող են... Դե ուրեմն՝ դուք էլ նկարեք, ստեղծեք, ստեղծեք... Նյարդերի կծիկ դարձած` ամեն խոսքի հետ ձեռքը գցում էր վեր...
Խոսքն ինչպես շուռ եկավ, չգիտեմ, ասացի, որ «Բալլադ զինվորի մասին» ֆիլմը վատը չէր, բարի ֆիլմ է...
«Ինձ մի ծիծաղեցրու,- ասաց,- հիմա ծիծաղից կպառկեմ հատակին... Բարություն, անմեղություն... Կեղծ, սուտ, փսլնքոտ, մատից ծծած... Դու գիտե՞ս` ինչ բան է պատերազմը... Կեղտ, արյուն, մահ, անասնական վախ, մարդը մարդ չի այնտեղ և չի էլ կարող լինել: Ի՞նչ բարություն, մաքրություն... Մենք այն չենք, ինչ որ ցույց ենք տալիս, մի օր իսկականը կտեսնես, բոլորս կտեսնենք, թե ուր ենք հասել...»:
«Իվանի մանկությունից» հետո հատկապես երկար ժամանակ աշխատանք չէին տալիս Անդրեյին: Գիտեի, որ ժամանակ առ ժամանակ ռադիոբեմադրություններ էր անում` մի քիչ փող վաստակելու համար: Հարցրի. «Նեղ օրերին հայրդ` Արսենի Տարկովսկին, հռչակավոր բանաստեղծ, չէ՞ր օգնում»: Զարմացած նայեց, լռեց, լրջացավ.
- Իմ հայրը երբեք չի իմացել, որ ես նեղության մեջ եմ... Ես ինձ թույլ չէի տա...
Հոր մասին խոսելիս միշտ լրջանում էր, ձայնն էլ էր փոխվում` դառնում էր ավելի թավ: Հոր մասին խոսելիս ասես աղոթք էր անում... Անսովոր հարգանք ուներ հոր նկատմամբ, պաշտամունքի հասնող: Այդ պատճառով ես էլ իրեն ավելի էի հարգում:
Հա, այդ օրը խմեցինք տղամարդու նման, դժվար թե մեկ ուրիշը դիմանար էդ մրցությանը, խմեցինք ներշնչանքով, խմեցինք ցմրուր, ու մեր ծնկները չդողացին, մեր լեզուն փաթ չընկավ, մեր միտքը չպղտորվեց... Հանճարեղ մարդու հետ անցկացրած հանճարեղ օր...
Մեծ ըմբոստության օր, մեծ բողոքի օր...
Նայեցինք դուրս, լույսը պարզեցրել էր պատուհանները... Առավոտվա ժամը վեցն էր... Թույլ չտվեց, որ մենակ դուրս գամ, չկարողացա համոզել: Հագնվեց, տաքսի բռնեցինք, ինձ հասցրեց մինչև հյուրանոց:
...Անդրեյը տիկնոջ հետ Երևանում էր, գրեթե մի ամիս մնաց: Բագրատ Հովհաննիսյանը նկարահանում էր «Հնձան» ֆիլմը: Տարկովսկին գեղարվեստական ղեկավարն էր և մի քանի տեսարանների նկարահանմանը մասնակցեց:
Հիշում եմ մի դրվագ. պատերազմում անհետացած հերոսը վերադառնում է, լուրը հայտնում են քրոջը. Գալյա Նովենցն էր խաղում:
- Գալյա,- առաջարկեց Տարկովսկին,- եղբորդ տեսնելուն պես՝ կանգնածդ տեղը նստիր, իջիր գետնին...
- Ընդառաջ չգնա՞մ,- զարմացավ Գալյան:
- Թուլացած ծնկներով ինչպե՞ս կվազես... Հայ կինն ուրախությանը դժվար կդիմանա...
Ծրագրեցինք Էջմիածին գնալ: Զանգեցի ընկերներիս, բայց էդպես էլ մեքենա չճարեցի: Լավ, մտածեցի, ավտոբուսով հո չե՞մ տանելու էս մարդուն: Դուրս եկանք, ստիպված տաքսի բռնեցինք, գնացինք: Ճանապարհին վարորդին բացատրեցի, թե ում ենք տանում, խնդրեցի, որ եթե հնարավոր է` էնտեղ սպասի մեզ: Ձայն չհանեց, բայց որ տեղ հասանք, շատ համբերատար ծառայեց մեզ: Անդրեյը հիացած էր Մայր տաճարով, խաչքարերով, Գայանեով, աշխույժ էր, հարցեր էր տալիս, մոմ վառեց: Հռիփսիմեն թողել էի, որ վերջում նայի, ետդարձին:
Աստիճաններով բարձրացանք բակը, մի քանի րոպե միասին պտտվեցինք այստեղ, հետո անսպասելի Անդրեյը խնդրեց, որ մի կես ժամով իրեն մենակ թողնեմ:
Իջա, վարորդին ասացի, որ ստիպված ենք սպասել:
- Հարց չկա,- ժպտաց մեր վարորդը,- կգնանք սուրճ կխմենք, ժամանակ կանցնի: Երիտասարդ մարդ էր, զրուցասեր, հարցեր էր տալիս կինոյից, դերասաններից, ափսոս, անունը մտքումս չպահեցի:
Վերջապես վերադառնում ենք Երևան: Անդրեյը, տեղից սակավախոս, հիմա բոլորովին ձայն չի հանում: Նստած է լուռ, ինքն իր մեջ սուզված... Ինչո՞ւ ուզեց մենակ մնալ, ի՞նչ մտածեց, ի՞նչ զգաց այս ոտից գլուխ ռուս մարդը՝ հայոց վանքում...
Չէ, ասի, հարցեր չտամ, թող մնա իր մեջ...
Հասանք Աջափնյակի իմ տուն, վարորդը, որ երեք-չորս ժամ մեզ հետ էր, պոկվեց տեղից, փողը չվերցրած՝ քշեց, գնաց: Վերջում էլ ծիծաղելով ձեռքով արեց մեզ...
- Ինչո՞ւ չվճարեցիր,- հարցրեց Անդրեյը:
- Տեսա՞ր, որ փախավ, չուզեց...
- Ծանո՞թ էր... Բարեկա՞մ էր...
- Չէ... Պարզապես քեզ հարգեց, ասել էի ով ես:
- Այ քեզ բան,- շվարեց Անդրեյը,- ոչինչ չեմ հասկանում...
- Չհասկանալու ի՞նչ կա,- ծիծաղելով ասացի ես,- արվեստագետ ես, մեր հյուրն ես, նա էլ հայ մարդ է...
- Հա... Ձեզնից գլուխ հանելը դժվար է...
Բարձրացանք չորրորդ հարկ, շունչներս մի քիչ արագացավ, դռան մոտ մի պահ կանգ առանք:
- Ձեր Հռիփսիմեն հրաշք է,- ասաց Անդրեյը:
...Մոսկվայում «Արարատ» ռեստորանը դեռ չէին քանդել: Միասին գնացել էինք ճաշելու` մի խմբով: Հարևան սեղաններից մեկում հայաստանցի փողավոր տղերքը քեֆ էին անում: Երաժշտությունը պատվիրում էին, իհարկե, հայկական, պարում էին: Մեջներին հաստլիկ, պեպենոտ մի ռուս աղջիկ կար: Էս աղջիկն էլ սրանց հետ մեջտեղ ընկած, թևերը բարձրացրած` անշնորհք ծուլ-ծուլ էր լինում:
Ուզենք, թե չուզենք` նայում ենք, ու ես մի տեսակ անհարմար եմ զգում, չեմ հասկանում` ինչու: Դե, մարդիկ են, զվարճանում են, համոզում եմ ինքս ինձ, ի՞նչ կա որ...
Հանկարծ Անդրեյը գլխով արեց էն կողմն ու դառը քմծիծաղեց:
- Ժողովուրդների բարեկամություն...
- Ժողովուրդների հարբած բարեկամություն,- ավելացրեց մեկ ուրիշը:
- Հարբած ժողովուրդների բարեկամություն,- ավելացրի ես: Ծիծաղեցինք... Ուրիշ էլ ի՞նչ էր մնում անելու...
Նաում Գրեբնևի թարգմանությամբ Նարեկացու «Մատյանը» նոր էր լույս տեսել ռուսերեն: Նվիրեցի Անդրեյին: Անմիջապես բացեց, սկսեց կարդալ:
- Հայերեն չէ,- ասաց,- սա ռուսական պոեզիա է, Նարեկացի չէ...
Մինչ այդ մի քանի անգամ Նարեկացի եմ կարդացել նրա համար: Միշտ խնդրում էր:
- Բավականություն պատճառիր ինձ, կարդա, հետո կթարգմանես...
Գիրքը ձեռքին սկսեց տող առ տող բացատրել, թե ինչու չի հավանում թարգմանությունը: Լսում էի ու հիանում նրա լեզվաիմացությամբ, գիտելիքներով: Հպարտ էի, որ իմ ընկերն է Անդրեյ Տարկովսկին:
- Մի բան ասեմ` չզարմանաս, Նարեկացին հեթանոս քրիստոնյա է... Այս միտքն իրեն դուր էր գալիս, հաճախ էր կրկնում:
Նկարահանումներից հետո եկել ենք մեր տուն: Հոգնած, քաղցած, համարյա ամբողջ խմբով:
- Համբերեք,- ասում եմ,- հիմա խորոված եմ անելու:
Ես բակում եմ, իրենք` չորրորդ հարկի իմ բնակարանում: Անդրեյը րոպեն մեկ անհամբեր գլուխը հանում է պատշգամբից դուրս, նայում ցած: Հասկանում եմ, որ քաղցած է շատ: Միսը արդեն դրել եմ կրակին:
- Անդրեյ,- ձեն եմ տալիս,- իջիր, դրանք թող զրուցեն, դու իջիր:
- Ինչո՞ւ,- զարմանում է Անդրեյը:
- Իջիր, որ ասում եմ. հետդ էլ մի շիշ օղի վերցրու...
Հայավարի կանգնում ենք կրակի մոտ, ոտքի վրա մի-մի գավաթ ըմպում ու տաք-տաք խորովածը քաշում: Մեկ, երկու, երեք...
- Լսիր,- ոգևորվում է Անդրեյը,- ախր, սխալ ենք արել մինչև հիմա, ախր, գյուտ եմ արել` խորովածն այսպես պետք է ուտել, կրակի կողքին, բոլորովին ուրիշ համ է, խորովածը հո ճա՞շ չէ, որ նստում ենք սեղանի շուրջ... Թող բոլորն իջնեն...
- Գործ չունես, Անդրեյ ջան, դու կեր... Սրանից հետո քեզ համար միշտ էսպես եմ անելու խորովածը...
...Անդրեյ, երանի ողջ լինեիր, ապրեիր քո Մոսկվայում, երբեմն գայիր Հայաստան, արքատով արած կրակի կողքին կանգնեինք, խորովածով, օղիով...
Սոս Սարգսյանը Գիբարյանի դերում, «Սոլյարիս», 1972թ
լուսանկարները՝ hovikcharkhchyan.wordpress.com-ից
COMMENTS