«Անցյալը նման է մշուշոտ հայելու. տեսնում ես ուրվագծերը, սակայն այլևս չես կարող դիպչել»: Վոնգ Կար-Վայ
Ժամանակակից ասիական կինոյի ամենավառ ներկայացուցիչներից մեկին՝ Վոնգ Կար-Վային հաճախ մեղադրում են ռոմանտիզմի ֆետիշացման համար: Նրա բոլոր հերոսները սիրում են, սակայն նրանց սերը արգելված է, անիծված, և նրանք ստիպված են ազատվել սիրեցյալի մասին խեղդող հիշողություններից ու բուժել սրտի անբուժելի վերքերը: Մինչդեռ ռեժիսորը սա կարողանում է անել միայն իրեն բնորոշ ձևով՝ առանց սենտիմենտալիզմի կամ բուլվարային լացուկոծի: Նրա ֆիլմերի հերոսները զգացմունքային են և, միևնույն ժամանակ, սառնության աստիճանի զուսպ, հավատում են առասպելաբանական պատումներին, բայց վախենում են հասարակական կարծիքից:
Թեև կինոքննադատները շարունակում են կրկնել, թե հոնկոնգցի ռեժիսորը ավելի շատ կարևորում է պատկերը, քան պարունակությունը, իրականում Կար-Վայը կարևորում է միայն զգացմունքները, ինչը կարողանում է ցուցադրել նրբաճաշակ և ոճային պատկերների, գունային իդեալական համադրության և երաժշտական հրաշալի կատարումների համատեղմամբ: Վոնգ Կար-Վայը, իր ֆիլմերի մեծ մասը նկարահանելով անվանի օպերատոր Քրիստոֆեր Դոյլի հետ համագործակցությամբ, աչքի է ընկնում նաև իր նորարարություններով և թարմ մոտեցումներով, ինչի համար էլ նրան հաճախ համեմատում են ֆրանսիական Նոր ալիքի նշանավոր ներկայացուցչի՝ Ժան-Լյուկ Գոդարի հետ:
Ռեժիսորը մրցանակների է արժանացել Կաննում, Բեռլինում, Չիկագոյում, ասիական մի շարք հեղինակավոր փառատոններում: Վերջին տասնամյակում ռեժիսորը սկսել է նկարահանել նաև կոմերցիոն կարճամետրաժներ և գովազդներ այնպիսի ապրանքանիշերի համար, ինչպիսիք են BMW-ն, Chivas-ը: Ներկայացնում ենք Վոնգ Կար-Վայի լավագույն ֆիլմերից մի քանիսը:
«Չոնգքինգյան ճեպընթաց»
Chungking Express (1994)
Վոնգ Կար-Վայի ֆիլմերը բաղկացած են այնպիսի տեսարաններից և դրվագներից, որոնց մասին տպավորությունները մնում են հանդիսատեսի հիշողության մեջ շատ երկար: «Չոնգքինգյան ճեպընթացը» այս առանձնահատկությամբ տարբերվում է ռեժիսորի մյուս ֆիլմերից: Արքայախնձորի պահածոները, հոգեբանական զրույցներն օճառի կամ սրբիչի հետ, Կալիֆոռնիայի մասին երազող լուսամփոփի պես աղջիկը` խաղալիք ինքնաթիռը ձեռքին, «լացող տան» կապույտ հողաթափիկը… դժվար է դադարեցնել թվարկելը…
«Չոնգքինգյան ճեպընթացն» ունի երկու սյուժետային գիծ. առաջինը թիվ 223 ոստիկանի մասին է, ով, ցանկանալով վերջնականապես մոռանալ իր սիրելիին, որոշում է սիրահարվել առաջին իսկ պատահած կնոջը… չնայած` այս հարցում որոշելը կամ հրամանն ուժ չունեն, ամեն դեպքում` կարելի է ձեռք բերել վաղեմության ժամկետ չունեցող հիշողություններ: Երկրորդ պատմությունը մի աղջնակի մասին է, ով սիրահարվում է թիվ 663 ոստիկանին ու որոշում է… (պատմելն իմաստ չունի, պետք է դիտել):
Արագ փոփոխվող, լղոզված կադրերը, գիշերային, հանցագործ Հոնկոնգը, փոփ-երաժշտության պատմության լավագույն կատարումները, գեղեցիկ դերասաններն ու անկրկնելի սիրային պատմությունները կբարձրացնեն անգամ ամենատխուր մարդու տրամադրությունը:
«Ժամանակների մոխիրը»
Ashes of Time (1994)
«Ժամանակների մոխիրը», որ համարվում է Վոնգ Կար-Վայի ամենաթերագնահատված աշխատանքներից մեկը, ռեժիսորի՝ չինական ավանդական ուսյա (հատկապես գրականության մեջ տարածված արկածային ժանր, որտեղ հիմնական շեշտադրումը կատարվում է արևելյան մարտաձևերի նկարագրման վրա) ժանրում արված աշխատանքներից առաջինն է և զգացմունքային առումով զգալիորեն գերազանցում է «Մեծ վարպետին» (2013): 2008թ-ին լույս տեսավ նաև ֆիլմի նոր մոնտաժված և որոշակի փոփոխությունների ենթարկված տարբերակը, որին հաջողվեց ավելի շատ գումար հավաքել կինոթատրոններում, ինչը, բնականաբար, կապված էր ռեժիսորի վարկանիշի աճի հետ:
Ինչպես և Կար-Վայի մյուս ֆիլմերը, «Ժամանակների մոխիրը» ևս ֆիլմ է մարդու և վերջինիս անցյալի, հիշողությունների մասին: «Մարդու դժբախտությունների հիմնական պատճառը հիշողությունն է»,- ասում է գլխավոր հերոսը` այնուամենայնիվ կանգնելով կարևոր երկընտրանքի առջև՝ խմել կախարդական գինին և մոռանալ անցյալը, թե շարունակել ապրել հիշողություններով…
Ֆիլմում առկա են տարբեր սյուժետային գծեր, ինչը առաջին դիտման ժամանակ կարող է քաոսային թվալ, մարտային դրվագները նկարահանված են ռեժիսորին բնորոշ պերֆեկցիոնիստական մոտեցմամբ, առասպելաբանական պատումներն ու օրացույցի հավատալիքները, արևելյան սիմվոլիզմը, որտեղ անգամ դեղձի ծաղիկը սեր է խորհրդանշում, միաձուլված են գեղանկարչական տեսարանների հետ, իսկ կիզիչ արևը և քամին լրացնում են գոյություն չունեցող թերությունները:
«Երջանիկ են միասին»
Happy Together (1997)
«Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ, իսկ Մարադոնան արգենտինացի է, այդ պատճառով էլ որոշեցի ֆիլմ նկարահանել Արգենտինայում»,- կատակում է Վոնգ Կար-Վայը` պատմելով իր «Երջանիկ են միասին» ֆիլմի մասին: The Turtles (Happy Together , 1967) խմբի հանրահայտ երգի անունը կրող ֆիլմն ուղղակիորեն հակասում է վերնագրին, քանի որ հերոսները բնավ էլ երջանիկ չեն, մինչդեռ վերնագրի չինական թարգմանությունը ավելի է համապատասխանում իրականությանը` գաղտնի, անձնական երևույթի բացահայտում:
Կար-Վայի հերթական գլուխգործոցը պատմում է երկու սիրեցյալների մասին, ովքեր գալիս են Արգենտինա` վերսկսելու արդեն վաղուց սպառված հարաբերությունները, թեպետ անգամ զգացմունքների և կրքոտ տանգոյի հայրենիքը չի կարողանում փրկել հերոսների զգացմունքները: Ու միակ քայլը, որ կարող է անել գլխավոր հերոսը, անէանալն է Բուենոս Այրեսի փողոցներում՝ ուժ գտնելով մոռանալ սիրեցյալին և բուժելով սրտի վերքերը:
Ռեժիսորին հաջողվում է կանգնեցնել ժամանակը, Բուենոս Այրեսը վերածել թախծի քաղաքի, իսկ հերոսի հիշողությունները ցուցադրելով սև ու սպիտակ գույներով` ավելի արտահայտիչ դարձնել նրա վերաբերմունքը զգացմունքների և ապրումների հանդեպ: Երբ այս ամենին գումարվում են Աստոր Պիացոլայի կախարդական մեղեդիները, ֆիլմը վերածվում է իրական զգացմունքների օրկեստրի:
«Սիրային տրամադրություն»
In the Mood for Love (2000)
«Սիրային տրամադրությունը» կինոյի պատմության ամենազուսպ և զգացմունքային սիրային դրամաներից է և ընդգրկված է բոլոր հեղինակավոր կինոցուցակներում: Այս ֆիլմը Վոնգ Կար-Վայի և օպերատոր Քրիստոֆեր Դոյլի նախավերջին համատեղ աշխատանքն է, սակայն բոլոր հատկանիշներով գերազանցում է ռեժիսորի՝ մինչ այդ նկարահանած բոլոր ֆիլմերը: Այս անգամ ռեժիսորը պատմում է այդպես էլ չսկսված հարաբերությունների մասին: Չնայած հանդիսատեսը այդպես էլ չի հասկանում արդյոք հասարակական կարծի՞քը, վեհագույն բարոյականության գաղափարնե՞րը, թե՞ ճակատագիրն էր դրա պատճառը, սակայն փոխարենը ստանում է թախծի ու գեղեցկության մեծագույն պաշար, որից երբևէ չի ազատվի:
Կար-Վայն օգտագործում է մի շարք հնարքներ` ավելի արտահայտիչ դարձնելու հերոսների միայնությունը. եռացող կյանքի աղմուկը միշտ գալիս է պատի մյուս կողմից, իսկ տեսախցիկը, բացի գլխավոր հերոսներից, հազվադեպ է ուրիշներին ցույց տալիս: Այցեքարտային դարձած տաքսու տեսարանները, հայելու մեջ հերոսների արտացոլանքները, նրբակազմ հերոսուհու սիլուետը գույնզգույն ցիպաոների մեջ, որոնք որոշ դեպքերում միակ գաղտնանշանն են, որ հուշում են ժամանակի հոսքի մասին, ջութակի մեղեդիները, դանդաղեցված կադրերն ու անձրևը փոխարինելու են գալիս հազարավոր խոսքերին, որոնց առկայությունն անիմաստ կդարձներ չինական այս գլուխգործոցը:
Ֆիլմի վերջին տեսարանները ևս շատ խորհրդանշական են, դրանք նկարահանված են Կամբոջայի Անգկոր-Վատ տաճարում (12- րդ դար), իսկ Վոնգ Կար-Վայն իր հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ սիրում է աշխատել Ռայներ Վերներ Ֆասբինդերի մեթոդի համաձայն. երբ ցանկանում ես ցույց տալ փոփոխության ենթարկվող մի բան, ցույց տուր մի բան, որ անփոփոխ է…
Սոնա Կարապողոսյան
COMMENTS