«Ես կարծում եմ, որ Լարս ֆոն Թրիերը հանճարեղ է, սակայն նա ինքը չի հավատում իր հանճարեղությանը: Թրիերը մշտապես ինքնափախուստի վիճակում է, մինչդեռ նրան, ընդհակառակը, անհրաժեշտ է խաղաղվել ու հայացքն ուղղել դեպի իր հոգին»: Ինգմար Բերգմանը` Լարս ֆոն Թրիերի մասին
Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը մերօրյա կինեմատոգրաֆի ամենահայտնի գործիչներից է, վիրտուոզ, ում բնորոշ է սկզբունքայնությունը, որի շնորհիվ էլ նրան հաջողվում է իր ֆիլմերում արտացոլել դրամատիկ անկրկնելի իրավիճակներ: Նա իր ֆիլմերի միջոցով ասես խաղի մեջ է մտնում հանդիսատեսի հետ, և երբեք չես կարող վստահ լինել, թե, սցենարի անսպասելիությամբ պայմանավորված, հատկապես ո'ր կողմից «կհարվածի» ռեժիսորը: Թրիերը հանդիսատեսի հետ ինտերակտիվ կապի մեջ է և ասես զրուցում է, զգուշացնում, թե որտեղ է թաքնված վտանգը: Նրա ֆիլմերը դիտելիս չպետք է ակնկալել, թե ստանալու ես հաճույք կամ դրական լիցքեր, բայց անջնջելի ազդեցություն, անշուշտ, դրանք թողնում են: Ռեժիսորը մեծ էկրան է բարձրացնում կյանքի արատավոր, վտանգավոր երևույթները: Հարցազրույցներից մեկում նա նշել է, թե իր ցանկությունը հանդիսատեսին միանգամից անհրաժեշտ տրամադրությունը փոխանցելն է, մարդուն որոշակի իրավիճակի մեջ խորասուզելը` դեռևս նախքան ֆիլմի թողարկումը:
Լարս ֆոն Թրիեր և Թոմաս Վինտերբերգ |
Թրիերի արվեստի ֆենոմեններից մեկն էլ այն է, որ նա իր ֆիլմերը նկարահանում է փոքր բյուջեով, սակայն դրանք իրենց մրցունակությամբ չեն զիջում ամերիկյան մեծաբյուջե կինոարտադրանքին: Նրան հաջողվեց կոտրել այն կարծրատիպը, թե եվրոպական ֆիլմերը մրցունակ չեն: Շատերը Թրիերին նույնիսկ քննադատում էին հակաամերիկյան քարոզչություն իրականացնելու համար, բայց փաստը մնում է փաստ` նա կարողացավ «բռնել ամերիկյան կինոյի կոկորդից» և ապացուցել, որ փոքր բյուջեով էլ կարելի է նկարահանել դիտարժան, բազմաշերտ, մնայուն ու ինտելեկտուալ կինո, այն էլ` ամերիկացի դերասանների մասնակցությամբ, ում դերասանական տաղանդը հաճախ խեղվում է ամերիկյան կինոյի կարծրատիպերում: Փոքր բյուջեով ֆիլմ նկարահանելը Թրիերի արվեստի կարևոր նախապայմաններից է, որը ներառված է նաև «Դոգմա-95» ավանգարդիստական կինեմատոգրաֆիական շարժման հռչակագրում: Թրիերը մշակեց կինո նկարելու իր ձևը:
«Ես հռչակագիրն ուղարկեցի Բերգմանին և առաջարկեցի ֆիլմ նկարահանել «Դոգմայի» կանոններով: Իհարկե, նա հրաժարվեց: Սակայն ես նրան համարում եմ իմ հոգևոր հայրը, մինչդեռ նա էլ խնդիրներ ունի իր սեփական հոգևոր հոր հետ: Չէ՞ որ նա էլ պատասխան չի ստացել իր Տիրոջից, ինչպես և ես չստացա նրանից: Այնպես որ` ամեն ինչ կարգին է: Ի վերջո, տարօրինակ կլիներ պատասխան ստանալ մի մարդուց, ով նկարահանել է «Լռություն» ֆիլմը»:1994թ-ին «Թագավորություն» ֆիլմը նկարահանելիս Թրիերը հանգում է այն եզրակացության, որ հանդիսատեսին ավելի շատ հետաքրքրում են ֆիլմերի սյուժեն ու դերակատարները, քան տեխնիկական ֆանտաստիկ հնարքներն ու վառ լուսավորությունը: Եվ ահա 1995թ-ի մարտի 13-ին Լարս ֆոն Թրիերը, Քրիստիան Լևրինգը, Սյորեն Կրագ-Յակոբսենը և Թոմաս Վինտերբերգը ստորագրում են «Դոգմա-95»-ի հռչակագիրը: «Դոգմա-95»-ը այլ կերպ բնորոշվում էր նաև որպես կինեմատոգրաֆի և մարդկանց փրկության ակցիա: «Դոգմա-95»-ը նոր ուղղություն էր կինեմատոգրաֆում, իսկ այդ ուղղության հռչակագիրը բաղկացած էր տասը հիմնական դրույթներից, որոնք, մասնավորապես, պահանջում էին նկարահանել ձեռքի տեսախցիկով, նկարահանել բնական լուսավորությամբ, նկարահանումներին տրամադրել հնարավորինս փոքր գումար, դեկորներ չօգտագործել և այլն: Համաձայն «Դոգմա-95»-ի` ռեժիսորը պարտավորվում էր զերծ մնալ իր անձնական ճաշակն ու կարծիքը ֆիլմերի միջոցով արտահայտելուց: Լարս ֆոն Թրիերի ֆիլմերից բացի` «Դոգմա-95»-ի չափանիշներով են նկարահանվել նաև Թոմաս Վինտերբերգի «Տոնակատարություն», Սյորեն Կրագ-Յակոբսենի «Միֆունեի վերջին երգը», Քրիստիան Լևրինգի «Արքան ողջ է», Ժան-Մարկ Բարի «Սիրեկանները» և մի շարք այլ ֆիլմեր:
Քրիստիան Լևրինգ, Սյորեն Կրագ-Յակոբսեն, Լարս ֆոն Թրիեր և Թոմաս Վինտերբերգ |
Պատերազմի հետևանքով գոյացած հոգևոր ճահճից մարդկանց փրկելու` երիտասարդի իդեալիստական նկրտումներն ավարտվում են ողբերգականորեն: Չափազանց դժվար է ապրել ու աշխատել այնտեղ, որտեղ ողջ մնացածների ձեռքերն արյունոտ են: Թրիերն այս ֆիլմի մասին խոսելիս այն համարել է Եվրոպայի տեսլականը: Թերևս, այն առումով, որ Եվրոպան այլևս անհնար է փրկել, և անմեղ մարդիկ, շրջապատի ներգործության հետևանքով, այստեղ մի օր դառնում են «մեղավոր»: Թրիերի խոստովանությամբ` ֆիլմը մտահղանալիս իրեն ոգեշնչել է Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմում հնչող մի արտահայտությունը. «Որքան հաճելի է ընկնել հետաքրքիր կնոջ հետ միասին»: Կինոքննադատներն ու Թրիերի երկրպագուները համարում են, որ այս ֆիլմը գեղագիտական-ինտելեկտուալ առումով վերջինն է ռեժիսորի ֆիլմադարանում:
«Հիմա թվայնացման շնորհիվ, հատուկ էֆեկտներով զբաղվող ստուդիաներում կամ համակարգչով, կինոժապավենի հետ կարող ես անել այն ամենը, ինչ ուզում ես: Եվ այդ պատճառով ամեն ինչ դարձել է չափազանց ձանձրալի: Կորել է վարպետության զգացողությունը, և ես ճիշտ եմ համարում հատուկ էֆեկտներից հրաժարվելը»:Հուսահատության պահեր, վախ, չհասկացվածություն, անհանդուրժողականություն և, ամենակարևորը, հույս, որը, ինչպես հայտնի է, վերջինն է մեռնում. 2000թ-ին նկարահանված «Խավարում պարողը» ֆիլմի գլխավոր հերոսուհու պատմությունը այս ամենի վառ ապացույցն է: Սելմայի պարագայում հույսն այդպես էլ չմեռավ. ինքը մահացավ, սակայն հույսն ապրեց` որպես իր որդու տեսողության փրկության հանդեպ հավատ: Ստվերների աշխարհում նա գտավ կյանքի իր լույսը: Ֆիլմի գլխավոր հերոսուհին` ունենալով բնածին հիվանդություն և ենթակա լինելով կուրության վտանգին, այդուհանդերձ, անտեսում է իր վիճակը և կատարում միաժամանակ մի քանի ծանր աշխատանք, որպեսզի կարողանա կուտակել այն գումարը, որն անհրաժեշտ է գոնե իր զավակի տեսողությունը փրկելու համար: Նա գիտակցում է, թե ինչ վիճակում կհայտնվի որդին, եթե հիվանդությունը չկանխվի: Հարց է առաջանում` ինչպե՞ս կարող է կուրության շեմին կանգնած կինը, ով չունի որևէ օգնական և միայնակ մայր է, կուտակել հսկայական գումար, եթե աշխատում է արտադրամասում` որպես բանվորուհի: Իրականում հնարավոր է, երբ ծնողի մեջ արթնանում է իր զավակին փրկելու, հիվանդության ճիրաններից ազատելու բնազդը:
«Խավարում պարողը» |
Այս ֆիլմը մյուզիքլ է: Երբ ասում ենք «մյուզիքլ», պատկերացնում ենք թեթև, տրամադրություն բարձրացնող մի կինոնկար` երջանիկ ու անհոգ հերոսների մասնակցությամբ: Կինոնկար, որտեղ բոլորը սիրում են միմյանց, և բացասականը խնամքով սքողված է: Սակայն «Խավարում պարողը» սովորական մյուզիքլ չէ, այլ երաժշտական ֆիլմ-դրամա: Սելման երջանիկ մահացավ, բայց չէ՞ որ մահացավ: Սերն այս ֆիլմում ևս առկա է, բայց` մայրական սերը: Երեխան չկորցրեց տեսողությունը, սակայն կորցրեց ամենակարևոր մարդուն` մորը: Թրիերի ֆիլմը մի ազդակ է` ուղղված առողջներիս, որպեսզի գնահատենք այն, ինչ ունենք, և ձեռք բերենք այն, ինչը մեզ պետք է: Սելման ֆիլմի դրվագներից մեկում նշում է, թե չունի տեսողություն, բայց տեսնում է այն, ինչը անհրաժեշտ է: Մենք ունենք տեսողություն, մենք ունենք առողջություն, մեր կողքին են այն մարդիկ, ում կարիքը մենք ունենք: Անհրաժեշտ է միայն տեսնել ու գնահատել:
«Ախ, եթե տեսնելու ցանկությունը լիներ նույնքան ուժեղ, որքան չտեսնելու ցանկությունը…»:2003թ-ին Լարս ֆոն Թրիերը նկարահանեց «Դոգվիլ» ֆիլմը, որը նման է հեռուստատեսային թատրոնի: Այստեղ չկան իրական տներ, փողոցներ, դեկորներ, բույսեր. ամեն ինչ գծագրված է, նկարված ու պայմանական: Ֆիլմը դիտելու առաջին րոպեներին իսկական շոկ ես ապրում` ասես հայտնվելով անհասկանալի մի իրավիճակում, բայց որոշ ժամանակ անց, թվում է, հանդիսատեսն ու ռեժիսորը պայմանավորվածություն են ձեռք բերում` հավատալու գծագրված ու անիրական տների իրական լինելուն: Թրիերին հաջողվում է հանդիսատեսին փոխանցել ֆիլմի ընդհանուր տրամադրությունը` «ստիպելով» հարմարվել ստեղծված իրավիճակին: Հանդիսատեսը մոռանում է, որ իրականում դռները, պատուհանները, ծառերը նյութական են ու շոշափելի, և տեղափոխվում է Թրիերի իրականություն, որտեղ ամեն ինչ ուրվագծերով է ու պայմանական: Թրիերի ստեղծած իրականությանն ադապտացվելը պահանջում է մի քանի րոպե միայն:
«Դոգվիլ» |
Դոգվիլ քաղաքը |
«Մենք ապրում ենք լիակատար քաոսի մեջ: Մեզ անհրաժեշտ է ստեղծել իդեալներ, որպեսզի կարողանանք գոյատևել, այլապես կյանքը կդառնա անտանելի: Թեպետ մենք գիտենք, թե որքան դժվար է այս իրականության մեջ իդեալներին հավատարիմ մնալը, բայց այլընտրանք չունենք»:Ֆիլմը թողնում է բազմաթիվ հարցականներ, որոնց պատասխանները հանդիսատեսն ինքը պետք է գտնի, հնարավոր է` բնակիչներից որևէ մեկի մեջ իրեն տեսնելով կամ ինչ-որ իրավիճակում նույն կերպ վարված լինելով: Բոլոր բնակիչներն էլ դաժանաբար էին վարվում Գրեյսի հետ, սակայն նրանցից ամեն մեկն ուներ իր յուրահատուկ մոտեցումն ու Գրեյսին տանջելու իր մեխանիզմը: Այս ֆիլմով Թրիերը հանդիսատեսին զգուշացնում է և հիշեցնում, որ ամեն ինչ, յուրաքանչյուր լավ կամ վատ արարք իր հատուցումն է ունենալու` նույնիսկ Դոգվիլի պես չնչին, բոլորի կողմից մոռացված քաղաքում, որտեղով մեքենաներ ու մարդիկ չէին անցնում, իսկ անցնողներն էլ արժանանալու էին Գրեյսի ճակատագրին: Այս ֆիլմը վառ օրինակն է այն իրողության, որ ռեժիսորը նյութական սակավ միջոցներով, միայն բնական լույսի օգնությամբ, կարողացել է ստեղծել մի ինքնատիպ ու ազդեցիկ ֆիլմ, որը մտածելու, փոխելու, փոխվելու, վերանայելու և փոքր-ինչ ավելի հանդուրժող դառնալու խորհուրդ ունի:
«Մելամաղձություն» |
Լուրեր են տարածվում, թե այդ օրերին «Մելանխոլիա» կոչվող մոլորակը հարվածելու է Երկրին և ոչնչացնելու է: Եթե Ջուսթինի քույրը և քրոջ ամուսինը չեն հավատում այդ լուրի հավաստիությանը, ապա ինքը` Ջուսթինը, կարծես նախապատրաստվում է այդ իրադարձությանը: Նա համոզված է, որ Երկրի վրա ոչինչ չունի, և այդ մոլորակի հետ Երկրի հանդիպումը մի նոր կյանքի առհավատչյա է: Ֆիլմի ընթացքում տեղի է ունենում կերպարանափոխություն, և եթե ի սկզբանե ընկճված Ջուսթինը թվում էր հանդուգն ու անպատասխանատու, ապա ֆիլմի սյուժեի զարգացմանը և մոլորակի մոտենալուն զուգահեռ նա ամրապնդվում է, հզորանում, իսկ տոկուն Քլերը, ով ձգտում էր իր բոլոր գործողություններում լինել ճիշտ և կշռադատված, ընդհակառակը, էլ ավելի է ընկնում տագնապալից վիճակի մեջ: Ջուսթինը չի կարեկցում նույնիսկ քրոջը, նա ունի դաժան վստահություն, որ Երկիրն ու բնակիչները արժանի են մոտալուտ աղետին, և նույնիսկ հաճույք է ապրում այն համոզմունքից, որ ինքը ճիշտ էր, որ ամեն ինչ վատ է ավարտվելու, որ բոլորը մահանալու են: Ֆիլմի մի հատվածում նա նշում է, թե Երկիրը լի է չարիքով, և կարիք չկա Երկրի համար սգալու:
«Մելամաղձությունը կարող է լինել չափազանց գայթակղիչ: Դա քաղցր ցավի մի յուրատեսակ զգացողություն է` սիրո նման: Եվ այդ ցավի մեջ, անկասկած, ինչ-որ ճշմարիտ բան կա: Մելամաղձությունը, ինչպես և սերը, կարող է քեզ գերել` ստիպելով ընկղմվել իր խորքերը»:Վտանգավոր իրավիճակներում մելամաղձոտներն իրենց ավելի ողջամիտ ու հանգիստ են պահում, քան այն մարդիկ, ովքեր հակված չեն ընկճախտի: Պատճառն այն է, որ այդ իրավիճակը նրանց ծանոթ է, նրանք ամեն ինչում բացասականն են տեսնում: Ըստ հոգեբանների` աղետալի իրավիճակներում մելամաղձոտները հաճախ իրենց բավարարված են զգում այն գիտակցումից, որ կանխատեսել էին ու գիտեին, թե, ի վերջո, ամեն ինչ վատ է ավարտվելու, և կարող են հայտարարել` «իսկ ես ձեզ ի՞նչ էի ասում»: Նրանք համարում են, թե ոչինչ չունեն, և, հետևաբար, ոչինչ էլ չեն կորցնելու: Ինքը` Թրիերը խոստովանել է, որ ամեն օր է ունենում նմանօրինակ տագնապներ ու աղետի սպասումներ, և Ջուսթինի կերպարն իրեն շատ հոգեհարազատ է: Վաղ թե ուշ որևէ մարդասպան-մոլորակ կոչնչացնի ամբողջ մարդությունը, մեզ` առաձին-առանձին, եթե յուրաքանչյուրս չվերանայենք մեր ապրածն ու չփորձենք դառնալ գոնե փոքր-ինչ ավելի լավը, քան երեկ էինք: Դրանով իսկ ինքներս մեզ ու ողջ մարդկությունը կփրկենք «Մելանխոլիա» կամ մեկ ուրիշ մոլորակի հետ բախումից: Թրիերը մեզ ֆիլմի ընթացքում ասես շշնջում է. «Հիշի՛ր մահվան մասին, կյանքը հավերժ չէ»:
«Մելամաղձություն» |
Լարս ֆոն Թրիերը տառապում է Տուրետի մեղմ համախտանիշով, որն արտահայտվում է տարատեսակ ներքին վախերով ու նևրոզներով: Իսկ նրա ամենամեծ «հիվանդությունը», թերևս, մինչև վերջ ազնիվ լինելու հիվանդությունն է: Նա վախենում է քաղցկեղից, պատերազմներից, ինքնաթիռով թռիչքներից և նեղ տարածություններից, սակայն իր մեջ ունի մի անսահմանորեն մեծ տարածություն, որտեղ ստեղծում է իր ֆիլմերը. այնտեղ չկա վախ, չկան տհաճ զգացողություններ, և թեպետ այդ ֆիլմերն իր վախերի մասին են, բայց նա երբեք վախենալով չի նկարահանում և չի վախենում քննադատված լինելուց:
Ռոզա Պետրոսյան
COMMENTS