«Կինոարվեստի գագաթը մինչ այժմ էլ համարում եմ Չապլինի ֆիլմերը: Եվ Էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավի» հանճարեղ պարզությունը այսօր էլ անգերազանցելի է»: Գրիգորի Կոզինցև
«Համլետ» |
Խոսելով այն մասին, որ կինոն մշակութային երևույթ է, ես նկատի չունեմ այդ արվեստի որոշակի ազնվականությունը: Հակառակը` կինեմատոգրաֆում ինձ միշտ գրավել է այն, ինչը արտաքուստ նրբագեղ կամ ցուցադրական ինտելեկտուալ չէ: Կինոարվեստի գագաթը մինչ այժմ էլ համարում եմ Չապլինի ֆիլմերը: Եվ «Պոտյոմկին զրահանավի» հանճարեղ պարզությունը այսօր էլ անգերազանցելի է: Արվեստն արտացոլում է աշխարհը, սակայն դա յուրահատուկ արտացոլանք է: Ստեղծագործությունը հաջողված է լոկ այն դեպքում, եթե կերտված է տառապանքի փորձառությամբ: Այստեղ հնարավոր չէ արդյունքի հասնել կառուցելով կամ վերակառուցելով: Միայն արվեստագետի տառապանքն է, որ իր ողջ խորությամբ արտացոլվում է մեծ էկրանին, իսկ կառուցվածքները փուլ են գալիս խաղաթղթե տնակի պես: Տառապանքն ինքնանպատակ չէ, արվեստագետը սպասում է նույնպիսի արձագանքի: Շեքսպիրի Լիր արքան ասում է. «Իմ ուղեղը վիրավոր է»: Այս նախադասությունը, թերևս, լավագույնս բացատրում է ստեղծագործական աշխատանքի բնույթը: Ռեժիսորը միաժամանակ նաև բանաստեղծ է ու նկարիչ, սակայն նա ամենևին էլ հասարակական գործչի ու գիտելիք սերմանողի խառնուրդ չէ:
«Լիր արքա» |
Հետազոտությունները հաճախ նման են մամլիչի, որի տակ դրվում է ստեղծագործությունը: Մամլիչը գործի է դրվում. սեղմվում են բառերը, արարքները, բնութագրերը, և մնում է ստեղծագործության էության մզվածքը, որը դուրս է բերվում սարքից, ինչպես անկետայով նկարը: Այնտեղ ամփոփված են հարցերն ու պատասխանները: Ինչի՞ մասին է ստեղծագործությունը: Ի՞նչ է քարոզում: Ո՞վ և ո՞ւմ դեմ է պայքարում: Ի՞նչ խոչընդոտներ է հաղթահարում (և հաղթահարո՞ւմ է արդյոք) հերոսը: Դրակա՞ն է նա, թե՞ բացասական (ավելորդ հատվածները ջնջե՞լ): Ինչո՞վ է տվյալ ստեղծագործությունը հաստատում հեղինակի` առաջադեմ կոչվելու իրավունքը: Ինչո՞ւ պիտի ստեղծագործությունը բեմադրվի (կամ չբեմադրվի) այսօր: Հենց այս հարցական զգուշավորությամբ էլ Չապլինը գրպանից հանում էր ժամացույցը: Թերևս, հանճարեղության վկայությունը հենց անհնարինությունն է` հետազոտական մամլիչի ազդեցության տակ գտնել փոքրիշատե խելամիտ տարբերակ:
«Շինելը» |
- Որքա՜ն են ձանձրացրել երազները, տեսիլքները և աճպարարությունները կինոյում: Ով ասես չի նկարել դրանք… Իհարկե, ձանձրացրել են: Իսկ Ռասկոլնիկովի երա՞զը` ձին, որին մտրակում են վեց մտրակով. սա և՞ս կինոշտամպ է` ֆելինիական ոճով, Կաֆկա` աղքատների համա՞ր: Իհարկե` ոչ: «Մակբեթի» բեմականացման ռեժիսորական էքսպոզիցիան մի հպարտ հռչակագիր է. «Ես ոչ մի նորություն չեմ պատրաստվում ցուցադրել, հեղինակն արդեն ամեն ինչ ասել է»: Այդպե՞ս է արդյոք: Հակասական կարծիքներ այն մասին, թե ինչ ունեն Գյոթեն, Պուշկինը, Բելինսկին, Տուրգենևը և այլք: Ո՞րն է հանճարի մեծությունը: Նոր ծնունդը:
«Դոն Կիխոտ» |
Կոնֆերանսներից մեկի ժամանակ դերասանը կուրծքն էր ծեծում և երդվում, թե Շեքսպիրի յուրաքանչյուր ֆրազը սրբություն է: Այդ դերասանի համար, հավանաբար, կրկնակի սրբություն էր, ինչպես Համլետն էր առաջին արարի ավարտին երկու անգամ կրկնում ամփոփիչ խոսքերը. «Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել»: Դերասանը Շեքսպիրի մեկ սրբազան բառի փոխարեն արտաբերում էր դրա երկու վարիացիաները` Կրոնեբերգի և Լոզինսկու: Թերևս, այն պատճառով, որ այդ երեքից ոչ մեկին չվիրավորի: Չեմ կարծում, թե նոր բեմադրությունը ռեժիսորի համար հանդիսանում է սոսկ պրոֆեսիոնալ աշխատանք: Խոսքը չի վերաբերում հատուկ գիտելիքին կամ փորձին: Ստիպված ես լինում նորից սկսել կյանքդ. հնարովի ճակատագրեր, հորինված իրադարձություններ, մարդիկ, ովքեր երկրի երեսին նույնիսկ գոյություն չեն ունեցել, բայց այդ ամենը դառնում է ոչ միայն հետաքրքիր և ուշագրավ, այլև նյութականանում է, և սկսում ես նրանց ընկալել որպես իրականություն:
Ինչ-որ մեկի օտար աշխարհը դառնում է քոնը: Իհարկե, այն չէր կարող լինել լրիվ օտար, այլապես չէիր կարողանա աշխատել: Աստված գիտե, թե երբ են բացվել դռները, և դու առաջին անգամ մուտք ես գործել այս աշխարհ, որտեղ ամեն ինչ, պարզվում է, լայնածավալ է ու ճշմարտացի: Պարզվում է, որ դու գիտես այսպիսի մարդկանց ևս, ավելի ճիշտ` ոչ թե հենց սրանց, այլ ուրիշներին, ովքեր նման են սրանց: Իսկ հիմա անհրաժեշտ է ամեն ինչ իմանալ ավելի հանգամանորեն և ոչ միայն տեսնել իրադարձությունները, այլ հայտնվել իրադարձությունների ներսում, տարվել դրանցով: Հենց այսպես է ձևավորվում մտերմությունը նրա հետ, ով ստեղծել է այս աշխարհը, որովհետև այն ամենը, ինչ կա աշխարհում` մարդիկ, առարկաները, գույները, ձայները, ամեն ինչ նա է: Անհրաժեշտ է իմանալ մեկ մարդու աշխարհը, և այդ մարդը ստեղծագործության հեղինակն է:
«Լիր արքա» |
Գոյություն ունեն գեղարվեստական զույգերի հատուկ հարաբերություններ, օրինակ` Ֆաուստի և Մեֆիստոֆելի: Խնդիրը միայն կենսական դրույթները չեն, այլ գաղափարների երկխոսության բարդ փիլիսոփայությունը: Ինչ-որ առումով նմանօրինակ զույգեր են նաև Լիրն ու խեղկատակը, Դոն Կիխոտն ու Սանչո Պանսան: Վերջիններիս միջոցով ես փորձել եմ մեծ էկրանի վրա վիճարկել հակասությունների և միասնության ավանդական հակադրությունը: Եթե փորձեմ ռեժիսուրայում իմ որոնումները դասակարգել ըստ իմ տարիքի, կստանամ հետևյալ պատկերը. 18 տարեկան` թեթև անիվներով գլորվող սարք, 22 տարեկան` կինոյի յուրահատկությունը, ոճն ու ժանրը, դերասանը, 30 տարեկան` իմաստը, 60 տարեկան` ճշմարտությունը: Իմ ֆիլմերի գրախոսականներում նշում էին` «դետալների շեշտադրված օգտագործում» (երկաթե կապանքներով շղթայված ոտքերը` խոշոր պլանով). հրապարակախոսական ինչպիսի համարձակ ներածություն: Մինչդեռ ենթատեքստում հարկ է կարդալ` շեղատառի համառ ընդգծում (1920-ականների համր կինոյի մանկական հիվանդությունը) և սյուժեն կառուցելու, իրադարձությունները, կերպարների զարգացումը և բախումը ցուցադրելու անկարողություն: Հնարքներին և երևակայությանն այժմ փոխարինել է լավ հիշողությունը:
«Դոն Կիխոտ» |
Արվեստը նույն կետում կանգ չի առնում: Փոխվում են ժամանակները և գեղարվեստական ստեղծագործությունների լեզուն: Այդ ամենը տեղի է ունենում ամենևին էլ ոչ հեշտությամբ. հնի ու նորի մասին պատկերացումները արվեստում մեծ նշանակություն չունեն: Այստեղ միայն մեկ դատավոր կա: Եվ նրա դատավճիռը վերջնական է: Դատում է ժամանակը: Տարիներն անցնում են, և պարզ է դառնում, թե ինչն է կարողացել անցնել ժամանակի քննությունը, պահպանել կենսական ուժը, մոտ լինել նոր սերունդների մտքերին ու զգացմունքներին: Իհարկե, լիրիկականությամբ հիմա ոչ ոք չի տառապում: Բայց մոսկովյան հրապարակում գլուխը խոնարհած բրոնզե մարդու ոտքերի առաջ միշտ երևում են ինչ-որ մեկի բերած թարմ ծաղիկները, իսկ նրա խոսքերը, որ փորագրված են պատվանդանի վրա, այսօր էլ թվում են մարգարեական. «Մինչ այժմ սիրված է ժողովրդի կողմից, քանի որ արթնացնում էր բարի զգացմունքներ»: Իմ աշխատանքում մտահղացումը երբեք չի ավարտվում: Այն լոկ ընդմիջվում է ֆիլմի ավարտին երևացող «Վերջ» գրությամբ: Ես գրեթե միշտ խնդրել եմ աշխատանքը շարունակելու հնարավորություն, սակայն, ցավոք, այդ հնարավորությունն արդեն չի տրվել:
COMMENTS