Մեծ ռեժիսոր Վերներ Հերցոգին անհնար է պատկերացնել առանց մեծ դերասան Կլաուս Կինսկիի, իսկ վերջինիս` առանց Հերցոգի: Նրանք երկու հակադիր բևեռներ էին, որ արվեստում լրացնում էին միմյանց: Բևեռներ, որոնք, թվում է, չէին կարող ստեղծագործել առանց իրար, բայց չէին էլ կարող ապրել իրար հետ նույն երկնքի տակ…
![]() |
Վերներ Հերցոգ |
![]() |
Կլաուս Կինսկի |
Մինչև 1972թ-ը, այսինքն` նախքան Հերցոգի հետ համագործակցելը, Կինսկին տարբեր ֆիլմերում էր խաղացել, սակայն մեծ փառք դեռևս չուներ: Նկարահանվում էր վեսթեռնի ժանրի տարբեր էժանագին ֆիլմերում, բայց առավել հայտնի էր նրա «Հիսուսի շրջագայությունը»: Դա մի տարօրինակ ներկայացում էր, որտեղ նա հանդես էր գալիս Հիսուսի դերում: Այս դերն ավելի շատ հոգեկան հիվանդի էր հիշեցնում, քան մարգարեի: Բեմում Կինսկին բռնկվում էր, գոռում, գոչում, իրեն կոպիտ ձևով դրսևորում: Ժողովուրդն էլ հետաքրքրությամբ գալիս էր, որպեսզի տեսներ այդ խենթին: Կինսկին հիանալի ասմունքող էր և տարբեր բեմերում կարդում էր տարբեր մենախոսություններ, հայտնի բանաստեղծություններ և այլն: Իր առանձնահատուկ արտաքինի շնորհիվ նա շատ կինոռեժիսորների ուշադրությանն էր արժանանում, սակայն շատերի առաջարկությունները մերժում էր` ասելով. «Ես մարմնավաճառի եմ նման, ավելի բարձր գնով եմ ծախվում»: Հայտնի է, որ այդպես նա մերժել էր Ֆելինիին, Կուրոսավային, Կոպոլային, Սփիլբերգին և այլոց: Սակայն Հերցոգին նա չմերժեց: Երևի այն պատճառով, որ ճանաչում էր նրան:
![]() |
Հերցոգ, Կարդինալե և Կինսկի |
![]() |
Հերցոգ և Կինսկի. հաշտության պահ |
![]() |
«Ագիրե. Աստծո ցասումը» |
Հերցոգի խոսքերով` նա ինքն էլ մի անգամ պատրաստ էր սպանել Կինսկիին: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Կլաուսը ֆիլմի նկարահանումների ամենաթեժ պահին հանկարծ հայտարարեց, թե այլևս չի նկարահանվելու, և սկսեց դասավորել իրերը, որպեսզի մեկնի: Հենց այդ ժամանակ էլ Հերցոգը հաստատակամորեն սպառնաց նրան, որ եթե դիմի այդ քայլին, ապա նա կվերցնի իր պահած հրացանը, իսկույն ևեթ կհայտնվի մոտակա խաչմերուկում, կսպանի Կինսկիին, հետո էլ վերջ կտա իր կյանքին: Կլաուսը բնազդաբար հասկացավ, որ Վերները չի կատակում: Նա սկսեց բղավել, ոստիկանություն կանչել, բայց հետո հավաքվեց և պարտաճանաչորեն շարունակեց իր գործը: Չնայած բոլոր դժվարություններին` այսօր «Ագիրե. Աստծո ցասումը» կինոնկարը գլուխգործոց է համարվում:
1978թ-ին Հերցոգը նկարահանում է դասական դարձած «Նոսֆերատու. Սարսափի սիմֆոնիա» համր ֆիլմի ռիմեյքը, որը հիմնված էր Բրեմ Սթոքերի` Դրակուլայի մասին վեպի վրա: Սարսափ-ֆիլմերի ժանրում նկարահանված այս կինոնկարը կոչվեց «Նոսֆերատու. Գիշերվա ուրվականը»: Կոմս Դրակուլայի դերում հանդես եկավ Կլաուս Կինսկին: Այս ֆիլմում Կինսկիին դժվար է ճանաչել, նա ամբողջովին միաձուլվել է հոգնած, դատարկված վամպիրի կերպարի հետ, ով սիրահարվում է մի գեղեցիկ աղջկա, և զգացմունքներն, ի վերջո, սպանում են նրան:
![]() |
«Նոսֆերատու. Գիշերվա ուրվականը» |
Նրանց հաջորդ համատեղ աշխատանքը գերմանացի բանաստեղծ և թատերագիր Գեորգ Բյուխների «Վոյցեկ» պիեսի էկրանավորումն էր 1979թ-ին: Վերներ Հերցոգին` որպես ռեժիսորի, բացի բնության խորհրդավոր հրաշալիքներից, բնության գրկում գոյատևող հին քաղաքակրթությունների ապրելաձևից` հետաքրքրում էր նաև այսպես կոչված «փոքր մարդկանց» ողբերգությունը, նրանց խելագարությունը: «Վոյցեկի» մեջ հիասքանչ է արտացոլված այդ թեման: Գլխավոր հերոսը` Վոյցեկը, ում դերը խաղում է Կինսկին, ամենասովորական փոքր մարդն է: Նա զինվոր է, ծառայում է և բնակվում է հին եվրոպական մի քաղաքում: Նրա ընկերուհին աղքատ կին է, ով մանկահասակ երեխա է պահում և դավաճանում է Վոյցեկին:
Կյանքի անարդարությունները, մեծ մարդկանց ստորացուցիչ վերաբերմունքը, աղքատությունը, զինվորի ծանր կարգավիճակը վատ ձևով են անդրադառնում գլխավոր հերոսի վրա: Նա խելագարվում է և սպանում է իր սիրած կնոջը: Գուցե հենց դա է պատճառը, որ Հերցոգն ամեն անգամ, կարծես, հետ էր կանչում Կինսկիին` նոր, առողջ բանականությունից զուրկ մարդու դեր հանձնելու համար, որովհետև միայն նա կարող էր այդքան ճշգրիտ խաղալ նման դերերը` օգտագործելով սեփական փոթորկոտ բնավորությունը: Կարելի է ենթադրել, որ Հերցոգին հոգեհարազատ էր Կինսկիի այդ այրող տեսակը, սակայն ամեն անգամ ավարտելով հերթական ստեղծագործությունը` նա զղջում էր գլխավոր դերակատարի իր ընտրության համար:
![]() |
Հերցոգ և Կինսկի. աշխատանքային պահ |
![]() |
«Վոյցեկ» |
Հերցոգի հաջորդ կինոնկարը «Ֆիցկարալդոն» էր: Նկարահանումները սկսվեցին 1981թ-ին: Սա իր սյուժեով էպիկական, ծավալուն, մասշտաբային մի ֆիլմ էր, որը հանդիսատեսին ներկայացնում էր գլխավոր հերոսին` Ֆիցկարալդոյին և նրա զարմանահրաշ ճանապարհորդությունը Հարավային Ամերիկայի վայրի տեղամասերով: Ֆիցկարալդոն պաշտում է Կարուզոյին, դասական երաժշտությունը, և նրա երազանքն է` օպերային թատրոն կառուցել հենց Պերուի անտառներում: Սակայն առաջին հայացքից խելահեղ թվացող այդ միտքն իրականացնելու համար նա ստիպված է իր ձեռք բերած նավով ու անձնակազմով հաղթահարել դժվարին տարածությունը, որն անցնում է ամենավտանգավոր վայրերով: Ի վերջո, նա ստիպված է լինում իրական դարձնել անհնարինը. Ֆիցկարալդոն, իրեն ընդունած հնդկացիների օգնությամբ, սարի վրայով, մի ամբողջ նավ մի գետից մյուս գետն է տեղափոխում: Դա, իրոք, ապշեցուցիչ նորարարություն էր իրական կյանքում: Հերցոգին հաջողվում է, առանց ոչ մի հատուկ արհեստական էֆեկտի, հսկայական նավը ցամաք դուրս հանել, սար բարձրացնել և իջեցնել մյուս գետը: Այդ ամենն իրական էր և շատ տանջալից:
![]() |
Հերցոգը և Կինսկին նկարահանման հրապարակում |
Ի սկզբանե Ֆիցկարալդոյին պետք է մարմնավորեր ամերիկացի դերասան Ջեյսոն Ռոբարդսը, սակայն առողջական խնդիրների պատճառով նա դուրս մնաց նախագծից: Արդյունքում` Հերցոգը կանգ առավ Կինսկիի թեկնածության վրա: Ինչպես միշտ, Կլաուսը, չկարողանալով կառավարել իրեն, թունավորում էր բոլորի կյանքը: Ամեն մի փոքր առիթով նա կատաղի սկանդալներ էր ստեղծում: Չկար գեթ մեկ օր, որ նա հանդարտ լիներ. նա բարկանում էր, բղավում, կռիվ անում: Եվ ամեն անգամ սպառնում էր, որ այլևս չի շարունակելու նկարահանվել: Նա այնպիսի վիճակի հասցրեց բոլորին, որ մի օր հնդկացիների առաջնորդը եկավ Վերների մոտ և ամենայն լրջությամբ առաջարկեց սպանել Կինսկիին: Իր վավերագրական ֆիլմում Հերցոգը ժպիտով է հիշում այդ մասին, բայց շեշտում է, որ եթե տար իր համաձայնությունը, հնդկացիները, իրոք, այդ կամակորի վերջը կտային:
![]() |
«Ֆիցկարալդո» |
Զարմանալի չէ, որովհետև ամենավերջում հենց ինքը` Հերցոգը, մի պահ ցանկացել էր այրել Կլաուսին նրա վրանում: Դերասանը նրան հասցրել էր այդ աստիճանին, բայց Վերները խելքի եկավ և զերծ մնաց հանցագործությունից: Մի քանի տարի անց, երբ նրանք հանդիպեցին կարճ բաժանումից հետո, լրագրողների հետ հարցազրույցում ծիծաղով վերհիշեցին այդ դեպքը: Կինսկին ասում էր, թե իրենք երկուսն էլ խենթ են, և նա, իրոք, անկեղծ համարում էր, որ Վերներն առողջ չէ, սակայն իրականում այդպիսի բան չկար: Հետաքրքիր տեսագրություն է պահպանվել հենց նկարահանման հրապարակից, որտեղ արձանագրվել է Կինսկիի հերթական նոպաներից մեկը: Այնտեղ երևում է, թե ինչպիսի ագրեսիվ լեզվակռիվ է նա անում ֆիլմի տնօրենի հետ` ինչ-որ մանր խնդրի պատճառով, Հերցոգն էլ փորձում է հանգստացնել նրան: Այդ տեսարանին հետևում են բոլոր հնդկացիները:
![]() |
Հերցոգ, Կարդինալե և Կինսկի |
![]() |
«Ֆիցկարալդո» |
Հերցոգի և Կինսկիի վերջին` հինգերորդ համատեղ ֆիլմը «Կոբրա Վերդեն» էր («Կանաչ կոբրան»): Ֆիլմի հիմքում անգլիացի գրող Բրյուս Չեթվինի գիրքն էր: Նկարահանվել է 1987թ-ին Հարավային Ամերիկայում և Գանայում: Ֆիլմը պատմում է 19-րդ դարում ապրող բրազիլացի խենթ հանցագործ Կոբրա Վերդեի մասին: Իր ավազակություններից հետո նրան հատուկ աքսորում են Աֆրիկայի արևմտյան ափին գտնվող Դահոմեա պետություն, որտեղ խելագար թագավորը հրամայում էր սպանել բոլոր սպիտակամորթներին: Սակայն խորամանկ ու հնարամիտ Կոբրա Վերդեն սկսում է գործել: Նրան հաջողվում է կազմակերպել ստրուկների առուծախը, վերականգնել պորտուգալական ամրոցը և ամազոնուհիների բանակի շնորհիվ բարձրացած հեղաշրջման արդյունքում գահընկեց անել թագավորին: Նա դառնում է նոր առաջնորդը, սակայն, ի վերջո, նրա գործերն անկում են ապրում: Վերջին տեսարանում Կինսկիի հերոսը փորձում է նավակը ծովն իջեցնել և փախչել Աֆրիկայից, բայց ուժերը չեն հերիքում: Հերցոգի և Կինսկիի համագործակցության մեջ սա վերջին տեսարանն է դառնում:
![]() |
«Ֆիցկարալդոյի» նկարահանման հրապարակում |
![]() |
«Կոբրա Վերդե» |
Հերցոգի խոսքերով` նա պարզապես այրվեց իր իսկ կատաղի էներգիայի կողմից: Այդ էներգիան ցայտում էր նրա միջից: Բավական է միայն դիտել այն հարցազրույցները, որոնցում նա ելույթ էր ունենում: Գրեթե ամեն անգամ հարցազրույցի ընթացքում նրա մեջ արթնանում էր փոթորկոտ բնավորությունը, ինչն արտահայտվում էր բարկությամբ, գոռոցներով, բազմապիսի վիրավորանքներով, ինքնատեսակ փախուստով: Կարելի է կարծիք կազմել, թե Կինսկին, կարծես, միտումնավոր էր ընդունել այդ աղմկահարույց կերպարը, ինչպես դա շատ հաճախ անում են հայտնի մարդիկ` իրենց համբավն ապահովելու համար: Բայց Կինսկիի պարագայում այդպես չէ: Նրա միջից ամեն ինչ անկեղծ էր դուրս ցայտում, և նրա պես հզոր անհատականությունը հաստատ կարիք չուներ ինքնահաստատվելու: Պարզապես նրա մեջ ապրում էր չարությունը, որն այնքան համահունչ էր իր կերպարներին: Այդ չարության ձեռքից տառապում էին նրա կանայք, ում նա օգտագործում էր, հետո էլ` մոռանում, նրա երեխաները, ովքեր հայրական ջերմության կարիք էին զգում, և այն բոլոր մարդիկ, ում հետ նա աշխատում էր ու արարում:
![]() |
Կինսկի. խաղաղության պահ |
Հովհաննես Վարդումյան