«Իրականում ես միշտ ապրել եմ իմ մանկության մեջ»: Ինգմար Բերգման
Ամեն տարի, իր ծննդյան օրը` հուլիսի 14-ին, նա դիտում էր նույն ֆիլմը` Չառլի Չապլինի «Կրկեսը»: Դիտում էր միմիայն ընտանյոք հանդերձ, Ֆորյո կղզում գտնվող իր առանձնատանը սարքավորած սեփական փոքրիկ կինոթատրոնում: Այդ կինոդիտումը, նրա դուստր Լենա Բերգմանի` Բրիտանական կինոինստիտուտին տրամադրած գրավոր հուշերի համաձայն, վերածվում էր իսկական արարողակարգի: Նա ուներ սիրելի ֆիլմերի նվիրական մի ցանկ, և այդ ֆիլմերը նրա համար ոչ պակաս թանկ էին, քան իր սեփական ստեղծագործությունները:
Բերգմանի ընտանեկան կինոթատրոնը
Ֆիլմերը, որոնք ամեն օր, ցերեկվա ժամը 3-ից սկսած, Ֆորյո կղզում գտնվող իր անձնական կինոթատրոնում սիրում էր դիտել իմ հայրը` Ինգմար Բերգմանը, հիմնականում շատ հայտնի կամ վաղուց մոռացված սև-սպիտակ դասական կինոնկարներ էին: Անցնել շտեմարանի շիկավուն դռներով` թողնելով Ֆորյոյի շլացուցիչ լույսերը` հանուն մեզ պարուրող կինոդահլիճային մթության. սա մի յուրահատուկ փորձառություն է: Սկզբում այդ մթության մեջ ամեն ինչ թվում է հավաք: Շոշափելով գտնում ես դեպի քո աթոռ տանող ճանապարհը, նստում ես, աչքերդ վարժվում են աղքատիկ լուսավորությանը: Եվ հետզհետե երևում է կախարդական սրնգի պատկերով հսկայական գոբելենը: 1974թ-ի օգոստոսյան մի երեկո, լիալուսնի ներքո, Ինգմար Բերգմանի «Կախարդական սրինգը» առաջին անգամ ցուցադրվեց այդ հին շտեմարանում:
Ինգմար Բերգման, Վիկտոր Շյոստրյոմ, Լենա Բերգման, 1957թ |
Ես փորձում էի հաշվարկել, թե Ինգմարը քանի ժամ պիտի անցկացնի կինոթատրոնում` առաջին շարքի բազմաթոռում նստած կամ պառկած, ոտքերը աթոռակին հենած: Պատկերացրեք` ամեն օր, հետկեսօրյա քնից հետո, Ինգմարը նստում էր իր կարմիր ջիփը և ժամը 3-ին հասնում իր կինոթատրոնը: Այնտեղ նա անցկացնում էր երկու ժամ (բացառություն էին կազմում շաբաթ օրերը, երբ սեանսը սկսվում էր ժամը 2-ին):
Մեկական ֆիլմ` շաբաթը 6 օր շարունակ, մայիսից մինչև հոկտեմբեր, 30 տարվա ընթացքում: Բացի այդ` հուլիսի ընթացքում, շաբաթական 3 անգամ, նա իր մեծ ընտանիքի բոլոր անդամներին հյուրընկալում էր Ֆորյոյում` նրանց հրավիրելով երեկոյան կինոդիտումների: Զարմանալի չէ, որ մենք մինչ օրս զգում ենք նրա ներկայությունն այստեղ:
1944թ-ի մայիսի 14-ին Ինգմարը վարձակալված կինոպրոյեկտոր տեղադրեց Ստոկհոլմի Աբրահամսբերգ թաղամասում գտնվող տանը, որտեղ նա իմ մոր` պարուհի Էլզա Ֆիշերի հետ զբաղեցնում էր երկու փոքրիկ սենյակից բաղկացած բնակարան: Մայրս այդ ամենը մանրամասն նկարագրել է իր օրագրում: Ինգմարն այդ ժամանակ 25 տարեկան էր, և նրա գործերը հաջող էին ընթանում: Նրանք դիտում էին Ռոբերտ Վինեի` 1925թ-ին նկարահանած «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը», Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուի` 1926թ-ին նկարահանած «Ֆաուստը» և Չառլի Չապլինի` 1917թ-ին նկարահանած «Խաղաղ փողոցը»: «Զավեշտալի է»,- նշել է մայրս իր օրագրում,- «թեպետ պրոյեկտորի վարձակալությունն ու ֆիլմերը ամենևին էլ էժան հաճույք չեն, սակայն սեփական կինոթատրոն ունենալն ինքնին անկրկնելի հաճույք է ու ժամանց, ինչպես սեփական տիկնիկային թատրոն ունենալը, երբ հնարավորություն կա ցանկացած պահի բացել մոգական արկղիկը»:
Բերգմանի տնային կինոթատրոնը |
Այդ ցուցադրությունները միշտ ընթանում էին հատուկ ծիսակարգի պես: Մենք աստիճանաբար խմբվում էինք և սպասում մյուսներին` շտեմարանի մոտ տեղադրված երկնագույն նստարանի կողքին կանգնած: Ինգմարն էլ էր սպասում, նա միշտ առաջինն էր գալիս: Սկզբում մենք գրկախառնվում էինք, հետո հնչում էր ավանդական հարցը` «դե ինչ, սկսե՞նք»: Նախքան կինոդիտումը, մինչ բոլորս կտրամադրվեինք, ընթանում էին ամենասովորական խոսակցություններ առօրյա թեմաներով, այնուհետև ներկայացվում էր ֆիլմի համառոտ նկարագրությունը: Երբեմն մենք պատրաստում էինք շաբաթվա ընթացքում ցուցադրվելիք ֆիլմերի ձեռագիր պաստառները:
«Ես ոչ մի պատասխանատվություն չեմ կրում այս ֆիլմի համար, պատասխանատվությունը միայն ձերն է, դուք եք ռիսկի դիմում»,- կարող էր ասել Ինգմարն` ընկղմվելով բազկաթոռի մեջ, ծածկվելով հնամաշ կաշվե բաճկոնով և նշան անելով Ինգալիլին, ով նրա կինոմեխանիկն էր ու աջ ձեռքը: Ինգմարի այդ ժեստը պաշտում էին նրա թոռները, քանի որ այդ նշանը ենթադրում էր, որ լույսերը հիմա կմարեն, պրոյեկտորը կմիանա, և կինոն կսկսվի:
Կինոդիտման գրված ու չգրված կանոններն` ըստ Բերգմանի
1. Ճշտապահություն: Բոլորը գիտեն, թե Ինգմարի համար դա որքան կարևոր է: Սեանսը սկսվում է ճիշտ ժամը 3-ին:
2. Շարունակականություն: Կինո հաճախելը միայն անձրևոտ օրերին, լոկ ամենահետաքրքիր ֆիլմերը դիտելը բացառվում է, տրամաբանորեն` բացառվում է նաև արևոտ օրերը ծովափում անցկացնելը, ավելի բարդ կինոնկարների ցուցադրումից բացակայելը: Կարճ ասած` ամենակարևոր պայմանը կինեմատոգրաֆով «հիվանդ» լինելն էր (հնարավոր է` այդ «հիվանդությունը» պահանջում էր նաև մտերմություն հորս հետ, ով մինչ այդ մեր կյանքից բացակայել էր, բայց դա արդեն առանձին պատմություն է):
3. Պատրաստակամություն: Ինգմարը պատմում էր, թե իրեն որքան էր խոցում այն փաստը, որ Լիվ Ուլմանի տաքսան ակնհայտ ցուցադրում է իր ձանձրույթը ցուցադրումների ժամանակ: Այլ կերպ ասած` դուք չէիք կարող ձանձրանալ կամ նույնիսկ քնել: Այդ առիթով ես հաճախ հիշում եմ մի վավերագրական ֆիլմ փայտասղոցարանի մասին. նա գնում էր ու գնում էր, և շարունակվում էին գերանների անվերջանալի կադրերը:Ի՞նչ ֆիլմեր էինք մենք դիտում ամեն ամառ: Ամենասիրելիներն էին Արիանա Մնուշկինայի հանրահայտ «Մոլիերը» (1978), Ալեն Կորնոյի «Աշխարհի բոլոր առավոտները» (1991)` արվեստի ու երաժշտության ազդեցության հավերժական հարցերի մասին, Ակիրա Կուրոսավայի «Ռասյոմոնը» (1950), Ժակ Բեքերի «Ոսկե սաղավարտը» (1952)` Սիմոնա Սինյորեի գլխավոր դերակատարմամբ. սրանք ռոմանտիկ թեմատիկայով ամենագլխավոր ֆիլմերն էին:
Ամեն տարի, հուլիսի 14-ին` Ինգմարի ծննդյան օրը, մենք դիտում էինք Չառլի Չապլինի «Կրկեսը» (1928), որը, թերևս, Ինգմարի համար ամենաթանկն էր: Հաճախ կինոդիտումները սկսում էինք որևէ կարճամետրաժ ֆիլմով, ինչպես նաև մուլտֆիլմով, օրինակ` Վիկտոր Բերգդալի` խոհանոցային սեղանի վրա նկարված մուլտֆիլմերը կապիտան Գրոգի մասին: Ինգմարը պաշտում էր դրանք, նույնիսկ մի ամբողջ փառատոն էր կազմակերպում թոռների համար` «Կապիտան Գրոգ» թեմայով: Ինձ համար Ինգմարը հաճախ ցուցադրում էր իր կարճամետրաժ ֆիլմը` «Կարինի դեմքը» (1983), որը նրա մոր և իմ սիրելի տատիկի մասին է:
Իհարկե, ամառային կինոցուցադրումների գագաթնակետը Վիկտոր Շյոստրյոմի «Կառապանն» էր (1920): Ես կարծում եմ, որ Ինգմարի համար այդ ֆիլմի եզրափակիչ ֆրազը միշտ ծառայել է որպես յուրատեսակ հիշեցում. «Տե'ր, աղերսում եմ Քեզ, թող իմ հոգին հասնի հասունության` մինչև այս աշխարհից հեռանալը»:
Շյոստրյոմի մյուս ֆիլմը, որը նրա առաջին հոլիվուդյան կինոաշխատանքն էր, դարձավ վերջին կինոնկարը, որ դիտեցի Ինգմարի հետ իր կինոթատրոնում 2006թ-ի Սուրբ Հարության տոնին. խոսքը «Նա, ով ապտակներ է ստանում» կինոնկարի մասին է (1924)` Լոն Չեյնիի գլխավոր դերակատարմամբ, կրկեսում կատարվող իրադարձություններով: Սա MGM ընկերության առաջին կինոարտադրանքն էր, և առյուծը, որ հայտնվում է ֆիլմում, իր պատկերով օգտագործվեց նաև ընկերության հանրահայտ լոգոտիպի ստեղծման ժամանակ: Բերգմանի «Խեղկատակների երեկոն» (1953) անմիջականորեն կապված է այս ֆիլմի հետ: Խայտառակությունն և ստորացումը, ծաղրածուի ցավը, բուրժուական կենսակերպի և արվեստագետի հակադրությունը, ծաղրածուն ու ցասումը` այս ամենը վարպետորեն ցույց է տրված Շյոստրյոմի համր ֆիլմում, որը մեծապես ազդել էր Բերգման ռեժիսորի վրա:
Բերգմանի անլսելի ծիծաղը
Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես էինք բոլորս ծիծաղում Բասթեր Կիտոնի «Գեներալը» (1926) ֆիլմը դիտելիս: Գնացքն իր բաց վագոններով շարժվում է, Կիտոնը դուրս է գալիս թունելից, իսկ նրա դեմքը` անդրդվելիորեն հանգիստ, ծածկված է մրով: Դահլիճը պայթում է ծիծաղից: Ի վերջո, Ինգմարը, անձայն ծիծաղից խեղդվելով, վեր է կենում և տրորում աչքերը` ամբողջովին ուժասպառ: Նա երեխայի նման էր, սակայն, միաժամանակ, պրոֆեսիոնալ և հուզական: Նա չէր տրվում ինտելեկտուալ վերլուծություններին և կինոգիտական մտորումներին: Նրա ամենաբարձր գովեստն էր` «լավագույն ամառային ֆիլմը, իսկական ֆիլմ` հատուկ Ֆորյոյի համար»:
Ինգմար Բերգմանը կնոջ` Ինգրիդ վան Ռոզենի հետ |
Կրկին մեջբերեմ Լը Կլեզիոյին. «Ֆիլմը դա հենց այս պահն է»: Բայց չէ՞ որ դա արդեն կատարված փաստ էր, դերասաններն էլ արդեն բոլորովին այլ տեղում էին: Ինքը` Ինգմարը հին ֆիլմեր դիտելիս այդ առիթով հաճախ էր բացականչում. «Եթե մտածենք, չէ՞ որ բոլոր նրանք, ում մենք հիմա տեսնում ենք, արդեն մահացել են»:
Նա զգում էր, որ սև-սպիտակ ֆիլմերի «ընկերակցությունն» իրեն օգնում է հեռանալ և հայտնվել ներկայի ու անցյալի միջև: Հոգեվերլուծաբանները մեզ պատմում են «անցումային հարթակների» մասին, որոնք անհրաժեշտ են աճի ու թերապիայի համար, իսկ արվեստագետի համար դա խաղի և ստեղծագործության հարթակն է: Ֆորյոյում գտնվող կինոթատրոնն Ինգմարի համար հենց այդ կախարդական անցումային զոնան էր` լույսի ու խավարի միջև, անցյալի և ներկայի միջև` ասես ողջերի և մեռածների միջև:
COMMENTS