Time Out New York հանրաճանաչ ամսագիրը ներկայացրել է կինեմատոգրաֆի պատմության 10 ամենասկանդալային ֆիլմերի վարկանիշային ցանկը։
1.«Քրիստոսի չարչարանքները» (The Passion of the Christ), 2004թ
ռեժիսոր՝ Մել Գիբսոն
Ֆիլմում արտացոլված են Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին ժամերը։ Ֆիլմում առկա նատուրալիստական տեսարանները բուռն արձագանք են առաջացրել հրեական համայնքի շրջանում, և հրեաները ֆիլմը որակել են որպես հակասեմական։
2.«Կամքի տրիումֆը» (Triumph des Willens), 1935թ
ռեժիսոր՝ Լենի Ռիֆենշթալ
Ֆիլմը նվիրված է հիտլերյան կուսակցության՝ Նյուրնբերգում տեղի ունեցած համագումարին։ Եվրոպայում Ռիֆենշթալին ընկալում էին որպես ֆաշիզմի քարոզիչ։
3.«Սալո, կամ Սոդոմի 120 օրը» (Salò o le 120 giornate di Sodoma), 1975թ
ռեժիսոր՝ Պիեռ Պաոլո Պազոլինի
Այս ֆիլմը, ինչպես և «Կամքի տրիումֆը», նվիրված է ֆաշիզմի թեմային։ Ֆիլմը լի է Իտալիայի ֆաշիստական վերնախավի՝ երիտասարդ տղաների և աղջիկների հանդեպ գործած բռնության տեսարաններով։ Արևմտյան Գերմանիայում ֆիլմի ցուցադրությունը ժամանակավորապես արգելված է եղել։
4.«Ազգի սկզբնավորումը» (The Birth of a Nation), 1915թ
ռեժիսոր՝ Դևիդ Ուորք Գրիֆիթ
Ֆիլմում արտացոլված են ամերիկյան Հյուսիսի և Հարավի միջև ծագած քաղաքացիական պատերազմին առնչվող իրադարձությունները, որոնք ներկայացված են նաև «Քամուց քշվածները» ֆիլմում։ Ի դեպ, «Քամուց քշվածները» նույնպես կրում է այն գրական ստեղծագործության ազդեցությունը, որի հիման վրա նկարահանվել է «Ազգի սկզբնավորումը»։ Աֆրոամերիկացիների դերերը ֆիլմում խաղացել են գրիմավորված սպիտակամորթ դերասաններ։ Ռեժիսոր Գրիֆիթին մեղադրել են և համարել ռասիստ։
5.«Լարովի նարինջ» (A Clockwork Orange), 1971թ
ռեժիսոր՝ Սթենլի Կուբրիկ
Կինոնկարի հերոսը ապագայում ապրող ագրեսիվ հերոս Ալեքսն է։ Հենց ապագայում տեղի ունեցող իրադարձությունների հանգամանքն էլ առիթ է դարձել քննադատների բուռն բողոքի համար՝ այն հիմնավորմամբ, որ հեռանկարում հասարակության շրջանում տիրելու են բռնությունն ու տոտալիտարիզմը։
6.«Այլանդակները» (Freaks), 1932թ
ռեժիսոր՝ Թոդ Բրոունինգ
Այս ֆիլմում գլխավոր դերերը կատարում են ֆիզիկական զարգացման լուրջ շեղումներով մարդիկ։ Ռեժիսոր Թոդ Բրոունինգին դատապարտում էին մարդկային այլանդակության հիվանդագին ընկալման համար։
7.«Վիրիդիանա» (Viridiana), 1961թ
ռեժիսոր՝ Լուիս Բունյուել
Այս ֆիլմի՝ Կաննում տեղի ունեցած պրեմիերան հանգեցրեց Վատիկանի կողմից հրահրվող ահռելի սկանդալի, և ֆիլմի ցուցադրությունն արգելվեց 16 տարով։ Պատճառն այն էր, որ ռեժիսորը շոշափել էր Իսպանիայում այդ ժամանակ արգելված թեմաներ՝ ինքնասպանությունը, արյունապղծությունը, կնոջ նկատմամբ բռնությունը։
8.«Վերջին տանգոն Փարիզում» (Ultimo Tango a Parigi), 1972թ
ռեժիսոր՝ Բեռնարդո Բերտոլուչի
Ֆիլմը լի է բաց տեսարաններով, ինչն էլ բազմաթիվ քննադատների խանգարել է հասկանալ իտալական կինոյի հանրահայտ վարպետ Բեռնարդո Բերտոլուչիի այս նշանակալից ստեղծագործությունը։ Ֆիլմը ժամանակի ընթացքում դարձավ նույնքան հանրաճանաչ, որքան Բերտոլուչիի մյուս ստեղծագործությունը՝ «Կոնֆորմիստը»։
9.«Բոնին և Քլայդը» (Bonnie and Clyde), 1967թ
ռեժիսոր՝ Արթուր Փեն
Այս ֆիլմում ռեժիսորը ներկայացրել է քրեական աշխարհում հայտնի ավազակային զույգին՝ Բոնիին և Քլայդին։ Կինոնկարը զերծ չէ նաև 1960֊ականների իրադարձություններին առնչվող ակնարկներից՝ բողոքի ցույցեր վիետնամական պատերազմի դեմ, ուսանողական ապստամբություններ, երիտասարդական սթրայք֊շարժումներ։
10.«Թույնը» (Poison), 1990թ
ռեժիսոր՝ Թոդ Հեյնս
Ֆիլմը բաղկացած է երեք նովելից՝ լքվածության և մերժվածության թեմայով միավորված։ Բռնության դաժան տեսարանները կինովարձույթում ֆիլմը դատապարտեցին ցածր վարկանիշի։