Մինչ Եվրոպական կինոակադեմիան զբաղված է տարվա լավագույն ֆիլմերի ընտրությամբ՝ BBC-ն հրապարակել է 21-րդ դարի 100 լավագույն ֆիլմերի ցանկը, որը կազմվել է 177 կինոքննադատների կարծիքների հիման վրա։
Եվրոպական կինոակադեմիան արդեն նախապատրաստվում է իր ամենամյա մրցանակաբաշխությանը, որն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 10-ին լեհական Վրոցլավ քաղաքում։ 1988թ-ին հիմնված այս մրցանակաբաշխության տարբեր տարիների հաղթողներից են եղել այնպիսի անվանի կինոգործիչներ, ինչպիսիք են Պեդրո Ալմոդովարը, Միխայել Հանեկեն, Մայքլ Քեյնը, Խավիեր Բարդեմը, Ժուլյետ Բինոշը, Բյորկը և այլք։ Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցելու է 50 ֆիլմ, այդ թվում՝ Պեդրո Ալմոդովարի «Ջուլյետա», Փոլ Վերհովենի «Նա», Սառա Գավրոնի «Բողոք», Կիրիլ Սերեբրեննիկովի «Աշակերտը», Լենի Աբրահամսոնի «Սենյակը», Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենների «Անծանոթուհին» կինոստեղծագործությունները։
Մինչ կինոակադեմիան զբաղված է ընթացիկ տարվա լավագույն ֆիլմերի ընտրությամբ՝ BBC հեռուստաընկերությունը հրապարակել է 21-րդ դարի 100 լավագույն ֆիլմերի վարկանիշային ցանկը, որը կազմվել է աշխարհի տարբեր երկրները ներկայացնող 177 կինոքննադատների կարծիքների հիման վրա։
Առաջին հորիզոնականում Դեյվիդ Լինչի «Մալհոլանդ Դրայվ» ֆիլմն է, որը նկարահանվել է 2001թ-ին։ Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Վոնգ Կար-Վայի «Սիրային տրամադրություն» (2000թ), Փոլ Թոմաս Անդերսոնի «Նավթ» (2007թ), Հայաո Միյաձակիի «Ուրվականներից քշվածները» (2001թ), Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» (2014թ), Միշել Գոնդրիի «Մաքուր բանականության հավերժ փայլատակումը» (2004թ), Թերենս Մալիքի «Կենաց ծառը» (2011թ), Էդվարդ Յանգի «Մեկը և երկուսը» (2000թ), Ասղար Ֆարհադիի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» (2011թ), Իթան և Ջոել Քոենների «Սա ծերուկների տեղը չէ» (2007թ) ֆիլմերը։