«Ավա՜ղ, անցավ հարյուր տարիս մի գիշերվա երազի պես, թռավ թեթև մի վայրկյանի մեջ․․․»։ «Սաադիի վերջին գարունը» «Դու ձգտում ես ողջ լինել և շուրջդ բազմացնել կյանքը, իսկ իմ դերը մեռած լինելն է, բացարձակապես մեռած․․․»։ «Մորու բացատը»
Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները բազմաժանր են ու յուրօրինակ, և թվում է, թե մեծ բանաստեղծը կարողանում էր ոգեշնչանք գտնել ամենուրեք: Ու զարմանալի չէ, որ Իսահակյանը առանձնահատուկ հետաքրքրություն ուներ Արևելքի հանդեպ, որն իր գունագեղությամբ, անբացահայտելի գաղտնիքներով ու պոեզիայով գերել էր և շարունակում է գերել շատ ու շատ ստեղծագործողների: Իսահակյանն ունի մի շարք աշխատանքներ՝ պարուրված արևելյան շնչով, դրանցից մեկն էլ «Սաադիի վերջին գարունը» արձակ բանաստեղծությունն է, որը պատմում է պարսիկ մեծ բանաստեղծ, սուֆի Սաադի Շիրազիի մասին: Սաադին, կանխազգալով, որ սա իր կյանքի վերջին գարունն է, թախիծով լի հետադարձ հայացք է նետում իր անցյալին և կիսվում ընթերցողի հետ իր թանկագին հիշողություններով:
Հետաքրքիր է, որ այս ստեղծագործությունն ունի նաև կենսագրական արժեք, քանի որ երբ ուսումնասիրում ենք մեծ սուֆիի կենսագրությունը, հանդիպում ենք վերջինիս ճանապարհորդությունների մասին վկայող տարբեր տեղեկությունների. Սաադին եղել Հնդկաստանում, Երուսաղեմում, Մեքքայում, Դամասկոսում, Հյուսիսային Աֆրիկայում: Այս ամենն իր արտացոլանքն է գտել Իսահակյանի ստեղծագործության մեջ: Այսպես է իր ապրած օրերը հիշում Սաադին. «…տեսավ Հնդու խաղաղության գետերը… տեսավ Դեհլիի ոսկեդիպակ ապարանքների մեջ սիգաճեմ աղջիկներին… տեսավ Թուրանի մրրկաշունչ տափաստանները… և երկյուղած ուխտավորների անծայր քարավանները տեսավ… տեսավ Դամասկոսի թավիշ աղջիկներին, որոնց երկար ու քնքուշ ձեռները, մանյակի պես, փաթաթվել էին երիտասարդ Սաադիի պարանոցով…»:
Իսահակյանը պատկերում է ծերացած Սաադիին, ով վաղ առավոտյան իջնում է իր պարտեզը` լսելու «բլբուլների երգը և տեսնելու գարնան հրաշքը»: Այս հատվածը ևս պատահական չէ ընտրվել Իսահակյանի կողմից. ինչպես հայտնի է, Սաադիի հռչակավոր ստեղծագործությունը, որը, հիրավի, համարվում է համաշխարհային պոեզիայի գոհարներից մեկը, «Գյուլիստանն» է, թարգմանաբար` «Ծաղկաստան»: Այն ներառում է բազմապիսի առակներ և ասույթներ, այսինքն՝ մի ամբողջ կյանքի փորձ, իսկ Սաադին, իջնելով պարտեզ, վերհիշում է իր կյանքը․ կյանք, որը տվյալ դեպքում ներկայացված է այգու տեսքով:
Նույն այլաբանությանն ենք հանդիպում շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի «Մորու բացատը» (Smultronstället) ֆիլմում: Գլխավոր հերոս Իսահակ Բորգը արդեն կյանքի մայրամուտին մտորում է իր մանկության, երիտասարդության օրերի մասին, ցավով ու ամոթով հիշում այն բոլոր սխալները, որ գործել է, և զղջանքով ընկալում, որ ի վիճակի չէ վերսկսել կյանքը: Եթե Սաադիի համար վարդի բույրը պիտի լիներ դեպի հիշողություններ տանող բանալին, ապա Բերգմանի մոտ ժամանակի փոփոխությունն արտահայտվում է պարբերաբար կրկնվող ժամացույցի կադրով, ժամացույց, որի վրա չկան սլաքներ:
Ֆիլմում ևս «մորու բացատը» միօրինակ իմաստ չունի: Smultronstället բառը շվեդերենից թարգմանաբար նշանակում է նաև սիրելի վայր՝ կապված հաճելի ու ջերմ հիշողությունների հետ: Մեկ այլ մեկնաբանության համաձայն՝ այն պետք է ընկալել որպես հիշողություն՝ կապված մորու հետ: Ինչպես Բերգմանի հերոսն է փորձում գտնել կյանքի իմաստը, այնպես էլ Սաադին է անվերջ կրկնում իրեն անհանգստացնող հարցերը, որոնց պատասխանները այդպես էլ չի գտնում. «Ո°վ ստիպեց եղնիկին, որ պապակ սրտով մագլցի սեպ ժայռերը… ո°վ ստիպեց, որ վարդը ճեղքե իր զմրուխտյա զրահը… ո°վ ստիպեց մարդուն, որ անհայտից բխե ձև ու հոգի առած՝ մտածելու և տառապելու համար… ո՛վ սեր, դո՛ւ անպարտելի ստիպունք, դո՛ւ քաղցր բռնություն, ես վաղո՜ւց ճանաչում եմ քեզ: Սակայն բնավ չհասկացա քո խորքն ու խորհուրդը…»: (Հետաքրքրական է այն փաստը, որ այս ֆիլմը վերջինն էր նաև Բորգի դերակատարի՝ շվեդ հայտնի ռեժիսոր և դերասան Վիկտոր Շյոստրյոմի համար, ով այլևս չնկարահանվեց և մահացավ ֆիլմի պրեմիերայից երկու տարի անց):
Վերադառնալով Իսահակյանի ստեղծագործությանը՝ հիշենք վերջին հատվածը, երբ Սաադիին հյուր է գալիս իր սիրելի շիրազուհին՝ Նազիաթը: Այս հատվածի և ֆիլմի միջև կրկին կարելի է զուգահեռներ անցկացնել: Ֆիլմում Նազիաթին «փոխարինում են» երեք երիտասարդներ, ում Բորգը համաձայնում է մեքենայով տանել նրանց խնդրած վայրը: Նազիաթին, ըստ իս, կարելի է նույնացնել Սառայի հետ, ով և՛ այդ երեք ուղևորներից մեկն է, և՛ Իսահակի զարմուհին ու առաջին սերը: Երիտասարդ կերպարի ներկայությունը երկու ստեղծագործության մեջ էլ ունի կարևոր խորհուրդ. նշանակում է, որ, չնայած մոտալուտ վախճանին, կյանքը շարունակվելու է արդեն այս երիտասարդների դերակատարմամբ, ովքեր ևս սիրելու և զղջալու են, սխալներ են գործելու և փնտրելու են պատասխան չունեցող հարցեր:
Սոնա Կարապողոսյան