«Հոլիվուդում բոլորն ամեն ինչ ունեն` բացի ամենակարևոր արժեքներից, հանուն որոնց արժե ապրել»: Էլիա Կազան
«Նավահանգստում» ֆիլմը (1954), որն արժանացել է ութ «Օսկարի», արդարացիորեն համարվում է Էլիա Կազանի լավագույն կինոաշխատանքներից մեկը: Այս ֆիլմն ամբողջովին ներծծված է ըմբոստության, մարդասիրության և սոցիալական արդարության համար պայքարի շնչով, ինչը համահունչ էր Կազանի քաղաքական հայացքներին: Առանձնահատուկ է ֆիլմի երաժշտությունը, որի հեղինակը ամերիկացի աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնն է: Գլխավոր դերակատար Մառլոն Բրանդոյի հերոսը` Թերի Մալոյը, նախկին բռնցքամարտիկ է, աշխատում է նավահանգստում` որպես բեռնակիր, և ապրում է այն սկզբունքով, որ կյանքում ֆիզիկական ուժն է գլխավորը: Նրա ինքնավստահությունը սկսում է երերալ այն դեպքից հետո, երբ ակամա դառնում է իր ընկերոջ սպանության հանցակիցը: Տեսնելով, թե տեղական մաֆիայի պարագլուխն արհմիության ներկայացուցիչների հետ ինչպես է շահագործում շարքային բանվորներին և պատժում անհնազանդներին` նա առաջին անգամ մտորում է այն մասին, որ ուժն ու արդարությունը հաճախ քայլում են բոլորովին տարբեր ճանապարհներով: Հենց այդ պահից էլ նա նախընտրում է թելադրել մարդկային ու սոցիալական արդարության իր կանոնները:
![]() |
«Նավահանգստում» |
«Նավահանգստում» ֆիլմից առաջ Կազանը և Բրանդոն արդեն համագործակցել էին «Ցանկություն տրամվայը» (1951) կինոդրամայի նկարահանումների ժամանակ: Թենեսի Ուիլյամսի համանուն պիեսի հիման վրա նկարահանված այս ֆիլմն «Օսկարի» է ներկայացվել տասներկու անվանակարգում, շահել է դրանցից չորսում: Ուիլյամսն ամենահաճախ բեմադրվող և էկրանավորվող հեղինակներից էր, ով հանդես էր գալիս նաև որպես իր պիեսների հիման վրա նկարահանված ֆիլմերի սցենարների համահեղինակ։ Այդուհանդերձ, որպես սցենարիստ նա այդպես էլ չստացավ «Օսկար», թեպետ երկու անգամ ներկայացվեց։ Փոխարենը՝ «Ցանկություն տրամվայը» պիեսի համար նա 1948թ-ին ստացավ Պուլիցերյան մրցանակ։ Պիեսի էկրանավորման նախագծով հետաքրքրված էր Ուիլյամ Ուայլերը․ նա արդեն որոշել էր, որ Բլանշ Դյուբուայի դերում նկարահանելու է Բեթ Դևիսին (անվիճելիորեն՝ հիանալի ընտրություն)։ Իսկ Կազանն այդ նախագծով սկզբում առհասարակ հետաքրքրված չէր, քանի որ թատերական բեմում արդեն ներկայացրել էր պիեսը և համարում էր, թե իր ասելիքն ասել է։
![]() |
«Ցանկություն տրամվայը» |
Կազանը բարձր էր գնահատում Բրանդոյին և ցանկանում էր նրա հետ աշխատել նաև «Վայրի գետը» (1960թ) և «Գործարք» (1969թ) ֆիլմերում, սակայն հանգամանքները այլ կերպ դասավորվեցին։ Փոխարենը՝ նա հայտնաբերեց 23-ամյա Ջեյմս Դինին, ով ամեն կերպ ձգտում էր նմանվել իր կուռքը դարձած Բրանդոյին։ Դինը մեծ էկրանից հանդիսատեսին էր նայում նույնպիսի խորաթափանց հայացքով՝ խենթացնելով կանանց ու աղջիկներին։ Թվում էր՝ Կազանը հերթական անգամ գտել է իր փնտրած կերպարը, սակայն նրանց համագործակցությունը կարճ տևեց․ Ջեյմս Դինը հասցրեց նկարահանվել նրա «Դրախտից դեպի արևելք» (1955թ) ֆիլմում և 24 տարեկան հասակում զոհվեց ավտովթարից՝ հետմահու արժանանալով «Օսկարի»։ «Դրախտից դեպի արևելք» ֆիլմը նկարահանվել է Ջոն Սթեյնբեքի համանուն վեպի մոտիվներով։ Ջեյմս Դինի հերոսը «անառակ որդի» Քել Թրասքն է, ով փորձում է ամեն կերպ նվաճել իր օրինակելի հոր բարեհաճությունը, մինչդեռ հայրը նախապատվությունը տալիս է իր մյուս որդուն՝ Քելի երկվորյակ եղբորը։ Կազանը երկու եղբայրներին ներկայացրել է Աբելի ու Կայենի նմանությամբ՝ ակնհայտ զուգահեռներ անցկացնելով այդ երկու պատմությունների միջև։
![]() |
«Դրախտից դեպի արևելք» |
Ֆիլմում մեծ տեղ է հատկացված հայկական կերպարներին և հայերի ոչնչացմանն ուղղված թուրքական կազմակերպված ծրագրին։ Ստավրոսն իր արկածախնդիր ճանապարհորդությունների ընթացքում մշտապես շրջապատված է հայերով՝ ընկերներից մինչև պատահական ուղեկցորդներ, սիրուհուց մինչև բախտակից տարագիրներ։ Ֆիլմի սկզբում ծնողները երիտասարդ Ստավրոսին արգելում են շփվել հայերի հետ՝ վախենալով նրա ապագայի համար և տեղյակ լինելով, որ նախապատրաստվում են հայերի զանգվածային բնաջնջման հրեշավոր քայլեր։ Սակայն անհնազանդ տղայի համար անընդունելի են նրանց վախն ու շողոքորթությունը։ Նա զզվանքով է հետևում այն տեսարանին, որտեղ նրա բազմազավակ հայրը համբուրում է թուրք պաշտոնյայի ձեռքը, իսկ վերջինս հույներին բնորոշում է որպես խաղաղասեր ժողովուրդ՝ ի տարբերություն մարտնչող հայերի։ Չափազանց ազդեցիկ է նկարահանված խաղաղ բնակչությամբ լի հայկական եկեղեցին այրելու տեսարանը։ Աղոթքն ու կրակը միախառնվում են իրար, և Ստավրոսը սարսափով հետևում է այդ ամենին՝ փորձելով փրկել իր հայ ընկերոջը՝ Վարդանին։ Ի վերջո, ծնողները որոշում են հույն տղային ուղարկել անվտանգ վայր՝ Անատոլիայից հեռու, որպեսզի հետագայում իրենք էլ տեղափոխվեն նրա մոտ։
![]() |
«Ամերիկա, Ամերիկա» |
Կազանի ավելի վաղ շրջանի ուշագրավ աշխատանքներից է «Խուճապ փողոցներում» ֆիլմ-նուարը, որն արժանացավ «Օսկարի» և մրցանակի Վենետիկի կինոփառատոնում։ Ալբեր Քամյուի հանրահայտ «Ժանտախտը» վեպի լույս ընծայումից հետո համաճարակների տարածման գաղափարը՝ ուղղակի և փոխաբերական իմաստով, դարձավ չափազանց հանրաճանաչ և իր տարածումը գտավ արվեստի տարբեր ճյուղերում։ Երեք տարի անց՝ 1950թ-ին Կազանը սկսեց ժանտախտի թեման դետեկտիվ ժանրում արծարծող մի պատմվածքի էկրանավորումը՝ արդյունքում նկարահանելով մինչ օրս էլ դիտարժան այս ֆիլմը։ Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար ստացած իր առաջին «Օսկարով» Կազանը «պարտական է» 1947թ-ին նկարահանված «Ջենթլմենական համաձայնություն» ֆիլմին, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Գրեգորի Պեկն ու Դորոթի ՄըքԳուայրը։ Ֆիլմը հակասեմականության մասին է։
![]() |
«Փինքի» |
Կազանի ֆիլմագրության հետաքրքիր էջերից է նաև «Հյուրերը» ֆիլմը (1972թ), որը Կաննի կինոփառատոնում ներկայացվել է «Ոսկե արմավենու»։ Ֆիլմը նկարահանվել է այն ժամանակ, երբ Վիետնամական պատերազմը դեռևս շարունակվում էր, այնպես որ՝ սյուժեն ավելի քան ակտուալ էր։ Կազանն ի դերև է հանել դավաճանության, մեղքի և պատժի թեման։ Ֆիլմի հերոս Բիլլը, ում կերպարը գերազանց մարմնավորել է Ջեյմս Վուդսը, կնոջ և որդու հետ բնակվում է քաղաքից դուրս, որտեղ հաստատվել է Վիետնամական պատերազմին մասնակցելուց հետո։ Օրերից մի օր Բիլլին այցելում են նրա զինակից ընկերները, ովքեր Վիետնամում բռնաբարել և սպանել են տեղացի աղջկա՝ ենթարկվելով պատասխանատվության։ Հանցագործության պահին Բիլլը նրանց չի կանխել, սակայն նրանք հյուր են եկել ներքին վրեժխնդրությամբ լի, որովհետև համարում են, որ հենց Բիլլի մեղքով են հայտնվել դատարանի առաջ։
![]() |
«Հյուրերը» |
1976թ-ին նկարահանված «Վերջին մագնատը» ֆիլմը դարձավ Կազանի վերջին ֆիլմը։ Նա այլևս չնկարահանեց, թեպետ ապրեց երկար և վախճանվեց 2003թ-ին, 94 տարեկան հասակում։ «Վերջին մագնատին» հաջորդած շուրջ 30 տարիների ընթացքում Կազանը հանդես եկավ միայն որպես դերասան և սցենարիստ, այն էլ՝ զգալի ընդմիջումներով։ Կազանի վերջին ֆիլմը, որը նկարահանվել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն անավարտ վեպի հիման վրա, փայլում է իր դերասանական կազմով՝ Ռոբերտ դե Նիրո, Թոնի Կերտիս, Ժաննա Մորո, Ջեք Նիքոլսոն, Ռոբերտ Միթչեմ․․․ Կինոմագնատ Մոնրո Սթարը երբեք և ոչ մի պարագայում չի թողնում աշխատանքը, նույնիսկ այն ժամանակ, երբ երկիրը սկսում է խեղդվել Մեծ ճգնաժամի հետևանքով, նույնիսկ այն ժամանակ, երբ վախճանվում է նրա կինը, նույնիսկ այն ժամանակ, երբ արհմիությունները սկսում են խոչընդոտել նրա ծրագրերին։ Եվ հանկարծ հայտնվում է Քեթլինը՝ հեղաշրջելով Մոնրոյի կյանքը։ Նա, ով բոլորին հաղթում էր կինեմատոգրաֆի աշխարհում, պարտություն է կրում մի կնոջից։ «Ես ընդամենը կինո էի նկարահանում»,- վերջում իր խորհրդանշական խոսքերն է ասում ֆիլմի հերոսը։
![]() |
«Վերջին մագնատը» |
Չվիճարկելով Կազանի ռեժիսորական մեծությունը, որն անհերքելի էր՝ Հոլիվուդում շատերը վիճարկում էին նրա մարդկային հատկանիշները։ Կազանի հանդեպ վերաբերմունքը երբեք միանշանակ չի եղել, ինչի պատճառը 1952թ-ին հակաամերիկյան գործունեությունը հետաքննող կոմիտեի նիստի ժամանակ տեղի ունեցած նրա հարցաքննությունն էր։ Այդ ժամանակ Կազանը, ըստ պահպանված տեղեկությունների, բացեիբաց թվարկել էր իր այն համախոհների անունները, որ 1930-ական թթ-ներին իր հետ միասին գաղտնի անդամակցել էին կոմունիստական կուսակցությանը։ Ութ դերասանները, ում անունները հնչել էին այդ օրը, անմիջապես հայտնվել էին Հոլիվուդի սև ցուցակում, և նրանց կինոկարիերան ավարտվել էր։ Հայտնի է, որ Կազանի այդ արարքը արժանացել է Օրսոն Ուելսի քննադատությանը։ 1999թ-ին, երբ Կազանին հանձնում էին «պատվավոր Օսկարը», այդ պատմությունը դեռևս մոռացված չէր։
![]() |
Էլիա Կազանը՝ «Ամերիկա, Ամերիկա» ֆիլմի նկարահանումների ժամանակ |
«Ես ընդամենը կինո էի նկարահանում»։ Սակայն նա նկարահանում էր գերազանց կինո, որը ստեղծելու հնարավորության համար գուցեև կործանեց ութի կարիերան, սակայն իր ֆիլմերով փրկեց, ուժ ներշնչեց և գեղարվեստական հաճույք պատճառեց միլիոնավորներին։
Անուշ Բաբայան
COMMENTS