«Սա պատմության մեջ միակ դեպքն է, երբ մարդը «ծնվում է» արդեն հասունացած: Կասպարի պատմությունն այն մասին է, թե ինչպես է մեզ փչացնում և ոչնչացնում քաղաքակրթությունը՝ ստիպելով ապրել շրջապատի օրենքներով: Ամեն մի ինքնաբուխ հույզ, որ կա Կասպարի մեջ, հետևողականորեն սպանվում է հասարակության կողմից»: Վերներ Հերցոգ

ռեժիսոր՝ Վերներ Հերցոգ
սցենարի հեղինակ՝ Վերներ Հերցոգ
օպերատոր՝ Յորգ Շմիդտ-Ռայտվայն
պրոդյուսեր՝ Վերներ Հերցոգ
դերերում՝ Բրունո Ս., Վալտեր Լադենգաստ, Բրիգիտա Միրա, Վիլլի Զեմելրոգե
արտադրությունը՝ Գերմանիա (ԳՖՀ), 1974թ
տևողությունը՝ 1ժ 50ր
Ֆիլմը ներկայացնում է Կասպար Հաուզերի՝ իրական դեռահասի կենսագրությունը։ Նա խորհրդավոր հանգամանքներում 1828թ-ին հայտնվել էր Նյուրնբերգում և հինգ տարի անց սպանվել՝ անբացատրելի պատճառներով։ Կասպարի ծագումն այդպես էլ գաղտնիք մնաց մարդկության համար, թեպետ շրջանառվում էին ամենատարբեր վարկածներ՝ ընդհուպ մինչև նրա՝ արքայական տոհմից սերված լինելը։ Ըստ այդմ՝ Կասպարը, իբր, ժառանգության հավակնորդ անցանկալի երեխա էր, ումից անհրաժեշտ էր ծածուկ ազատվել՝ ի շահ ընտանիքի մյուս երեխաների։ Կասպարը ողջ մանկությունն անցկացրել էր գետնին շղթաներով գամված։ Նա չէր կարողանում ոչ կարդալ, ոչ գրել, ոչ շփվել մարդկանց հետ։ Երբ նա քնած էր, առեղծվածային մի մարդ նրան ուտելիք էր բերում։ Օրերից մի օր այդ նույն մարդը նրան դուրս հանեց լույս աշխարհ և բաց թողեց քաղաքի կենտրոնում։ Հայտնվելով մարդկանց միջավայրում՝ Կասպարը արագորեն յուրացնում էր այն ամենը, ինչ տեսնում էր՝ գիտելիքից մինչև կենցաղավարություն, սակայն նրա հոգին ոչնչով չէր աղտոտվում, մինչդեռ վայրի ու շահամոլ աշխարհում նրան պաշտպանվել էր պետք․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Սա Բրունո Ս.-ի առաջին դերն է կինոյում: Կասպար Հաուզերի նման` նա էլ ծննդյան օրվանից ապրել է նկուղում՝ չկասկածելով այլ մարդկանց գոյության մասին:
- Վերներ Հերցոգը մտադիր էր իր ֆիլմը նվիրել գերմանական կինոէքսպրեսիոնիզմի լեգենդար հետազոտող, կինոքննադատ Լոթա Էյսներին, ով այդ օրերին Փարիզում պայքարում էր ծանր հիվանդության դեմ: Նկարահանումների ավարտից հետո Հերցոգը ոտքով ուղևորվեց Մյունխենից Փարիզ՝ քարտեզի և կողմնացույցի օգնությամբ հաղթահարելով ավելի քան 400 մղոն, գիշերելով կամուրջների տակ, որպեսզի իր այդ յուրատեսակ զոհաբերությամբ «հետ գներ» նրա կյանքը:
- Սկանդալային գրող Անաիս Նինը կատակով հայտարարել է, որ Կասպար Հաուզերի պատմությունն ավելի է «կախարդում», քան Հիսուս Քրիստոսի պատմությունը:
- Ժյուրիի Գրան-պրի մրցանակ, FIPRESCI մրցանակ, էկումենիկ ժյուրիի մրցանակ` Կաննի միջազգային կինոփառատոնում: