Գիբսոնը նոր կինոնախագծին մասնակցելու է որպես դերասան, իսկ ռեժիսորի պարտականությունները ստանձնելու է Ֆարհադ Սաֆինիան, ում համար այս ֆիլմը դառնալու է ռեժիսորական դեբյուտ։
Մինչ այժմ այս երկու կինոաստղերը առիթ չեն ունեցել միասին աշխատելու, թեպետ երկուսն էլ կինոյի աշխարհ են մուտք գործել գրեթե միաժամանակ՝ 1970-ականների վերջին, և սա նրանց կինոկարիերայում նկատվող միակ ընդհանրությունը չէ։ Նրանք երկուսն էլ մշտապես հայտնվել են մասնագիտական ու անձնական սկանդալների կիզակետում, երկուսն էլ ունեն բավականաչափ անկախ խառնվածք, դրսևորում են անկանխատեսելի վարքագիծ, իսկ ամենակարևորը՝ դերասանական հռչակով չբավարարվելով՝ անցում են կատարել ռեժիսուրայի ասպարեզ, ընդ որում՝ այդ անցումը եղել է հաջողված ու խոստումնալից։
Այսպիսով, հիմա նրանց բախտ է վիճակվել միասին աշխատելու Սայմոն Վինչեսթերի «Ուսուցիչ և խելագար․ Սպանության, խելացնորության և անգլերեն լեզվի օքսֆորդյան բառարանի ստեղծման պատմությունը» գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմում։ Այս գրքի էկրանավորման իրավունքը Մել Գիբսոնը ձեռք էր բերել դեռևս 1998թ-ին՝ նպատակ ունենալով հանդես գալ որպես ռեժիսոր, սակայն այդպես էլ չէր հասցրել կյանքի կոչել իր երազանքը։ Գրեթե 20 տարի անց նա այս կինոնախագծին մասնակցելու է որպես դերասան, իսկ ռեժիսորի պարտականությունները ստանձնելու է նրա «Ապոկալիպսիս» ֆիլմի սցենարիստ Ֆարհադ Սաֆինիան, ում համար այս ֆիլմը դառնալու է ռեժիսորական դեբյուտ։
Մել Գիբսոնը մարմնավորելու է շոտլանդացի բանասեր Ջեյմս Մյուրեյի կերպարը։ Մյուրեյին հաջողվել է երկարամյա տիտանական աշխատանքի արդյունքում ստեղծել 12 հատորից բաղկացած մի բառարան, որը ներառում է գրական և խոսակցական անգլերենում 12-րդ դարից ի վեր գործածվող բոլոր բառերն ու բնորոշումները՝ իրենց մանրակրկիտ բացատրություններով։ Շոն Փենին բաժին է ընկել Մյուրեյի օգնականի՝ ամերիկացի զինվորական բժիշկ Ուիլյամ Չեսթեր Մայնորի դերը։ Բառարանի ստեղծման աշխատանքին մասնակցելիս Մայնորը գտնվել է հոգեբուժարանում, որտեղ նրան պահում էին սպանության մեղադրանքով։