«Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմը 1960-ականների ոճի խորհրդանիշն է։
Նույնիսկ նրանք, ովքեր կինոկատակերգությունների, նորաձևության, «թեթև» գրականության ու բոլորի կողմից ընդունված այլևայլ հիթերի սիրահար չեն, չեն կարող չգնահատել այս ֆիլմը, որը ժամանակին դարձել էր 1960-ականների ոճի խորհրդանիշը: Նորաձևության միտումները փոխվում են սրընթաց արագությամբ, սակայն բարձր ճաշակի դրսևորումները երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը: Ռեժիսոր Բլեյք Էդվարդսի «Նախաճաշ Տիֆանիի մոտ» հանրահայտ ֆիլմը, որը նկարահանվել է ամերիկացի գրող Թրումեն Կապոտեի վեպի հիման վրա, այսօր էլ հիացնում է նրբաճաշակությամբ, անթերի ոճով ու անդիմադրելիորեն գրավիչ կերպարներով:
Դժվար է ասել` այս ֆիլմը կունենա՞ր նույնպիսի հաջողություն, եթե գլխավոր հերոսուհի Հոլի Գոլայթլիի դերում նկարահանվեր հոլիվուդյան մեկ այլ գեղեցկուհի: Թերևս` ո'չ, որովհետև այդ տարիների կինեմատոգրաֆում, ինչպես և այսօր, գեղեցկուհիները բազմաթիվ էին, սակայն Օդրի Հեփբերնը բացառիկ էր իր եթերային հմայքով, ազնվականությամբ, բնատուր կանացիությամբ ու անմիջականությամբ: Նրա հմայքը զարդարում էր այն բոլոր ֆիլմերը, որոնց դերասանական կազմում նա ընդգրկված էր` «Հռոմեական արձակուրդները», «Սաբրինան», «Զվարճալի դնչիկը», «Ինչպես գողանալ միլիոնը» և այլն:
Օդրին համարվում էր «ոճի իկոնա», հանդես էր գալիս նաև որպես ֆոտոմոդել, նրան ընդօրինակում էին հազարավոր կանայք, իսկ նորաձևության դիզայներները երազում էին իրենց ստեղծած հագուստը ներկայացնել նրա մատուցմամբ: Նրա ամենասիրելի դիզայները լեգենդար Յուբեր դը Ժիվանշին էր` ֆրանսիական Givenchy նորաձևության տան հիմնադիրը, ով իր հերթին Օդրիին դիտարկում էր որպես մուսա, ոգեշնչման աղբյուր:
Ժիվանշիին և Հեփբերնին միավորում էր ոչ միայն աշխատանքային համագործակցությունը, այլև շուրջ 40 տարի տևած ջերմ ընկերությունը: Նրանց ծանոթությունը սկիզբ էր առել 1954թ-ին, երբ Օդրին շրջում էր նորաձևության տներով և համապատասխան հագուստ էր փնտրում «Սաբրինա» ֆիլմում նկարահանվելու համար: Ժիվանշիին տեղեկացրել էին, որ իր ատելիե է այցելելու դերասանուհի Հեփբերնը, և նա անհամբերությամբ սպասում էր նշանավոր Քեթրին Հեփբերնին: Ի զարմանս դիզայների` նրա նորաձևության տուն մուտք գործեց Օդրի անունով մի աղջիկ, ով անմիջապես գրավեց իր անկեղծությամբ ու նրբագեղությամբ: Հետագայում Ժիվանշին դարձավ նաև Օդրիի հարսանեկան զգեստի հեղինակը:
Նրանց համագործակցությունը չի սահմանափակվել միայն «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմով, սակայն այս ֆիլմը Ժիվանշի-Հեփբերն նորաոճ տանդեմի ստեղծագործական գագաթնակետն էր: Լակոնիկ սև երկար զգեստը, որն Օդրին կրում է ֆիլմի սկզբում, ճանաչվել է կինեմատոգրաֆի պատմության ընթացքում երբևէ ստեղծված ամենահայտնի հագուստներից մեկը, ինչպես նաև բոլոր ժամանակների լավագույն little black dress-ը: Այս զգեստը, ի դեպ, 2006թ-ին լոնդոնյան Christie’s աճուրդում վաճառվել է շուրջ 1 մլն դոլարով:
Մեծ էկրան բարձրանալուց հետո «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմը անմիջապես դարձավ կուռքային ստեղծագործություն և որակվեց որպես «նորաձևության կինոհանրագիտարան»: Բոլոր կանայք սկսեցին կրել նույնպիսի սև երկար ձեռնոցներ, մարգարտյա վզնոցներ, լայներիզ գլխարկներ, արևային խոշոր ակնոցներ, գունագեղ վերարկուներ, կլորավուն կոշիկներ ու կոկտեյլային զգեստներ, ինչպիսիք ֆիլմում կրում էր էքսցենտրիկ գեղեցկուհի Հոլի Գոլայթլին: Ընդօրինակում էին նաև Հոլիի սանրվածքներն ու դիմահարդարվելու ոճը:
Ինչ վերաբերում է Tiffany & Co. ոսկերչական ընկերությանը, ապա ֆիլմի պրեմիերայից հետո այս ապրանքանիշի զարդերը վաճառվեցին այնպիսի արագությամբ, որ գերազանցեցին շուկայում մինչ այդ արձանագրված բոլոր ռեկորդները: Ճապոնական ընկերություններից մեկը սկսեց արտադրել Հոլիի կերպարանքով տիկնիկներ, գերմանական ընկերություններից մեկը թողարկեց Հոլիի դիմանկարով նամականիշներ` ավելի քան 50 հզ եվրո արժողությամբ, իսկ Օդրին 1962թ-ին հայտնվեց «Օսկարի» հավակնորդների թվում` կանացի լավագույն դերակատարման համար:
Փաստ է, որ այս ֆիլմը, ինչպես 1960-ականներին, այնպես էլ այսօր, սերմանում և սովորեցնում է բարձր ճաշակ: Իսկ բարձր ճաշակի պակասն ակտուալ խնդիր է դարձել հատկապես այսօր, երբ նորաձևությունն ասես սպառել է իրեն և գրեթե չի ստեղծում հիշարժան կերպարներ:
Ալինա Պետրոսյան
Ալինա Պետրոսյան