«Կարծում եմ՝ մարդը պետք է ազնիվ լինի ինքն իր հանդեպ, իր մտերիմների հանդեպ և իր հայրենիքի հանդեպ, որքան էլ կյանքը ծանր ու անելանելի թվա։ Իհարկե, մեզ ամեն ինչ դժվարությամբ է տրվում, և պետք է կարողանալ հաղթահարել այդ ֆիզիկական ու բարոյական դժվարությունները»։ Պավել Արսենով
![]() |
Արսենովը նկարահանման հրապարակում |
Պավել Արսենովը ծնվել է 1936թ-ին Թբիլիսիում, հայկական ընտանիքում։ Ավարտելով Թբիլիսիի երկրաբանական ինստիտուտը՝ նա որոշում է աշխատել ոչ թե իր մասնագիտությամբ, այլ կինեմատոգրաֆի աշխարհին հնարավորինս մոտիկ մի տեղում, և, օգտագործելով առաջին իսկ հարմար տարբերակը, որպես բանվոր՝ աշխատանքի է ընդունվում «Վրացֆիլմ» կինոստուդիայում։ Հենց այստեղ էլ նա վերջնականապես վճռում է իրեն նվիրել կինոարվեստին և շուտով մեկնում է Մոսկվա՝ կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում սովորելու։ Զուգահեռաբար աշխատում է գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիայում։ 1963թ-ին Արսենովն ավարտում է ինստիտուտը և աշխատանքի անցնում Մ. Գորկու անվան կինոստուդիայում՝ որպես ռեժիսորի ասիստենտ։ Հենց այստեղ էլ նա, արդեն որպես ինքնուրույն ռեժիսոր, նկարահանում է իր առաջին երկու կարճամետրաժ ֆիլմերը՝ «Արևածաղիկը» և «Լյոլկան», իսկ 1967-ին նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Փրկեք խեղդվողին» կատակերգությունը։
![]() |
«Եղջերու արքան» |
![]() |
«Սիրելիներից մի՛ բաժանվեք» |
Հինգ տարվա ստեղծագործական դադարից հետո, 1984թ-ին, Արսենովը սկսում է Խորհրդային միությունում տարիներ շարունակ կուռքային համարվող «Հյուրը ապագայից» մանկական բազմասերիանոց գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումները։ Այսօր արդեն դժվար է հավատալ, որ միլիոնավոր դպրոցականների ամենասիրելի ֆիլմերից մեկի նկարահանումները երկար ժամանակ վտանգված էին, որովհետև կինոստուդիայի ու հեռուստատեսության ղեկավարությունը պնդում էր, թե խորհրդային դպրոցականներին պետք չեն այլմոլորակայինները և ժամանակի մեքենայով ապագայից ներկա ու ներկայից ապագա տեղափոխվող արկածախնդիր երեխաները։ Արսենովին հրաժարվում էին ֆինանսավորում տրամադրել, սակայն նա վստահ էր, որ ֆանտաստ գրող Կիր Բուլիչովի ստեղծագործության էկրանավորումը դուր կգա երեխաներին։ Եվ նա չէր սխալվում։ Մեծ դժվարությամբ կյանքի կոչելով իր մտահղացումը՝ Արսենովը անմիջապես հայտնվեց շռնդալից հաջողության կիզակետում։ 1985թ-ին, ֆիլմի պրեմիերայից հետո, հեռուստատեսությունը, կինոստուդիան, ռեժիսորը, սցենարիստն ու ֆիլմի պատանի դերակատարները անհամար նամակներ ստացան երախտապարտ հանդիսատեսից, որն իրականում հոգնել էր խորհրդային ստանդարտ ու միանման կինոնկարներից՝ սպասելով որևէ արդիական, թարմ, գրավիչ ու անսովոր նորույթի։ Ֆիլմում հնչող «Հիասքանչ գալիք» երգը դարձել էր դպրոցականների նորընծա հիմնը, և բոլորն անգիր գիտեին այն։
![]() |
«Հյուրը ապագայից» |
1990-ականների կեսերին Գորկու անվան կինոստուդիայում առհասարակ դադարեցին նկարահանել մանկական ֆիլմեր, և Պավել Արսենովը հեռացավ կինեմատոգրաֆից։ Մի քանի տարի շարունակ նա իր կենսասիրության ողջ ուժով պայքարում էր ծանր հիվանդության դեմ, սակայն 1999թ-ին, 63 տարեկան հասակում, կնքեց իր մահկանացուն։ Նա երբեք չդավաճանեց իր ռոմանտիկ էությանը, և այդ էությունը հեքիաթի տեսքով արտացոլեց իր ֆիլմերում։
![]() |
«Մանուշակագույն գունդը» |
Անուշ Բաբայան