«Բոլոր պատերը, բոլոր միջանցքները, բոլոր դռները, իսկ մյուս կողմում՝ մյուս պատերը․․․ Եթե միայն իմանայիք՝ մինչև Ձեզ մոտ գալը, մինչև Ձեզ հասնելը ինչեր եմ հաղթահարել․․․»։

Հայտնի է, որ Ռենեն ֆիլմի հերոսների հագուստով զբաղվող դիզայներին ցույց է տվել կադրեր 1920֊ականների համր ֆիլմերից՝ պահանջելով վերստեղծել այդ ոճի հագուկապ։ Բացի այդ՝ նա նկարահանող խմբի անդամներին խնդրել է անպայման դիտել Գեորգ Վիլհելմ Պաբստի «Պանդորայի արկղը» հանրահայտ ֆիլմը, քանի որ, իր մտահղացման համաձայն, «Անցյալ տարի Մարիենբադում» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Դելֆին Սեյրիգը պիտի հագուստով ու շարժուձևով հիշեցներ Լուիզա Բրուքսին։ Իհարկե, Սեյրիգն ու Բրուքսը չափազանց տարբեր խառնվածքի տեր կանայք են․ առաջինի ազնվական սառնությունն ու երկրորդի կրակոտ կենսասիրությունը որևէ ընդհանրություն չէին կարող ունենալ։ Սակայն որոշ տարրեր համր կինոյի դարաշրջանից, այնուամենայնիվ, Ռենեին հաջողվել է «տեղափոխել» իր ֆիլմ։ Սեյրիգի հագուստների մեծ մասը հեղինակել է անկրկնելի Կոկո Շանելը, ում յուրաքանչյուր նոր մտահղացումը ընդօրինակման առարկա էր դառնում ոչ միայն իր ժամանակակիցների, այլև սերունդների համար։ Նույնը կատարվեց նաև Ռենեի ֆիլմի պարագայում․ Շանելի ստեղծած հագուստը մինչ օրս էլ ոգեշնչման աղբյուր է հանդիսանում մոդելավորողների համար։ 2011թ֊ին մերօրյա լեգենդ Կառլ Լագերֆելդը ներկայացրեց այս ֆիլմի մոտիվներով ու ոճով պատրաստված «Գարուն/Ամառ» հավաքածուն, իսկ լուսանկարիչներն իրենց ֆոտոշարքերում վերարտադրեցին Ռենեի ստեղծած վիզուալ ոճը։

Թեպետ ֆիլմի վերնագրում հիշատակվում է չեխական Մարիենբադ քաղաքը, սակայն նկարահանումներն ընթացել են Փարիզում և Մյունհենում։ 1961թ֊ին ֆիլմն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին, սակայն Կաննի կինոփառատոնին այդպես էլ չի մասնակցել․ կազմակերպիչները մերժել են Ռենեին, քանի որ վերջինս ստորագրել էր Ժան֊Պոլ Սարտրի՝ ալժիրյան պատերազմի դեմ ուղղված հռչակագիրը։ Այդուհանդերձ, որքան էլ քաղաքականությունը փորձի կառավարել մշակույթը, մնայուն ստեղծագործությունները, ծնվելուն պես, սկսում են ապրել իրենց ինքնուրույն կյանքով, իսկ այդ կյանքը, բարեբախտաբար, ժամանակից դուրս է և մարդկային նախընտրություններից վեր։
Անուշ Բաբայան