«Չեմ կարող ասել, թե որն է իմ ֆիլմի թեման, հնարավոր է, որ թեման գոյություն էլ չունի, սակայն գլխավոր գաղափարներից մեկը դեռահաս տարիքը որպես դժվար ժամանակաշրջան պատկերելն էր և «հին ու բարի օրերի» կարոտախտի գայթակղությանը դիմադրելը... Քանզի մանկությունն ինձ համար ցավոտ հիշողությունների մի շարք է»: Ֆրանսուա Տրյուֆո
ռեժիսոր՝ Ֆրանսուա Տրյուֆո
սցենարի հեղինակներ՝ Ֆրանսուա Տրյուֆո, Մարսել Մուսի
օպերատոր՝ Անրի Դեկե
կոմպոզիտոր՝ Ժան Կոնստանտեն
դերերում՝ Ժան-Պիեռ Լեո, Քլեր Մորիե, Ալբեր Ռեմի, Գի Դեքոմբլ, Պատրիկ Օֆե
արտադրությունը՝ Ֆրանսիա, 1959թ
տևողությունը՝ 1ժ 38ր
Տասներկուամյա Անտուան Դուանելը «դժվար դեռահասի» դասական օրինակ է, սակայն նրա արարքները գուցեև լինեին պակաս պրովոկացիոն և անկանխատեսելի, եթե մշտապես բազմազբաղ մայրը փորձեր հասկանալ նրան և ավելի շատ ժամանակ և ուշադրություն հատկացներ։ Անտուանի խորթ հայրն իր թույլ բնավորության պատճառով չի կարողանում սեփական կարծիքը լսելի դարձնել ո՛չ կնոջ, ո՛չ էլ տղայի համար, իսկ դպրոցի ուսուցիչը բոլոր խնդիրները լուծում է տղային պատժելու միջոցով։ Այս ամենը հանգեցնում է Անտուանի և նրա ընկերոջ հաճախակի փախուստին դասերից և տնից։ Իհարկե, այսօրինակ կյանքի հետևանքները չեն կարող չանդրադառնալ տղայի ճակատագրի վրա․․․ Տրյուֆոյի խոստովանությամբ՝ այս պատմությունն ինքնակենսագրական է և արտացոլում է նրա կյանքն ու ընտանիքի անդամների հետ փոխհարաբերությունները։ Հետագայում Տրյուֆոն Դուանելի կերպարն օգտագործել է իր այլ ֆիլմերում ևս։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- «Չորս հարյուր հարված» («faire les 400 coups») արտահայտությունը ֆրանսերենում կիրառվում է «վարվել անպարկեշտ, խախտել բարոյական նորմերը» իմաստով:
- Իր առաջին լիամետրաժ ֆիլմը Տրյուֆոն նվիրել է Անդրե Բազենին։
- Ռեժիսորին մեծապես ոգեշնչել է Ժան Վիգոյի «Վարքը՝ զրո» (1933թ) կարճամետրաժ գլուխգործոցը, որի տեսարաններից մեկն ուղղակիորեն մեջբերվում է Տրյուֆոյի ֆիլմում։
- Մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար և Կաթոլիկների միջազգային միության մրցանակ` Կաննի միջազգային կինոփառատոնում: