Սիլվիան, ով մինչ օրս էլ հանդիսանում է ֆեմինիստուհիների ամենասիրելի գրողներից մեկը, վեպում արտացոլել է 1950-ականների հասարակությունն իր նախապաշարմունքներով ու պայմանականություններով, որոնք խեղում են նրա հերոսուհու անհատականությունը և կաշկանդում նրա ստեղծագործական թռիչքը։
Ամերիկացի ճանաչված դերասանուհի Կիրստեն Դանստը հաջորդ տարի հանդիսատեսին կներկայացնի իր ռեժիսորական դեբյուտը՝ առաջին լիամետրաժ ֆիլմը, որը նա նկարահանել է մեկ այլ հայտնի ամերիկուհու՝ վաղամեռիկ գրող և բանաստեղծուհի Սիլվիա Պլատի «Ապակե կափարիչի տակ» ինքնակենսագրական վեպի հիման վրա։ Հետաքրքրական է, որ երկու ամերիկուհիներն էլ՝ Դանստը և Պլատը, ունեն գերմանական արմատներ։ 34-ամյա Կիրստենն այժմ գրեթե նույն տարիքում է, ինչ Սիլվիա Պլատն իր ողբերգական վախճանի ժամանակ։ Կիրստենն իր ֆիլմն անվանել է «Ապակե կափարիչը» և գլխավոր դերում նկարահանելու է նոր սերնդի ամենաճանաչված դերասանուհիներից մեկին՝ 22-ամյա Դակոտա Ֆանինգին, ով հանդիսանում է նաև ֆիլմի պրոդյուսերներից մեկը։
«Հարցազրույց վամպիրի հետ», «Ջումանջի», «Ինքնասպան կույսերը», «Սարդ-մարդը», «Մարի Անտուանետ», «Մելամաղձություն» և այլ ֆիլմերով հայտնի դարձած Կիրստենը մինչ այժմ հասցրել է նկարահանել երկու կարճամետրաժ ֆիլմ։ «Ապակե կափարիչի» սցենարը նա գրել է Նելլի Կիմի հետ միասին։ 1963թ-ին՝ Սիլվիա Պլատի ինքնասպանությունից մեկ ամիս առաջ հրատարակված այս վեպի հերոսուհին Էսթեր Գրինվուդն է, ով համալսարանական կրթությունն ավարտելուց հետո սկսում է աշխատել ամսագրում և երազել մեծ գրականություն ստեղծելու մասին, սակայն, այդպես էլ չգտնելով իր տեղը կյանքում, դառնում է կործանիչ ընկճախտի զոհը։ Սիլվիան, ով մինչ օրս էլ հանդիսանում է ֆեմինիստուհիների ամենասիրելի գրողներից մեկը, վեպում արտացոլել է 1950-ականների հասարակությունն իր նախապաշարմունքներով ու պայմանականություններով, որոնք խեղում են նրա հերոսուհու անհատականությունը և կաշկանդում նրա ստեղծագործական թռիչքը։
Վեպն առաջին անգամ էկրանավորվել է 1979թ-ին՝ Մերիլին Հասեթի գլխավոր դերակատարմամբ։ 2003թ-ին Սիլվիա Պլատի կերպարը մեծ էկրանին մարմնավորել է Գվինեթ Փելթրոուն։ 30-ամյա Պլատի ինքնասպանությունը 1963-ին ցնցեց հանրությանը։ Շատերը մեղադրեցին նրա նախկին ամուսնուն՝ ճանաչված բանաստեղծ Թեդ Հյուզին, ով թողել էր կնոջն ու երկու երեխաներին և սիրավեպ էր սկսել մեկ այլ կնոջ՝ Ասյա Վևիլի հետ։ Պլատի մահվանից վեց տարի անց 41-ամյա Ասյան ինքնասպանություն գործեց նույն եղանակով, ինչ Պլատը, ում հետմահու շնորհվեց Պուլիցերյան մրցանակ։