Բրիտանացի ճանաչված դերասան Ռուփերթ Էվերեթը, ում հաճախակի կարելի է տեսնել դասական ստեղծագործությունների էկրանավորումներում, որոշել է վերջապես կյանքի կոչել իր դեբյուտային ռեժիսորական նախագիծը, որի մասին խոսվում էր դեռևս 2012թ-ից։ Նա էկրանավորելու է անգլիական գրականության դասական Օսկար Ուայլդի կյանքը։
Երբ մի քանի տարի առաջ հայտնի դարձավ, որ բրիտանացի դերասան Ռուփերթ Էվերեթը մտադրություն ունի ուժերը փորձել ռեժիսուրայում և այդ փորձը սկսել մեծն Օսկար Ուայլդի սկանդալային կենսագրության էկրանավորումից, շատերը թերահավատորեն կարծիք հայտնեցին, թե դեբյուտի համար այդ թեման բարդ է։ Սակայն Էվերեթն արդեն առիթ ունեցել էր դերակատարմամբ հանդես գալու Ուայլդի ստեղծագործությունների էկրանավորումներում («Որքան կարևոր է լուրջ լինելը», «Իդեալական ամուսինը») և որոշել էր անպայման էկրանավորել գրողի կյանքի վերջին տարիները՝ ֆիլմն անվանելով նրա հայտնի հեքիաթի անվանմամբ՝ «Երջանիկ արքայազնը»։ Թեպետ սկզբում հայտարարվել էր, որ Օսկար Ուայլդի դերում հանդես է գալու Էվերեթի ընկերն ու գործընկերը՝ օսկարակիր դերասան Քոլին Ֆերթը, ում հետ նա խաղացել է այլ ֆիլմերում, սակայն հետո նորաթուխ ռեժիսորը փոխեց որոշումը՝ Ուայլդի դերը վերապահելով իրեն, իսկ Ֆերթին վստահելով մեկ այլ դեր իր ֆիլմում։
Էվերեթը հանդես է գալու նաև որպես սցենարի հեղինակ, իսկ որպես նկարահանումների անցկացման վայր ընտրել է Գերմանիան։ Ֆիլմում նկարահանվելու են նաև Էմիլի Ուոթսոնը, Միրանդա Ռիչարդսոնը, Թոմ Ուիլքինսոնը և այլ ճանաչված կինոդերասաններ։ Չնայած Ուայլդի կյանքի վերջին տարիները հագեցված էին դառնությամբ՝ նրա ազատազրկումը, արտաքսումը, լքվածությունը, սակայն Էվերեթը պատրաստվում է նկարահանել ոչ թե ողբերգական, այլ լավատեսական և հանդիսատեսին ծիծաղ պարգևող ֆիլմ, քանի որ, նրա խոսքերով, հենց այդպիսին էր Ուայլդը՝ կյանքի բոլոր իրավիճակներում անսահման հումորով և իմաստնությամբ լի։ «Երջանիկ արքայազնի» ֆինանսավորմանը Մեծ Բրիտանիայից բացի կմասնակցեն նաև Գերմանիան, Բելգիան, Ֆրանսիան, Իտալիան։