«Ռեժիսորը պետք է լինի և՛ ոստիկան, և՛ մանկաբարձուհի, և՛ հոգեվերլուծաբան, և՛ շողոքորթ, և՛ սրիկա»: Բիլլի Ուայլդեր
Ակիրա Կուրոսավա․ «Տեսարանը նկարահանելիս ռեժիսորի աչքը պետք է հետևի բոլոր՝ նույնիսկ ամենամանր դետալներին: Բայց սա չի նշանակում, որ պետք է բոլորին հայացքով ծակել: Երբ կինոխցիկը միանում է, ես հազվադեպ եմ նայում դերասաններին, փոխարենը՝ ես կենտրոնացնում եմ հայացքս որևէ այլ ուղղությամբ: Այդ անելով՝ ես միանգամից զգում եմ, եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում: Նայել` նշանակում է ոչ թե ֆիքսվել ինչ-որ բանի վրա, այլ բնական ճանապարհով պահել տեսադաշտում: Ես կարծում եմ, որ հենց դա ի նկատի ուներ միջնադարյան դրամատուրգ և Նո թատրոնի տեսաբան Ձեամին, երբ խոսում էր «ցրված հայացքով դիտելու» մասին»:
Ժան Կոկտո. «Ուշադի՛ր լսիր աշխատանքիդ առաջին քննադատությունը: Նշի՛ր քեզ մոտ, թե կոնկրետ ինչը դուր չի եկել քննադատներին, և կատարելագործի՛ր այն: Աշխատանքի հենց ա՛յդ մասն է քոնը, և այն անհրաժեշտ է պահպանել»:
Ֆեդերիկո Ֆելինի. «Հագուստը մարդու բնավորության մի մասն է: Ես յուրաքանչյուր հերոսին նկարում եմ հագուստի հետ միասին: Ոճաբաններին առաջարկում եմ այդ նկարները, որոնք փոխանցում են իմ զգայական տպավորությունները: Ինձ համար վայելչությունն արտահայտվում է այնտեղ, որտեղ կապ կա հերոսի անհատականության և նրա հագնվելու ոճի միջև: Վերջապես, մի՛ մոռացեք, որ հագուստն էլ, երազի նման, սիմվոլիկ հաղորդակցություն է: Երազները սովորեցնում են մեզ, որ ամեն ինչի համար գոյություն ունի սեփական լեզուն` յուրաքանչյուր օբյեկտի, յուրաքանչյուր գույնի, հագուստի յուրաքանչյուր դետալի համար»:
Բրյուս Լաբրյուս. «Ես կարծում եմ, որ էսթետիկան միշտ շատ կարևոր է: Կարևոր է ընտրել ճիշտ ձևաչափն այն պատմության համար, որը պատմում ես»:
Դևիդ Քրոնենբերգ. «Դուք սկսում եք վաճառել ձեր ֆիլմն ավելի վաղ, քան կնկարահանեք այն»:
Ջոն Ուոթերս․ «Կատակերգությունը չպետք է գերազանցի 90 րոպեն։ Գոյություն չունի «լավ երկար կատակ» հասկացություն»։
Թերենս Մալիք. «Ես բավականաչափ շատ նյութ եմ տեսագրում, այնուհետև պարզապես մոնտաժում եմ այն: Ինձ համար կարևոտր են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել իմ աչքի առաջ, այն, ինչը դու կարող ես անել, և այն, ինչը չես կարող: Ես միշտ ձգտում եմ ուղղակի հանձնվել ստեղծագործական պրոցեսին»:
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա. «Երբ ֆիլմ ես նկարահանում, միշտ ինքդ քեզ համար փորձիր ձևակերպել թեման մեկ կամ երկու բառով: «Կնքահոր» համար այդ բառն է «հաջողությունը», «Խոսակցության» համար` «անձնական կյանքը», «Ապոկալիպսիսն այսօրի» համար` «բարոյականությունը»: Դա կարևոր է այն պատճառով, որ ձեզ՝ որպես ռեժիսորի, ժամանակի մեծ մասը պետք կլինի ծախսել որոշումներ ընդունելու համար: Ամբողջ օրվա ընթացքում ձեզ կհարցնեն. ուզում եք, որ մազերը երկա՞ր լինեն, թե՞ կարճ, զգե՞ստ, թե՞ տաբատ, մորուքո՞վ, թե՞ սափրված: Այդ հարցերից մեծ մասի պատասխանը դուք չեք ունենա: Բայց եթե հասկանաք, թե որն է ֆիլմի թեման, դա ձեզ կօգնի:
Հիշում եմ, «Խոսակցության» ժամանակ ինձ մի կույտ վերարկուներ բերեցին ու հարցրեցին. «Ուզո՞ւմ եք, որ նա նման լինի հետախույզի: Լինի Համֆրի Բոգարտի պե՞ս: Թե՞ մեկ ուրիշի»: Ես չգիտեի և ասացի, որ ֆիլմի թեման «անձնական կյանքն» է, ուստի՝ պետք է ընտրել արհեստական կտորից վերարկու, և այն պետք է փայլի: Այնպես որ՝ թեման իմանալն օգնում է ձեզ որոշումներ կայացնել, երբ վստահ չեք»:
Սոֆյա Կոպոլա. «Ես պարզապես ձգտում եմ անել այն, ինչ ուզում եմ անել, կամ այն, ինչ ինքս կուզենայի տեսնել: Ես ձգտում եմ հանդիսատեսի մասին չափից շատ չմտածել»:
Ռիչարդ Լինքլեյթեր |
Ջեյն Քեմփիոն. «Դերասաններն այնքան խոցելի են: Նրանք վախենում են ստորացումից, վախենում են, որ իրենց աշխատանքի արդյունքը նողկալի կստացվի: Ես փորձում եմ ստեղծել ջերմ պայմաններ, որտեղ անհաջողությանը նորմալ կվերաբերվեն. ընտանեկան մթնոլորտի պես մի բան, երևի թե»:
Սալի Փորթեր. «Ես միշտ ճանապարհորդում եմ իմ ֆիլմերի հետ, որովհետև ուզում եմ, որ հանդիսատեսը (ով կդիտի իմ ֆիլմերը) դառնա իմ ուսուցիչը, և ես կարողանամ ինչ-որ բան սովորել նրանից՝ հաջորդ ֆիլմի նկարահանումների համար»:
Սթիվեն Սփիլբերգ. «Մինչև նոր ֆիլմի նկարահանումները սկսելը ես դիտում եմ չորս կինոնկար. դրանք են՝ «Յոթ սամուրայները», «Լոուրենս Արաբացին», «Այդ հրաշալի կյանքը» և «Որոնողները»:
Օրսոն Ուելս. «Անդադար միջին խոշորության կադր նկարել կարողանալն է տարբերում հասուն ռեժիսորներին սկսնակներից: Ամեն ոք կարող է ֆիլմ ստեղծել` ունենալով մի զույգ մկրատ և երկդյույմանոց օբյեկտիվ»:
Սփայք Լի. «Երաժշտությունն ինձ համար նույնպիսի գործիք է, ինչպես օպերատորական աշխատանքը, պոստփրոդաքշնը, հագուստի ձևավորումը: Երաժշտությունն օգնում է քեզ պատմություն պատմելիս»:
Ֆրենկ Կապրա. «Կինոռեժիսուրայում կանոններ չկան: Միայն մեղքեր: Եվ գլխավոր մեղքը բթամտությունն է»:
Քեթրին Բիգելոու. «Բնավորությունն ու հուզականությունը ոչ միշտ է պետք իջեցնել ավելի հանգիստ, ավելի պարզ կառուցվածքների»:
Ժան-Լյուկ Գոդար. «Ֆիլմում պետք է լինի սկիզբ, միջնամաս և ավարտ, բայց պարտադիր չէ նույն հերթականությամբ»:
Քլեր Դենի. «Ես միշտ սկզբում նկարահանման վայրերն եմ փնտրում: Բնակարաններ, երկաթուղային ճանապարհներ, սրճարաններ, ջրանցքներ. ես պարզում եմ ֆիլմի աշխարհագրությունը»:
Տակեշի Կիտանո. «Ես դիտմամբ եմ նկարահանում բռնությունը, որպեսզի հանդիսատեսին ստիպեմ զգալ իրական ցավը: Ես երբեք չեմ նկարահանել և չեմ նկարահանի բռնություն, որը նման կլինի տեսախաղի»:
Լին Ռեմսի. «Մի փորձեք փոխել ինչ-որ բան հանուն ուրիշների: Թույլ մի՛ տվեք պրոդյուսերներին և այլ անձանց փոխել ձեր տեսակետը: Եթե հավատարիմ մնաք դրան և ինքներդ ձեզ, ամեն ինչ կստացվի: Ստիպված կլինեք վերապրել մի երկար ճանապարհորդություն «Ֆիցկարալդոյի» ոգով, փոխարենը՝ ի վերջո, դուք կպահպանեք դրական կարման: Ձեր բարի հոգին: Իսկ եթե սկսեք վաճառել այն մաս առ մաս, կդառնաք ոչինչ ու կկորցնեք ձեր տեսլականի վերջին մնացորդները»:
Անդրեա Առնոլդ. «Եթե ձեր հերոսներն իրոք ողջ են, իրենք կասեն, թե ինչ են ուզում»:
Մերի Հարոն. «Չեմ կարծում, որ գոյություն ունի դեպի ռեժիսուրան տանող միայն մեկ երթուղի... Ինձ թվում է, թե դուք պարզապես պետք է որոշեք, որ կհասնեք դրան բոլոր հնարավոր միջոցներով, կհամաձայնեք ցանկացած աշխատանքի, որը ձեզ կօգնի փորձ ձեռք բերել: Ես էլ շատ բաներ անվճար եմ արել: Ինձ բացարձակապես ոչինչ չվճարեցին առաջին ֆիլմիս համար, բայց այն փոխեց իմ կյանքը»:
Ալֆրեդ Հիչքոկ. «Որքան ավելի հաջող ստացվի չարագործը, այնքան հաջող կլինի ֆիլմը»:
Մարտին Սկորսեզե. «Ես միշտ նկարահանման հրապարակ ավելի շուտ եմ գալիս, որպեսզի կարողանամ մենակ մնալ և հանգիստ մտածել խանգարող հանգամանքների ու տեսարանների մասին: Ինչ-որ իմաստով` այդպես դու քեզ պաշտպանում ես, մեկ այլ իմաստով` դրա շնորհիվ քեզ զարմանալու հնարավորություն ես թողնում՝ նույնիսկ հրապարակում, որովհետև միշտ կարող են ի հայտ գալ մանրուքներ, որոնք չէիր նկատել: Կարծում եմ, սա շատ կարևոր է: Կան շատ ֆիլմեր, որոնք լավն են թվում, սակայն ինչ-որ բան դրանց չի հերիքում. զարմանալու զգացումը չկա, ամեն ինչ արված է ըստ սցենարի»:
Ջոն Կասավետիս |
Եթե դու նկարահանվում ես ֆիլմում և առջևում հնչում է ճայթուկը, ու բոլորը կանգնած սպասում են, թե դու ուր որ է հանճարեղ մի բան ես ցույց տալու, այդ ամենը սկսում է նմանվել մրցույթի: Ես ձգտում եմ ստեղծել այնպիսի մթնոլորտ, ուր այդպիսի բան չի լինի, ուր ոչ ոք չի նայում ու գնահատում քեզ, ուր մարդիկ կարող են աշխատել:
Շատ դժվար է կինոյում օգտագործել տեխնիկական առաջընթացի բոլոր նվաճումները և միաժամանակ սպասել, որ դերասանները կկարողանան բացահայտվել: Ես նկատի ունեմ, որ դուք չեք կարող ցնցուղի տակ կանգնել պաշտոնական ճաշկերույթի ժամանակ: Դուք ֆիլմ եք նկարահանում, որպեսզի պատմեք, թե ինչ գիտեք կյանքի մասին` ձեր կյանքի: Սակայն երբ դու ութ ժամ սպասել ես, մինչև կնախապատրաստեն տեսարանը, լույսերը, բոլոր անհրաժեշտությունները, նկարահանումը սկսելիս մտածում ես․ «Ես այլևս չե՛մ ուզում պատմել սեփական կյանքիս մասին: Ինչո՞ւ պետք է քեզ պատմեմ այդ մասին»:
Նկարահանման հրապարակում շատ հանգամանքներ կան, որ կարող են խանգարել դերասաններին: Դիտարկենք այսպիսի մի պահ, հավանաբար՝ ամենակարևոր պահը երկու մարդու կյանքում. տղան իր կնոջն ուղարկում է հոգեբուժարան: Նկարահանումներից առաջ ինչ-որ մեկը զբաղվում է մազերովդ, շուրթերդ է ներկում, լույսն է կարգավորում առջևումդ, նստեցնում է, ֆիքսում է դիրքդ, շարժում է տեսախցիկներն ու մեկ էլ գոռում է. «Հե՛յ, նա այնքան էլ լավ տեսք չունի. նրա մաշկը ֆոկուսից դո՛ւրս է»: Ու ինչպե՞ս այդպիսի իրավիճակում դերասանները կենտրոնանան: Դրա համար մենք այդ ամենը պատրաստում ենք մինչև դերասանների հայտնվելը: Մենք աշխատում ենք լուռ և, հուսով եմ, արդյունավետ»:
Զոի Կասավետիս. «Աշխատեք շա՜տ, շա՜տ համառորեն: Սա կատակ գործ չէ: Համոզվեք, որ գիտեք, թե ինչ եք ուզում, չե՞ք փոխել, արդյոք, սեփական կարծիքն ուրիշի կարծիքով»:
Լինա Դանհեմ. «Մի սպասեք, որ ինչ-որ մեկը կպատմի ձեր պատմությունը: Արե՛ք դա, ինչ գնով էլ լինի»:
Ջաֆար Պանահի. «Դուք չպետք է ընկալեք ֆիլմը միայն մեկ տեսանկյունից»:
Աբաս Քիարոսթամի. «Ես երբեք չեմ փոխանցում կամ չեմ արտացոլում այն, ինչն ինքս չեմ վերապրել»:
Իդա Լուպինո. «Փոխանակ ասեմ` «այսպե՛ս արա», ես ձգտում եմ, որ յուրաքանչյուրը դառնա պրոցեսի մի մասնիկը: Երբեմն օպերատորի առջև ձևացնում եմ, թե ավելի քիչ գիտեմ, քան իրականում: Հենց դա է ինձ օգնում հասնել փոխըմբռնման»:
Մել Բրուքս. «Նստի՛ր... Պարզապես նստիր ամեն անգամ, երբ աթոռ կտեսնես: Երբ աշխատում ես, կարող ես չգիտակցել, որ 20 ժամ գտնվում ես ոտքի վրա: Դու ավելի հոգնած ես, քան կարծում ես»:
Ալֆոնսո Կուարոն. «Երբ ավարտում եմ ֆիլմը, ես չեմ վերանայում այն: Ես չեմ վերանայում իմ ֆիլմերը՝ սկսած այն պահից, երբ ավարտում եմ գունային կորեկցիան և ձայնի համադրումը: Փորձում եմ ի մի բերել այն օգտակարը, որ ինձ տվել է դրանց վրա աշխատելու փորձը, և շարժվել առաջ»:
Ջոն Հյուզ. «Իմ հերոսների մեծ մասը ռոմանտիկ է, ոչ թե սեքսուալ: Ես կարծում եմ, որ դա իմ ֆիլմերի էական առանձնահատկությունն է: Ինձ թվում է, որ ավելի ճիշտ է երիտասարդներին ռոմանտիկ պատկերելը, և որ նրանք ավելի շուտ ձգտում են հարաբերությունների ու հակառակ սեռի հետ փոխըմբռնման, ոչ թե զուտ ֆիզիկական սիրո»:
Պակ Չհան-Ուկ. «Եթե ինձ հարցնեք, թե ինչի է նման իմ կատարյալ աշխատանքային պրոցեսը, ես կպատասխանեմ, որ դա երկար «պրեփրոդաքշն» է, երկար «փրոդաքշն» և երկար «պոստփրոդաքշն»:
Ուես Անդերսոն. «Եթե ինչ-որ մեկն ինձ հարցնի այն ֆիլմերի թեմաների մասին, որոնց ուղղությամբ ես հիմա աշխատում եմ, ես ոչինչ չեմ կարողանա պատասխանել... Հետո արդեն ինչ-որ մեկն ասում է ինձ, թե ինչ թեմաներ են դրանք: Ես փորձում եմ խուսափել որևէ թեմա զարգացնելուց: Ուզում եմ, որ այդ պրոցեսը լինի մի փոքր ավելի աբստրակտ: Բայց, միևնույն է, ամեն ինչ ավարտվում է այնպես, որ մարդիկ ասում են. «Ես այստեղ տեսա շատ պահեր քո նախկին գործերից: Այս ֆիլմը կապված է նախորդի հետ»: Բայց ես, կարծես թե, չեմ էլ ընտրել, թե ինչի մասին եմ նկարելու: Այն ինքն իրեն է ընտրվել»:
Ռիդլի Սքոթ. «Եթե անկեղծ` հանդիսատեսին քիչ են հետաքրքրում մարտերը: Մարդկային հարաբերությունները նրանց ավելի հետաքրքիր են: Եթե նկարահանում եք պատմական ֆիլմ և մոռացել եք, որ մարդկանց հարաբերությունները պատմողականության ամենակարևոր մասն են կազմում` խնդիրներ կունենաք»:
Փենի Մարշալ. «Արա ինչ ուզում ես, միայն թե դա չհակասի սեփական սկզբունքներիդ»:
Կառլ Թեոդոր Դրեյեր. «Դու կկարողանաս տիրապետել արհեստիդ միայն այն դեպքում, եթե ամեն օր ջանասիրաբար հղկես վարպետությունդ»:
Կշիշտոֆ Կեսլևսկին՝ նկարահանող խմբի հետ |
Վերներ Հերցոգ. «Հանդիսատեսի կարծիքը սուրբ է: Ռեժիսորը խոհարար է, ով լոկ առաջարկում է զանազան խորտիկներ, և նա իրավունք չունի պնդելու, եթե հանդիսատեսը յուրովի է արձագանքում»:
Ջորջ Ռոմերո. «Համագործակցի՛ր և ո՛չ թե հրամայիր: Ամեն մի բաժնի ղեկավարն էլ առաջարկելու բան կունենա: Լսիր նրանց և երախտագիտաբար ընդունիր նրանց առաջարկները: Նրանք էլ են ֆիլմի հեղինակները»:
Ամա Ասանթե. «Միակ գործողությունը, որ ես փորձում եմ անել իմ պատմությունների հետ, ինձ հերոսներից յուրաքանչյուրի տեղում պատկերացնելն է»:
Ռոման Պոլանսկի. «Դու պետք է բռնությունը ցույց տաս այնպես, ինչպիսին որ այն կա: Եթե այն ճշմարտացիորեն ցույց չտաս, դա կլինի անբարո և վնասակար»:
Էլիս Վու. «Դու պետք է շատ գաղափարներ ունենաս և պետք է ուզենաս վարձել լավագույն մարդկանց, ովքեր կկարողանան իրականացնել դրանք»:
Անդրեյ Տարկովսկի. «Ոչ մի միզանսցեն չպե՛տք է կրկնվի, ինչպես և չեն լինում լիովին նման մարդիկ: Հենց որ միզանսցենը վերածվում է կլիշեի, կոնցեպտը (որքան էլ որ այն ինքնատիպ լինի), ամեն ինչ` հերոսները, իրավիճակը, հոգեբանությունը, դառնում են արհեստական և սխեմատիկ»:
Ռոբեր Բրեսոն. «Բա՛ց թող կամ չեզոքացրու պատկերը, եթե ձայնը կարող է դրան փոխարինել: Ականջն ավելի շատ ձգտում է ներքինին, աչքը` արտաքինին»:
Ջոն Սինգլթոն. «Բոլորը թքած ունեն քո փոքրիկ ֆիլմի վրա: Դու ինքդ պետք է քո ֆիլմի համար անհանգստանաս... Արա՛ այդ, նկարի՛ր այն: Եվ մի՛ հանձնվիր»:
Վիմ Վենդերս․ «Վերջնական մոնտաժի իրավունքը գերագնահատված է։ Միայն ապուշներն են պնդում, որ վերջին խոսքն իրենցը լինի։ Իսկ խելացիները մոռանում են սեփական հպարտության մասին և ընտրում են մոնտաժի լավագույն տարբերակը»։
COMMENTS