«Ես արդեն վաղուց մարդկանց չեմ բաժանում դրականների և բացասականների։ Իսկ գրական հերոսներին՝ առավել ևս։ Բացի այդ՝ ես ամենևին համոզված չեմ, որ կյանքում հանցանքին անխուսափելիորեն հետևում է զղջումը, իսկ հերոսությանը՝ երանությունը։ Մենք այն ենք, ինչ մեզ զգում ենք»։ Սերգեյ Դովլաթով
«Ես ծնվել եմ Ուֆայում, էվակուացիայում, սակայն 1945 թվականից ապրել եմ Լենինգրադում և ինձ համարում եմ լենինգրադցի: Իմ մայրը հայ է, հայրս՝ հրեա: Ծնողներս որոշել էին, որ իմ կյանքն ավելի անամպ կլինի, եթե ես դառնամ հայ: Ծննդյան վկայականում այդպես էլ նշել էին՝ հայ: Իսկ հետո, երբ եկավ մեկնելու ժամանակը, պարզվեց, որ դրա համար անհրաժեշտ է լինել հրեա: 1978-ի օգոստոսին դառնալով հրեա՝ ես ստացա հեռանալու օրինական հնարավորություն: Գիտեմ՝ գուցե ինչ-որ մեկին դա սարսափելի խայտառակություն թվա, բայց ես երբեք չեմ ունեցել որևէ ազգին պատկանելության զգացում: Ես չեմ խոսում հայերեն: Մյուս կողմից՝ եբրայերեն նույնպես չեմ խոսում և հրեական միջավայրում ինձ մերոնքական չեմ զգում: Եվ մինչև վերջին ժամանակները հայերի դժբախտություններին նայում էի այնպես, ինչպես ցանկացած այլ ժողովրդի՝ հնդիկների, չինացիների դժբախտություններին… Մինչև չծանոթացա զարմանալի գրող, իսկական հայ Հրանտ Մաթևոսյանի հետ: Ահա այդպես, այդ մարդու հանդեպ ունեցած սիրո միջոցով իմ մեջ ի հայտ եկան ինչ-ինչ հայկական գծեր»:
Սերգեյ Դովլաթովը և Իոսիֆ Բրոդսկին |
Նա փնտրում էր իրեն ամբողջ կյանքում: Նրա գեղարվեստական ժառանգությունը փնտրտուքի գրականություն է: Ընդ որում՝ ոչ միշտ ստեղծագործական: Նրա ստեղծագործությունների վավերագրական բնույթը, միջնադարյան արաբական մանրանկարի բարձր աստիճանին այդքան հաջողությամբ հասցված պատմական դրվագի սուր զգացումը… դա ժանր չէ: Դա փնտրտուք է մանրադիտակով: Իր ամբողջ կենսագրությունը նա դիտարկել է սեփական զգացողությունների օբյեկտիվի միջով և բջիջները բաժանել է ըստ տրամադրության: Գրականության մեջ նա, անկասկած, բջջաբան էր, թեպետ միաբջիջ օրգանիզմները նրան քիչ էին հետաքրքրում. դրանցում իսպառ բացակայում էր ստեղծագործական նախասկիզբը: Նրան ավելի շատ հուզում էին հանդիպումները բարձրադաս խորհրդային վտարանդիների հետ՝ բանաստեղծներ, նկարիչներ, երաժիշտներ և այլ հանճարներ․ այդօրինակ ցանկացած հաղորդակցությունը դատապարտված էր վերածվելու տասը տողանի հերթական գլուխգործոցի: Բայց նույնիսկ այդ ամենը Սերգեյ Դովլաթովի անպտուղ որոնումների արդյունքն է և ոչ ավելին: Այն էլ՝ ոչ միշտ ստեղծագործական:
Նա փնտրում էր իրեն, իր արմատները, իր տոհմածառը, որի հզոր սաղարթի տակ կարող էր պառկել և թերթել սիրելի Ֆյոդոր Դոստոևսկուն: Հարազատ բաոբաբի ստվերում Սերգեյ Դովլաթովը դժվար թե դառնար գրող: «Աշխատեի ես մեծ փողեր՝ կդադարեցնեի գրական գործունեությունս»,- խոստովանում է նա իր կյանքի վերջին տարում,- «Ես կդադարեցնեի ամեն տեսակ ստեղծագործական աշխատանք։ Պարզապես կպառկեի բազմոցին, կստեղծեի ինչ-որ կազմակերպություններ, կշրջեի աշխարհով, բոլորին նյութապես կօգնեի, ինչն, ի դեպ, ինձ մեծ ուրախություն է պատճառում»: Սակայն հարազատ ծառը՝ լիներ դա Ավետյաց երկրի մայրին, թե բիբլիական Արարատի հովտի թթենին, նա, կարծես թե, չգտավ:
Սերգեյ Դովլաթովը և Կուրտ Վոնեգուտը |
- Հայ եմ:
- Ամբողջ 100 տոկոսո՞վ:
- Անգամ 150:
- Ինչպե՞ս:
- Ուղղակի իմ խորթ մայրն անգամ հայ էր:
- Իսկ ո՞վ եմ ես:
- Դու հրեա ես հայի էությամբ։
Լինելով դեռևս երիտասարդ խորհրդային քաղաքացի, հետբիթային շրջանի գրողների լենինգրադյան խմբակի անդամ՝ նա՝ հրեայի և հայուհու որդին, կփորձի Նևայի ափերին, ինչ-որ մի վայրում, կառուցել իր հայկական սինագոգը: Երկու հնագույն և այդքան անձնական նախասկիզբ սինթեզող այդ տաճարը կարևոր էր նրա համար՝ հենց որպես գրողի և ոչ թե որպես ֆուտուրիստի: Նա առանձնապես չէր ցանկանում խոստովանել դա, այդ իսկ պատճառով ամբողջ մտահղացումը բարդեց իր հարևան Ալպերովիչի վրա. «Ես ու կինս որոշել ենք օգնել հայերին: Հավաքեցինք իրերը, տարանք հայկական սինագոգ»: Ամեն դեպքում՝ իրերը հենց ինքն էր հավաքում. 1978-ին նրան սպասում էր Ամերիկան:
«Նյու Յորքը երկրագնդի մասնաճյուղն է, որտեղ չկան գերակշռող ազգային խմբեր, և չկա նման խմբի առկայության զգացողություն»,- կասի նա ավելի ուշ,- «Ես այնքան եմ հոգնել հայտնի չէ, թե ով լինելուց. ես սևահեր եմ, ով ամբողջ կյանքում ունեցել է մորուք և բեղեր, այնպես որ՝ ես ռուս չեմ, բայց և հրեա չեմ, ոչ էլ հայ… Ես գիտեի, որ Նյու Յորքում ինձ լավ եմ զգալու»:
Սերգեյ Դովլաթովի հաղթարշավը երկար սպասեցնել չի տա. մեկը մյուսի ետևից լույս են տեսնում «Կոմպրոմիսը», «Արգելոցը», «Զոնան», «Օտարերկրուհին», «Մերոնքը», «Մասնաճյուղը»… Նաբոկովից հետո նա դառնում է «Նյու Յորքեր» ամսագրի մշտական հեղինակներից երկրորդ ռուս գրողը: Նրա անունը Նոբելյան դափնեկիրներ Իոսիֆ Բրոդսկու և Ալեքսանդր Սոլժենիցինի անունների հետ դրվում է մեկ շարքում: 1980-ականները Դովլաթովի ոճի ճանաչման գագաթնակետն են: Եվ միևնույն է՝ նա որոնումների մեջ է…
Վահրիճ Բախչանյանը, Եվգենի Ռեյնը և Սերգեյ Դովլաթովը |
- Ես մի վիպակ ունեմ՝ «Կոմպրոմիս»: Ուզում եմ շարունակություն գրել, սակայն վերնագիր դեռ չեմ մտածել:
- Դե արի անվանենք այն «Կոմպրոմիսիս»,- իր տարերային ոճով կպատասխանի Վահրիճը. նրան, թերևս, ամեն ինչ թույլատրված է, չէ՞ որ նա լրիվ 150 տոկոսով հայ է:
Ամերիկացի ականավոր գրող Ուիլյամ Սարոյանի տեսիլքը շատ հաճախ կայցելի Սերգեյ Դովլաթովին՝ ներշնչելով նրան մի բավականին հավակնոտ ծրագիր՝ «ամերիկացի գրողների հայկական շարքում» կանգնել նրա հետ միասին: Դա, իհարկե, ինքնանպատակ չէր. նա արդեն ռուսերեն խոսքի ճանաչված վարպետ էր: «Բայց ես ռուս եմ մասնագիտությամբ»,- խոստովանում է Դովլաթովը ճակատագրական 1990-ին: Ակնհայտորեն՝ նրան ավելին էր պետք: «Գրառումների գրքում» նա սկսում է վերհիշել իր՝ ծայրահեղ խիստ, նույնիսկ դաժան բնավորության տեր հայ պապիկին: Գրում է «Մի ժամանակ մենք ապրում էինք սարերում» պատմվածքը, որտեղ չնայած բացահայտում է հայկական ավանդական կենցաղի իր ոչ բավարար իմացությունը, բայց, այնուամենայնիվ, գրում է դովլաթովյան հանճարեղ ձևով.
«Մի ժամանակ մենք ապրում էինք սարերում: Այդ սարերը բրդոտ շների պես փռված էին ոտքերի մոտ: Այդ սարերը վաղուց արդեն ձեռնասուն էին դարձել՝ կրելով մեր կացարանների, մեր պատերազմների, մեր երգերի անհանգիստ բեռը: Մեր խարույկները խանձել են նրանց բուրդը: Մի ժամանակ մենք ապրում էինք սարերում: Ոչխարների ամպերը ծածկում էին ծաղկած լանջերը: Գետերը՝ սրընթաց, փրփրած, ճերմակ, ինչպես դանակն ու ցասումը, շրջանցում էին խոնավ գլաքարերը: Արևը հալվում էր պինդ հայկական ծոծրակների վրա…
Մի ժամանակ մենք ապրում էինք սարերում: Հիմա մենք բնակվում ենք կոոպերատիվներում…»:
Նա փնտրում էր իրեն ողջ կյանքում: Նրա գեղարվեստական ժառանգությունը փնտրտուքի գրականություն է: Իր ամբողջ կենսագրությունը նա դիտարկել է սեփական զգացողությունների օբյեկտիվի միջով և բջիջները բաժանել ըստ տրամադրության: Կյանքի վերջին ամիսներին հրաշալի գրող Սերգեյ Դովլաթովի տրամադրությունն այնքան էլ լավ չէր. մայրիի և թթենու միջև եղած ինչ-որ մի կետում նա գտավ իր սպիտակ կեչին, որի շվաքի տակ էլ նա արձանագրում էր իր երկար փնտրտուքների ապարդյունությունը…
Արիս Ղազինյան
«20-րդ դարի 100 մեծագույն հայերը» գրքից
թարգմանությունը՝ Լիլիթ Աղաջանյանի
COMMENTS