Ալեքսեյ Գերմանն ի սկզբանե հայտարարել էր, որ ցանկանում է նկարահանել ոչ թե սոսկ կենսագրական ֆիլմ, այլ մի կինոնկար, որը կարտացոլի 1970-ականների սերնդի և, մասնավորապես, մտավորականության կյանքն ու դիմանկարը։
Գրող Սերգեյ Դովլաթովի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերը նկարահանել է կենսագրական ֆիլմ, որը մեծ էկրան կբարձրանա 2017թ-ի աշնանը։ «Դովլաթով» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումներն ընթացել են փետրվար-հունիս ամիսներին Սանկտ Պետերբուրգում։ Նկարահանումների առիթով Մ․ Նահանգներից Ռուսաստան է ժամանել գրողի ընտանիքը՝ մայր ու դուստր Ելենա և Կատերինա Դովլաթովաները, ովքեր երկար տարիներ չէին եղել հայրենիքում։ Մինչ կինոնախագծի իրականացմանն անցնելը՝ ռեժիսորն ու գրողի ընտանիքը տևական բանակցություններ էին վարում։
Ալեքսեյ Գերմանն ի սկզբանե հայտարարել էր, որ ցանկանում է նկարահանել ոչ թե սոսկ կենսագրական ֆիլմ, այլ մի կինոնկար, որը կարտացոլի 1970-ականների սերնդի և, մասնավորապես, մտավորականության կյանքն ու դիմանկարը։ Ամենաբարդ խնդիրը, ինչպես պարզ դարձավ աշխատանքների մեկնարկից հետո, Դովլաթովի կերպարին համապատասխան դերակատար գտնելն էր։ Ինը ամիս տևած որոնումներից հետո Գերմանն, ի վերջո, գտավ այն դերասանին, ում փնտրում էր՝ ազգությամբ սերբ Միլան Մարիչին։ «Նա իր արտաքին հմայքով և խառնվածքով լիովին ներդաշնակ է Դովլաթովի կերպարին, նա խոցելի է և առնական, ուժեղ է և նրբազգաց, նրա մեջ կա խորություն և ցավ»,- նշել է Գերմանը։
Ֆիլմում օգտագործվել են 1970-ականների առարկաներ, պիտույքներ և անձամբ Դովլաթովի իրերը։ Ռեժիսորի խոսքերով՝ իրենք գրեթե չեն դիմել համակարգչային գրաֆիկայի օգնությանը։ Ֆիլմն արտացոլել է Դովլաթովի կյանքի չորս օրերը՝ ցույց տալով նրա անձնական, ընկերական և գործնական հարաբերությունները։ Դերասանական կազմում հանդես են եկել Ելենա Լյադովան, Սվետլանա Խոդչենկովան և ռուսական կինոյի այլ ճանաչված անձինք։