Արկադի և Բորիս Ստրուգացկիների «Պիկնիկ ճամփեզրին» հայտնի վիպակը, որի հիման վրա նկարահանվել է Անդրեյ Տարկովսկու «Ստալկերը», կէկրանավորվի Մ․ Նահանգներում՝ հանդիսատեսին ներկայացվելով որպես բազմասերիանոց ֆիլմ։
«Պիկնիկ ճամփեզրին» ամերիկյան նոր բազմասերիանոց ֆիլմի էկրանավորմամբ այժմ զբաղվում է WGN America հեռուստաընկերությունը, որն արդեն հասցրել է մեծ լսարան ձեռք բերել իր ներկայացրած «Սալեմ» և «Մանհեթեն» հեռուստաֆիլմերով։ Չի բացառվում, որ այս բազմասերիանոց նախագծի պիլոտային էպիզոդի պրեմիերան տեղի ունենա արդեն այս տարեվերջին, սակայն որպես առավել իրատեսական ժամկետ նշվում է 2017թ-ը։ Նրանք, ովքեր ընթերցել են ստեղծագործությունը և դիտել Տարկովսկու ֆիլմը, Ստալկերի պատմությունն անմիջապես պատկերացնում են մեծ ռեժիսորի խոհափիլիսոփայական ոճում, բայց տվյալ դեպքում, ինչպես կարելի է ենթադրել տարածված տեղեկատվությունից և ֆիլմի առաջին կադրերի լուսանկարներից, խոսքը առավելապես գիտաֆանտաստիկ ուղղվածությամբ մի կինոնկարի մասին է, որը լինելու է ավելի դինամիկ և ժամանակակից։
Հեռուստաֆիլմի ռեժիսորն Ալան Թեյլորն է, ով հանդիսատեսին հայտնի է իր նկարահանած «Գահերի խաղը», «Հռոմ», «Սոպրանոների կլանը», «Սեքսը մեծ քաղաքում», «Տերմինատոր․ Գենեզիս», «Ընդհատակյա կայսրությունը» և այլ աշխատանքներով։ Նա դեռևս անցյալ տարի հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե ցանկանում է էկրանավորել իր սիրելի գրական ստեղծագործությունը և սցենարիստ Ջեք Պագլենի հետ փնտրում է համապատասխան հեռուստաընկերություն, որը կօժանդակի իրենց։ Հեռուստաֆիլմի պրոդյուսերը ևս բավականին ճանաչված է՝ Նիլ Մորիցը («Ֆորսաժ» ֆիլմաշարի կինոնկարներից մի քանիսը, «Խաբուսիկ պարեկը», «Փախուստը» և այլն)։ Ստալկերի դերում նկարահանվելու է Մեթյու Գուդը, ով հանդիսատեսին ծանոթ է Թոմ Ֆորդի «Միայնակ տղամարդը», Վուդի Ալենի «Մաթչ Փոինթ», Զաք Սնայդերի «Պահապանները» և այլ ֆիլմերից։