1969թ-ից, երբ «Ապոլոն-11»-ի տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգն ու Բազ Օլդրինը ոտք դրեցին Լուսնի մակերևույթ և վերադարձան այնտեղ արված նկարահանումներով, վերլուծաբանները չեն դադարում վարկածներ ու հիմնավորումներ ներկայացնել այն մասին, որ իրականում ոչ մի վայրէջք էլ չի եղել, այլ եղել է NASA-ի կողմից կազմակերպված մի լայնամասշտաբ խաբեություն։
Ամերիկացի նշանավոր ռեժիսոր Սթենլի Կուբրիկի 56-ամյա դուստրը՝ նույնպես կինեմատոգրաֆիստ Վիվիան Կուբրիկը, ով մասնակցություն է ունեցել հոր մի քանի ֆիլմերի նկարահանման աշխատանքներին, վերջերս հանդես է եկել երկար սպասված պաշտոնական հայտարարությամբ՝ մեկնաբանելով, այսպես կոչված, «լուսնային դավադրության» չարչրկված թեման։ Ինչպես հայտնի է, 1969թ-ից, երբ «Ապոլոն-11»-ի տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգն ու Բազ Օլդրինը ոտք դրեցին Լուսնի մակերևույթ և վերադարձան այնտեղ արված բացառիկ նկարահանումներով, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ վերլուծաբանները չեն դադարում վարկածներ ու հիմնավորումներ ներկայացնել այն մասին, որ իրականում ոչ մի վայրէջք էլ չի եղել, այլ եղել է NASA-ի կողմից կազմակերպված մի լայնամասշտաբ խաբեություն՝ կեղծ կադրերով ու ապացույցներով։ Նպատակը նույնպես հայտնի է՝ Խորհրդային Միության հետ տարվող կատաղի «տիեզերական մրցակցությունը» և հակաքայլը՝ ի պատասխան Յուրի Գագարինի՝ 1961թ-ին տեղի ունեցած առաջին թռիչքի։
«2001 թվականի տիեզերական ոդիսականը» լեգենդար գիտաֆանտաստիկ ֆիլմի (1968թ) ռեժիսոր Սթենլի Կուբրիկն, ըստ շրջանառվող վարկածի, գաղտնի պայմանավորվածություն է ունեցել NASA-ի հետ և հոլիվուդյան ստուդիաներից մեկում անձամբ է զբաղվել տիեզերագնացների լուսնային զբոսանքների նկարահանմամբ և մոնտաժմամբ։ Վարկածի կողմնակիցները շեշտում են նաև ֆիլմի թողարկման և լուսնային կադրերի ի հայտ գալու ժամանակահատվածը՝ 1968-1969թթ-ներ, նույն տիեզերական թեմատիկան՝ ընդամենը մեկ տարվա տարբերությամբ։
Վիվիան Կուբրիկը հոր մահվանից հետո առաջին անգամ է հրապարակորեն խոսել այս թեմայի մասին։ Նա դժգոհել է, թե իրեն արդեն վաղուց հոգնեցրել են անհավանական վարկածների կասկածամիտ սիրահարները։ Ռեժիսորի դուստրը պահանջել է, որ այլևս չարատավորեն իր հոր անունը, քանի որ, նրա խոսքերով, Կուբրիկն այն սկզբունքային մարդն էր, ով երբեք անմաքուր գործարք չէր կնքի ոչ կառավարության, ոչ էլ այլ կառույցների կամ անձանց հետ։ Նա վկայակոչել է նաև փաստեր այդ նույն ամերիկյան կառավարության՝ Կուբրիկին քննադատելու և ճնշելու փորձերի վերաբերյալ։ «Այդօրինակ կեղծիքն անհարիր է իմ հոր կերպարի հետ, և նրա հումանիստական ֆիլմերն ու անկաշառ արվեստագետի խառնվածքը դրա վկայությունն են»,- ասել է նա։