«Թվում է` այդպես է որոշված. դժբախտության մեջ մարդիկ ավելի անկեղծ են»: Թենեսի Ուիլյամս, «Ցանկություն տրամվայը»

ռեժիսոր՝ Էլիա Կազան
սցենարի հեղինակներ՝ Թենեսի Ուիլյամս, Օսկար Սոլ
օպերատոր՝ Հարի Սթրեյդլինգ ավագ
կոմպոզիտոր` Ալեքս Նորթ
դերերում՝ Վիվիեն Լի, Մառլոն Բրանդո, Քիմ Հանթեր, Կառլ Մոլդեն
արտադրությունը՝ ԱՄՆ, 1951թ
տևողությունը՝ 2ժ 5ր
Արդեն ոչ երիտասարդ, սակայն դեռևս բավականին գրավիչ Բլանշ Դյուբուան ժամանում է Նոր Օռլեանի արվարձաններից մեկը՝ հյուրընկալվելով իր հղի քրոջ՝ Ստելայի և նրա ամուսնու՝ Սթենլիի տանը։ Բլանշը քրոջը տեղեկացնում է, որ վատնել է իր ողջ ունեցվածքը և կորցրել է աշխատանքը, իսկ հիմա չգիտի, թե որտեղ է ապրելու և ինչով է զբաղվելու։ Ի տարբերություն Ստելայի, ով նվիրված է քրոջը և հոգատար է նրա նկատմամբ, կոպիտ և ամբարտավան Սթենլին անմիջապես հակակրանքով է համակվում և սկսում է ծաղրել ու ստորացնել Բլանշին։ Նրան դուր չեն գալիս Բլանշի բարձրաշխարհիկ կոկետությունը և ոգելից խմիչքը չարաշահելը։ Շուտով Բլանշի կյանքում հայտնվում է երկրպագու, ով ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն Սթենլին խափանում է միայնակ կնոջ՝ նոր կյանք սկսելու բոլոր հույսերն ու շանսերը․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Էլիա Կազանը չէր ցանկանում զբաղվել ֆիլմի բեմադրմամբ՝ համարելով, որ արդեն իսկ հնարավոր ամեն ինչն արել էր պիեսի թատերական բեմադրությունը ստեղծելիս, սակայն նրան կարողացավ համոզել անձամբ Թենեսի Ուիլյամսը:
- Նկարահանվելով այս ֆիլմում` Վիվիեն Լին, ով մինչ այդ էլ տառապում էր «մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ» կոչվող հոգեկան հիվանդությամբ, սկսեց դժվարությամբ տարբերել իրականությունն իր հերոսուհու կյանքից:
- Մառլոն Բրանդոն հայտարարել է, որ ատում է իր այս հերոսին:
- Ժյուրիի հատուկ մրցանակ և մրցանակ կանացի լավագույն դերակատարման համար (Վիվիեն Լիին)` Վենետիկի կինոփառատոնում, «Օսկար» մրցանակ` լավագույն սև-սպիտակ ֆիլմերի ձևավորման համար, «Օսկար» մրցանակ` կանացի լավագույն դերակատարման համար (Վիվիեն Լիին), «Օսկար» մրցանակ` երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Կառլ Մոլդենին), «Օսկար» մրցանակ` երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար (Քիմ Հանթերին), «Ոսկե գլոբուս» մրցանակ` երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար (Քիմ Հանթերին), Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ` լավագույն բրիտանացի դերասանուհուն (Վիվիեն Լիին):