Ռուսաստանի նոր կինոսերնդի ամենաճանաչված ռեժիսորներից մեկը՝ Աննա Մելիքյանը, հոլիվուդյան Variety ամսագրի կողմից ընդգրկվել է Թոփ֊10 ամենահեռանկարային կինոստեղծագործողների ցանկում:
Աննա Մելիքյանի աշխատանքները, չափազանց երիտասարդական լինելով հանդերձ, միաժամանակ շատ ավելին են։ Նա ներդաշնակ է ժամանակակից և, մասնավորապես, ռուսաստանյան իրականությանը։ Նրա ֆիլմերը դիտելիս երբեք չես կենտրոնանում այն փաստի ուղղությամբ, որ դրանք նկարահանել է կին, առավել ևս՝ Կովկասում ծնված ու մեծացած կին։ Աննայի մանկությունն անցել է Երևանում, այնուհետև նա տեղափոխվել է Մոսկվա և կինոինստիտուտում ուսանելու տարիներին արդեն իսկ աչքի է ընկել իր ինքնատիպ ոճով։ Նրա նախկին ամուսինը՝ «Ցենտրալ Պարտներշիփ» ընկերության գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը ևս հայտնի անուն է ռուսաստանյան կինոարտադրության ասպարեզում։ Աննա Մելիքյանի ֆիլմերն աչքի են ընկնում մի շարք առանձնահատկություններով, սակայն արժե առանձնացնել նախևառաջ ռեժիսորական յուրահատուկ ոճը, ժամանակակից մտածողությունը, նուրբ ու «սակավախոս» հումորը, դիպուկ, հակիրճ ու հիշողության մեջ իսկույն դաջվող երկխոսությունները, իսկ ամենակարևորը՝ անկեղծությունը, որը երբեմն հասնում է նատուրալիզմի՝ երբեք չվերածվելով ցինիզմի։
«Ջրահարսը»
մրցանակները՝ Բեռլինյան կինոփառատոն, «Սանդենս», «Կառլովի Վարի», «Կինոտավր», «Նիկա»
«Վախեցիր քո ցանկություններից, որովհետև դրանք կարող են իրականություն դառնալ»․ «Ջրահարսը» ֆիլմը դիտելիս անմիջապես հիշում ես հայտնի ասացվածքը։ Ոչ անմիջապես, սակայն որսում ես նաև Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվները։ Իհարկե, Աննա Մելիքյանի Ջրահարսը տարօրինակ է ու անսովոր։ Նախ՝ Աննան Ջրահարսի դերակատարման համար ընտրել է գրեթե տգեղ մի աղջկա՝ ի հակադրումն այն կարծրատիպի, թե ջրահարսն անպայման պիտի լինի գեղեցիկ։ Աննայի Ջրահարսը կարիք չունի գեղեցիկ լինելու․ նա օժտված է սեփական ցանկությունները կատարելու մոգական հատկությամբ և, եթե ցանկություն ունենար, առանց որևէ դժվարության կարող էր ինքն իրեն դարձնել գեղեցկուհի։ Սակայն նա այլ երազանքներ ունի։ Ջրահարս Ալիսան, ով մոր ու տատիկի հետ բնակվում է ծովի ափին, երազում է տեսնել իր նավաստի հորը, ում նույնիսկ մայրը տեսել է միայն մեկ անգամ։ Նա երազում է դառնալ բալետի պարուհի, հետո երազում է տեղափոխվել Մոսկվա, հետո երազում է դառնալ ուսանողուհի, հետո երազում է, որ տղամարդու հանդեպ տածած իր սերը լինի փոխադարձ․․․
Հաճախ նրա ցանկություններն իրականություն են դառնում այլոց ցավի, դժբախտության, կորստի, նույնիսկ՝ մահվան հաշվին։ Բայց, եթե վերլուծենք, չէ՞ որ կյանքում հենց այդպես էլ պատահում է․ մեկի ցանկությունների իրականացումը ցավ ու կորուստ է բերում մյուսին։ Հենց այդ գիտակցումն էլ շրջադարձային է դառնում Ալիսայի համար․ նա սովորում է կառավարել իր ցանկությունները և ճիշտ ուղղորդել իր գերբնական հատկությունը՝ սեփական «ես»֊ը ստորադասելով այն ամենին, ինչն արժեքավոր ու թանկ է իր համար։ Հետաքրքիր մի դիտարկում․ սիրած տղամարդու կյանքը փրկելիս Ալիսան գործի է դնում ո՛չ թե մոգությունը, այլ դիմում է սովորական հնարամտության՝ հեռախոսային զանգի միջոցով։ Հետո նա զոհվում է, սակայն հանդիսատեսը չի հասցնում տխրել նրա մահվան համար, որովհետև հաջորդ պահին նրան տեսնում է լայն ժպիտը դեմքին, անիրական գույներով ներկված ծովափին։ Ալիսայի սիրած տղամարդը, ինչպես և Անդերսենի հեքիաթում, այդպես էլ չի հասցնում նկատել ու գիտակցել նրա կորուստը․ նրա կողքին անմիջապես հայտնվում է մեկը, ով իրեն երբեք չէր զոհի հանուն սիրո։ Ի դեպ, նրանք, ովքեր դիտել են ֆիլմը, անշուշտ, որսացել են զգալի նմանություն ջրահարս Ալիսայի և «Ադելի կյանքը» ֆիլմում Լեա Սեյդուի հերոսուհի Էմմայի միջև։ Առաջին ֆիլմը նկարահանվել է 2007թ֊ին, երկրորդը՝ 2013֊ին։
«Աստղը»
մրցանակները՝ «Կինոտավր», «Ոսկե արծիվ»
Կյանքի հորձանուտում հայտնված յուրաքանչյուր անհատ մի աստղ է, սակայն նրա աստղային բացառիկությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ կտրվում է սովորական միջավայրից, կաղապարներից ու պայմանականություններից։ Կարճ ասած՝ գահավիժում է անհայտության անդունդը՝ դառնալով այնպիսին, ինչպիսին էր ի սկզբանե։ Պատահական չէ, որ Աննա Մելիքյանի ֆիլմի հերոսուհիները՝ Մաշան ու Մարգարիտան, կադրում հաճախ են երևում մերկ՝ ուսումնասիրելով իրենց մերկությունը։ Նրանք ասես նորովի են բացահայտում իրենք իրենց և աշխարհը։ Գեղեցկուհի Մաշան երազում է պլաստիկ վիրահատությունների և դերասանական կարիերայի մասին, իսկ բարձրաստիճան պաշտոնյայի կին Մարգարիտան՝ երեխա ունենալու և չսիրած տղամարդու կյանքում իր տեղն իմաստավորելու և ամրապնդելու մասին։ Նրանցից ոչ մեկն անկեղծ չէ․ Մարգարիտան, նրա ամուսինը, վերջինիս՝ նախորդ ամուսնությունից «ժառանգություն մնացած» որդին։ Անկեղծ է, թերևս, միայն Մաշան․ նա չի թաքցնում, որ ցանկանում է դառնալ ճանաչված ու հարուստ, չի թաքցնում, որ սիրում է թանկարժեք իրեր, նա իր մարմինն ու հոգին չի կապում անտեղի կապանքներով։
Մաշայի ներաշխարհը լի է կեղծ արժեքներով, սակայն նա ինքը անկեղծ է։ Նա գիտե, որ ի ծնե հանդիսանում է մահացու մի հիվանդության կրողը, սակայն ցանկանում է իր կյանքն ապրել աստղի պես՝ կարճ, գեղեցիկ ու խելահեղ։ Մարգարիտան աստղային կարճ կյանքի այդ գիտակցմանը հանգում է շատ ուշ և հարկադրաբար, երբ նրան սխալմամբ տեղեկացնում են, թե ինքն էլ մահացու հիվանդ է։ Տեսնելով իր կյանքի ունայնությունը՝ նա ամուսնուն խոստովանում է, որ ատում է նրան, հետո վռնդվում է տնից և սկսում է ապրել շարքային քաղաքացու անապահով կյանքով։ Սա Մարգարիտայի փորձաշրջանն է։ Ճակատագիրը նրան հնարավորություն է տալիս հասկանալու, որ իրականում ինքը սիրում է խորթ որդուն, խղճում է տարիք առած ամուսնուն, ունի մարդկային խենթ ու նուրբ նկարագիր։ Ի վերջո, այս ֆիլմի բոլոր հերոսները անկեղծանում են, և հենց այդ պահից էլ սկսում են իրականություն դառնալ նրանց երազանքները։ Մաշային մենք տեսնում ենք կինոաստղի, իսկ Մարգարիտային՝ ապագա մոր դերում։
«Սիրո մասին»
մրցանակները՝ «Կինոտավր», գլխավոր մրցանակ
Ինչպես փաստում է ֆիլմի կարգախոսը, բոլորն էլ սիրո կարիք ունեն, սակայն ո՞վ կարող էր մտածել, որ սերը կարող է բացօթյա լսարանում դառնալ գիտական դասախոսության թեմա։ Այս լսարանում հավաքվել են ֆիլմի բոլոր հերոսները, և նրանց անձնական պատմությունները, դրվագ առ դրվագ ներկայացվելով ռեժիսորի կողմից, ամբողջանում են մեկ ընդհանուր գաղափարախոսության մեջ։ «Ի՞նչ է սերը» հարցը հնչում է զավեշտով լի այս ֆիլմի ողջ ընթացքում, և, ի վերջո, ոչ ոք չի կարողանում որոշակի պատասխան տալ այդ հարցին, նույնիսկ՝ ողջախոհ, գործնական, սեր փնտրող և այդ զգացմունքին չհավատացող դասախոսը, ում կերպարը մարմնավորել է Ռենատա Լիտվինովան։ Ամենատարբեր իրավիճակների միջոցով բացահայտելով մերօրյա՝ պարզունակության հասցված սիրային հարաբերությունների մեխանիզմը՝ ռեժիսորն անում է սեփական եզրահանգումը․ սեր կա, բայց այն պետք է նորից ու նորովի հայտնաբերել՝ տարանջատելով սեքսից, հաշվենկատությունից, վախերից, գիտական կեղծ բացատրություններից, մեզ շրջապատող ամեն ինչից։
Սեր կա, սակայն ժամանակակից տեխնոլոգիաներով ու նյութական արժեքներով հագեցված մեր դարաշրջանը խեղաթյուրել է այն։ Աննա Մելիքյանի հերոսները սեր են փնտրում սոցիալական ցանցերում, աշխատավայրում, ընտանիքում, օտար երկրներում․ փնտրում են այն, ինչն իրականում իրենց կողքին է, և պետք է պարզապես զգալ, նկատել ու պահպանել։ Ռեժիսորն օգտագործում է մարդկային հաղորդակցման արդի բոլոր միջոցները, և մենք տեսնում ենք մոդեռնիզացված սերը՝ ոչ գրքային, իրական, առանց հնաոճ «զարդարանքների»։ Իրականությունը, որ մեծ էկրանից մատուցվում է մեզ, գուցեև տխրեցներ, եթե չլիներ Աննա Մելիքյանի անսպառ հումորը։ Ստիպելով ծիծաղել այլոց վրա՝ ռեժիսորը ստիպում է, որ ծիծաղենք նաև ինքներս մեզ վրա։ Ֆիլմի բումային հաջողությունը լիովին կանխատեսելի էր․ շահեկան են և՛ մատուցման միջոցները, և՛ թեման, և՛ ոճը։ Սեր փնտրում են բոլորը, սակայն քչերն են գտնում։ Այս ֆիլմը հուշում է ճանապարհը։
Անուշ Բաբայան
Անուշ Բաբայան
COMMENTS