«Աշունը երկրորդ գարունն է, երբ ամեն մի տերևը մի ծաղիկ է»։ Ալբեր Քամյու
«Անախորժություններ Հարիի հետ» (1955)
ռեժ.` Ալֆրեդ Հիչքոկ
Սասփենսի դասական օրինակ դարձած այս ֆիլմը միաժամանակ դասվում է Ալֆրեդ Հիչքոկի ամենագեղեցիկ աշխատանքների շարքը։ Նկարահանումները կատարվել են ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում՝ Վերմոնտ նահանգում։ Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են անտառում հայտնաբերված ոմն Հարի Ուորփի դիակի շուրջ։ Հարևան գյուղակի միանգամից մի քանի բնակիչներ հիմք ունեն իրենց համարելու Հարիի մահվան մեղավորը։ Իրավիճակը հանգեցնում է այն կետին, որ ֆիլմի հերոսները չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ անեն դիակի հետ՝ հայտնեն դրա մասին ոստիկանությա՞նը, թե՞ գաղտնի թաղեն անտառում։ Արդյունքում՝ խեղճ Հարիին մեկ թաղում են, մեկ նորից դուրս բերում լույս աշխարհ․․․
«Աշնանային տերևներ» (1956)
ռեժ.` Ռոբերտ Օլդրիչ
Ֆիլմը սկսվում է Ռորշախի հոգեբանական թեստ հիշեցնող աշնան մռայլ տերևների պատկերներով՝ հանրահայտ Նեթ Քինգ Քոուլի "Autumn Leaves" երգի հնչյունների ներքո։ Տեսախցիկը դանդաղորեն սահում է բունգալոների կողքով՝ շեշտելով դատարկությունն ու միայնությունը։ Ապա մենք հետևում ենք Միլիի՝ քառասնամյա մեքենագրուհու աշխատանքին։ Նրա՝ ինքնավստահ կնոջ դիմակի տակ թաքնված է խոր միայնությունը, իսկ նրա վախերը վաղուց արդեն խեղդել են բոլոր հույսերը։ Օրերից մի օր Միլին ծանոթանում է լռակյաց և համեստ Բերթի հետ։ Սիրո և ջերմության կարիք ունեցող Միլիին արդյունքում բաժին է հասնում մի շիզոֆրենիկ․․․
«Ուշ աշուն» (1960)
ռեժ.` Յասուձիրո Օձու

«Սպանել ծաղրասարյակին» (1962)
ռեժ.` Ռոբերտ Մալիգան
Ամերիկուհի Հարփեր Լիի դաստիարակչական վեպի այս էկրանավորումը պատմում է Ատտիկուս Ֆինչի՝ Ալաբամայում բնակվող փաստաբանի մասին, ով միայնակ մեծացնում է իր երկու երեխաներին։ Գրեգորի Պեկի հերոսը՝ իմաստուն և փափկասիրտ Ատտիկուսը պետք է զբաղվի մի աֆրոամերիկացու դատապաշտպանությամբ․ վերջինիս սուտ մեղադրանք է առաջադրվել սպիտակամորթ կնոջը բռնաբարելու համար։ Ատտիկուսը բախվում է հարավային բնակավայրի թշնամության և նախապաշարումների հետ։ Սյուժեն զուգահեռաբար պատմում է նրա հասունացող երեխաների մասին․ նրանց մեջ ձևավորվում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են արդարությունը, պատասխանատվությունը, կարեկցանքը՝ ի հակադարձություն սոցիալական և ռասայական անհավասարության։
«Հարոլդ և Մոդ» (1971)
ռեժ.` Հել Էշբի
Հարոլդի մայրը՝ մեծահարուստ մի կին, որդուն չի ընդունում որպես ինքնուրույն անհատի՝ նախընտրելով նրա մեջ տեսնել իր իսկ կողմից ստեղծված կերպարը։ Տառապելով միայնությունից՝ Հարոլդը բացահայտում է մոր ուշադրությունը գրավելու հավանաբար միակ տարբերակը՝ ինքնասպանության բեմադրումը։ Ժամանակի ընթացքում սա դառնում է հոբբի․ Հարոլդն իրականացնում է ինքնասպանության տարատեսակ բեմադրություններ։ Հարոլդի հետաքրքրության մյուս առարկան թաղումներն են։ Նա ջանում է բաց չթողնել իր քաղաքում ընթացող բոլոր հուղարկավորությունները, որոնցից մեկի ժամանակ էլ ծանոթանում է ութսունամյա Մոդի հետ, ով կյանքով և դրա բոլոր դրսևորումներով տարված է նույնքան, որքան Հարոլդը՝ մահով։ Միասին նրանք անցնում են մի շարք արկածներով, և արդյունքում Մոդը դառնում է Հարոլդի ամենահարազատ մարդը․ նա սիրահարվում է Մոդին․․․
«Հյուսած մարդը» (1973)
ռեժ.` Ռոբին Հարդի
Իրականում այս ֆիլմի գործողությունները տեղի են ունենում գարնանը՝ ապրիլի վերջին և մայիսի առաջին օրերին, այնինչ նկարահանումները կատարվել են նոյեմբերին, ինչը յուրահատուկ աշնանային երանգ է հաղորդել կինոնկարին։ Օկուլտիզմի մասին այս ֆիլմը ժամանակի հետ դարձավ կուռքային, իսկ 2004թ-ից ֆիլմի նկարահանման վայրում սկսեցին անցկացնել երաժշտական փառատոն, որի ավարտին այրում են Հյուսած մարդու հսկայական խրտվիլակը՝ ի նշանավորումն զոհաբերության փառատոնի աստվածների։ Սյուժեի համաձայն՝ Շոտլանդիայի ափամերձ կղզիներից մեկն է ժամանում խուզարկու Հոուվին՝ տեղացի դեռահաս աղջկա խորհրդավոր անհետացումը հետաքննելու նպատակով։ Կղզու վրա, սակայն, Հոուվին բախվում է տեղացիների սառնությանն ու թշնամությանը։ Ավելին՝ նրան հաջողվում է պարզել, որ կղզու անխտիր բոլոր բնակիչներն իրենց առաջնորդի՝ լորդ Սամերայլի գլխավորությամբ զբաղվում են հին կելտական հեթանոսական ծիսակատարմամբ․․․
«Աշնանային սոնատ» (1978)
ռեժ.` Ինգմար Բերգման
Իր «Նկարներ» գրքում Բերգմանը գրում է․ «Ես ուզում եմ ֆիլմ ստեղծել մոր և դստեր, դստեր և մոր մասին, և այդ երկու դերերի համար պետք է հրավիրեմ Ինգրիդ Բերգմանին և Լիվ Ուլմանին․ նրանց և միմիայն նրանց»։ Հոլիվուդյան աստղ և ռեժիսորի ազգանվակից, բայց ոչ ազգական Ինգրիդ Բերգմանը մինչ այդ երբևէ չէր աշխատել մեծ ռեժիսորի հետ («Աշնանային սոնատը» դարձավ նրա վերջին ֆիլմերից մեկը), իսկ Լիվ Ուլմանն այս ֆիլմից հետո երկար ժամանակ չնկարահանվեց Բերգմանի ֆիլմերում՝ ընդհուպ մինչև «Սարաբանդա» ֆիլմը։ «Աշնանային սոնատում» Բերգմանը հետազոտում է հարազատների փոխադարձ չհասկացվածության թեման։ «Նկարներում» նա գրում է․ «Ի վերջո, դուստրը ծննդաբերում է մորը․․․ Սակայն այս միտքն ինձ դատարկ թվաց, և ես այն դեն նետեցի։ Չէ՞ որ կերպարները գործում են սեփական տրամաբանությամբ։ Նախկինում ես փորձում էի նրանց սանձել և հրահանգել, բայց տարիների հետ խելոքացա և սովորեցի թույլ տալ նրանց՝ գործելու այնպես, ինչպես իրենք կցանկանան։ Սա հանգեցրեց այն իրողությանը, որ ատելությունը քարացավ․ դուստրն ի վիճակի չէ ներել մորը։ Մայրն ի վիճակի չէ ներել դստերը։ Ներումը հիվանդ աղջկա ձեռքերում է»։ «Աշնանային սոնատում» սիրելու և ներելու ունակ են լոկ տառապող, թույլ մարդիկ․․․
«Հունձքի օրերը» (1978)
ռեժ.` Թերենս Մալիք
«Հունձքի օրերը» հաճախ են անվանում կինոյի պատմության մեջ ամենագեղեցիկ պատկեր ունեցող ֆիլմ։ Սյուժեն, ինչպես և այն ամենը, ինչ կապված է մարդկանց հետ, Մալիքի համար ավելի կարևոր չէ, կամ, նույնիսկ, պակաս կարևոր է, քան բնապատկերները, լույսի և ստվերի խաղը, տարվա եղանակների հաջորդականությունը։ Պատահական չէ, որ նկարահանումներն ընթանում էին չափազանց դանդաղ․ նկարահանող խումբն աշխատում էր առավելապես մայրամուտին նախորդող քսանրոպեանոց ժամանակահատվածի ընթացքում, որն անվանում են «ոսկե լույսի» ժամանակահատված։ Պատկերը կառուցելիս Մալիքը և օպերատոր Նեստոր Ալմենդրոսը (ում օգնում էր, այնուհետև փոխարինեց Հասկել Ուեքսլերը) հաճախ էին հիմնվում դասական (Վերմեեր, Հոփեր) և ժամանակակից (Էնդրյու Ուայեթի «Քրիստինայի աշխարհը») կտավների վրա։ Մոնտաժին Մալիքը տրամադրեց ավելի քան մեկ տարի․ Ժակ Ռիվետի պես նա էլ նախընտրում էր «ծեփել» իր ֆիլմերը մոնտաժային սենյակում։ Ֆիլմի վրա տարված տիտանական աշխատանքը և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես հալումաշ արեց պերֆեկցիոնիստ Մալիքին, ով ֆիլմի պրեմիերայից հետո մեկնեց Փարիզ և 20 տարով հեռացավ կինոարտադրությունից։ Միայն 1998թ-ին էկրան բարձրացավ նրա հաջորդ՝ վիետնամական պատերազմի մասին պատմող «Բարակ կարմիր գիծ» ֆիլմը։
«Թեսս» (1979)
ռեժ.` Ռոման Պոլանսկի
Ռոման Պոլանսկին իր այս ֆիլմը նվիրել է հանգուցյալ կնոջ՝ Շերոն Թեյթի հիշատակին, ով 1969թ-ին գազանաբար սպանվեց ահաբեկիչների բանդայի կողմից։ Հայտնի է, որ իրենց վերջին հանդիպման ժամանակ Շերոնը Պոլանսկուն է նվիրել Թոմաս Հարդիի «Թեսսը դ’Էրբերվիլների տոհմից» վեպը՝ նկատելով, որ դրանից հիանալի ֆիլմ կստացվի։ Ֆիլմի գործողությունները, ինչպես և Հարդիի վեպում, տեղի են ունենում Վիկտորիական ժամանակաշրջանի Անգլիայում։ Երիտասարդ գեղեցկուհի-գեղջկուհի Թեսսին հանկարծ հայտնում են, որ նրա երակներով նորմանդական ասպետների արյուն է հոսում, և նա ծնողների կամքով մեկնում է նորահայտ ազգականների կալվածքում ապրելու, որտեղ ծանոթանում է իր սիրառատ զարմիկի՝ Ալեքի հետ, ով դեմ չէ օգտվել զարմուհու անմեղությունից։ Նկարահանումները ամբողջությամբ կատարվել են Ֆրանսիայի հյուսիսում՝ Նորմանդիայում և Բրետանում, քանի որ Պոլանսկին գտնվում էր հետախուզման մեջ և վախենում էր Մեծ Բրիտանիայից ԱՄՆ արտաքսվելուց։ Ռեժիսորի պնդմամբ՝ բնապատկերները նախօրոք (երբեմն նկարահանումներից ամիսներ առաջ) բերվում էին մինչարտադրական տեսքի․ եզրափակիչ տեսարանի համար նույնիսկ կարիք եղավ Սթոունհենջի մակետը կառուցել։ Չնայած Պոլանսկին պնդում է, որ XIX դարի գյուղական կյանքի տեսարանների վերակերտման համար ոգեշնչվել է լեհական գյուղակի (որտեղ նա թաքնվել է կրակովյան գետտոյից փախչելուց հետո) մասին պահպանած իր մանկական հիշողություններից, ֆիլմի գեղարվեստական լուծումներում նկատելի է նմանությունը Գուստավ Կուրբեի և Ժան Ֆրանսուա Միլլեի ռեալիստական կտավների հետ։
«Սեպտեմբեր» (1987)
ռեժ.` Վուդի Ալեն
Իր այս ֆիլմի սցենարի վրա աշխատելիս Վուդի Ալենը ոգեշնչվել է Անտոն Չեխովի ստեղծագործություններից, ինչպես նաև դերասանուհի Լանա Թյորների կյանքի ողբերգական պատմությունից։ Ֆիլմի գլխավոր հերոսուհի Լեյնը որոշում է իր ընկերներ Սթեֆանիի, Հովարդի և Փիթերի հետ ամռանը մեկնել քաղաքից դուրս և ապրել ամառանոցում։ Այնտեղ ձևավորվում է սիրային եռանկյունի, որում Հովարդը սիրահարվում է Լեյնին, ով իր հերթին անտարբեր չէ Փիթերի հանդեպ, մինչդեռ Փիթերը սիրում է Սթեֆանիին, ով խուսափում է նրանից։ Ամառվա վերջին երկու օրերի ընթացքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կտրուկ փոխում են հերոսների կյանքը։ Բայց գալիս է սեպտեմբերը, և Լեյնը որոշում է վաճառել բնակարանն ու մեկնել Նյու Յորք․․․ Բացի այն, որ «Սեպտեմբերը» Չեխովի նշանավոր պիեսների վերաիմաստավորման փորձ է, ֆիլմում առկա են նաև բազում հղումներ Բերգմանի «Աշնանային սոնատին»։ Այսպես՝ Միա Ֆերոուի հերոսուհին որոշ տեսարաններում ճիշտ նույն ակնոցով և սանրվածքով է, ինչ Լիվ Ուլմանի հերոսուհին Բերգմանի ֆիլմում։
«Երբ Հարին հանդիպեց Սալիին» (1989)
ռեժ.` Ռոբ Ռայներ
Այս ֆիլմում գործողությունների մեծ մասը տեղի է ունենում աշնանը, ֆիլմը ավարտվում է Ամանորից տասը վայրկյան առաջ («Նոր տարվան մնաց տասը վայրկյան» արտահայտությունը հնչում է ռեժիսոր Ռոբ Ռայների ձայնով), սակայն ֆիլմի ամենահայտնի տեսարանը համեմված է գարնան շնչով․ Հարին և Սալին նստած են ռեստորանում, և Մեգ Ռայանի հերոսուհին, գրազ գալով Բիլի Քրիստալի հերոսի հետ, սկսում է ձևացնել օրգազմ։ Նույն պահին ռեստորանի հաճախորդներից մեկը Էսթել Ռայների՝ ռեժիսորի մոր մարմնավորմամբ, մատնացույց անելով Սալիին՝ արտասանում է լեգենդար «Ինձ էլ նույնից, ինչ նրան» (անգլ․՝ I’ll have what she’s having) արտահայտությունը, որը հետագայում Ամերիկյան կինոինստիտուտի կողմից կազմված բոլոր ժամանակների 100 լավագույն կինոմեջբերումների ցանկում կզբաղեցնի 33-րդ հորիզոնականը։ Ովքե՞ր են, սակայն, Հարին և Սալին։ Նրանք միասին սովորել են, միասին անցել են բազում փորձությունների միջով ու ամեն հարցում օգնել են իրար, նրանք ծանոթ են արդեն հազար տարի, սակայն նրանց ընկերությունը վտանգի տակ է․ երկուսին էլ նույն հարցն է տանջում՝ արժե՞, արդյոք, դառնալ ավելին, քան ընկերներ։ Կարո՞ղ են տղամարդն ու կինն ընկերություն անել, թե՞ ընկերությունը կանհետանա գիշերվա գալուն պես․․․
«Մեռած պոետների միությունը» (1989)
ռեժ.` Փիթեր Ուիր
Ֆիլմը պատմում է լեզվի և գրականության ուսուցիչ Ջոն Քիթինգի մասին, ով պոեզիայի և գրականության հանդեպ հետաքրքրություն սերմանելով՝ ոգեշնչում է իր աշակերտներին՝ փոխելու սեփական կյանքը։ Գործողությունները տեղի են ունենում 1950-ականների ավարտին՝ Վերմոնտ նահանգի Վելթոն քաղաքի մտացածին մի ակադեմիայում։ Առաջին իսկ օրվանից աշակերտները նկատում են Քիթինգի դասավանդման մեթոդի յուրօրինակությունը, որ արմատապես տարբերվում է դպրոցում տասնամյակներ շարունակ կիրառվող ավանդական մեթոդից։ Իր բոցաշունչ ճառում Քիթինգը խոսում է կյանքի անցողիկության մասին և կոչ է անում հետևել Carpe diem-ի (լատ․՝ «որսա պահը», այսինքն՝ ապրիր այսօրվա օրով․ հռոմեացի պոետ Հորացիոսի բանաստեղծական կոչն է) սկզբունքին, իսկ իրեն ուսուցիչը խնդրում է անվանել «Օ՜, կապիտա՛ն, իմ կապիտան»։ Բոլորից գաղտնի՝ երիտասարդները վերակենդանացնում են «Մեռած պոետների միություն» գրական խմբակը, որի անդամներից է ժամանակին եղել նաև Ջոն Քիթինգը։ Սա ֆիլմ-զարթոնք է, որը հիշեցնում է՝ հեղինակություն ունեցող մարդիկ մշտապես պետք է հանդես գան որպես «քարոզողներ»։
«Աշնանային հեքիաթ» (1998)
ռեժ.` Էրիկ Ռոմեր
Բարոյախրատական մելոդրամների անգերազանցելի վարպետ, ֆրանսիական կինոյի դասական Էրիկ Ռոմերի «Տարվա չորս եղանակների հեքիաթները» ցիկլի չորրորդ՝ վերջին ֆիլմն է սա, որի գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայի հարավում՝ սեպտեմբերին, խաղողի այգեքաղի շրջանում։ 45-ամյա այրի Մագալին մասնագիտությամբ խաղողագործ է, ում երեխաները, հասունանալով, թողել են հայրենի տունը և իրենց միայնակ մորը։ Մագալիից գաղտնի՝ նրա լավագույն ընկերուհի Իզաբելը որոշում է Մագալիի համար ամուսին գտնել և տեղական թերթում հայտարարություն է տեղադրում։ Հայտնվում է հաճելի մի թեկնածու՝ Ժերալդ անունով։ Միաժամանակ՝ Մագալիի որդու ընկերուհի Ռոզինն իր պոտենցիալ սկեսրոջն ուզում է ծանոթացնել իր նախկին դասախոսի (ինչպես նաև նախկին սիրեկանի)՝ փիլիսոփա Էտիենի հետ։ Արդյունքում ստացվում է այնպես, որ, Իզաբելի դստեր հարսանիքի ժամանակ, ամեն ինչից անտեղյակ Մագալին ծանոթանում է միանգամից երկու տղամարդկանց հետ․․․
«Անզուգական միսթր Ֆոքսը» (2009)
ռեժ.` Ուես Անդերսոն

Արամ Հակոբյան
COMMENTS