«Ես չեմ կարող իսկապես սիրել որևէ մարդու, եթե նա ամեն անգամ ուրախություն չի ապրում այն մտքից, որ հարևան կինոթատրոնում ցուցադրում են Բասթեր Կիտոնի ֆիլմերը»։ Խուլիո Կորտասար
Նրան համարում էին Չապլինի մրցակիցը, սակայն նրանցից յուրաքանչյուրն էլ անգերազանցելի էր իր եզակիությամբ, թեպետ բոլորն էլ խոստովանում էին, որ գլխապտույտ հնարքներ գործելիս Կիտոնը հավասարը չուներ և ավելի ճկուն էր, քան Չապլինը։ «Բեմեզրի լույսերը» հնչյունային ֆիլմում, որ Չապլինը նկարահանեց 1952թ-ին, նրանք հանդես եկան միասին, և դա, իրոք, պատմական փաստ էր կինեմատոգրաֆի էջերում։ Կիտոնի մեծության առջև խոնարհվել են ամենահայտնի կինոգործիչները։
Կինոգործիչները՝ Կիտոնի մասին
Վուդի Ալեն․ «Նրա ֆիլմերը հիասքանչ են։ Դրանք գլուխգործոցներ են, որոնք չունեն թերություն։ Ես պատրաստ եմ անվերջ հիանալ նրա ֆիլմերով»։
Ֆեդերիկո Ֆելինի․ «Կիտոնը միշտ արդիական է։ Նա այսօր էլ ստիպում է այնպիսի ուժով վերապրել տարբեր իրավիճակներն ու իրադարձությունները, որ մենք ապշահար քարանում ենք՝ կուրորեն կառավարվելով նրա հաղորդած հույզերի կողմից»։
Յուրի Նիկուլին․ «Նա իմ ամենասիրելի դերասանն է, և կրկեսում իմ բեմական կերպարը ես ստեղծել եմ նրա ազդեցությամբ»։
Ջիմ Քերի․ «Նա հանճար է, գյուտարար․․․ Ամեն անգամ, երբ տեսնում եմ, թե նա ինչպիսի հնարքներ է գործում ֆիլմերում, ինքս ինձ ասում եմ՝ պարզապես վայելիր այս հաճույքը, որովհետև, միևնույն է, դու երբեք այսպես չես կարողանա խաղալ»։
Լուիս Բունյուել․ «Բասթերը մեզ չի վարակում ծիծաղով։ Նա ծաղրածու չէ։ Մենք ծիծաղում ենք ոչ թե նրա, այլ ինքներս մեզ վրա՝ հետևելով դերասանի օլիմպիական հանգստությանը։ Կիտոնի մարդասիրությունը բոլորովին այլ, նոր երևույթ է՝ անսովոր և մինչ օրս չտեսնված»։
Օրսոն Ուելս․ «Կիտոնը վեր է բոլոր գովեստներից։ Նա մեծ դերասան է և էկրանի վրա իմ տեսած ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը։ Նա նաև գերազանց ռեժիսոր էր։ Լինելով չափազանց համակրելի մարդ՝ նա, միաժամանակ, լի էր գաղտնիքներով, որոնք ես այդպես էլ չկարողացա բացահայտել»։
Կիտոնը՝ Կիտոնի մասին
«Իմ ամենակարևոր դիտարկումն այն է, որ երբ հանդիսատեսը նկատում է ուրախությունս կամ որսում է ժպիտս, սկսում է սովորականից ավելի քիչ ծիծաղել։ Նրանք լիաթոք ծիծաղում են այն ժամանակ, երբ տեսնում են, որ իմ հերոսը դժբախտ է, ստորացված, հալածված ու խելացնոր»։
«Ես ի ծնե դերասան էի․ երբ դահլիճում լսում էի մարդկանց ծիծաղը, ծափահարությունները, զարմանքն ու հիացմունքը, անմիջապես մոռանում էի կապտուկներիս ու վնասվածքներիս մասին»։
«Փոքր տարիքում ես այնքան հաջողակ դերասան էի, որ ոչ ոքի մտքով չէր անցնում հետաքրքրվել, թե ինչ մասնագիտություն եմ ուզում ընտրել մեծանալուց հետո։ Եթե գոնե մեկը հարցներ, ես կպատասխանեի՝ ինժեներ-շինարար»։
«Ինձ համար գերագույն հաճույք էր սեփական ստուդիայում աշխատելը, որովհետև ոչ ոք ոչինչ չէր թելադրում, և ես հնարավորություն ունեի անձամբ ղեկավարելու ֆիլմի ստեղծման բոլոր փուլերը»։
«Հնչյունային կինոն չկործանեց իմ կարիերան։ Ընդհակառակը։ Առաջին հնչյունային ֆիլմը, որտեղ նկարահանվեցի գլխավոր դերում, շատ մեծ շահույթ ապահովեց»։
«Իմ կինոհերոսին տեսնելով՝ հանրությունը լրջորեն մտածում էր, թե ես նույնքան լքված ու ձախողակ եմ նաև իրական կյանքում։ Սակայն դա հեռու էր ճշմարտությունից։ Հետադարձ հայացք նետելով դեպի անցյալ՝ ես կարող եմ արձանագրել, որ չափազանց երջանիկ եմ եղել և այսօր էլ այդպիսին եմ»։
Բասթեր Կիտոնի լավագույն ֆիլմերից մեկը՝ «Շերլոկ կրտսերը»