Ֆեդերիկո Ֆելինիի հոդվածը նեոռեալիզմի մասին և «Կոնտեմպորանեո» ամսագրի արձագանքն այդ հոդվածին
Հասարակական մարդը
Ինձ թվում է, որ մեր քննարկման արդյունքներից մեկն էլ այն խոստովանությունն է, թե նեոռեալիզմը խնդրահարույց հարցերի զարգացման կարիք ունի, և նեոռեալիզմին անհրաժեշտ է ավելի լայն հորիզոն հումանիզմի որոնումների համար, ավելի քիչ դոգմատիզմ, ինչպես նաև՝ հրաժարում ցանկացած տեսակի սխեմաներից։ Ի վերջո, այն, ինչը ներսից միավորում է նեոռեալիզմի տարբեր հոսանքները, փնտրտուքը, որը կատարվում է այդ հոսանքների կողմից, հենց սերն է մարդու հանդեպ՝ նրա կյանքի, նրա «համամարդկային տան»։ Մեզ համար դա և՛ գեղագիտական, և՛ կրոնական, և՛ սոցիալական խնդիր է, բայց ոչ երբեք՝ վերացական հնարանք կամ պարզապես մրցավազք հոգեցունց թեմայի ետևից։
Ըստ իս՝ եթե խոսում ենք նեոռեալիզմի առավել բնորոշիչ գծի մասին, ապա այդ գիծը հենց հասարակական բնույթն է։ Նեոռեալիզմը հասարակական մարդու շարժում է, այսինքն՝ այն մարդու, ով այլ անձանց հետ իր հարաբերություններում առաջնորդվում է հասարակության հանդեպ ունեցած պարտքի և պատասխանատվության զգացումով։ Հենց այդ հարաբերություններն էլ կազմում են գոյության վերափոխման բարդ գործընթացի առանցքը, «գոյություն», որը հետզհետե դառնում է «գիտակցություն»․ ժամանակն է հասկանալ, որ մարդկային որոշակի կապերը կազմում են մեր առջև ծառացած հիմնական խնդիրը։ Ռոմանտիզմի դարաշրջանի մարդը չգիտեր այդ խնդրի մասին։ Եվ ես կարծում եմ, որ նեոռեալիզմի ի հայտ գալը դեպի մշակույթ տանող ավելի լայնամասշտաբ շարժման նախաշեմն է, յուրատեսակ ազատագրում մարդու վրա ծանրացած մետաֆիզիկայի բեռից։
Ես հասկանում եմ, որ իմ բառերը կարող են թվալ չափազանց լղոզված կամ ոչ բավականաչափ համեստ, բայց ես համարում եմ, որ նեոռեալիզմը շատ ավելի բարդ և հանելուկային երևույթ է, քան թվում է մեզ։ Ես նկատի չունեմ որևէ էկզոտիկ իմաստ, այլ, պարզապես, ուզում եմ ասել, որ պատերազմից հետո սկսեց զարգանալ մարդկային նոր տեսակի գաղափարը (ինչպես արդեն ասացի, «հասարակական մարդու», ով, ի դեպ, դրանով ամենևին էլ չի դադարում լինել անհատականություն)։ Հիմա մենք գտնվում ենք դեռևս առաջին փուլում, որն ի դերև է հանում և հնչեցնում է գլխավոր խնդիրները։ Նեոռեալիզմը քաջություն ունեցավ խոսակցություն սկսել մարդու և հասարակության մասին, իսկ հիմա պետք է համարձակորեն անցնի իր իսկ առաջադրած խնդիրների լուծմանը՝ բացահայտելով նոր երևույթներն ու դրանց նոր պատճառները։ Ես կասեի (եթե այս բառերն ավելի վաղ չարաշահած չլինեի), որ նեոռեալիզմն իր առաջ խնդիր է դրել՝ դառնալ հումանիզմ, սեր կյանքի հանդեպ, խաղաղասիրության պոետիկա։
Իհարկե, սա պահանջում է, որ մենք ավելի մեծ չափով դառնանք քննադատներ, բայց, միաժամանակ, նաև «ֆանտազյորներ» ու, ինչո՞ւ չէ, ռեալիզմի «մարգարեներ», այսինքն՝ ստեղծագործողներ, ովքեր կարողանում են նոր արժանիքներ ու նոր հատկություններ գտնել մարդու մեջ, առարկաներում, կյանքի իրադարձություններում։ Այսպիսով, հենց հոգևոր նոր արժեքների բացահայտումն է այն կարևորագույն ուղղությունը, որով նեոռեալիզմը շարժվում է։ Նեոռեալիզմը ճշմարտապես նոր շարժում է, նոր պոետիկա․ հաղթահարելով հինը՝ նեոռեալիզմը սերմանում է թարմություն և հանդիսանում է յուրատեսակ զննաձող, որի օգնությամբ հնարավոր է առավելագույն խորությամբ ուսումնասիրել այն, ինչը պատմությունն այսօր առաջարկում է մարդուն, սակայն՝ ամենևին էլ ոչ անհատույց։ Ես չեմ կարծում, որ ճիշտ կլիներ նեոռեալիզմի հոսանքն առանձին խմբերի բաժանելը՝ դրանց գաղափարական տարբեր հայացքների պատճառով, սահմանափակել նեոռեալիզմը անցյալի քարացած տեսական հիմունքներով, հարկադրել, որ, ստեղծագործական մեթոդոլոգիայի առումով, նեոռեալիզմը հանդիսանա, ոչ ավելի, ոչ պակաս, համակարգերի կրկնություն՝ սոսկ մեկ ուրիշ ժամանակաշրջանում և մեկ ուրիշ վայրում կիրառվող։ Այսօր ոմանք համարում են, թե նեոռեալիզմը, անցնելով ժամանակային ամբողջության փուլը, որը կապված էր հետպատերազմական մթնոլորտի և ազգային ազատագրական կոմիտեների գործունեության հետ, այժմ տարաբաժանվել է հակառակ դիրքերում կանգնած մեծաթիվ խմբերի, որոնք նախկինում այնքան սերտ էին միավորված, որ մնում էին աննկատ։ Սա հիանալի միջոց է՝ հրաժարվելու նեոռեալիզմից և դրա գլխավոր ստեղծագործություններից, ասես այժմ բացահայտ է դարձել այն, ինչն անցյալը (հետպատերազմական տարիներ) թաքցնում էր։ Այսպիսով, ստացվում է, որ նեոռեալիզմն ինչ֊որ մի հիբրիդային հոսանք է, մի ժամանակավոր ու տոնական սուտ, որի օգնությանը դիմում են ինքնահաստատման նպատակներով, ինչն էլ արդյունքում հանգեցրել է այս ուղղության թուլացմանն ու քայքայմանը։
Սակայն ես, ընդհակառակը, համոզված եմ, որ նեոռեալիզմն ի սկզբանե և իր բնե եղել է միավորող երևույթ, խթան՝ նոր մշակույթի ստեղծման համար։ Ես կարծում եմ, որ գաղափարախոսական և քաղաքական տարբեր ուժերը, որոնք այժմ անհամբերությամբ սպասում են, թե նեոռեալիզմը երբ է սպառելու իրեն, հենց դրանով էլ խեղաթյուրում են «առաջադիմություն» կոչվող հասկացությունը։ Նա, ով նեոռեալիզմին վերաբերվում է սուբյեկտիվորեն կամ նեղ կուսակցական տեսանկյունից, ի վերջո, առհասարակ դադարում է ինչ֊որ բան տեսնել։ Նեոռեալիզմը մնում է «սինթետիկական», «ստեղծագործական» ուղղություն։ Պետք է պայքարել նեոռեալիզմի՝ ոչ միայն մշակութային և գաղափարախոսական փորձառությունն ամրապնդելու համար, այլև այս ուղղությունը նոր իրավահաջորդներով և հետևորդներով հարստացնելու համար։ Սա մի խնդիր է, որի լուծումը վստահված է բոլորիս։ Այնպիսի խոսքեր, ինչպիսիք են սերը կյանքի հանդեպ, սերը մարդու հանդեպ, սերն «ընդհանուր տան» հանդեպ, նախատեսված չեն «հիբրիդային» միության կողմնակիցների համար։
Բացի այդ՝ ուզում եմ հստակեցնել նաև մի հանգամանք, ըստ իս՝ չափազանց կարևոր․ նեոռեալիզմն, իր ողջ որոշակիությամբ, «հողակցմամբ», «առօրյան» որպես շարադրանքի նոր ռիթմ ներկայացնելու իր հավատարիմ հետևողականությամբ, հանդիսանում է բարձր նպատակներ ունեցող ուղղություն։ Այս ուղղությունը ձգտում է ձևավորվել որպես կյանքի օրգանական ընկալում, որպես աշխարհի նոր տեսլական։ Վերածննդի դարաշրջանում արտաքին աշխարհի, իրականության հանդեպ վերաբերմունքն այլ էր, Լուսավորության դարաշրջանում՝ այլ, ռոմանտիզմի դարաշրջանում՝ լրիվ ուրիշ․ ուրեմն՝ ինչո՞ւ հիմա չենք կարող ասել, թե տեղի են ունենում աշխարհի, իրականության հետ «նեոռեալիստական» կապի որոնումներ։ Ամենաէականն այն է, որ ստեղծվեն այնպիսի ֆիլմեր, որոնք, թեկուզև՝ թռուցիկ, ոչ բավականաչափ հիմնավոր, առանց մանրամասն շարադրանքի, սակայն կբացահայտեն և կցուցադրեն այդ նոր հարաբերությունները։
Լիովին պարզ է, որ ստեղծագործության քննադատական ուղղվածությունը, հանդիսանալով դրա ակտուալության, նորարարական «ճկունության», իրավիճակների արտացոլման և խնդրահարույց հարցերի հանդեպ վերաբերմունքի հստակության արդյունքը (նույնիսկ ամենախոր ու ամենաթաքուն), ամփոփված է նոր զգացմունքների ուժի մեջ, զգացմունքներ, որոնք հակադրվում են հին զգացողություններին և հին գաղափարներին։ Ի վերջո, անդրադառնանք արվեստի «քաղաքականացմանն» ընդհանրապես և նեոռեալիզմի «քաղաքականացմանը» մասնավորապես։ Նեոռեալիզմի իսկական թշնամին հենց նա է, ով շտապում է «անիրական, հնարովի աշխարհ» բնորոշումներով պիտակավորել այն ստեղծագործությունները, որոնք առաջարկում են նոր ուղիներ և անում են բացահայտումներ՝ առաջին հայացքից, գուցեև, ոչ բավականաչափ ակնառու։ Այդ մարդկանց հարկ է ավելի քիչ վախենալ այնպիսի բառերից, ինչպիսիք են «հնարովին», «գրականը», «հետադարձը»։ Շատ հեշտ է խնդիրն անվանել «հնարովի», եթե չես ընդունում այն, և թեման անվանել «գրական», եթե այն քեզ չի հուզում և չի հետաքրքրում։
Պետք է փորձել հասկանալ, որ վաղ նեոռեալիզմի՝ առասպելների, դրվագայնության, ի վերջո՝ միայնության, հանդեպ նվաճած հաղթանակը թեպետ անվիճելիորեն կարևոր էր, բայցև սահմանափակ էր իր նշանակությամբ։ Այդ հաղթանակը նախանշեց զարգացման հեռանկարը, ընդլայնեց հորիզոնները, սակայն չհանգեցրեց հիմնական խնդիրների լուծմանը։ Այժմ պարզապես անհեթեթ կլիներ մատնանշել լիակատար հաղթանակի հասնելու ճանապարհներն ու միջոցները՝ այս խնդիրները լուծելիս։ Այսօր հնարավոր չէ միայնությունից ազատվել լոկ համախմբվածության և ժողովրդավարության կրքոտ ձգտման միջոցով․ անհրաժեշտ է նաև բացահայտել պատճառները, որոնք առաջացրել են այդ հոգեվիճակը։ Հենց այդ նպատակով էլ, նաև՝ փիլիսոփայական առումով, հարկ է ներկայացնել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարդկային միայնությունը, թախիծն ու հուսահատությունը, փորձել ավելի համակարգված ձևով լուծում տալ դրանց՝ առավել շոշափելի արդյունքների հասնելու համար։ Ի՞նչ իմաստ ունի մեր ծննդյան երջանիկ ժամանակաշրջանին՝ Դիմադրության շարժման մթնոլորտին վերադառնալու կոչ անելը (ես խոսում եմ ճշմարիտ Իտալիայի մասին)։ Եթե մենք ցանկանում ենք, որ իտալական կինոն շարունակի զարգանալ, ապա պետք է այդ մթնոլորտը դարձնենք հեղափոխական։
Այդուհանդերձ, դա կլինի ոչ թե նեոռեալիզմի շարունակությունը, այլ ներքին խորացումը։ Բոլորի համար էլ պարզ է, որ այսօր իտալական կինոն մեծապես զգում է դյուցազներգական, վիպերգական ձևաչափի կարիքը։ Սակայն երկիմաստ մեկնաբանությունից խուսափելու համար հստակեցնենք․ սա ոչ թե «պատմողական հիմքի» ինչ֊որ լղոզված ու անորոշ անհրաժեշտություն է՝ իրականացված որևիցե մասշտաբային ձեռագրով, որը մեզ կոգեշնչեր, այլ ընդամենը պարզ պահանջ՝ ունենալու այնպիսի ստեղծագործություններ, որոնք կներկայացնեին մարդու ոչ դրվագային աշխարհընկալումը, նրա ճակատագրի մասին ամբողջական պատկերացումը։ Այդ աշխարհընկալումը, վերջիվերջո, կարող է արտահայտվել լակոնիկ քնարական ձևով․ չէ՞ որ մեր գլխավոր պահանջմունքը հենց այդ ընկալումն է և ոչ թե դրա արտաքին դրսևորումը։
Նոր վեպի, այսինքն՝ նեոռեալիստական վեպի ստեղծման համար, իմ կարծիքով, բացարձակապես անօգուտ և նույնիսկ վնասակար է շարադրանքի հին կառուցվածքային ձևերին վերադառնալը։ Նեոռեալիզմը հանդիսացավ վերացական մոնտաժի ճգնաժամն ու քննադատությունը, կատարեց համարձակ քայլ դեպի ռիթմիկ մասնատումը, իսկ մի նոր ամբողջականության հասնելու համար անհրաժեշտ է խորացնել այդ ճգնաժամն ու քննադատությունը։ Իմ համոզմամբ՝ հասարակական մարդու շարժումը դիտարկող նեոռեալիզմի հենց այդ տարրերը խորացնելու միջոցով էլ հնարավոր է գտնել վեպի ճիշտ ձևը, այսինքն՝ հասնել մարդու՝ «իր շուրջը» և «իրենից բացի» ունեցած բոլոր կապերի ամբողջական միաձուլմանը։
Ես կարծում եմ, որ մարդու առավել հասարակական տարրը հենց Գաղտնին է։ Ոչ թե լղոզված սպիրիտուալիզմի, այլ հենց մարդու և կյանքի հանդեպ ունեցած սերն է մեզ մղում որսալու այդ Գաղտնին։ Ուզում եմ մեր քննարկումն ավարտել Էյնշտեյնի հետևյալ խոսքերով․ «Ամենահիասքանչը, որ մենք կարող ենք զգալ, գաղտնիքի զգացողությունն է։ Հենց դա էլ հանդիսանում է ցանկացած տեսակի ճշմարիտ արվեստի և գիտության աղբյուրը։ Նա, ով երբեք չի ունեցել այդ զգացումը, նա, ով չի կարողանում կանգ առնել և մտորել՝ երկչոտ հիացմունքով տարված, նման է մեռյալի, և նրա աչքերը փակ են»։
Սոցիալական մարդը
«Կոնտեմպորանեո» ամսագրի պատասխանը Ֆելինիին
Եվ այսպես, նշանակում է, դեռևս հնարավոր է անկեղծորեն վիճաբանել, արտահայտել հակադիր կարծիքներ, ներքուստ հարստանալ բանավեճի միջոցով, թեկուզև՝ հենց այն պատճառով, որ ինքդ էլ ստիպված ես վերլուծել, հստակեցնել, պարզաբանել սեփական գաղափարներդ՝ ինչպես ինքդ քեզ համար, այնպես էլ ուրիշների։ Եթե մեր բանավեճը նույնիսկ չտար ոչ մի այլ արդյունք՝ բացի վստահությունից, թե մենք վերականգնել ենք հասարակական կյանքի սովորույթներից մեկը, միևնույն է՝ դա էլ բավական կլիներ։ Բայց մենք կարծում ենք, որ կարելի է անել նաև այլ եզրահանգումներ։
Առաջին։ Մենք Ֆելինիի հետ համակարծիք ենք այն հարցում, թե նեոռեալիստական ողջ ուղղությանը բնորոշ է սերը կյանքի և մարդկության հանդեպ, ինչպես նաև համակարծիք ենք «հասարակական մարդու» բացահայտման հարցում, այսինքն՝ ի դերև հանելու և ամրապնդելու այն որոշակի կապերն ու հարաբերությունները, որոնք միավորում են մի մարդուն մյուսի հետ։ Սակայն մեզանում կասկած է առաջանում՝ համաձայնե՞լ, արդյոք, Ֆելինիի հետ այն պարագայում, երբ նա «հասարակական մարդուն» բնորոշող գծերի թվում նշում է վերջինիս ձգտումը դեպի գաղտնիքը։ Մենք կցանկանայինք առնվազն իմանալ, թե ինչպես պետք է ընկալել «գաղտնիք» հասկացությունը․ այն, ինչը մարդուն դեռևս հայտնի չէ՞, թե՞ սա պարզապես անըմբռնելիի բնորոշումն է։ Առաջինի դեպքում մենք կարող ենք ինչ֊որ կերպ համաձայնել Ֆելինիի հետ․ առկա իրականությունը ճանաչելու ձգտումը՝ մինչև վերջերս անհայտ, այդ բացահայտումից ծնված հուզմունքը՝ այս ամենը, իհարկե, բնորոշ է նեոռեալիզմին։ Երկրորդի դեպքում մենք բացարձակապես համաձայն չենք Ֆելինիի հետ, քանի որ նեոռեալիզմն ինքնին վերջակետ դրեց մշուշոտ պատկերացումներին ու միստիկային առնչվող ցանկացած տեսակի կոկետությանը, և մենք ամենաանուղղելի ռացիոնալիստներն ենք այդ առումով։
Բայց «մասնավոր» մարդու և «հասարակական» մարդու փոխհարաբերությունների, միասնականության և մասնատվածության խնդիրն առաջադրում է ոչ միայն նեոռեալիզմը․ սա ողջ ժամանակակից արվեստի առանցքային խնդիրն է։ Եվ, թերևս, սա ժամանակակից մարդկանց ողջ կյանքի ամենագլխավոր խնդիրն է։ Նեոռեալիզմը (հենց այն պատճառով, որ առաջացել է հակաֆաշիստական պայքարի և Դիմադրության շարժման պատմական փորձից) արվեստի միջոցով բացահայտեց այդ մասնատվածության և մարդկային փոխհարաբերությունների ամբողջական խնդրի գենեզիսը՝ դրա պատճառները գտնելով ժամանակակից հասարակության հակասություններում։ Նեոռեալիզմը բացահայտեց, որ «հասարակական» մարդու և «մասնավոր» մարդու հատման կետը հանդիսանում է սոցիալական մարդը, և որ թե՛ մարդկային անհատականությունը, թե՛ տեղը, որ նա զբաղեցնում է որոշակի հասարակությունում, պայմանավորված են գոյության որոշակի պայմաններով։ Սոցիալական մարդուն ձևավորող այդ միաձուլումը, սակայն, ներդաշնակ լինելու փոխարեն (այն իմաստով, որ անհատը պետք է հասարակությունն ընկալի ոչ թե որպես սահմանափակող, այլ որպես իրեն խթանող ուժ)՝ շատ հիվանդագին է և լի հակասություններով, որոնք ծնունդ են առել մեր հասարակական կարգի հակասություններից։ Հենց այդ հոգեվիճակն էլ զգացվում է այնպիսի ֆիլմերի հիմքում, ինչպիսիք են «Հռոմը բաց քաղաք է», «Հեծանիվներ գողացողները» և «Հողը դողում է»։ Հարստացրե՞լ, թե՞ խորացրել է Ֆելինին այդ խնդիրներն իր նոր ֆիլմով։ Իրականացրե՞լ է, արդյոք, այն, ինչի մասին կոչ էր անում՝ խորացնել նեոռեալիզմի էությունը՝ որպես «հասարակական» մարդու շարժման։ Հենց դա էլ կասկածի տեղիք է տալիս, քանի որ նա, ինչպես մեզ թվում է, փորձում է դուրս գալ իրականության և պատմության սահմաններից, որոնց ներսում կանգնած է անհատի և հասարակության բևեռացման խնդիրը։
Երկրորդ։ Մենք համամիտ ենք Ֆելինիի հետ, որ նեոռեալիզմը չի հանդիսանում մեկընդմիշտ գտնված ինչ֊որ մի դեղատոմս․ այն, նախևառաջ, որոնումների պահանջմունքն է, հոգևոր նոր արժեքների բացահայտումը, աշխարհի նոր, օրգանական ընկալմանը հասնելու ձգտումը։ Այդ իսկ պատճառով լիովին բնական է, որ հենց այդ ուղղության ներսում զարգանում են տարբեր ռեժիսորների տարբեր պոետիկաները (չէ՞ որ ոչ ոք չի կարող ժխտել Ռոսելինիի, Վիսկոնտիի, դե Սիկայի, Ձավատինիի, դե Սանտիսի, Ջերմիի, հենց իր՝ Ֆելինիի և այլոց պոետիկաների միջև եղած խոր տարբերությունները)։ Այդ իսկ պատճառով «Ճանապարհը», անշուշտ, հանդիսանում է չափազանց նշանակալից ստեղծագործություն, թեպետև տեղիք է տալիս լուրջ մտավախությունների՝ կարելի՞ է, արդյոք, առաջ ընթանալ այդ ուղղությամբ։
Երրորդ։ Մենք համաձայն ենք Ֆելինիի հետ, որ նոր արձակի հիմքում (ինչպես կինեմատոգրաֆիական, այնպես էլ գրական) պետք է լինի մարդու ոչ դրվագային աշխարհընկալումը։ Բայց մենք համաձայն չենք, որ նա փորձում է ջնջել 19֊րդ դարի ռեալիստական արձակի մեծ փորձը, որը հանդիսանում է ռեալիզմի ուղղությամբ տարվող ցանկացած որոնման հիմքը։ Այսպիսով, ամփոփելով այն ամենը, ինչի վերաբերյալ մենք համաձայն ենք կամ համաձայն չենք, արձանագրենք, որ բանավեճն արդյունավետ էր։ Հուսանք, որ ապագայում կշարունակենք այն։ Հատկապես ակնկալում ենք, որ այդ հնարավորությունը մեզ կտա Ֆելինին իր նոր ֆիլմով՝ առավել հետաքրքիր և առավել խնդրաշատ ու ժամանակակից, քան «Ճանապարհն» է։ Այս մաղթանքը մենք՝ Ֆելինիի լավ բարեկամները, արտահայտում ենք ամբողջ սրտով։
COMMENTS