«Լի՛վ, դու իմ Ստրադիվարիուսն ես»,- իր մուսային՝ Լիվ Ուլմանին խոստովանել է շվեդական կինոյի լեգենդ Ինգմար Բերգմանը: Նորվեգուհու խոսքերով՝ սա իր կյանքի լավագույն հաճոյախոսությունն է:
Վերջին տարիներին ունեցած հարցազրույցներից մեկի ժամանակ Լիվ Ուլմանը խոսել է լեգենդար ռեժիսորի հետ աշխատելու հեշտ ու դժվար կողմերի մասին. «Բերգմանի հետ աշխատելը միաժամանակ և՛ դժվար էր, և՛ աննկարագրելի հետաքրքիր: Լինելով «հնազանդ» դերասանուհի՝ ես գրեթե երբեք գործնական տարաձայնություններ չեմ ունեցել նրա հետ, միշտ փորձել եմ իրագործել նրա մտահղացումները: Նույնը չի կարելի ասել, օրինակ, Ինգրիդ Բերգմանի մասին, ում հետ միասին աշխատել ենք «Աշնանային սոնատ» ֆիլմում»:
Դերասանուհու խոսքերով՝ Բերգմանի՝ իր մասնակցությամբ ամենադժվար ֆիլմը «Պերսոնան» էր․ «Այդ ժամանակ ընդամենը 25 տարեկան էի: Ամբողջ ֆիլմում միայն մի քանի բառ պետք է արտասանեի: Փոխարենը՝ պիտի մի շարք էքզիստենցիալ խնդիրներ հասկանայի, ինչն այդ տարիքում գրեթե անհնար էր: Այս ֆիլմում արծարծված գաղափարները միայն տարիների ընթացքում եմ ամբողջովին հասկացել: Այնուամենայնիվ, նման ֆիլմում նկարահանվելը միմիայն հաճույք էր: Ինձ համար սարսափելի էր ամբողջ կյանքում հոլիվուդյան գեղեցկուհիներ մարմնավորելու միտքը»:
«Բերգմանի նկարահանման հրապարակներում ինձ միշտ պաշտպանված եմ զգացել: Առաջին հերթին՝ շնորհիվ այն հանգամանքի, որ նա վստահում ու հավատում էր յուրաքանչյուր դերասանի, հնարավորություն էր տալիս քեզ արարող զգալ, գտնել քո կադրը, ռեժիսորի կողմից առաջարկված մտքին ավելացնել սեփական իմաստն ու ընկալումը: Սա նրա տված լավագույն դասն է, որը հետագայում և մինչ օրս կիրառում եմ իմ ռեժիսորական գործունեության մեջ»:Խոսելով Բերգմանի ազդեցության մասին՝ Ուլմանը մի առիթով նշել է․ «Առաջին անգամ հանդիպեցի մի ռեժիսորի, ով ինձ օգնեց բացահայտելու այնպիսի զգացումներ ու մտքեր, որոնց մասին ուրիշ ոչ ոք չէր էլ կասկածում: Նա համբերատար լսում էր ինձ՝ հասկանալով արտահայտածս ամեն մի միտքը: Բերգմանը հանճար է. նա ստեղծում է մի միջավայր, որտեղ հնարավոր էր դառնում ամեն ինչ, նույնիսկ այն, ինչն ինքս ինձնից չէի սպասում»:
Երբ մի օր Լիվին առաջարկեցին ֆիլմի սցենար գրել՝ այնուհետև ստանձնելով նաև ռեժիսորի դերը, դերասանուհին երկմտեց որոշում կայացնելուց առաջ: Միայն Բերգմանին զանգահարելուց և նրա դրական արձագանքը ստանալուց հետո Ուլմանը որոշեց հաղթահարել այդ նոր մարտահրավերը: Այդպես դերասանուհին սկսեց իր առաջին՝ «Սոֆի» ֆիլմի աշխատանքները։
Ուշագրավ է, որ նորվեգուհին Բերգմանին գրավել էր ոչ միայն որպես տաղանդավոր դերասանուհի. 1967թ-ին լույս աշխարհ է գալիս նրանց դուստրը՝ Լինը: Նրանք սիրահարվեցին, երբ Ուլմանը 25 տարեկան էր, իսկ Բերգմանը՝ 46։ Ուլմանի հետ համատեղ խաղաղ կյանք վարելու ակնկալիքով՝ ռեժիսորը Բալթիկ ծովի ափին գտնվող Ֆորյո կղզում մի տուն է կառուցում: Այնուամենայնիվ, այս միությունը երկար չի գոյատևում: Շուտով Բերգմանը սկսում է միայնակ վայելել կղզին ու իր առանձնատունը: Այս վայրը դառնում է ռեժիսորի հանգստության, մեկուսացման անկյունը, որտեղ մինչև կյանքի վերջին տարիները Բերգմանը կարողանում էր առանձնանալ ինքն իր հետ, ընթերցել կամ, ինչպես ինքն էր նշում, «հոգու մաքրազերծմամբ» զբաղվել:
Պատահական չէ, որ հենց Ֆորյո կղզում է Լիվ Ուլմանը նկարահանում «Անհավատարիմը» ֆիլմը (ըստ Բերգմանի սցենարի): Այս կինոդրաման ներկայացնում է ամուսինների հարաբերությունների ճգնաժամը՝ փաստացի հանդիսանալով Ուլմանի ու Բերգմանի սեփական պատմությունը։ «Սցենար գրելիս նախկինում երբեք այդ աստիճան չէի օգտագործել իմ անձնական կյանքը: Դա շատ ցավոտ դրվագ է ինձ համար, հատկապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման դեպքերում ծնողների մեղքով տուժում է երեխան: Այս ֆիլմը ներկայացնում է մեր ապրումներն ուղիղ ու կտրուկ ձևով»։
Վերհիշելով Ֆորյո կղզում իրենց առաջին ամառը՝ Լիվը խոստովանել է․ «Մենք ապրում էինք արևի ճառագայթների, կրքի ու երջանկության մեջ: Նման ամառ երբեք չէինք ունեցել և չէինք ունենալու»: Չորեքշաբթին շաբաթվա միակ օրն էր, երբ Ուլմանին թույլատրվում էր իր ժամանակը նվիրել ուրիշներին՝ հստակ սահմանված ժամին տուն վերադառնալու պայմանով: Երբ ժամը մոտենում էր, Բերգմանը շեմին կանգնած սպասում էր նրան:
«Կարճ ժամանակ անց ես իմացա, թե ինչպիսին էր Բերգմանի խանդը. այն դաժան էր, սահմաններ չէր ճանաչում»։Ռեժիսորն իրենց տան մի կողմում պատ էր կառուցել՝ օտար աչքերից խուսափելու նպատակով, ինչի արդյունքում Ուլմանի համար այդ տունը, իր իսկ խոսքերով, բանտի էր նմանվել: Բերգմանը երբեմն չէր կարողանում սահման գծել անձնական կյանքի ու աշխատանքի միջև՝ կենցաղային զայրույթը տեղափոխելով նկարահանման հրապարակ, որտեղ և «պատժում» էր Ուլմանին: Մի անգամ նա ստիպել է Լիվին՝ վառվելու աստիճան մոտ կանգնել կրակին, մեկ ուրիշ անգամ՝ անտեղի դիմանալ ուժեղ ցրտին։ Ժամանակի ընթացքում Լիվը սկսեց գիտակցել, որ Բերգմանի այս հոգեվիճակը բխում էր հուզական անկայունությունից: Արդյունքում՝ վերջինիս հանդեպ «ստրկամիտ պաշտամունքը» դերասանուհու սրտում փոխարինվեց հարգանքով ու հիացմունքով։
Ուլմանի ու Բերգմանի պատմությունը կարելի է բաժանել մի քանի գլուխների՝ սեր, միայնություն, զայրույթ, կարոտ և ընկերություն: Ի վերջո, նրանց անսովոր կիրքը փոխակերպվեց մի ամուր ընկերության, որն օր-օրի ավելի էր խորանում կյանքի պատերազմի միջով միասին անցած ու գոյատևած այդ երկու վառ անհատականությունների միջև։
Արմինե Նազարյան