«Մենք չենք մեռնում անկումներից, մենք չենք մեռնում ստորացումներից։ Մենք մեռնում ենք թիկունքին ստացած հարվածից»։ Ժակ Բրել
Շառլ Ազնավուրը, պրոդյուսեր Էդի Բարքլին և Ժակ Բրելը, 1960թ |
․․․ Բարձրահասակ, ոտքերը լայն բաց արած, նա մեխվեց բեմեզրին։ Մեծ, արտահայտիչ բերան, ուժեղ ծնոտներ, ճկուն, գեղեցիկ ձեռքեր, անփոխարինելի շարժմունք։ Ծափահարություններ չէր սիրում և երգում էր անընդմեջ, մեկը մյուսի ետևից, ասես երկյուղ ուներ, թե չի կարող բոլորը երգել։ Լարումից և հուզմունքից քրտինք էր թափում սևագործ բանվորի պես և դահլիճին նույնպես ստիպում էր քրտնել։ Բրելի կենդանի երգն ունկնդրելիս ամենահարմար համեմատությունը, որ առաջանում է, իմ կարծիքով, ականանետն է։ Այո, անընդմեջ, իրար վրա նա երգ-ականներ էր պարպում մարդկանց գլխին, դրանք պայթում էին անվրեպ, և, հավանաբար, այդչափ պայթյունի չվարժված դահլիճը չկարողացավ լիովին հասկանալ երգչի ինքնամոռաց սպառումը, երգով այրվելու և այրելու պոռթկումը, երգերից ու հենց իրենից բխող տղամարդկային ուժի անդիմադրելի հմայքը։
Այնինչ հատկապես Բրելի երգը գերագույն հարգանք է պահանջում, կամ՝ ավելի լավ է չլսել։ Չի կարելի երկու գործի արանքում, կես ականջով, կես սրտով լսել նրան, մեկ է՝ ոչինչ չի ստացվի։ Նրանք, ովքեր արդեն սիրում են, կապված են Բրելի երգարվեստին, նման ծանոթության կարիքը չունեն․ անհնար է նրանից հրաժարվելը։ Նրանք, ովքեր երկմտում ու վարանում են, թե ե՞րգ է, արդյոք, դա իսկական իմաստով, օտարոտի և տարօրինակ ոչինչ չկա՞, պետք է նկատի ունենան, որ գործ ունեն, այո, անչափ ինքնատիպ երևույթի հետ։ Բանաստեղծ-կոմպոզիտոր-կատարող երջանիկ միասնության կատարյալ դրսևորումներից մեկը՝ ուրույն խոսքով, ուրույն հնչմամբ, անթերի ձևով, խորին բովանդակությամբ։ Իսկ նման երգն անպայման պահանջում է հարմարվել, ենթարկվել, լարվել նույն տրամադրությամբ, զգացմամբ, անգամ՝ խառնվածքով:
«Պրոֆեսիոնալ ռիսկ», 1967թ |
Նա մերժեց այդ «խաղը»՝ իր մեջ զգալով գրականության, երաժշտության վիթխարի պահանջ ու ծարավ, որն էլ հենց փրկել կարող էր պայմանականությունների, հաշվի, առուծախի սպառնացող վտանգից։ Նա չցանկացավ հաջողակ լինել կյանքում, այլ աշխատեց հաջողությունը հարմարեցնել իր կյանքին ու խառնվածքին։ Սևեռ, ինքնամփոփ, երկար մտածելու և վերլուծելու հակված պատանին դեպքից դեպք երգում էր հավաքույթներում, բարեգործական հանդեսներում։ Նա սիրում էր երգը։ Ու ետդարձն անհնար էր։ Գիտեր, որ ամիսների, տարիների զրկանք, աշխատանք է սպասում իրեն, գիտեր, որ անհայտությունն է իր դեմ, բայց ըմբոստացավ։
Եվ ահա 23-ամյա Բրելը մեկնեց Փարիզ՝ արվեստների և երգի այդ Մեքքան։ Թեև, ինչպես նշել է քննադատներից մեկը, Փարիզը նրան ամենևին չէր սպասում և դեռ երկար ժամանակ ուներ՝ նրա անունը հերթի դնելու։ Բրելը երգի աշխարհ մտավ ուխտավորի ջերմեռանդությամբ ու հավատով, զինվորագրվեց քնարերգությանը անձնազոհությամբ ու անվերադարձ և սկսեց աշխատել տաժանակրության դատապարտվածի պես։ Սկսեց երգել ֆլամանդական, ֆրանսիական ժողովրդական երգեր ու ձախողվեց։ Փարիզի բեմը դեռ փակ էր պահում իր դարպասները։ Բրելը ձեռնունայն վերադարձողներից չէր։ Սկսեց ինքը հորինել, գործի դրեց բանաստեղծական ակնառու ձիրքը, որ դեռ հապաղում էր դրսևորել։
Ժակ Բրելը ստեղծագործելիս |
Ե՛վ խոսքով, և՛ երաժշտութամբ, և՛ կատարմամբ նրան ծափահարեցին։ Սկզբում հատուկենտ, զգուշավորությամբ, ապա ուժգնացավ օվացիան, և մի գեղեցիկ օր էլ պարզվեց, որ Փարիզն անկարող է յոլա գնալ առանց այդ համառ բելգիացու։ Ֆրանսիան, ապա և աշխարհն ընդունեցին տաղանդավոր երգչին։ Ընդ որում՝ որքան միահամուռ, ջերմ և անառարկելի է նրա երկրպագուների հիացմունքը, նույնքան սառը, թերահավատ ու տարակուսական է հակառակ արձագանքը։ Օրինաչափ վերաբերմունք է դա։ Ժակ Բրելը մարդկանց պարտադրեց իր աշխարհը, երգեց իրեն հուզած, ցավ կամ հաճույք, անհանգստություն պատճառած ու վստահություն ներշնչած ամեն ինչի մասին։ Իրեն և կյանքին շիփ-շիտակ նայող բանաստեղծ-կոմպոզիտորը երգեց ամբողջ մարմնով ու հոգով՝ ուղղակի, անվախ, աներկդիմի։ Բանաստեղծության ու երգի դաշինքը հրապարակ հանեց մեր դարի մոլեգին, ամեհի տրուբադուրին։
․․․ Ինչո՞ւ են շեփորահարում, և կառամատույցի վրա քառաշար զինվորներն ինչո՞ւ են սպասում կոտորածների։ Ո՞ւմ է պետք այս գնացքը, որ հառաչում է՝ նախքան մեզ հասցնելը սխալին։
Մենք էլ երբեք անտառ չենք գնա, աղավնին վիրավոր է, մենք չենք գնում անտառ, գնում ենք աղավնուն սպանելու։
Ինչի՞ համար պիտի պատերազմի այս գնացքը և ո՞ւմ համար։ Ո՞ւմ է պետք այս գերեզմանոցը, որ գնում է դեպի խավար։ Ո՞ւմ են պետք կոթողները, որ ելնում են պարտություններից, և արդեն ասված նախադասությունները, որոնց թաղումը պիտի հետևի։ Ի՞նչ է փառքը, որի դիմաց ուրիշներն են վճարել, և ինչո՞ւ են երկրի լույսերը հրացաններով հանգցնում։
Մենք էլ երբեք անտառ չենք գնա, աղավնին վիրավոր է, մենք չենք գնում անտառ, գնում ենք աղավնուն սպանելու։
(«Աղավնին»)
Պատերազմի դաժան խելահեղության ու մոլուցքի դեմ Բրելը հանդես եկավ որպես տրիբուն, որպես խորազգա և աննկուն մարտիկ։ Նրա ուշադրության կենտրոնում մարդն է, հենց այն թնդանոթի միսը, որ հյուլե է միլիոնների մեջ, բայց մի աշխարհ, մի կյանք։ Նա ապրելիք ունի, հույսեր ունի, որի համար հենց այդ միլիոններն են պատասխանատու։ Այս տեսակետից Բրելի ամենացնցող երգերից մեկը «Հետևյալն է»։ «Հետևյա՛լը»՝ բղավում են զորակոչիկների վրա, և այդ բղավոցը սպանում է իր նվաստացմամբ, մարդն ստորանում, փոքրանում է իր անուժությունից, անելանելի վիճակից։Բրել դերասանն ու ռեժիսորը |
«Հարբածը», «Մահամերձը», «Զանգրա», «Արձանը», «Բուրժուաները», «Կապիկները»՝ երգ-նովելներ են սրանք, երգ-պամֆլետներ, երգ-խորհրդածություններ։ Ներքին մեծ կապ ու ներդաշնակություն կա սրանց մեջ, տարբեր երևույթների ճշմարիտ ու անխնա արտացոլում լինելուց զատ՝ դրանք ներանձնական որոշակի և միշտ անփոփոխ վերաբերմունք են բովանդակում։ Մտորումների ու խոհերի բեռով իմաստնացած վերաբերմունք։
․․․ Մնաս բարով, Էմիլ, քեզ շատ էի սիրում, գիտես, միևնույնը երգեցինք՝ գինի, վիշտ ու աղջիկներ․․․
Մնաս բարով, տեր հայր, քեզ շատ էի սիրում, գիտես, նույն ափից, նույն ճամփից չէինք ամենևին, նույն նավահանգիստն էինք փնտրում սակայն․․․
Մնաս բարով, Անտուան, քեզ այնքան էլ չէի սիրում, գիտես, և ահա զայրանում եմ, որ զայրացել եմ դրա համար․․․
Մնաս բարով, իմ կին, գարնանը դժվար է մեռնել, գիտես, բայց հոգիս խաղաղ է ու աչքերս փակ, որովհետև աչքերս հաճախ եմ փակել․․․ Մնաս բարով․․․
(«Մահամերձը»)
Բրելի մահամերձին հատուկ է փիլիսոփայական հանգստությունը, հուղարկավորությանը տոնախմբության երանգ հաղորդելու փոքր-ինչ անբնական պահանջը, հատկապես՝ արտակարգ անկեղծությունը։ Այս ամենին լրացնելու է գալիս երաժշտությունն իր շարժուն, կարելի է ասել նաև՝ զվարթ բնույթով։Նույնպիսի շնչով է տոգորված և «Արձանը»։ Պարզ ու անկեղծ, անմիջական ու տպավորիչ կատարմամբ Բրելը ոչնչացնում է ցանկալին որպես իրականություն ներկայացնելու կեղծիքը, փչովի հեղինակությունը, սուտը։ «Հարբածը» երգում որոշ չափով կրկնվում են հանրահայտ «Ժեֆ» երգի ինտոնացիաները։ Ժամանակավոր թմրությանը, ինքնամոռացությանն անձնատուր եղած մարդու հոգեկան դրաման հասակով մեկ կանգնում է մեր առջև։ Տեսնում ենք նրա մշուշված աչքերը, լսում նրա անկապ ու թափառ մտքերը, նա խմում է բարեկամների կենացը, իր կենացը, իր ծիծաղի, այն աղջիկների կենացը, ում դեռ պիտի սիրի, փշրված սրտերի, վշտի, անձրևող երեկոների մասին է խոսում։ Ու որպես չարագույժ անխուսափելիություն՝ յուրաքանչյուր տուն ավարտվում է կրկնությամբ։
Մի ժամ անց հարբած կլինեմ առանց տխրության,
Մի ժամ անց հարբած կլինեմ առանց զայրույթի,
Առանց կրքերի․․․
Առանց հուշերի․․․
Անզգա․․․
«Իմ քեռի Բենժամենը», 1969թ |
Ահա թե ինչ է պատասխանել նա մի քանի տարի առաջ «ինչո՞ւ ձախորդությունը մեծ տեղ է գրավում Ձեր աշխատանքում» հարցին։ Ժակ Բրելն ասել է․ «Որովհետև ձախորդությունն առկա է կյանքի շատ բնագավառներում և անխուսափելի է։ Մենք գնում ենք դեպի մեր նշած նպատակները։ Քանի որ բավականաչափ ուժեղ չենք, հաճախ նպատակներն էլ ամուր չեն լինում, որպեսզի ճշգրտենք դեպի այն տանող ճանապարհները, ուստի նպատակը ելնում է մի ճամփա, որ բնավ գոյություն չունի։ Նպատակը հորինվում է, իսկ ճանապարհը՝ պատկերացվում։ Պարզ է, որ այդ ամենը կանգուն մնալ չի կարող»։
Արտասովոր է Բրելի ձայնը, բացառիկ՝ արտասանական կարողությունը։ Ամենասրընթաց պահին անգամ պարզ լսելի է յուրաքանչյուր հնչյուն։ Երգչի կոկորդն ի վիճակի է հարմարվել յուրաքանչյուր նրբության ու ելևէջումների, ի վիճակի է ծաղրել, զարմանալ, հուսադրել, սպառնալ, հեգնել, կարկամել․․․ Ապա՝ շարժմունքն ու դիմախաղը։ Ընդունված է համարել, որ Բրելը միաժամանակ բեմադրում է իր երգերը։ Ինչ խոսք, «բեմադրել» հասկացությունը տառացիորեն չպետք է ընկալել։ Ժլատ, զուսպ միջոցներով երգիչը համարյա մնջախաղի արվեստ է ստեղծել։
Բրելի սիրո երգերը նույնպես նման չեն մյուսներին։ Կին-տղամարդ հարաբերակցության լուծումը, չասենք՝ միակողմանի, այլ չափազանց ընդգծված ու հաստատուն է նրա մոտ․ կանայք անխիղճ են, կեղծ, անհավատարիմ, տղամարդիկ՝ խաբված, հիասթափված, հուսալքված ու․․․ սիրող։ Նման պառակտումը, այս հոգեվիճակը տարբեր դրսևորումներ ունի։ Վերահաս հեռացման, անողոք անջատման տագնապ, եղածը, թեկուզ պատրանքը պահպանելու դող, հանուն սիրո ամեն ինչ զոհելու պատրաստակամություն․․․
․․․ Մի լքիր ինձ, պիտի մոռանալ մոռացվելիքը, թյուրիմացությունների կորած ժամանակը․․․
Ես կհիմնեմ հեռու մի երկիր, ուր թագավորը սերը պիտի լինի, ուր օրենքը սերը պիտի լինի և դու՝ թագուհի, մի լքիր ինձ․․․
Ես էլ չեմ լալու, չեմ արտասվելու, էլ չեմ խոսելու, թույլ տուր, որ լինեմ ստվերիդ ստվերը, քո ձեռքի ստվերը, քո շան ստվերը,
մի լքիր դու ինձ․․․
(«Ինձ մի լքիր»)
Ժակ Բրելն իր երեք դուստրերի հետ, 1959թ |
Բեմը թողնելու որոշումը նրա մեջ սաղմնավորվել էր դեռ տարիներ առաջ, երբ «ճի՞շտ է, որ ձգտում եք դեպի մենությունը» հարցին պատասխանել էր․ «Այո, մենակ ապրելը նպատակ է, որ մի օր կիրականացնեմ։ Խոսքը կատարյալ մենության փափագին է վերաբերում։ Ուզում եմ խաղաղ ապրել, բայց ոչ ճգնավորի պես»։ Նա ցանկանում է ճամփորդել, աշխարհ ու մարդկանց տեսնել, քննել ու հասկանալ կյանքի իմաստը։
Նա Ֆրանսիա եկավ հյուսիսից, երգող քամիների, թանձր մշուշի ու խոժոռ ժայռերի երկրից, հագեցավ Փարիզի շռայլ գույներով, եռուն կյանքով և ստեղծեց բազմաթիվ գոհարներ՝ բանաստեղծության ու երգի։
Արմեն Հովհաննիսյան
«Ես ձեզ սիրում եմ, մարդիկ» գրքից
1969թ
COMMENTS