Ամերիկյան ո՞ր ֆիլմերն էր նախընտրում Գոդարը 1963թ-ին։ Այս վարկանիշային ցանկն առաջին անգամ հրապարակվել է Cahiers du Cinema ճանաչված կինոամսագրի էջերում՝ հետագայում վերահրապարակվելով նաև այլ պարբերականների կողմից։
Գոդարի որոշ վերլուծություններ կարելի է գտնել Cahiers du Cinema-ի էջերում: Կինեմատոգրաֆին նվիրված ֆրանսիական այս հայտնի ամսագիրը հաճախ է անդրադարձել «Նոր ալիքի» ներկայացուցիչների մինչռեժիսորական շրջանի քննադատություններին: Հենց այս ամսագրի էջերում են պահպանվել Գոդարի՝ 1956-1965թթ-ի «թոփ-տասնյակները», որոնց միջոցով ապագա վարպետն անդրադարձել է ոչ միայն իր հայրենակիցներին (Ժան-Պիեռ Մելվիլ՝ «Երկուսը Մանհեթենում», Ալեն Ռենե՝ «Հիրոսիմա, իմ սեր», Ֆրանսուա Տրյուֆո՝ «Չորս հարյուր հարված», Կլոդ Շաբրոլ՝ «Զարմիկները», Անյես Վարդա «Ափի կողմից»), այլ նաև հարգանքի տուրք է մատուցել ամերիկյան կինոարտադրությանը, որի մի շարք արժեքների ցանկում ընդգծել է հատկապես սենսացիոն բազմազանությունը․ Օրսոն Ուելս՝ «Միսթր Արկադին» (#1, 1956), Ալֆրեդ Հիչքոկ՝ «Պսիխո» (#8, 1960), Սեմյուել Ֆուլեր՝ «Շոկային միջանցք» (#5, 1965): Գոդարը 1963թ-ին նույնիսկ առանձին տասնյակ է նվիրել ամերիկյան ֆիլմարտադրությանը՝ այն վերնագրելով «Ամերիկյան լավագույն հնչյունային ֆիլմերի տասնյակը»։
1. Հովարդ Հոուքս՝ «Սպիավոր դեմքը», 1932թ
2. Չառլզ Չապլին՝ «Մեծ բռնապետը», 1940թ
3. Ալֆրեդ Հիչքոկ՝ «Գլխապտույտ», 1958թ
4. Ջոն Ֆորդ՝ «Որոնողները», 1956թ
5. Սթենլի Դոնեն, Ջին Քելլի՝ «Անձրևի տակ երգողները», 1952թ
6. Օրսոն Ուելս՝ «Լեդին Շանհայից», 1947թ
7. Նիկոլաս Ռեյ՝ «Ավելին, քան կյանքը», 1956թ
8. Օտտո Պրեմինգեր՝ «Հրեշտակային դեմքը», 1952թ
9. Էռնստ Լյուբիչ՝ «Լինել, թե չլինել», 1942թ
10. Ջոզեֆ ֆոն Շթերնբերգ՝ «Անարգվածը», 1931թ
Օտարերկրացուն, թերևս, բավականին դժվար է տեսնել իրական Ամերիկան ու ամերիկյան մեյնսթրիմի իրական արժեքները: Գոդարի այս ցանկը լավ հնարավորություն է ընձեռում՝ կենտրոնանալու ամերիկյան կինեմատոգրաֆի լավագույն գործերից մի քանիսի վրա և վերադիտելու այդ լեգենդար ֆիլմերը:
պատրաստեց Արմինե Նազարյանը