Ժամանակակից նշանավոր գրող Կուրտ Վոնեգուտի խորհուրդներն այն մասին, թե ինչպես պատմել տպավորիչ պատմություններ:
Հորիզոնական առանցքը ժամանակի առանցքն է․ սկիզբ-ավարտ։

Մյուս սյուժեն կոչվում է «Տղան հանդիպեց աղջկան», թեպետ այստեղ տղայի և աղջկա առկայությունը պարտադիր չէ։ Շարքային մեկը սովորական մի օր բախվում է ինչ-որ հրաշալի մի երևույթի․ «Պահո, էս ոնց բախտս բերեց (գիծ դեպի վերև)․․․ Օ, գրողը տանի» (գիծ դեպի ներքև)։ Հետո արդեն ամեն ինչ հարթվում է (գիծ դեպի վերև)։
Մարդկության ողջ պատմության ամենահայտնի պատմություններից մեկը սկսվում է ներքևում։ Եվ ո՞վ է այդ հուսահատ հերոսը։ Դա 15-16 տարեկան մի աղջիկ է, ում մայրը մահացել է, ուստի՝ նրա մոտ ընկճախտի բոլոր հիմքերն առկա են։ Նրա հայրը գրեթե անմիջապես ամուսնանում է մեկ այլ կնոջ հետ, ավելի ճիշտ՝ անհաջող մի պառավի հետ՝ կատարելությունից հեռու երկու դուստրերով։ Հագուստ - դիմահարդարում - կառք - պարահանդես - արքայազն - կեսգիշեր - հուսահատություն - մաշիկ - արքայազն - անսահման երջանկություն։

Համլետը նույնպես երկմտնում է: Բայց ասում է. ես կարող եմ ստուգել: Կվարձեմ դերասաններ, թող բեմի վրա ցուցադրեն նույն մարդասպանությունը, ինչ գործել է հորեղբայրս, և կտեսնենք` ինչպե՞ս նա կարձագանքի: Սակայն հորեղբայրն իրեն չի կորցնում, չի սկսում փնթփնթալ. «Ես եմ դա արել»: Պլանը, կարծես թե, չաշխատեց: Համլետն իրեն ո՛չ լավ է զգում, ո՛չ վատ: Հետո նա խոսում է մոր հետ, այդ պահին շարժվում է վարագույրը, և նա ասում է ինքն իրեն. «Հոգնել եմ այս գրողի տարած անվստահությունից»: Խրում է թուրը վարագույրի միջով, և ո՞վ է այնտեղից գլորվում: Շատախոս Պոլոնիուսը: Մի հիմար, ում Շեքսպիրն ընդհանրապես չի խղճում: Համլետին չեն ձերբակալում, չէ՞ որ արքայազն է: Այնպես որ՝ նա շարունակում է այստեղ-այնտեղ գնալ, վերջիվերջո՝ մենամարտի մեջ է ներքաշվում, և նրան սպանում են: Ո՞ւր կընկնի նա՝ դրա՞խտ, թե՞ դժոխք: Տարբերությունը, համաձայնեք, մեծ է: Մոխրոտիկ, թե կաֆկայական բվեճ: Չեմ կարծում, թե Շեքսպիրը դրախտին կամ դժոխքին ավելի էր հավատում, քան ես: Եվ այսպես՝ մենք առաջվա պես չգիտենք՝ Համլետն իրեն լա՞վ է զգում, թե՞ վատ:

Ես հենց հիմա ձեզ ցույց տվեցի, որ Շեքսպիրը նույնքան վատ պատմիչ է, որքան ամենավերջին արապահո հնդկացին: Եվ, այնուամենայնիվ, մենք իզուր չէ, որ «Համլետը» համարում ենք գլուխգործոց. փաստն այն է, որ Շեքսպիրը մեզ ճշմարտությունն է ասել, իսկ մարդիկ դա շատ հազվադեպ են անում, երբ պատկերում են վերելքներ ու անկումներ: Ճշմարտութունը այս է. կյանքի մասին մեզ այնքան քիչ բան է հայտնի, որ մենք չենք կարող իրապես իմանալ, թե ի՞նչն է մեզ համար լավ, և ի՞նչը՝ վատ:
Եվ եթե ես, աստված չանի, մահանամ, ես կցանկանայի հայտնվել երկնքում, որպեսզի այնտեղի ղեկավարությունից որևէ մեկին հարցնեի․ «Լսի՛ր, ընկեր, մեզ համար, ի վերջո, ի՞նչն էր լավ, և ի՞նչը՝ վատ»։