Մել Գիբսոնի հանդեպ Հոլիվուդում տարիներ ի վեր շարունակվող չհայտարարված բոյկոտը, կարծես թե, մոտեցել է ավարտին։ Այդ մասին ազդարարել է The Hollywood Reporter պարբերականը՝ նշելով, որ Գիբսոնի վերջին՝ «Խղճի մտոք» ֆիլմը նրա առաջ վերստին բացել է նախկինում փակված բոլոր դռները և շահավետ առաջարկների մի ամբողջ հոսք ապահովել օսկարակիր ռեժիսորի և դերասանի համար։
Մել Գիբսոնի՝ 10-ամյա ընդմիջումից հետո ներկայացված նոր ռեժիսորական աշխատանքը՝ «Խղճի մտոք» ֆիլմը, որը սեպտեմբերին ցուցադրվել էր Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում և արժանացել բարձր գնահատականի, Հոլիվուդում ևս ցնծությամբ է ընդունվել՝ դասվելով 2017թ-ի «Օսկարի» հիմնական հավակնորդների շարքը և անցյալում թողնելով ռեժիսորին երկար ժամանակ հետապնդող persona non grata-ի պիտակը։ Գիբսոնն արդեն իսկ գործնական առաջարկներ է ստացել երկու խոշոր ընկերությունից, ինչը վկայում է նրա հարկադիր մեկուսացման և Հոլիվուդի՝ նրան պատժելու քաղաքականության ավարտի մասին։ Շատերն են հիշում, որ Գիբսոնի դեմ շարունակվող բոյկոտի պատճառը նրա հակահրեական հայտարարություններն էին, որոնք նա արել էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար ձերբակալվելիս։
Միջադեպը տեղի էր ունեցել նրա «Քրիստոսի չարչարանքները» աղմկահարույց ֆիլմի պրեմիերայից կարճ ժամանակ անց, երբ ռեժիսորը ասել էր, թե աշխարհում ընթացող բոլոր պատերազմների պատճառը հանդիսանում են հրեաները։ Այդ հայտարարությունից անմիջապես հետո գրեթե բոլորը խզել էին նրա հետ կնքված պայմանագրերը, և Գիբսոնը ստիպված էր եղել զբաղվել միայն որոշ ֆիլմերի պրոդյուսերությամբ՝ առժամանակ հրաժարվելով ռեժիսուրայից։ Նրա դերասանական կարիերան ևս անկում էր ապրել, քանի որ կամ նկարահանող խմբերն էին հրաժարվում աշխատել նրա հետ, կամ առաջարկվող դերերն էին լինում անհաջող և ձախողման դատապարտված։
Այդուհանդերձ, Գիբսոնը կարողացավ իռլանդացու համառությամբ ապացուցել, որ ինքը ցանկացած իրավիճակում ընդունակ է նկարահանելու դիտարժան ու վառ ֆիլմեր, և նույնիսկ հակառակորդները խոստովանեցին, որ նրա կինեմատոգրաֆիական տաղանդն անառարկելի է։ Այդ փաստի ամենաակնառու ապացույցը, թերևս, այն է, որ նրա «Խղճի մտոք» ֆիլմի պրոդյուսերը ծագումով հրեա Դևիդ Փերմուտն է, ով Գիբսոնի մասին ասել է․ «Կարծում եմ, որ Մելը պարզապես ճիշտ չի հասկացվել մարդկանց կողմից։ Սակայն, որքան էլ նրան վատ ճանաչեն ու դատապարտեն, ոչ ոք ի զորու չէ նրանից խլել տաղանդը»։