Հոկտեմբերի 23-ին, 78 տարեկան հասակում, կյանքին հրաժեշտ տվեց հայկական կինոյի ամենասիրված ռեժիսորներից մեկը՝ Ներսես Հովհաննիսյանը, ում ֆիլմերը վաղուց են հաղթահարել ժամանակի փորձությունը՝ մեկընդմիշտ սիրվելով, տասնյակ անգամներ դիտվելով և երբեք չկորցնելով թարմությունը, հանդիսատեսի հետ հոգեհարազատությունը, ուրախության ու ջերմության պահեր պարգևելու ունակությունը․․․
«Ես ծնունդով հետպատերազմյան երևանյան բակերից եմ։ Ծնվել և մեծացել եմ Երևանի կենտրոնում, Սվերդլովի փողոցում գտնվող հին երևանյան տնակում․․․ Հենց ծննդյանս վայրն էլ կանխորոշեց իմ ողջ կենսագրությունը։ Քանի որ մենք բնակվում էինք «Հայֆիլմ» կինոստուդիային հարակից թաղամասում, մեզ ներգրավում էին ռուսական ֆիլմերի հայերեն կրկնօրինակման աշխատանքներում՝ «Ճերմակին է տալիս առագաստը մենավոր», «Մաքսիմկա»․․․ Հետո արդեն՝ իմ գլխավոր դերակատարումը «Լեռնային լճի գաղտնիքը» ֆիլմում․․․»։Դեռևս պատանեկության տարիներին Ներսես Հովհաննիսյանը Գ․ Սունդուկյանի անվան թատրոնում պատանու դերն է կատարել «Ազգանուններ մի նշիր» բեմադրությունում, որտեղ նրան ներգրավել է ռեժիսոր Մարատ Մարինոսյանը։ Այստեղ նրան բախտ է վիճակվել շփվելու թատրոնի այնպիսի կորիֆեյների հետ, ինչպիսիք են Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը․․․ Հարցը, թե որտեղ պիտի շարունակի ուսումը, նրա համար անորոշ չի եղել։ Նա միանգամից ընդունվում է Վարդան Աճեմյանի ղեկավարած դերասանական բաժնի երկրորդ կուրս և 19 տարեկան հասակում ավարտում է Երևանի թատերական ինստիտուտը։
![]() |
«Երջանկության մեխանիկան», 1982թ |
Դեպի կինոարվեստ նրա ճանապարհը ճշմարտության որոնումն է, անձի բազմադեմության խորազնին ճանաչումը։ «Ձախորդ Փանոսը», «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկան», «Թռիչքը սկսվում է երկրից»․․․ Ժամանակին Ներսես Հովհաննիսյանի այս ֆիլմերը մեծ տպավորություն են գործել մեզ վրա։ Բայց մեծ էկրան բարձրանալուց այսքան տարի անց դրանք բարոյական առումով արդյոք չե՞ն հնացել։ Ոչ, չեն հնացել․ դրանք, ինչպես և նախկինում, դիտվում են ուրախության ու ցավի հույզերով։ Դրանք, ինչպես և նախկինում, կինոարվեստում զբաղեցնում են իրենց՝ արդարացիորեն պատվավոր տեղը։
Ճշմարիտ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը բազմանշանակ է թե՛ իր արծարծած խնդիրներով, թե՛ իր մատուցած կերպարներով և թե՛ ոճով, կարճ ասած՝ այն ամենով, ինչը կազմում է ֆիլմի գաղափարական-գեղարվեստական էությունը։ Ի՞նչն է հանդիսատեսի համար կարևոր Հովհաննիսյանի ֆիլմերում։ Կերպարների ճշմարտացիությունը և արժանահավատությունը, մարդկանց վստահությունը միմյանց հանդեպ, հավատը առ այն, որ կյանքը կարող է դառնալ և պետք է դառնա ավելի լավը, աշխարհում արդարության հաստատումը ամենուր՝ թե՛ մեծ, թե՛ փոքր երևույթներում։
![]() |
«Հարսնացուն հյուսիսից», 1975թ |
Իր ռեժիսորական դիրքորոշումը Ներսես Հովհաննիսյանը սահմանում է հետևյալ կերպ․ «Ամենակարևորը նկարահանման աշխատանքը վարելու կարողությունն է։ Հենց նկարահանման հրապարակում է ծնվում և կենդանանում կերպարը, որը մինչ այդ լոկ թղթի վրա էր։ Ռեժիսուրան, ըստ էության, ընտրություն է՝ գրական նյութից սկսած մինչև դերասանուհու բաճկոնի կոճակի ընտրություն։ Ողջ նկարահանման հրապարակը պետք է ծառայի մեկ գերնպատակի։ Եվ այդ գերնպատակը որակն է»։
![]() |
«Խոշոր շահում», 1980թ, ռեժ․՝ Ա․ Մկրտչյան |
Կինոքննադատ Անրի Վարդանով․ «Ներսես Հովհաննիսյանն, ըստ ամենայնի, այնքան է սիրում մարդուն իր ամենօրյա հոգսերով, ոչ թե հերոսական, այլ առօրյա արարքներով, որ չի զլանում իր յուրաքանչյուր հաջորդ ֆիլմում նորից ու նորից պատմել այդ մարդկանց, նրանց գործողությունների, նրանց շրջապատող դրամատիկ իրավիճակների մասին։ «Երջանկության մեխանիկա» ֆիլմի հերոսը, իմ կարծիքով, ինչ-որ առումով նման է Ներսեսին՝ բացառիկ բարեհամբույր, բարի, մաքուր ու ազնիվ թե՛ կինեմատոգրաֆում, թե՛ կյանքում»։
Նատալյա Գոմցյան