Ամերիկացի գրող Դեն Բրաունի՝ 2013թ-ին հրատարակված «Ինֆերնո» վեպի համանուն էկրանավորումը գերազանցել է այս կինոնախագծի հեղինակների բոլոր սպասելիքները՝ աշխարհի 41 երկրների կինովարկանիշային ցանկերում շահութաբերության և հանդիսատեսի թվաքանակի առումով զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Այս պահի դրությամբ՝ «Ինֆերնոն», ինչպես հաղորդում է արտերկրի մամուլը, գրեթե ստվերել է ընթացիկ տարվա մյուս բոլոր կարևոր պրեմիերաները և ամուր հաստատվել 2016թ-ի ամենավարկանիշային ֆիլմերի համաշխարհային լավագույն տասնյակի առաջին հորիզոնականում։ Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 8-ին, սակայն արդեն իսկ հասցրել է ապահովել 50 մլն դոլարի շահույթ՝ ցուցադրվելով աշխարհի 53 երկրների կինոթատրոններում։ Օսկարակիր ռեժիսոր Ռոն Հովարդի աղմկահարույց եռագրության նախորդ երկու ֆիլմերը՝ 2006թ-ին նկարահանված «Դա Վինչիի գաղտնագիրը» և 2009թ-ին նկարահանված «Հրեշտակներն ու դևերը» ապահովել էին համապատասխանաբար 758 և 489 մլն դոլարի շահույթ։
Դեռևս հայտնի չէ՝ կհաջողվի՞ պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնի կրոնախառն բացահայտումների մասին պատմող երրորդ ֆիլմին գերազանցել նախորդ երկուսի ռեկորդը, սակայն փաստ է, որ մեկնարկը խոստումնալից էր։ Ֆիլմի համար առաջին շաբաթվա շահույթն ապահոված երկրների ցանկը գլխավորում է Իտալիան, ինչը զարմանալի չէ, քանի որ նկարահանումներն ընթացել են Ֆլորենցիայում և Վենետիկում։ Երկրորդ հորիզոնականում Գերմանիան ու Ռուսաստանն են, այնուհետև՝ Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Մեքսիկան, Իսպանիան։ Հայաստանն այսօրինակ ցանկերում, իհարկե, չկա, սակայն մեր երկրի անվանումը հիշատակվում է բուն ֆիլմում, երբ հերթական հետապնդումից փախչող Լենգդոնն ու Սիենան շրջափակված թանգարանից դուրս են սպրդում Հայաստանի մեծ քարտեզի ետևում գտնվող գաղտնի դռնով։
Այս ֆիլմի գլխավոր դերում ևս, ինչպես նախորդ երկու ֆիլմերում, հանդես է եկել Թոմ Հենքսը, իսկ երիտասարդ բժշկուհի Սիենա Բրուքսի կերպարը մարմնավորել է Ֆելիսիթի Ջոնսը։ Ռեժիսոր Ռոն Հովարդը սկզբում չի ցանկացել ստանձնել վեպի էկրանավորումը, սակայն ավելի ուշ մտափոխվել է և արդյունքում հանդիսատեսին մատուցել է մի դիտարժան ֆիլմ, որտեղ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» հայտնի «Ինֆերնոն»՝ «Դժոխքը», մեզ պատկերանում է ժամանակակից իրականության համատեքստում, իսկ հերթական գաղտնագրի լուծման համար որպես բանալի է ծառայում Սանդրո Բոտիչելիի «Դժոխքի քարտեզը» նկարը։