Բրիտանացի օսկարակիր ռեժիսոր Սեմ Մենդեսը պատրաստվում է մեծ էկրան տեղափոխել վերջին տարիների ամենասիրված բեսթսելերներից մեկը՝ ամերիկացի գրող Ջես Ուոլթերի՝ 2012թ-ին հրատարակված «Սքանչելի ավերակները» վեպը։
Հանրաճանաչ ռեժիսոր և պրոդյուսեր Սեմ Մենդեսն առաջին անգամ չէ, որ իր ֆիլմերի սյուժեն ընտրելիս օգտագործում է բեսթսելերները։ Ռիչարդ Յեթսի «Փոփոխությունների ճանապարհը» և Մաքս Ալան Քոլինզի «Անիծված ուղին» վեպերի հաջողված ու մի շարք մրցանակների արժանացած էկրանավորումներից հետո նա մտադիր է ֆիլմ նկարահանել ամերիկացի ժամանակակից գրող Ջես Ուոլթերի «Սքանչելի ավերակները» վեպի հիման վրա։ Ջես Ուոլթերն իր գործունեության սկզբում աղմկահարույց համբավ է ձեռք բերել որպես խիզախ լրագրող, ով բացահայտել է բազմաթիվ փաստեր կազմակերպված հանցավորության վերաբերյալ։ Նրա վեպերն ու սցենարները ևս դետեկտիվ ժանրում են, ընդ որում՝ Ուոլթերի յուրաքանչյուր նոր վեպն անփոփոխ ճանաչվում է «Տարվա լավագույն գիրք» և հիացմունքով ընդունվում ընթերցողի կողմից։
![]() |
Սեմ Մենդեսը նախկին կնոջ՝ Քեյթ Ուինսլեթի հետ |
Իրադարձությունները սկիզբ են առնում 1962թ-ին Իտալիայում, որտեղ ժամանում է մի հիասքանչ ամերիկուհի, ով, ինչպես պարզվում է, դերասանուհի է և մահացու հիվանդ է։ Հյուրանոցատիրոջ որդին անմիջապես սիրահարվում է։ Հետագա իրադարձությունները ծավալվում են արդեն մեր օրերում, երբ տարեց իտալացին՝ երբեմնի սիրահարված տղան, գալիս է Հոլիվուդ և սկսում է տեղեկություններ հավաքել այն դերասանուհու մասին, ում հետ ծանոթացել էր 50 տարի առաջ իր հայրենիքում։ Միահյուսելով երկու տարբեր դարաշրջան՝ հեղինակը հիշատակում է նաև հանրահայտ «Կլեոպատրա» ֆիլմը՝ Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարթոնի մասնակցությամբ, և Հռոմում նկարահանված այդ ֆիլմը հետաքրքիր մի դրվագով կապում է իր վեպի հերոսների ճակատագրի հետ։