Գերմանացի հանրահայտ ռեժիսոր Վերներ Հերցոգը, ում ֆիլմերից յուրաքանչյուրի պրեմիերան կինոաշխարհում վերածվում է իրադարձության, այս տարի ներկայացրել է արդեն երկրորդ վավերագրական ֆիլմը՝ «Դժոխային հնոցում» անվանմամբ։
Վերներ Հերցոգի ավելի քան երեք տասնյակ վավերագրական ֆիլմերը նրա գեղարվեստական ֆիլմերից ոչ պակաս դիտարժան ու ճանաչված են և արծարծում են ամենատարբեր սուր թեմաներ՝ տեխնոլոգիաներից մինչև բնապահպանություն, հոգեբանությունից մինչև փիլիսոփայություն և այլն։ Ընդամենը վերջերս Հերցոգը հանդիսատեսին էր ներկայացրել համացանցային տիրույթի ազդեցությունն ուսումնասիրող «Նայի՛ր. Միավորված աշխարհի անուրջները» ֆիլմը, իսկ այժմ ավարտել է հրաբուխների ուժն ու պատմությունը հետազոտող «Դժոխային հնոցում» ծավալուն աշխատանքը։
Հերցոգի վերջին գեղարվեստական ֆիլմը՝ անցյալ տարի նկարահանված «Անապատի թագուհին» կենսագրական դրաման՝ Նիքոլ Քիդմանի գլխավոր դերակատարմամբ, սառնությամբ էր ընդունվել կինոքննադատների կողմից, ու թերևս հենց դա էլ պատճառ է հանդիսացել, որ ռեժիսորը նոր եռանդով նվիրվի իր սիրելի վավերագրական կինոյին։ Արկածների, վտանգների ու ճանապարհորդությունների մեծ սիրահար Հերցոգը նկարահանել է Ինդոնեզիայում, Հյուսիսային Կորեայում, Իսլանդիայում, Եթովպիայում, Իտալիայում և աշխարհի այլ ծագերում գտնվող հրաբուխները։ Այդ պայթյունավտանգ օջախներն ուսումնասիրելիս նրան ուղեկցել է ճանաչված գիտնական Քլայվ Օպենհեյմերը։
Գործող հրաբուխների բացառիկ կադրերից բացի՝ Հերցոգն իր գրեթե երկժամանոց ֆիլմը համալրել է նաև այդ վտանգավոր վայրերի բնակիչների հետ հարցազրույցներով՝ փորձելով հասկանալ, թե ինչ է նշանակում կյանքի յուրաքանչյուր օրն ապրել հրաբխի ժայթքման ու մահվան սպառնալիքի «դամոկլյան սրի» ներքո։ Ֆիլմը ցուցադրվել է Թելուրայդի միջազգային կինոփառատոնում, որն ամենանշանակալիցն է ամերիկյան մասնագիտացված կինոփառատոների շարքում, այնուհետև ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում։